Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 10, 2012 23:40 - 1 քննարկում
Ո՛վ իմ սիրելի Հայ, մի՞թե դու չես արթնանա…
Բոլորովին վերջերս Սանահին այցելած ընկերներիս հետ զրուցելիս ականջալուր եղա նրանց մտահոգող տպավորություներով, որոնց պատճառը տաճարի վրա բուսնած ծառերի և բուսականության հետևանքով հետզհետե ավիրվող Սանահինն էր: Ակամայից հիշեցի մի առակ, որ կարդացել էի տարիներ առաջ, և որի փոխանցած իմաստությունն ու խրատն ավելի խորն էր, քան կարելի էր պատկերացնել առաջին հայացքից: Եկեք նախ և առաջ հակիրճ ծանոթանանք այդ առակին.
Այսպես, օրերից մի օր քամու քմահաճույքներին տրված բարդու սերմը ապաստան է հայցում քամու ճանապարհին հանդիպած տաճարին` խնդրելով իրեն թաքցնել տաճարի պատերի խորշերից մեկում: Պատկառելի տաճարը, հարիր իր վեհությանն ու սակայն միաժամանակ բարությանը, համաձայնվում և գթասիրտ է գտնվում խղճուկ սերմի նկատմամբ, բայց միայն մեկ պայմանով, որ սերմը պետք է վտանգն անցելուն պես հեռանա: Այդպես, սերմն իր ապաստանն է գտնում պատի խորշերից մեկում, որտեղ բավականին խոնավ և բարենպաստ պայմաններ են ստեղծվում, և սա դուր է գալիս սերմին… Սերմը դրժում է իր խոստումը, ծլում, արձակում է իր արմատները, խարխլում տաճարի պատերի ամրությունն, ու դարեր շարունակ ժամանակի փորձությունն անցած տաճարը խոնարհվում և ավիրվում է:
Այստեղ, կարելի է կարծել, թե փոխանցվող միտքը կայանում է բարության, դյուրահավատության, զգուշության և խոսքի դրժման մասին, սակայն այս առակն ավելին է փոխանցելու, քան առաջին տպավորությունն է: Այն հասկանալու համար պետք է հասկանալ այն խորհրդանիշները, որ թաքնված են առակի մեջ: Այսպես, տաճարը մարմնավորում է դարեր շարունակ ձևավորված ու ժամանակի փորձությունն անցած այն հոգևոր, մշակութային և այլ արժեհամակարգերը, որ կարող է ունենալ մարդը և կամ պարզապես ազգը: Իսկ սերմը մարմնավորում է ա՛յն արժեհամակարգերը, որոնք խորթ են ու կործանարար: Երբ ներս թողես այդ մակաբույծին, ապա այն վաղ թե ուշ փոխելու է իրերի դրությունն ու ավիրելու ամենը:
Այս առակն ավելի արդիական է մեր իսկ ազգի համար: Չէ՞ որ քամու քմահաճույքին տրված սերմը հենց նույն գլոբալիզացիայի օտարածին և խորթ արժեքներն են, որ նենգորեն մուտք են գործել և ներքուստ պառակտում են մեր ազգը, մոռացության են մատնում մեր` հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը, բարի ավանդույթներն ու սովորույթները, հոգևոր արժեքներն ու հայ հոգու ուժն ու գեղեցկությունը, որ այս պարագայում ստացել են տաճարի մարմնավորումը: Ափսոս, շատ ափսոս, որ Հայը չի տեսնում այն դավադրությունը, որ նյութում են իր հանդեպ: Եվրոպական և արևմտյան արժեքների առջև ընկրկելով և ընդունելով դրանք որպես կատարելության մարմնավորում` Հայը հեռանում է իր ակունքներից, թողնում է, որ այդ օտար արժեհամակարգերը իրենց արմատներն արձակեն իրենց հոգում, որի հետևանքը միայն մեկն է` մոռացություն, կործանում և անհետացում: Ինչ պատկեր ունենք Հայաստանում այսօր. շատ են աղանդները, որոնք աղճատում են ազգի գաղափարը, քիչ չեն օտարերկրյա և միջազգային գրականության մեջ որպես վերազգային կորպորացիաներ բնորոշում ստացած կազմակերպությունները, որոնք, քիչ չէ նպաստում են մեր ուղեղների արտահոսքին ու օտարածին արժեհամակարգերի պրոպագանդային, այլև օգտագործում են մեր ռեսուրսներն ու ներուժը, աղտոտում մեր էկոհամակարգն ու մեր ազգին հրամցնում թույն ու առողջությանը վնաս հասցնող սնունդ: Պակաս վնաս չեն հասցնում տեղեկատվական «գործիքները», որոնց արդյունքում հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով քարոզվում է միայն ագրեսիա, չարություն, նյութապաշտություն և հոգևորի մոռացության քարոզչություն: Կամ ո՞վ է փորձել քննել Հայաստանը ողողած օտար գրքերն ու դրանց փոխանցածը, համոզված եմ` բոլորն ել հասկանում են դրանց վտանգը…
Այս խնդիրները շատ են և թվարկելի, սակայն եկեք նայենք բուն պատճառը, որի հետևանքով այդ օտար արժեհամակարգերը կարողանում են մուտք գործել: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա, որը, թերևս թվում է փոքր, սակայն անչափ կարևոր է ու ցավոք անտեսվում է. դա տաճարի պատերի խորշն է, այո՛, հենց խորշը: Դա մարմնավորում է այն բացերը, որ իրեն թույլ է տալիս յուրաքանչյուրը: Եթե մենք չխորթանանք ինքներս մեզ, մոռացության չմատնենք մեր ազգայինն ու մեր արմատները, եթե չթուլանանք հոգեպես և չտրվենք նյութականին, ապա «խորշեր» բոլորովին չեն լինի: Ի՞նչ են այդ խորշերը, եթե ոչ պառակտման արդյունք: Այսօր մենք այնքան ենք լցված նախանձով, ատելությամբ, չարով ու ագրեսիայով միմյանց հանդեպ և այնքան ենք խորացել նյութականի մեջ, որ ոչ միայն դրանով իսկ վնասում ենք ինքներս մեզ ու վտանգում մեր հոգևորը, այլ նաև պառակտում ենք մեր ազգը: Սրանք են այն «խորշերը», որ հեռացնում են Հայի «տաճարի» ամեն մի «քար», իսկ այս քարերը հենց մեզնից յուրաքանչյուրն է, որ կազմում է մի տարրն ու մի մասնիկը մեծն Հայ ասածի:
Ո՛վ իմ սիրելի Հայ, մի՞թե դու չես արթնանա, արդյո՞ք չես հասկանա այն դավադրությունը, որ նյութվում է քո հանդեպ: Արդ զարթնենք այդ թմբիրից, լցվենք սիրով միմյանց հանդեպ, ներենք ու սատար լինենք մեկ մեկու, վերհիշենք մեր մեծերին ու վերագտնենք մեր արմատները, վերադառնանք մեր ակունքներին ու բանանք մեր «իմաստնության արկղի դուռը», մոռանանք ատելությունն ու չարությունը, կարևորենք հոգևորն ու անտեսենք նյութականը, փակենք մեր հոգու դռները «օտարի» առջև և միայն այս պարագայում կլինենք միասնական ու անսասան մի «տաճար», որի առջև անզոր են անգամ մոլեգնած քամիներ, կատաղի ալիքներ, ճայթած շանթեր ու երկրաշարժեր:
Ո՛վ Հայ, ես հավատում եմ քեզ և քո հոգու ուժին:
Հեղինակ`Հովհաննես Երիցյան
1 քննարկում
Zal Yan