ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 5, 2012 1:52 - 1 քննարկում
Ճտերն աշնանն են հաշվում, իսկ ոչխարներին մթերման են հանձնում: Իսկ զոմբիները ձմռանը սառչում-վերանում են…
Հանդուրժել Նեմեցին մինչեւ աշուն
ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
05/07/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու քայլն այս օրերին դարձել է հայ հանրության ամենաթեժ քննարկման թեման: Շատերը կարծում են, որ «Հարսնաքարում» կատարվածից հետո դա ամենափոքր քայլն էր, որ կարող էր անել Ռուբեն Հայրապետյանը, շատերն էլ հավատացել են ինչ-որ մեկի կողմից նրա անունից գրված սրտաճմլիկ տեքստին, եւ «Ֆեյսբուքում» «Սատարում ենք Ռուբեն Հայրապետյանին» խորագրով խումբ է բացվել: Ի դեպ, երեկվա դրությամբ խմբին արդեն 80-90 մարդ էր միացել: Ինչեւէ, մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունն արդեն արված է, եւ, ըստ ԱԺ կանոնակարգի, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ պետք է ներկայացնի ԱԺ նախագահին, որն այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում։ Իսկ ԱԺ հաջորդ նիստը, ինչպես արդեն հայտնի է, կայանալու է սեպտեմբերի 10-ին: Այդ նիստում Հայրապետյանի հրաժարականի մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո դեռեւս պետք է 15 օր սպասել:
Եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է ԱԺ նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ, օրենքով սահմանված կարգով, 80-օրյա ժամկետում կազմակերպում եւ անցկացնում է լրացուցիչ ընտրություններ:
Մոտավոր հաշվարկով կարելի է ասել, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական ընտրությունները կանցկացվեն տարեվերջին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Իսկ թե ովքեր կառաջադրվեն, դեռեւս անորոշ է: Բոլորը գտնում են, որ վաղ է դրա մասին խոսելը:
Հիշեցնենք, որ, Ռուբեն Հայրապետյանից բացի, այդ ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսն առաջադրել էր լրագրող Գայանե Առուստամյանին, իսկ «Ժառանգությունը»՝ Ստյոպա Սաֆարյանին: Գայանե Առուստամյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այս պահի դրությամբ կարող է հավանական համարել իր առաջադրումը, բայց դեռ հստակ ոչինչ ասել չի կարող:
«Լրացուցիչ ընտրության առիթ ստեղծել է Վահե Ավետյանի մահվան հանգամանքը, եւ, հետեւաբար, ճիշտ կլինի նման խնդիրների անդրադառնանք Վահեի մահվան յոթ օրն անցնելուց հետո»,-ասաց Սաֆարյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից էլ փորձեցինք պարզել՝ արդեն հավանական թեկնածու ունե՞ն, սակայն նա եւս ասաց, որ վաղաժամ է դրա մասին խոսելը: «Հայրապետյանը մանդատից պաշտոնապես կզրկվի, վայր կդնի մանդատը, այդ ժամանակ նոր կխոսենք այդ մասին»,- ասաց Շարմազանովը՝ ավելացնելով, որ իրենք ամեն ինչ իր ժամանակին են քննարկում: «Երբ որ ժամանակը գա, այդ ժամանակ էլ կիմանաք: Երբ որ առաջադրումները լինեն, կուսակցությունը կորոշի՝ առաջադրում կատարո՞ւմ է, չի՞ կատարում, եթե կատարում է, ո՞ւմ է առաջադրում»:
Ի դեպ, երեկ թիվ մեկ ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն է հայտնել լրագրող Արտակ Եղիազարյանը: «Ես ակնկալում եմ միայն թիվ 1 ընտրատարածքի աջակցությունը եւ կարծում եմ, որ լուրջ հաջողություն կգրանցեմ այստեղ, քանի որ 30 տարի բնակվում եմ այդ թաղամասում, բոլորն ինձ ճանաչում են, գիտեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է լրագրողը:
1 քննարկում
Zal Yan