ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 12, 2012 23:59 - 2 քննարկում

Դե գալի՞ս ես՝ արի, սպանեցիր…

Դե գալի՞ս ես՝ արի, սպանեցիր…

 

Դե գալի՞ս ես՝ արի, սպանեցիր…11:23 – 13.07.2012

Հայաստանում ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուի փնտրտուք է սկսվել: Դիտարկում են գրեթե բոլորի թեկնածությունները, ընդհուպ մինչև Օսկանյանի թեկնածությունը՝ որպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցչի: Հետաքրքիր է նաև, որ նրան համարում են Լևոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի թեկնածու՝ հաշվի առնելով, հավանաբար, ՀՀ առաջին նախագահի մեջ ձևավորված դրական վերաբերմունքը ԲՀԿ-ի նկատմամբ:

 

Եթե փորձենք հասկանալ՝ ինչ է մնացել Կոնգրեսից այս տարիների ընթացքում, ապա այնքան էլ անտրամաբանական չէ պնդումը, թե Օսկանյանը ՀԱԿ-ի համար ընդունելի թեկնածու է: Բայց եթե դիտարկենք Լևոն Տեր-Պետրոսյանին որպես Տեր-Պետրոսյան, այսինքն` որպես մի մարդու, որ ժամանակին իր առաջադրումը բացատրում էր Ռոբերտ Քոչարյանի վերադառնալ-չվերադառնալով ու ասում՝ եթե նա դնի, ես էլ կդնեմ, ապա Տեր-Պետրոսյանի կողմից Օսկանյանին յուղի տեղ ընդունելու կանխավարկածը բավականին թուլանում է:

 

Ո՞ւմ համար պարզ չէ, որ Օսկանյանի ընտրվելու դեպքում, այն էլ` նախագահական համակարգը թուլացնելու համընդհանուր կոչերի պայմաններում, Ռոբերտ Քոչարյանի ձեռքում կարող է հայտնվել իշխանությունը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխե՞լ է, արդյոք, իր այն տեսակետը, որ Քոչարյանն է դրել այս ավազակապետության հիմքերը: Հետևաբար` ԲՀԿ-ն առայժմ ճիշտ դիրք է բռնել ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ և առայժմ չի գրկախառնվում՝ ասես սպասելով մի կարևորագույն իրադարձության:

 

Ընդդիմությունն անպայման կփորձի անխոցելի միասնական թեկնածու ունենալ: Անխոցելի՝ իշխանությունների կողմից և ընդունելի՝ հասարակության: Այդպիսի մարդ Հայաստանում, վստահաբար, կա, բայց նրան դեռ պետք է գտնել:

 

Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում մենք համոզվեցինք, որ իշխանությունները պատրաստ են կոմպրոմատներ ներկայացնելու և հասարակական համապատասխան կարծիք ձևավորելու նրանց շուրջ: Մեկի փող լվալու պատմությունը, իսկ մյուսի «ջեյմսբոնդական» արկածների մասին լուրերի առաջին ալիքը հենց այդ մասին էր խոսում: Բայց այդ նույն իշխանություններն անզոր կգտնվեն այնպիսի մեկի նկատմամբ, որ ընդունված լինելով հասարակության կողմից, միևնույն ժամանակ խառնված չի լինի իրենց գործերին:

 

Միասնական թեկնածուի փնտրտուքը, սակայն, չգիտես ինչու, իրականացվում է շատ նեղ շրջանակում, եթե չասենք ոչ ամենաընդունելիների, ապա առնվազն խոցելիների շրջանում: Այդ է պատճառը, որ վերլուծաբանները միշտ հանգում են տխուր եզրակացությունների՝ այս թեկնածուն ընդունելի է սրա, սրա և սրա համար, իսկ անընդունելի է չորրորդի համար: Չորրորդն ինքը ընդունելի է երկուսի համար միայն և այսպես շարունակ: Ու ամենահետաքրքիրն էլ այն է, որ յուրաքանչյուր թեկնածություն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի վերադառնալու և չվերադառնալու ասպեկտներով:

 

Մի խոսքով, ըստ վերլուծաբանների, իրենց կողմից քննարկվող բոլոր թեկնածուներն էլ ունեն հաղթելու և հատկապես չհաղթելու հնարավորություններ՝ կախված այն բանից՝ կգա՞ Քոչարյանը, թե՞ չի գա: Ասենք, որ կան նաև թեկնածուներ, որոնց համար վերլուծաբանները միանշանակ պարտություն են գուշակում բոլոր հանգամանքներում: Եվ ահա ունենք մի վիճակ, երբ քննարկում ենք մի հարց, բայց մեր մտքում մեկ այլ հարց է: Քննարկում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի, Լևոոն Տեր-Պետրոսյանի, Վարդան Օսկանյանի առաջադրումները, բայց նրանց հնարավորությունները գնահատում ենք Քոչարյանի պրիզմայով, Քոչարյանի ակնոցով ենք դիտարկում ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները, առանձին վերլուծաբաններ քոչարյանական ժամանակների շնչով են փորձում բացատրել նույնիսկ ՀՅԴ հնարավոր առաջիկա քայլերը: Մինչդեռ ՀՅԴ-ն հստակ արտահայտվել է ընդդիմության միասնական թեկնածուին պաշտպանելու իր մտադրության մասին, եթե այդպիսին գտնվի, և չստացվի այնպես, որ ամեն մեկն սկսի իր ապրանքը գովել ու վերմակն իր վրա քաշել:

