ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, June 23, 2012 19:23 - 1 քննարկում

ԵԼՈՒՅԹ, ՈՐ ԴԵՌԵՒՍ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

23 Հուն 2012 ...

2004 թվականի հունիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով եղել է Ստրասբուրգում: Հանրապետության երկրորդ նախագահին ուղեկցել են արտաքին գործերի նախարարը, Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:

Հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանում, այնուհետեւ` պատասխանել է Վեհաժողովի պատգամավորների հարցերին: Տեղի է ունեցել նաեւ Նախագահ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Այս ելույթին ու հարցազրույցին մենք մի քանի անգամ անդրադարձել ենք, և փորձը ցույց է տվել, որ չենք սխալվել, որովհետև ամեն անգամ հետաքրքրությունը դրա նկատմամբ մեծ է եղել, շատ են եղել նաև արձագանքներն ու պարզապես այդ տեղեկատվությունից օգտվողները: Այս անգամ այն կրկնում ենք, որովհետև այսօր ճիտ օրն է երկրորդ նախագահի Ստարսբուրգ  այցի և ելույթի:

Իսկ այցի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Փիթեր Շիդերի, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լուցիուս Վիլդհաբերի, Նորվեգիայի վարչապետ Կյել Մագնե Բոնդեւիկի հետ:

Նախագահը մասնակցել է նաեւ Եվրախորհրդում Ֆրանս Նանսենին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

***

23.06.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում /Ստրասբուրգ/

Հարգելի պարոն նախագահ,
Խորհրդարանական վեհաժողովի հարգելի անդամներ,
Տիկնայք եւ պարոնայք

Անկեղծորեն ուրախ եմ Ձեր առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար: Անցյալ անգամ ես այս ամբիոնի մոտ էի Հայաստանի համար շատ կարեւոր մի օր` Եվրոպայի Խորհրդին անդամակցելու օրը:

Անցել է ինտենսիվ բարեփոխումների երեք տարի, որոնք շոշափել են Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտները եւ պահանջել են ազգային ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում: Այսօր ես հայտարարում եմ, որ Հայաստանն արդեն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը: Մնացած մասի վերաբերյալ կազմված է գործողությունների համաձայնեցված պլան, որի իրականացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Բայց ամենակարեւոր ձեռքբերումը ես կանվանեի սեփական ապագայի նկատմամբ հայ հասարակության ընկալումների մեջ կատարված էական փոփոխությունները: Աճում է մարդկանց ներգրավվածությունը երկրի ամենօրյա կյանքում: Ամրապնդվում է նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին, տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ձեւավորման ակտիվ գործընթաց:

Նշանակում է սա, արդյոք, որ Հայաստանը հասել է ժողովրդավարական ազատությունների ցանկալի մակարդակին: Ակնհայտ պատասխանն է` ոչ: Աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող ցանկացած երկրում ժողովրդավարությանը բարդ ճանապարհ է սպասվում: Անհրաժեշտ է սոցիալական երաշխիքների որոշակի նվազագույն մակարդակ` ժողովրդավարական գործընթացներում մարդկանց լիարժեք մասնակցության համար: Հենց այդ պատճառով մենք փորձել ենք համաժամանակյա դարձնել տնտեսությանը, քաղաքական համակարգին, դատաիրավական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող բարեփոխումները: Հայաստանում, ըստ էության, ավարտված է իշխանության եւ տնտեսության նախկին կենտրոնացված համակարգի ապամոնտաժումը, որը հնարավորություն էր տալիս տոտալ ձեւով վերահսկել հասարակությունը:

Երկրում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ տնտեսության կառուցվածքում` ինչպես ճյուղերում, այնպես էլ սեփականության ձեւերում: Բարեփոխումների ծավալն ու խորությունը հնարավորություն են տվել, որ շուկայական հարաբերությունները լիարժեք աշխատեն: Այսօր Հայաստանի ՀՆԱի ավելի քան 85 տոկոսը արտադրվում է մասնավոր սեկտորի, այդ թվում` 36 տոկոսը փոքր եւ միջին բիզնեսի կողմից: Վերջին երեք տարիներին ՀՆԱի տարեկան միջին աճը կազմել է 12 տոկոս` չնայած Եվրոպայի Խորհրդի գործընկեր երկու պետությունների կողմից իրականացվող շրջափակմանը:

