Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, June 5, 2012 14:30 - 1 քննարկում
Խորհուրդ՝ խորհրդականին. «Շատ մի խոսի, համը կհանես»…
Ի՞նչ կարիք կար Հովիկ Աբրահամյանին հանել եւ նորից նշանակել նախկին պաշտոնում
ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
02/06/2012 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ՀՀԿ-ի հետ կոալիցիան մերժելուց հետո չեն դադարում գուշակությունները, թե ԲՀԿ-ի այժմ արդեն թափուր մնացած նախարարական պորտֆելներն ովքեր կստանձնեն: Հիմա էլ լուրեր են պտտվում, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը: Երեկ մամուլում շրջանառվող այս լուրերի մասին զրուցեցինք Յուրի Վարդանյանի հետ:
– Նման քննարկում բացարձակապես չի եղել, ես չգիտեմ, թե նման ինֆորմացիաները դուք որտեղից եք վերցնում, «մեր հավաստի աղբյուրներ» եք նշում. սա ինձ համար շատ տարօրինակ է: Ախր գրում են՝ հավաստի աղբյուրներով. պետք է հավաստի բան լինի, որ իրավունք վերապահեք շեշտեք դա: Այստեղից-այնտեղից լսած խոսակցությունները չի կարելի «հավաստի» կոչել:
– Բայց Դուք ցանկություն ունե՞ք նախարար դառնալու եւ նման առաջարկ ստացե՞լ եք:
– Ես ինքս այդպիսի ցանկություն որ ասեմ՝ չունեմ: Իհարկե, տիրապետում եմ այդ ոլորտին. այդքան տարիներ մեջն եմ եղել, բայց ես նման բան իմ շրջապատի մոտ չեմ ասել, անգամ իմ հարազատների մոտ չեմ խոսել նման թեմայի մասին:
– Պարոն Վարդանյան, տիրապետում եք ոլորտին, բայց արդյոք գործադիր աշխատանքներին պատրա՞ստ եք, կարո՞ղ եք գլուխ հանել:
– Դե հա, ինչո՞ւ ոչ: Մենք բոլորս ծառայողներ ենք, կան բանակում ծառայողներ, մենք էլ քաղաքացիական ծառայողներ ենք: Դե, հիմա թաքցնել էլ չի լինի, որ ամեն ինչ առաջին դեմքով է լուծվում: Առաջին դեմքը բոլորի ուժերն ու հնարավորությունները գիտի, եթե ինքը հարմար է գտնում մեկին մյուսի տեղը տեղափոխելու, ինչքանո՞վ է հարմար, որ հրաժարվես: Գեղեցիկ չէ: Եսիմ ինչ պատճառ պետք է ունենաս, ասես, որ ինքն ընդունի, թե չէ չընդունելը նշանակում է, որ դու փախնում ես ծառայությունից:
– Այսինքն պատրաստ եք:
– Թիմում այդպիսի մարդ չկա, որ ինձ չճանաչի, այնպիսի մարդ չկա, որ ես չճանաչեմ: Դե գիտեք՝ աշխատելն էլ թիմով է, ինչքան էլ ուզում ես հզոր մարդ եղիր, եթե թիմը քեզ չի ընդունում, դու թիմին չես ընդունում, ինչպե՞ս կարող ես այդ ոլորտը ղեկավարել, իսկ ես նման խնդիր չունեմ: Եվ կարող եմ բարձրաձայն ասել, որ բոլորի հետ էլ ես մտերիմ հարաբերություններ ունեմ, բոլորն էլ՝ իմ հետ, եւ աշխատելու պահով խնդիր չեմ ունենա:
Հետեւաբար, այդ առաջարկությունը ղեկավարի կողմից լինելու դեպքում ես չեմ ասի՝ գիտե՞ք ինչ, ես այնտեղ ինձ չսիրողներ ունեմ, եւ այլն, եւ կարող է պրոբլեմներ ի հայտ գան աշխատանքի պահին: Չնայած պետք է ասեմ, որ նման առաջարկություն չի եղել, բայց ոչ մի բան էլ չի բացառվում: …Հնարավոր է՝ ոչ մի առաջարկ էլ չլինի, եթե չեղավ, ես հանգիստ իմ տեղում կմնամ-կաշխատեմ, ես շատ գոհ եմ իմ աշխատանքից… Յաման գիտի, որ լինի էլ, շատ էլ չեմ ուրախանա:
– Այդ նախարարությունը ԲՀԿ-ին էր պատկանում, ի դեպ, Դուք ի՞նչ կարծիքի եք ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չկազմվելու վերաբերյալ: Ինչո՞ւ չեղավ կոալիցիա, եւ որքանո՞վ էր ճիշտ ու օգտակար կամ՝ հակառակը:
– Այդ «ճիշտն» ու «սխալը» ոչ մի անհատ մարդ էլ իրավունք չի վերապահի իրեն ասելու, բայց դե, ամեն անհատ իր անձնական կարծիքն ունի, եւ, իմ կարծիքով, եղավ այն, ինչ որ եղավ, դրա մեկնաբանությունը տրվել է, եւ ավելացնելու ոչինչ չունեմ: Իմ համար դա շատ նորմալ է, ու դրա համար յաման գիտի ոչ շատ տխրում եմ, ոչ էլ ուրախանում եմ:
– Երկրի, հասարակության տեսանկյունի՞ց ինչպես կգնահատեք:
– Չեմ կարծում, որ շատ բաներ կվնասի: Իհարկե, իշխող կուսակցությունը ծանրաբեռնվածություն կունենա, որ ավելի շատ աշխատանքներ պիտի ծավալի, ավելի շատ չարչարվի: Չնայած ես համոզված եմ, որ կարող է ՀՀԿ-ն լիարժեք այդ պատասխանատվությունն արդարացնել:
– Պարոն Վարդանյան, կարելի՞ է ասել, որ բոլոր փոփոխությունները եւ առհասարակ բոլոր հարցերը նախագահը միայնակ է լուծում, ինչի մասին Դուք ակնարկեցիք: Որպես իր խորհրդականի՝ Ձեզ հետ քննարկո՞ւմ է որեւէ հարց:
– Ես ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ եթե ինքը որեւէ մեկի հետ հարկ է համարում, կանչում է, քննարկում է: Ամեն ինչ չէ, որ քննարկում է, ինքն ում հետ հարմար է գտնում… ի դեպ, ինքը շատ լավ տեսնում է ամեն բան, եւ եթե հարկ չկա քննարկելու, անակնկալ անում է: Այդ ո՞ւմ հետ էր քննարկել, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնից ազատել էր…
– Խորհրդականների հետ չէ՞ր քննարկել, …որքանո՞վ էր նպատակահարմար այդ պաշտոնանկումն ու կրկին նշանակումը:
– Բացարձակ քննարկում չի եղել, բայց մենք, որ կոլեգաների հետ կիսվել ենք, զրուցել, ընդհանուր տպավորությունն այնպիսին է եղել, որ շատ ծանրաբեռնված աշխատանք պետք է տարվեր ՀՀԿ շտաբում, եւ այդ առումով չէր կարող նա համատեղել ԱԺ նախագահի պաշտոնը: Թե տակն ուրիշ բան կար թաքնված, դա մեզ համար անհասկանալի էր, բայց հիմնական ես էլ եմ կարծում, որ ի՞նչ կարիք կար հանել եւ նորից նշանակել նախկին պաշտոնում: Կարելի էր, չէ՞, համատեղել, այդ ի՞նչ պիտի վնասվեր այդ ընթացքում, բայց երեւի նուրբ բան կար, որ դա արվեց, ինչի մասին ես արդեն տեղյակ չեմ:
1 քննարկում
karpis