ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 8, 2012 5:51 - 1 քննարկում
Հուսադրիչն այն է, որ մեկ տարի չանցած Հայաստանից կչքվի քաղաքական կեղտաջուրը՝ Սերժ Սարգսյանով հանդերձ:
«Ժառանգություն». Ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը
ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
08/05/2012 This entry was posted in ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged «Ժառանգություն».
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրության վերաբերյալ:«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:
Այսպես` ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք ՀՀ պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:
Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Հայաստանի որոշ համայնքներում եւ անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպեսեւ որոշ մարզպետների կողմից:
Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան տների եւ բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում Երեւանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության եւ փիլիսոփայության համատարած ոտնահարում էր:
Հիմնավոր կասկածներ կան, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական եւ «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք` նույն ընտրախախտման ապահովման էր միտված ընդամենը 1-2 ժամ տեւած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ նույն օրը` մայիսի 6-ին, «Ժառանգության» նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
Մենք նաեւ մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ:
Ու թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպեսեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը:
Ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսեւ ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը եւ թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես»:
1 քննարկում
Մերուժան