 

Իսկ առհասարակ, ՀՅԴ-ում տրամադրություններն առավել հակված են սեփական թեկնածու ունենալու կողմը, մանավանդ, որ դեռ թարմ է վերջին նախագահական ընտրությունների հանգուցալուծումը, երբ թեկնածուներից առնվազն երեքն իրենց խայտառակեցին՝ միմյանց թուքումուր տալու ռեկորդներ սահմանելով, վերջն էլ՝ իրար դեմ լոմ, «ոզնի» ու «Գրադ»կայանքներ հանելով: Այդ ընտրությունների նախապատրաստական փուլի ողջ երկայնքով ՀՅԴ-ն առանձնացավ իր քաղաքական դիմագծով ու իր թեկնածուով, ինչն էլ կուսակցության այսօրվա անկախության գրավականը հանդիսացավ:

 

Կպաշտպանի՞ արդյոք ՀՅԴ-ն Քոչարյանի թեկնածությունը: Բավականին հետաքրքիր հարց է և առաջին հայացքից հեշտ պատասխանելի: Բայց կա հանդիպակաց հարցը՝ Քոչարյանը կգա՞, արդյոք, որպես ընդդիմության թեկնածու, այն էլ` որպես բոլոր ընդդիմադիրների, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդունված: Եվ, իրոք, մտածելու տեղիք է տալիս այս հարցը՝ Քոչարյանը չի՞ գա արդյոք իշխանական ծիրանիով և չի՞ քննադատի ընդդիմությանը՝ հասարակությանը համոզելով, թե այս իշխանություններն այնքան էլ վատը չեն, և միայն պետք է շտկել նրանց առանձին թերությունները:

 

Որ Սերժ Սարգսյանը միայնակ կպարտվի Քոչարյանին՝ դրանում ոչ մի խոսք: Բայց կընդունի՞ արդյոք Քոչարյանին ընդդիմությունը` որպես իր հաղթանակի «գործիք»: Չէ՞ որ ընդունելու դեպքում՝ համակարգային իշխանափոխության մասին իր երազանքներին պիտի «ծյու-ծյու» ասի: Չընդունելն էլ հեշտ չէ: Չընդունել նրան, շատերի համար նշանակում է ընտրել երկու ճանապարներից մեկը՝ կա’մ սեփական թեկնածուով գնում ես համակարգի դեմ  «պատերազմելու» և մեկ անգամ ևս պարտվելու, կա’մ, խայտառակվելու վտանգն աչքիդ առաջ, Քոչարյանի հետ մտնում ես սեպարատ արիշվերիշների մեջ, որ նրա հաղթանակի դեպքում քաղաքական կշիռդ մեծացնես ընդդիմադիր դաշտում:

 

Ի՞նչ է ստացվում՝ Քոչարյանը հավասարապես վտանգավոր է և’ իշխանությունների, և’ ընդդիմությա՞ն համար: Աչքի տեսանելության սահմաններում այդպես էլ կա, բայց այդ սահմաններից այն կողմ ամեն ինչ մի փոքր այլ գույներով է ներկայանում: Մեր կարծիքով՝ Քոչարյանի հաղթական վերադարձի դեպքում մենք կունենանք միայն կոսմետիկ վերանորոգում և, իհարկե, նման դեպքերին հարիր մեծ առնետավազք, ինչպես որ տեղի ունեցավ իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի «դազգահի մոտից»փախած շատ գործիչներ մոռացան, որ Ռոբերտ Քոչարյանն էր ժամանակին կազմում իրենց առաջընթաց կարիերայի ցուցակները:

 

Իշխանությունը կտուժի այսքանով միայն, իսկ ահա ընդդիմության դաշտում տեղի կունենան լուրջ վերաձևումներ, այսպես կոչված՝ առնետավազք ընդդիմությունից, ինչը վերջնականապես կսպանի հավատը ընդդիմություն երևույթի նկատմամբ: Ահա նաև այս տեսանկյունից է կարևոր ՀՅԴ առաջարկը՝ գտնել ընդդիմության կողմից ընդունելի միասնական թեկնածուին: Իսկ մնացածը կտեսնենք 2013-ի փոտրվարին: Եթե Քոչարյանը ցանկանում է մի բանով օգտակար լինել երկրին, ապա պարտավոր է գոնե նպաստել, որ կացուկամի այս մթնոլորտը վերանա: Գալո՞ւ է, թե՞ չի գալու՝ շուտ ասի, որ մյուսներն իրենց անելիքը իմանան: Այլապես բոլորը, բացառությամբ, թերևս, ՀՅԴ-ի, հետաքրքիր սպասումների մեջ են՝ ո՞ւմ շալակը ելնեն, ո՞ւմ տակ պառկեն, ո՞ւմ վաճառվեն և ո՞ւմ փորձեն իրենց ջրերը գցել: Ի՞նչ արած, սա է առայժմ մեր ունեցած քաղաքական դաշտի պատկերը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լուսարփի
Jul 13, 2012 1:47