ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 12, 2012 13:01 - 4 քննարկում

Պատերազմն սկսված է, դավաճանը՝ հայտնաբերված: ՀՀ նախագահը էշի ականջում քնած է: Համազգային բոյկոտ ընդդեմ սրիկա «Շանթ»-ի հեռոստահաղորդումների:

«Հայոց Աշխարհ» թերթի լրագրողուհի Կիմա Եղիազարյանի արձագանքը.
…………………………………………………………………………………….

ՀԱՅ ԹՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ

Մինչեւ ե՞րբ

Մինչ հայությունը զայրացած ընդդիմանում էր Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու տխրահռչակ Գեորգի Վանյանի օրապակաս գաղափարին, եւ ի վերջո բոյկոտեց սույն նախաձեռնությունը, պարզվում է, այդ օրերին «Շանթ» հեռուստաընկերությունը պատրաստվում էր եթեր հեռարձակել իր հերթական «Էքշնը»:

Երեկ դարձյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվել էր 10 րոպեանոց մի տեսահոլովակ, որում պարզ երեւում է, որ «Շանթի» «Անծանոթը» սերիալը եւ թուրքական «էզելը» նման են իրար ինչպես ջրի երկու կաթիլ:

Ակնհայտ է, որ «միջազգային ձեւաչափով» ստեղծված այս սցենարը հայկական հեռուստաընկերությունը գնել է թուրքերից: Ոչ միայն սցենարը: «Շանթը» ուղղակի պատճենել է թուրքական արտադրանքը: Այսինքն՝ «հայկական» սերիալի բոլոր դրվագներում (միզանսցեն, դիմախաղ, նկարահանման դիտանկյուն, երկխոսությունների շեշտադրումներ, մի խոսքով՝ ամենաչնչին մանրամասն իսկ) նույնիսկ փոքրիկ շեղում չես տեսնի:

Պարզապես դերասաններն են տարբեր: «Շանթի» «Անծանոթն» ասես թուրքական «Էզելի» կլոնը լինի, կամ, այսպես ասած, «հայկականացված» տարբերակը:

Ապշեցուցիչն այն է, որ այս հեռուստաընկերությունը, անտեսելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան, երբ սահմանում հայ զինվորներ զոհվեցին, նույն օրերին եւ այսօր էլ անխռով շարունակում է իր եթերում ցուցադրել թուրքական արտադրանքը:

Ընդհանրապես այս բացահայտումը պարզորոշ ցույց է տալիս, որ հայկական հեռուստաընկերություններում սցենարիստ, ռեժիսոր եւ նման բաներ գոյություն չունեն: Թխում են, թխում ու թխում: Սակայն, եթե այլ հեռուստաընկերություններ պատճենում են այլ երկրների հեռուստաարտադրանքը, ապա պարզվում է, «Շանթը» թուրքերին ընդօրինակելու հարցում բարդույթներ չունի:

«Էզել»-ով հմայված «Շանթի» ղեկավարությունը հավանաբար մտածել է, որ, դե, հիմա ինչ է պատահել, հայաստանյան տոնավաճառները հեղեղված են թուրքական հագուստներով ու ապրանքներով, հայերը սպառում են դրանք, հիմա էլ թող ըմբոշխնեն թուրքական «հոգեւոր սնունդը»:

Ցանկանում եք օգտվել «միջազգային ձեւաչափից», դիմեք եվրոպական երկրներին, այնտեղից գնեք սցենարներ: Բնականաբար դա «Շանթի» վրա շատ թանկ կնստեր: Իսկ թուրքականը էժան է: Դե, հայկական հեռուստաեթերն էլ ազգին վաղուց է դեգրադացրել, հիմա ինչ կա որ, մտածում է եթերի տերը` սա էլ «դեմ տանք» հեռուստադիտողին, էլի կնայեն:

Էժան գնով ձեռք բերված նախագիծ՝ ընդմիջված գովազդներով, եւ լիքը փող: Ազգի հերն էլ անիծած, մանավանդ որ բոլորին «համոզել» են, որ «մեր իրական կյանքն ենք ցույց տալիս», «Ժողովուրդն էդ ա ուզում, էդ ենք ցույց տալիս»:

Նույն մոտեցումն արդեն երկար տարիներ նկատվում է, այսպես կոչված, շոու բիզնեսում. «աստղերը» ոնց պտտվում են, կանգ են առնում թուրքական մելիզմի վրա: Համակարգչից վերցնում են թուրքական երգերը, «հայկականացնում» են եւ անդադար ոռնում կամ կլկլացնում են: Այնպիսի սիրով են փարվել թուրքականին, որ, թվում է, կմեռնեն, բայց թուրքականից բացի ուրիշ բան չեն երգի:

Մի 10-12 տարի առաջ հայ հրատարակիչը որոշեց Թուրքիայում տպագրել հայկական դասագրքերը: Բոլորն իմացան, մի քիչ աղմկեցին եւ վերջ:

Հայ գրողները տարիներ առաջ բուռն ցանկություն դրսեւորեցին ամեն գնով թարգմանել ու հրատարակել թուրք հեղինակի գիրքը: Ճակատներն էլ ցցած, հպարտ-հպարտ շնորհանդես արեցին, կենացներ ասացին թուրքի ստեղծագործության մասին:

Էլ չենք խոսում «Ոսկե Ծիրանի» մասին, որն արդեն 9-րդ տարին է, ինչ առանց թուրքերի փառատոն չի անում, ավելին` առանց թուրքերին մրցանակ տալու չի ճանապարհում: Չենք կարող շրջանցել նաեւ այլ ոլորտներում հայ եւ թուրք գործընկերների համատեղ նախաձեռնությունները, որոնք իրականացվում են հիմնականում Թուրքիայում:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ երկար տարիներ թուրքը ներխուժել է մեր «հոգեւոր տարածք», ինչը չտեսնելու ենք տալիս կամ, որ ավելի վտանգավոր է, համարում ենք «նորմալ երեւույթ»: Ավելի ճիշտ մեր, այսպես կոչված, մտավորականության ակտիվ ջանքերով թուրքական «մշակույթը» դարձել է հայկական մշակութային կյանքի անբաժանելի մասը:

Իսկ երբեւէ տեսե՞լ եք, որ թուրքը մեր հեռուստաընկերություններից ինչ-որ նախագիծ գնի եւ ցուցադրի թուրքական հեռուստաընկերությամբ:

Երբեւէ տեսե՞լ եք, որ թուրքերն իրենց դասագրքերի հրատարակումը վստահեն հայկական հրատարակչությանը:

Երբեւէ տեսե՞լ եք, որ թուրքը համակարգչից վերցնի հայկական ժողովրդական երգ ու կատարի: Եթե վերցնում է, ապա միայն սեփականելու մտադրությամբ, ի լուր աշխարհի հայտարարելով, որ դա հենց թուրքական երգ է, որը հայերը «գողացել» են:

Երբեւէ տեսե՞լ եք, որ թուրքը հայ գրողի գիրք թարգմանի եւ հրատարակի:

Երբեւէ տեսե՞լ եք, որ թուրքերն իրենց կինոփառատոնին հայ կինոռեժիսորների հրավիրեն, ավելին` մրցանակ շնորհեն հայի ֆիլմին:

Չի եղել նման բան:

Իսկ մերոնք արդեն երկար ժամանակ, ազգային արժանապատվությունը մի կողմ դրած, ուղղակի սողում են թուրքերի ոտքերի տակ: Հայ թրքասերների սույն բանակը, թուրքական «մշակույթն» իր համար չափանիշ դարձրած, եռանդագին տարածում է այստեղ՝ Հայաստանում: Եվ, մեղմ ասած, ամենատարօրինակն այն է, որ հոգիները մամոնային ծախած հայ թրքասերների «հայրենասիրական» ձեռնարկների դեմն առնող չկա:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

վահագն
Jun 12, 2012 13:29