ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 4, 2012 20:31 - 1 քննարկում
Վանո Սիրադեղյանը 1996թ. ասում էր. «40 հազար փամփուշտ օդ կկրակենք, 800 մարդ կզոհվի, մնացածները կգնան իրենց տները»:Պատրաստ ե՞ք զոհերը մարտի 1-ի 10-ից հասցնել 800-ի, եթե այո, ապա “լուսավորվեք” Մանուչարյանով և կատարեք Նիկոլի հրահանգները… :
Խաղում ենք անգլո-ամերիկյան ներկայացում
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀՇ-ական, Լևոնի, Վանոյի, Վազգենի, Բաբկենի և մնացյալ քանդիչների զինակից, բազմաթիվ մութ ուժերի կամակատար և գործակատար, ներքին գործերի նախարար, «Լենին, Պարտիա, Գորբաչով»և «Ստալին, Բերիա, Լիգաչով» լոզունգների հեղինակ, հրապարակային սադրիչ ու կործանիչ, ինչպես նաև Մոսկվայում 1988-ի դեկտեմբերից մինչև1999-ի մայիս ԿԳԲ-ի բանտում հատուկ ուսուցում անցած, քաղաքական պատրաստության դասեր սերտած ու այդ ուղղությամբ իրազեկված Աշոտ Մանուչարյանը:
– Պարոն Մանուչարյան, ԱԺ ընտրություններից հետո քաղաքական լանդշաֆտը էական փոփոխություններ է կրել: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս ընտրություններով փակվեց ՀԱԿ-ի` որպես առանցքային ընդդիմադիր ուժ լինելու էջը:
– Խորքային իմաստով, Հայաստանում խոշոր ընդդիմություն չի ձևավորվել: ՀԱԿ-ը ընդդիմադիր էր այնքանով, որ վերջին 20 տարիների ընթացքում շարունակողն էր փոփոխություններին ուղղված մշակույթի: Կա հսկայական ժողովրդական զանգված, որը ուզում է հրաժարվել այսպիսի կյանքից և ուզում է կյանքի կոչել նոր մոդել, նոր համակարգ: Եվ այս տեսակետից, ՀԱԿ-ը, անկասկած, շարունակողը, ուղղորդողն ու տանողն էր այդ դիմադրական պոտենցիալի: ՀԱԿ-ը կարող էր անգամ իշխանությունը վերցնել, իշխանափոխություն անել: Բայց դա կյանքի փիլիսոփայությունը չէր փոխելու, որովհետև նրա որդեգրած հասարակական զարգացման տեսական դրույթները, որը պայմանական կարելի է անվանել «Հայաստանն անցկացնել սահմանադրական կարգ ունեցող երկրների շարքերը», ապահովում էին Հայաստանի «սահմանափակ կողոպուտի երկրների» շարքերն անցնելը: Սա անգլո-ամերիկյան զարգացման նախագիծ է: Եվ որոշակի ուժեր, Արևմուտքից ստանալով այդ գաղափարները, ընդօրինակելով այդ փիլիսոփայությունը, փորձում են դրանք ներմուծել Հայաստան: Ֆունդամենտալ իմաստով կյանքը չի փոխվելու: Ընդամենը մի համակարգից անցնելու է մյուսին: Այս իմաստով ՀԱԿ-ին անգամ հաղթող կարող եմ համարել, որովհետև մոտակա տարիներին այդ փիլիսոփայությունն է լինելու Հայաստանի զարգացման հիմքում: ՀԱԿ-ը պարտվեց ընտրություններին, բայց, փաստորեն, Հայաստանի քաղաքական ուժերի ներսում հաղթեց այդ փիլիսոփայությունը:
– Դուք ի՞նչ տարբերություն եք տեսնում «սահմանափակ» և «անսահմանափակ» կողոպուտի երկրների միջև: Անցումը դեպի «սահմանափակ կողոպուտի» երկրներ, կարո՞ղ է ապահովել կայուն զարգացման ճանապարհ ՀՀ համար:
– Սա նույնքան անընկակելի և անընդունելի զարգացման ուղի է, որքան նախորդը: Բայց ժողովրդական ավելի լայն զանգվածների համար սա ընդունելի է, որովհետև թույլ է տալիս հաղթահարել կյանքի մի շարք կնճիռներ:
– Այս ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն հավաքեց մոտ կես միլիոն ձայն և քաղաքական դաշտում նոր որակի քաղաքական ուժ լինելու հայտ ներկայացրեց` մերժելով միանալ իշխող կոալիցիային: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է ԲՀԿ-ի որոշումն անկեղծ և որքանո՞վ այն կարող է պայմանավորված խաղ լինել իշխանության հետ` զբաղեցնելու ընդդիմադիր դաշտը մինչև նախագահական ընտրություններ:
– Հայաստանյան քաղաքական կուսակցությունների` իշխանական լծակներին տիրապետելու համար պայքարը, այսինքն` նեղ իմաստով քաղաքականությունը, 90 տոկոսով ուղղորդված է արտաքին ուժերի կողմից: Այսինքն` արտաքին ուժերը խաղարկում են իրենց հետ կապված ուժերին: Քանի որ այդ ուժերից յուրաքանչյուրի փիլիսոփայության հիմքում այն մտայնությունն է, որ ցանկացած մարդ և կառույց պետք է ձգտի առավելագույն իշխանության և առավելագույն փողի, տեսնում են, որ դրա հիմնական ճանապարհը արտաքին ուժի հետ ինչ-որ համաձայնության գալն է` այս տարածքում ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց: Խորհրդարանում այս պահին խաղի այդ կանոններից դուրս մնացած ուժ չկա: Սա չի նշանակում, թե այդ ուժերը գործակալներ են: Ընդամենը ընտրել են առավելագույն իշխանություն և փող ստանալու ամենակարճ և արդյունավետ ճանապարհը: Հայաստանում գլոբալ հաջողություն է հաստատել անգլո-ամերիկյան ալյանսը. Թե՛ իշխող համակարգն է նրա ազդեցության տակ, թե՛ ընդդիմադիրն ամբողջությամբ: ԲՀԿ-ն իրենից ներկայացնում է ռուսական գործող ուժ: Անգլո-ամերիկյան համակարգը շահագրգռված չէ, որ ՀՀ-ում այնպիսի իրավիճակ լինի, որ ռուսները նայեն ու տեսնեն, որ այստեղ ոչ մի ռուսական ուժ չկա: Նրանց պետք է, որ այստեղ լինեն ցուցափեղկեր, որոնցից մեկի վրա էլ գրված կլինի` «ռուսական ուժ», բայց տակը իրականում լինի իրենցը: Որովհետև եթե Ռուսաստանը վրդովվի այս իրավիճակից, նա կարող է շատ բաներ շուռ տալ, իսկ դա չի բխում անգլո-ամերիկյան համակարգի շահերից: Այնպես որ, անգլո-ամերիկյան հովանու ներքո գործող իշխանությունն ու ընդդիմությունը վիճաբանում են իշխանության համար, իրար փոփոխելով գալիս են իշխանության, բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև գլխավոր հարցերի ուղղորդումը Վաշինգտոնից է կամ Լոնդոնից:
– Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր նշած պայմանավորվածությունների շրջանակում 2013-ին ԲՀԿ-ն ներկայանա սեփական թեկնածուով:
– Որպեսզի Ռուսաստանը տեսնի, որ ինքն իրապես ներկայացած է երկրում, իհարկե, կուսակցությունը կներկայանա սեփական թեկնածուով և կապահովի բախումներ: Եվ այդ բախումները ոչ թե նրա համար են, որ իշխողները պահպանեն իշխանությունը: Աշխարհաքաղաքական թելադրանքն այն է, որ ՀՀ-ում պետք է ներկայացված լինի նաև այնպիսի ուժ, որը չի կարող լինել անգլո-ամերիկյան ալյանսի մեջ: Դրանք պետք է տարբեր լինեն: Այլապես Ռուսաստանը չի հասկանա, թե ինչ է կատարվում: Պետք է ապահովել Ռուսաստանի համար հասկանալի նախագահ կամ վարչապետ: Իսկ եթե այդպես չէ, ուրեմն նրանք պետք է լինեն ինչ-որ առճակատման մեջ: Սա դեմոնստրատիվ պահպանվելու է, որպեսզի Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական խաղում բարդություններ և կնճիռներ անգլո-ամերիկյան ալյանսն իր համար չստեղծի:
– Իսկ տարօրինակ չէ՞, որ Ձեր նշած բախումն ապահովելու համար ԲՀԿ-ի երկրորդ դեմքի դեմ են հետապնդումներ իրականացնում: Չէ՞ որ Գագիկ Ծառուկյանն ավելի խոցելի է և, հաստատապես, ավելի շատ չկատարած հարկային պարտավորություններ ունի, քան Օսկանյանը:
– ՀՀ-ում այդ կուլտուրան հասցված է կատարյալի: Դեռ 2004-ին ինձ զգուշացրին, որ շուտով վերևներում սկսվելու է խոշոր բախում, և որ հանկարծ դրան չհավատանք, քանի որ նախապես ծրագրավորված սցենար է` արտաքին ուժերին ինչ-որ բան ապացուցելու համար: Եվ, իսկապես, այնպիսի բախում սկսվեց: Նախագահականի վերահսկողականը մտնում էր հայտնի անձնավորության «օբյեկտները», փակում էր, ստուգումներ կազմակերպում, հանձնաժողովներ հրավիրում: Թվում էր` աշխարհի վերջն է: Բայց հետո ամեն ինչ հանդարտվեց: Կարծում եմ` շատ մեծ ուշադրություն այս ամենին պետք չէ դարձնել: Իրականում, երկու ուժերն էլ գործում են նույն փիլիսոփայության շրջանակում, երկուսի ծրագիրն էլ «բարգավաճ» Հայաստանն է: Թյուրիմացություն է, որ հայաստանյան կուսակցությունները տարբեր անուններ ունեն: Բոլորը «Բարգավաճ Հայաստան» են: Որովհետև բոլորն ասում են, որ հայ մարդու երազանքն է լինել հարուստ, չաղ և բախտավոր, որպեսզի առավոտները նախաճաշի Հրազդանի ձորում, երեկոները` եղբայրության հետ ընթրի Աշտարակի ձորում, և այդպես` քեֆ-ուրախության մեջ, հարստություն կուտակելով` կյանքը գլորեն առաջ: Նրանց խաղացնողներն էլ շատ մեծ դժգոհություններ չունեն նրանց փիլիսոփայությունից: Բայց քանի որ հնարավոր չէ, որ բոլորը լինեն չաղ, հարուստ և բախտավոր, որովհետև որպեսզի մեկը չաղ լինի, կողքը պետք է 100 նիհար լինի անպայման: Եվ այս տեսակետից ժողովրդի մեջ շատ մեծ դժգոհություն է կուտակվում, ինչը մեկ այլ աշխարհաքաղաքական ուժ կարող է օգտագործել: Եվ որպեսզի նման բան հանկարծ չպատահի, պետք է մեղմել այդ դժգոհությունը: Ուստի ստեղծվում են ԲՀԿ 1, ԲՀԿ 2, ԲՀԿ 3 կուսակցություններ, և դրանով փորձում ենք հաջողություն ձեռք բերել այս կյանքում:
– Այսինքն` այս խաղի տեսանկյունից տարբերություն չկա, թե ում հաշվին են բախում ապահովում` Վարդան Օսկանյանի, թե` Գագիկ Ծառուկյանի:
– Երբ ներկայացում են բեմադրում, խաղացողներին տարբեր դերեր են բաշխում` մեկը արքա է, մյուսը` ծառա, երրորդը` ծաղրածու: Բայց, ըստ էության, կարևոր է, թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ ներկայացումը: Ներկայացումը դիտողներն էլ տարբեր են լինում: Ուստի հաշվարկված է, թե ում վրա ինչ դրոշմ պետք է թողնի ներկայացումը. մեկ` որ կյանքը ուրախ է և բախտավոր լինելու դեռ մեծ հնարավորություն կա: Իսկ արտասահմանցի դիտորդի վրա, որն ավելի բծախնդիր հայացքով է նայում, թողնի տպավորություն, որ ինքն այստեղ ունի էական ազդեցություն: Ահա, այս տեսակետից բեմադրված ներկայացումն ունի իր սպեցիֆիկան: Սակայն նպատակների տեսակետից ոչ մի տարբերություն չկա:
– Իսկ ներկայացման ֆինիշն ինչ է ենթադրում հանդիսատեսի համար, բացի ընթացիկ զգայական տպավորություններից:
– Հայաստանի համար ոչ մի բան չի ենթադրում: Մենք ինքներս աշխարհակալ ուժերի համար այստեղ ստեղծում ենք մի ադմինիստրատիվ տարածք, որպեսզի այն հեշտ կառավարվի: Սկզբունքորեն, փոխարենը ինչ-որ բան ստանալու ենք նրանցից` մենք այլևս այնպես չենք հոշոտելու իրար, ինչպես հոշոտում էինք մինչև Մարտի 1-ը և դրանից առաջ մյուս տարիներին: Այլևս երկրում կողոպուտը կլինի ֆինանսավարկային եղանակով, այլ ոչ թե օլիգարխները կմտնեն մեր գրպաններն ու Ջիպերով վրաերթի կենթարկեն: Դրանք արդեն մոդայից դուրս կգան:
– Եթե Հայաստանն արդեն գործում է անգլո-ամերիկյան համակարգի առաջադրանքներով, կկարողանա՞ հասարակությունը Ռուբեն Հայրապետյանի և օլիգարխիայի դեմ սկսած պայքարում ունենալ շոշափելի արդյունքներ:
– Հավատացնում եմ Ձեզ` այո՛: Անգլո-ամերիկյան նոր` սահմանադրական կարգի համակարգի էությունն այն է, որ ոչ ոք չի զգում իրեն բացարձակապես սանձարձակ, որովհետև դա դժգոհության ալիք է բարձրացնում, ինչը անգլո-ամերիկացիներն ուզում են բացառել, որպեսզի այն օգտագործվի իրենցից դուրս համակարգերում: Այնպես որ, այստեղ դեռ խաղաղ պետք է լինի:
1 քննարկում
Չափորոշիչ