Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 12, 2012 2:16 - 1 քննարկում

ՀՀԿ-ն ազատվում է մաքուր գ7-երից և մաքուր գործ տվողներից…

Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
12/05/2012 This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբանելով, թե Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարիներին անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այլ ուսման է մեկնել Միացյալ Նահանգների Մինիսոտա համալսարան: «Ես ԱՄՆ-ում սովորել եմ, բայց գնացել-եկել եմ: Չի կարելի ասել, որ ես Հայաստանում այդ ընթացքում չեմ բնակվել,- մեկնաբանեց Մարուքյանը:- Բացի դա, բողոքարկման ժամկետն անցել է»: Հարցին, թե ինչու է Վիկտոր Դալլաքյանը դիմել այդ քայլին, եւ հնարավո՞ր է, որ նա աջակիցներ ունի իշխանության շրջանում, Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Ավելի շուտ, Վիկտորի համար շատ դժվար է համակերպվել, որ ինքը պարտվել է»: Մարուքյանն առավոտից Երեւանում էր: Մինչեւ ժամը վեցը, երբ նշանակված էր ընտրատարածքային հանձնաժողովի նիստը, նրա հեռախոսը ոչ մի րոպե չէր լռում, բայց Էդմոնը վրդովված համաքաղաքացիների զանգերին չէր պատասխանում, քանի որ ինքն էլ լարված վիճակում էր: Իսկ Վանաձորում տագնապալի տրամադրություն էր: Մարդիկ ավելի զայրացած էին, քան այն ժամանակ, երբ Վիկտոր Դալլաքյանը հանրապետական դարձավ: Նրանք տագնապով սպասում էին, որ ՀՀԿ-ն էլի մի բան կանի` չեղյալ կդարձնի անկուսակցական դեպուտատի արդար հաղթանակը եւ կպաշտպանի իր անդամին: Սակայն այդպես չեղավ:

Հանձնաժողովը մերժեց Դալլաքյանին բավարար փաստերի բացակայության եւ դիմումները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու հիմքերով, այսպիսով ազդարարելով անկախ, երբեմն հոսանքին հակառակվող եւ ընդհանուր առմամբ ընդդիմադիր Դալլաքյանի կարիերայի ավարտը, որին գուցեեւ ավելի մեծ քաղաքական ապագա էր սպասվում: Ինչպես հայտնի է, նրան չէր սիրում եւ պոպուլիստ էր համարում Ռոբերտ Քոչարյանը, որն իր նախագահության օրոք հաճախ է արտահայտել իր այս կարծիքը մերձիշխանական կառավարական շրջապատներում:

Իսկ Սերժ Սարգսյանը համակրանքով էր վերաբերվում Վիկտորին: Վիկտոր Դալլաքյանն էլ երբեմն նույնիսկ ակնարկներ էր անում լրագրողներին, թե Սերժը որոշ հարցերի շուրջ միայն իր հետ է  խորհրդակցում: Բայց արի ու տես, որ իշխանության հետ «սիլիբիլին» տխուր ավարտ ունեցավ Դալլաքյանի համար: Մի բան անհասկանալի է. ինչո՞վ է օգտակար լինելու քաղաքական ֆիասկո կրած գործիչը ՀՀԿ-ին: Գուցե կուսակցության ներսում օրենքներ մշակելո՞վ: Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ում գրագետ մարդիկ քիչ կան, սա տրամաբանական է թվում: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀԿ-ն վերջին շրջանում քաղաքական գործիչներին վերցնում է միայն վարկաբեկելուց հետո, ինչպես եղավ Դալլաքյանի, Արտաշես Գեղամյանի եւ այլոց հետ: Այսպես գործիչներն ավելի կառավարելի են, կանխատեսելի: Ստացվում է, որ մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARATA
May 12, 2012 3:08