Տնտեսական աճի դինամիկան մեզ հնարավորություն է տվել մշակել աղքատության հաղթահարման երկարաժամկետ ռազմավարություն: Առաջին անգամ Հայաստանում այդ կառավարական ծրագիրը մշակվել է ոչ միայն միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, այլեւ` հասարակության լայն ներգրավմամբ: Այսօր այդ փաստաթուղթը հիմք է հանդիսանում քաղաքական որոշումներ ընդունելու եւ բյուջետային առաջնահերթությունները որոշելու համար:

Արդյունավետ ժողովրդավարության հաստատման ճանապարհին մյուս կարեւոր քայլը կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայաստանի կառավարությունը կոռուպցիան դիտում է որպես համակարգային չարիք, որը հնարավոր չէ արմատախիլ անել միայն բարձրագոչ հայտարարություններով կամ ցուցադրական դատավարություններով: Մենք կենտրոնանում ենք համակարգային վերափոխումների վրա, որոնք վերացնում են կոռուպցիայի մոտիվները: Հենց այդ պատճառով էլ անդամակցել ենք ԳՐԵԿՕի խմբին, որտեղ կարող ենք ուսումնասիրել այդ ոլորտում այլ երկրների փորձը: ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնակցությամբ լայն քննարկումների միջոցով մենք մշակել ենք համապարփակ Հակակոռուպցիոն ռազմավարություն: Մի քանի շաբաթ առաջ իմ հրամանագրով ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարը համակարգող խորհուրդ:

Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված անհետաձգելի միջոցառումների շարքին առաջին հերթին կդասեի դատաիրավական համակարգի բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը, հարկային եւ մաքսային մարմիններում վարչարարության կատարելագործումը, պետական ծառայության արդյունավետ համակարգի ձեւավորումը: Այսինքն` հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծումը:

Ընդհանուր կոռուպցիոն ռիսկերի կրճատման տեսանկյունից հատկապես կնշեի մրցակցային միջավայրի հաստատման կարեւորությունը, կառավարության գործողությունների կանխատեսելիությունը, ընթացակարգերի պարզեցումը« դրանց թափանցիկությունն ու հասարակական վերահսկողությունը: Այսպիսին են այսօրվա մեր առաջնահերթություններն ու դրանց նպատակն է ապահովել Հայաստանում տնտեսական բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը:

Տիկնայք եւ պարոնայք:

Համոզված եմ, որ ձեզանից շատերը հարց են տալիս` ինչ է տեղի ունեցել Հայաստանում անցած գարնանը: Ինչով է պայմանավորված ընդդիմության ակտիվության պոռթկումը, որը խորհրդարանական գործունեությունը փոխարինել է հանրահավաքային հեղափոխականությամբ: Չէ որ, բոլորովին վերջերս` հունվարին, Հայաստանում էր Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի խումբը, որը էական առաջընթաց էր արձանագրել այդ կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ£ Իսկ դա, ամենից առաջ, ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումներն են: Միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանին տրված բոլոր փորձագիտական գնահատականներն առավել քան լավատեսական են: Հայաստանում առկա երկնիշ թվով տնտեսական աճը եւ բյուջեի կատարման պրոֆիցիտն, ըստ էության, ոչ մի կերպ չեն նպաստում հեղափոխականությանը: Իսկ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններն էլ դեռ ամբողջ երեք տարի կա: Այսինքն` քաղաքական ակտիվության շիկացում կանխագուշակող ներքին նախադրյալներ ուղղակի չկային:

Ուրեմն ինչ էր տեղի ունեցել: Պատասխանը պարզ է: Ընդդիմությունը ո,եշնչվել էր հարեւան Վրաստանում “վարդերի հեղափոխության” արդյունքով եւ որոշել էր պատճենել այն հայկական իրականության մեջ, որն վրացականի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Ընդդիմությունը հաշվի չէր առել այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունն, ի տարբերություն այն ժամանակվա վրացականի, դինամիկ զարգանում է, կառավարությունը բավականին արդյունավետ է, եւ ժողովրդավարական ձեռքբերումներն ամրապնդված են ինստիտուցիոնալ կառուցվածքներով, ներառյալ ոստիկանությունը, որն ի վիճակի է պահպանել հասարակական կարգը:

Պատմությունը սովորեցնում է, որ օտար հեղափոխություններով ոգեշնչվելը ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Բայց, ցավոք, շատերը սովորում են միայն իրենց սեփական փորձի վրա: Այդպես եղավ նաեւ մեզ մոտ: Թողնելով խորհրդարանն, ընդդիմությունը հանրահավաքային գործունեություն ծավալեց, որի նպատակը բացահայտորեն հայտարարված էր` խառնել իրավիճակը երկրում, հավաքել մարդկանց առավելագույն քանակ, շրջապատել Նախագահական նստավայրը եւ ստիպել ինձ հրաժարական տալ:

Հայտնաբերելով հանրահավաքների նկատմամբ հասարակության հետաքրրության բացակայությունը, ընդդիմությունը որոշեց սրացման գնալ` ըստ երեւույթին, ուշադրություն բորբոքելու համար: Շրջափակվել էր Երեւանի ամենածանրաբեռնված պողոտան£ Դա խանգարում էր ոչ միայն տրանսպորտի, այլեւ Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությանը: Ի դեպ, այդտեղ են տեղակայված նաեւ չորս դեսպանություն եւ քաղաքի խոշոր դպրոցներից մեկը: ործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում: Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնանկիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու:

Ոստիկանական նմանատիպ գործողությունների անհրաժեշտությունը միշտ էլ ցավ է առաջացնում: Բայց, իշխանությունը պետք է հասարակությանը պաշտպանի քաղաքական ծայրահեղականությունից: Առավել եւս երիտասարդ ժողովրդավարությամբ երկրներում, որոնք քաղաքական եւ իրավական կուլտուրայի կայացած ավանդույթներ չունեն: Հատկապես, երբ բնակչության մի մասը դեռեւս ապրում է աղքատության շեմին, եւ կարող է ենթարկվել ամբոխահաճ ճարտասանության ձեռնածություններին:

Հատկապես կուզենայի նշել, որ այդ ողջ ժամանակահատվածում կառավարող կոալիցիա կազմող կուսակցությունները բազմիցս համագործակցության ձեռք են մեկնել ընդդիմությանը: Ցավոք, այդ առաջարկությունները մերժվում էին ընդդիմության կողմից, որը հավանաբար, ենթադրում էր, թե համագործակցությունը կարող է նվազեցնել իր կողմնակիցների հեղափոխական տրամադրվածությունը:

Երկիրն իր կայացման կարեւոր փուլում է, եւ ես համոզված եմ, որ կան շատ ուղղություններ, որոնք ընդհանուր ջանքեր են պահանջում: Մենք ընդդիմությանն առաջարկել ենք համագործակցել ամենակարեւոր հարցերի շուրջ` սահմանադրական բարեփոխումներ եւ ընտրական օրենսգիրք: Այդ առաջարկություններն մնում են ուժի մեջ, բայց դրանք պետք է քննարկել խորհրդարանում, այլ ոչ թե` փողոցում:

Այս ամենի մասին ես չէի խոսի, եթե չլիներ ԵԽԽՎի վերջին բանաձեւը Հայաստանի վերաբերյալ: Ես ցավում եմ, որ մեր որոշ պատգամավորներ ԵԽԽՎ ներքաշել են այդ դիսկուսիայի մեջ£ Համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի ամբիոնն ամենահարմար տեղը չէ իշխանությունների եւ ընդդիմության հարաբերությունները պարզելու համար: Այդ ամենը պետք է արվի սեփական խորհրդարանի ամբիոնից, այսինքն` Հայաստանի քաղաքական գլխավոր խոհանոցում:

Հարգելի պարոն Նախագահ,

Այժմ ես ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի համար առաջնահերթ մեկ այլ հարցի£ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանը պարտավորվել է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք նման պարտվորություն ընդունել ենք, քանի որ բարձր ենք գնահատում հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը: Սակայն, երկարատեւ լուծումն արդյունավետ փնտրելու համար անհրաժեշտ է հակամարտության էության խոր իմացություն: Ես կցանկանայի նշել Ղարաբաղյան հակամարտությունը բնութագրող երկու կարեւոր գործոն:

Առաջինը. Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ պետությունների գոյության իրավական հիմքերը նույնական են: Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորման հարցը քննարկել իրավական հարթության վրա:

Երկրորդը` 1992-94թթ. պատերազմն ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի արդյունք էր, որով նրանք փորձում էին էթնիկ զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում` այն զավթելու նպատակով: Ձեւավորված դե ֆակտո իրավիճակը սեփական հողում ապրելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի անձնուրաց պայքարի արդյունքն է: Սա ինչպես ինքնորոշման իրավունքի իրականացման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքը էթնիկ զտումները հիմնավորելու համար օգտագործելու դասական օրինակ է:

Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանել է ժողովրդավարական հասարակության մեջ ազատ ապրելու իր իրավունքը: Ղարաբաղի փաստացի անկախությունը 16 տարեկան է: Այնտեղ արդեն մեծացել է մի սերունդ, որը երկրի այլ կարգավիճակ չի պատկերացնում£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր կայացած պետություն է, որն, ըստ էության, համապատասխանում է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու բոլոր չափանիշներին£ Սա այն իրողությունն է, որից ուղղակի անհնար է խուսափել: Հենց այդ պատճառով ենք մենք պնդում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցային գործընթացում, որին Հայաստանն ակտիվորեն մասնակցում է:

Կարգավորումը պետք է բխի հակամարտության էությունից, այլ ոչ թե` ապագա նավթային դոլարներով Ադրբեջանի հավանական ուժեղացման նախադրյալներից: Դա առճակատման բանաձեւ է, այլ ոչ թե` փոխզիջման: Հայաստանը պատրաստ է հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը: Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ կարգավորման լուրջ բանակցությունների: Հենց այդ պատճառով մենք համաձայնություն էինք տվել միջնորդների վերջին երկու առաջարկություններին, որոնք, ցավոք, մերժվեցին Ադրբեջանի կողմից:

Հատկապես կուզեի նշել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացման կարեւորությունը: Հնարավոր համագործակցության ընդգրկումը կարող է ձգվել օրենսդրության ներդաշնակեցումից մինչեւ փոխկապակցված տրանսպորտային ցանցի վերականգնումն ու համատեղ նախագծերն էներգետիկայում: Մենք նաեւ համոզված ենք, որ տարածաշրջանում համագործակցությունը լավ նախադրյալ է հակամարտությունների կարգավորման համար:

Հարավային Կովկասը որպես համապարփակ տնտեսական համագործակցության գոտի կարող է ավելի շատ բան նշանակել, քան այն, ինչի մասին տարածաշրջանի երեք երկրներից յուրաքանչյուրը կարող է երազել միայնակ:

Հարավային Կովկասը միշտ էլ զգայուն տարածաշրջան է եղել արտաքին ազդեցությունների նկատմամբ: Այն գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում եւ, հաշվի առնելով նրա էներգետիկ եւ տարանցիկ ներուժը, միշտ էլ եղել է մեծ հետաքրքրությունների ոլորտ: Այդ հանգամանքը մեզ մղել է մշակել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որի էությունն հետեւյալն է. Հայաստանը շահ է փնտրում համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների հակասությունների հարթեցումից, այլ ոչ թե` դրանց ուժգնացումից: Այդ մոտեցումը մեզ հնարավորություն է տվել վստահելի հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ Իրանի հետ, ամրապնդել ավանդական մերձավորությունը Ռուսաստանի հետ: Մենք հավատում ենք խաղաղությանն ու համագործակցությանը Հարավային Կովկասում:

Հատկապես կուզեի անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին, ավելի շուտ` դրանց բացակայությանը: Իրականությունն այն է , որ այդ հարաբերությունները ծանրաբեռնված են անցյալի ժառանգությամբ` Եղեռնով, դրա հետեւանքներով եւ ապաշխարանքի բացակայությամբ: Այսօր իրավիճակը դժվարանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմամբ: Ես կուզեի հնչեցնել երկու սկզբունք, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են փակուղուց դուրս գալու համար:

Առաջինը. գործնական կապերի կարգավորումը եւ ժառանգած խնդրի քննարկումը պետք է տեղի ունենան տարբեր հարթություններում եւ չկապվեն միմյանց հետ:

Երկրորդը. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ երկիր հետ մեր հարաբերություններով /Ադրբեջան/: Նախապայմաններ պարտադրելու ցանկացած փորձ զրոյի է տանում յուրաքանչյուր հեռանկար:

Հարգելի պարոն նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,

Վերջում ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Հայաստանն իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքի հետ սերտ ինտեգրման մեջ: Մի քանի օր առաջ Եվրամիությունը որոշում ընդունեց Հայաստանը ներգրավել “նոր հարեւանության” նախաձեռնության մեջ: Դա կուժեղացնի մեր ձգտումը` համապատասխանել եվրոպական չափանիշներին, մեր ավանդը ներդնել եւ օգտվել մեր պետությունների ու ժողովուրդների համագործակցության բարիքներից: Մենք այդ ճանապարհով գնում ենք խորը համոզվածությամբ եւ երախտապարտ ենք ձեզ` այդ դժվար գործընթացին աջակցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Mary Kevork
Aug 3, 2014 1:49