ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, May 16, 2012 1:35 - չքննարկված
Կոտորածներից փրկված հայուհին Թուրքիայից ներողություն է պահանջում
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | Մայիսի 15, 2012 13:10
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվականը ներկայացրել է Դերսիմի ջարդերի վկաներից մի հայ աղջկա պատմությունը, ով տարիներ շարունակ թաքցրել է իր ինքնությունը և 72 տարեկանում նոր սկսել է խոսել իր հայ լինելու մասին:
72-ամյա Ասլըհան Քիրեմիթչյանը (ներկայիս` Ֆաթմա Յավուզը) որպես ականտես պատմել է 1930-ականներին Դերսիմի կոտորածների մասին: Նա պատմել է , որ փրկվել է ցորենի պարկի մեջ թաքնվելով, ապա աքսորվել է Քոնյա նահանգի Բեյշեհիր շրջան: Աքսորի ժամանակ եղել է ընդամենը 5-6 տարեկան: Նրա անունը փոխել ու Ֆաթմա են դրել, 13 տարեկանում մահմեդականացվել է և ամուսնացել:
Ասլըհան Քիրեմիթչյանը եղել է Դերսիմի ամենազադեցիկ հայ ընտանիքներից մեկի աղջիկը: Դերսիմի կոտորածներից հետո նա կորցրել է իր ընտանիքին և դաժան ճակատագիր է ունեցել:
«Բեյշեհիրում` իմ նոր ընտանիքում ինձ շատ էին ծեծում: Այդ տանջանքների հետևանքով բոլոր մատներս կոտրված են, ինձ նույնիսկ բժշկի չեն տարել ոչ մի անգամ: Այս տանջանքներից ազատվելու համար տնից փախա: Ավելի ուշ մեկ այլ ընտանիքում օթևանեցի: Այդտեղ էլ շատ զրկանքներ կրեցի: Երբ 13 տարեկան էի ինձ 35 տարեկան մեկի հետ ամուսնացրեցին: Ամուսնացնելուց առաջ ինձ ստիպեցին մահմեդականություն ընդունել: Տառապանքներվ լի կյանք եմ ունեցել`սոված-ծարավ, անտուն, անտեր ու անգործ: Երեխաներիս նման պայմաններում եմ մեծացրել:
Հայ լինելս թաքցրել եմ: Երեխաներս միայն 1995թ. են իմացել դրա մասին: Ընտանիքս գտնելու համար շատ ջանքեր գործադրեցի, սակայն անարդյունք»,- պատմում է Ասլըհան Քիրեմիթչյանը:
Ասլըհանը դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) Դերսիմի հարցերով հանձանժողովին` պահանջելով իրեն վերադարձնել հոր`Հակոբ Քիրեմիթչյանին պատկանած տարածքները և իրենից ներողություն խնդրել:
Հիշեցնենք, 1930-ականներին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվել են հիմնականում քրդերի կոտորածներ: 1937-38թթ. Դերսիմի կոտորածները թուրքական պատմագրության մեջ որպես ապստամբություն են հիշատակվում: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ` այդ տարիներին սպանվել է շուրջ 100.000 մարդ, որոնց մեջ եղել են նաև 1915-ի ցեղասպանությունից փրկված և Դերսիմի տարբեր գյուղերում ապաստանած հազարավոր հայերը: