Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 27, 2012 2:14 - 4 քննարկում

…միակ ելքը մարդիկ տեսնում են կամ երկրից, կամ կյանքից հեռանալու մեջ…

Հայր եւ որդի կախվելուց առաջ երկտող են թողել

ՀԵՂԻՆԱԿ՝ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
27/06/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ասիկ, Գայանե, մենք Արտաշի հետ հեռանում ենք, մեզ կներեք: Աստված Ձեզ պահապան»: Ընտանիքի իգական սեռի ներողամտությունը այս երկտողով հայցելով՝ հայր եւ որդի Գալուստյանները միասին ինքնասպանություն են գործել: Նրանց երեկ վաղ առավոտյան գտել են Էրեբունի համայնքում գտնվող իրենց տան կիսակառույց 3-րդ հարկում՝ մետաղյա ճոպանով կախված: Թե ինչն է ստիպել 62-ամյա հորը եւ 30-ամյա որդուն կազմակերպված, մի սենյակում միաժամանակ կախաղան բարձրանալով հրաժեշտ տալ կյանքին, իրավապահները դեռ պարզում են: Սակայն  տեղեկություններ կան, որ  որդին՝ Արտաշես Գալուստյանը, նախկինում էլ է ինքնասպանության փորձ արել՝ երակները կտրելով:Ինքնասպանության փորձ է արել դեռեւս այն ժամանակ, երբ բացվել է մի հանցագործություն, որին ինքը մասնակից է եղել: Նա 2011թ. նոյեմբերին ընկերոջ հետ Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ապակին օրը ցերեկով կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած 56 մլն դրամ գումարը: Այն պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին, եւ այդ գումարը ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: Նշված գողության փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Արտաշես Գալուստյանը եւ նրա ընկերը կալանավորվել էին, սակայն Գալուստյանը  հունիսի 21-ին ստորագրությամբ բաց էր թողնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:  Ըստ հարեւանների, Գալուստյաններն արհեստավորներ էին, հայրը խառատ էր: Իսկ թե ինչու է այդ առանձնակի խոշոր գողության մեջ մեղադրվողը ստորագրությամբ ազատ արձակվել, ոստիկանությունից ասացին, թե, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա օժանդակել է նախաքննությանը, որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու վերաբերյալ, եւ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Իսկ թե ինչով է օժանդակել, ոչինչ չասվեց:

Թերեւս այդ «օժանդակության» հետեւանքով Արտաշես Գալուստյանը  հայտնվել է ազատության մեջ, իսկ ընկերը՝ ճաղերի հետեւում: Գուցե հենց այդ «օժանդակությունն» էլ դեր է խաղացել ինքնասպանության հարցում: Այս աննախադեպ զարհուրելի դեպքը ստվերեց անգամ մեկ օր առաջ Մասիսում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը, երբ սկեսրայրը խանդի հողի վրա  դանակահարել էր երիտասարդ հարսին, ապա, տեսնելով հարսի ծայրահեղ ծանր վիճակը, կտրել էր իր վիզը՝ չորս երեխաներին իսպառ զրկելով ծնողական խնամքից:  Երեխաների հայրն էլ մահացել էր տարիներ առաջ:

Երեկ կեսօրին էլ Սեւանա լճի ափից քիչ հեռու, երեկոյան, 59-ամյա տղամարդու դիակ են գտել:  Նա Մասիսի բնակիչ է եղել, հունիսի  23-ին Սեւան է գնացել,  տնակ վարձել, սակայն հունիսի 25-ին նրան ոչ ոք չի տեսել: Ավելի ուշ գտել են կախված վիճակում: Ըստ տարածված տեղեկությունների, նա Մասիսի շուկայում առեւտրով է զբաղվել, իսկ ինքնասպանության պատճառը խոշոր պարտքերն են եղել: Ի դեպ, վերջին շրջանում գրեթե ամեն օր գրանցվում են ինքնասպանության դեպքեր:  Զգալի թիվ են կազմում թոշակառուները: Ակնհայտ է, որ սոցիալական  սուղ պայմանները եւս նպաստում են ինքնասպանությանը:

Հոգեբանները տարբեր վերլուծություններ են անում եւ երբեմն մեղադրում լրատվամիջոցներին՝  ինքնասպանության դեպքերը լայնածավալ լուսաբանելու համար՝  պատճառաբանելով, թե այն վարակի էֆեկտ է ունենում: Իսկ ի՞նչ գործառույթ ունի պետությունը  քաղաքացիներին ծանր հոգեբանական վիճակից դուրս բերելու ու ծայրահեղ քայլերի դեմն առնելու հարցում: Վերջին շրջանում իրար հաջորդող ինքնասպանություններից տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդին համատարած պատել է հուսալքությունը, եւ միակ ելքը մարդիկ տեսնում են կամ երկրից, կամ կյանքից հեռանալու մեջ, իսկ այդ ընթացքում պետության համար հույժ կարեւոր, օրհասական  խնդիրները շարունակում են մնալ պաշտոնների բաշխումն ու իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
Jun 27, 2012 2:37