ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, April 29, 2012 3:26 - 9 քննարկում

Ինչ է գրում մամուլը.Արեւմտյան Հայաստանի համար պայքարը մտնում է ռազմական փուլ ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ

Օրեր առաջ մենք սենսացիոն տեղեկություն ստացանք. Արեւմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը եւ նրա կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը ստորագրել են «Նախագահական հրամանագիր» Արեւմտյան Հայաստանի «ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ»: Այդ հրամանագրում մասնավորապես ասված է. «Հրամանագրում եմ՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության  Ինքնապաշտպանության եւ  անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման գործընթացի սկիզբը. ա) Պատրաստել Արեւմտյան Հայաստանի հայերի Ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի Կանոնադրությունը եւ արքականոնը։ բ) Արեւմտյան Հայաստանի աշխարհասփյուռ հայերը կարող են եւ իրավունք ունեն մասնակցել Արեւմտյան Հայաստանի հայերի Ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի կայացման գործընթացին եւ անհրաժեշտության դեպքում մասնակցել հայության եւ Հայաստանի պաշտպանությանը»: Ինչու հենց այս պահին առաջացավ նման ինքնապաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտություն, եւ ամենակարեւորը՝ ում դեմ է այն ուղղված:

Ինչպես հայտնի է, հայության տարբեր հատվածների միջեւ շատ լուրջ եւ սկզբունքային պայքար է սկսվել Արեւմտյան Հայաստանի համար: Դեկտեմբերին Փարիզի Սեւր արվարձանում տեղի ունեցավ Արեւմտահայերի երրորդ համագումարը, որի ժամանակ ընտրվեց Ազգային խորհուրդ: Այս Ազգային խորհրդի անդամները հայտարարեցին, որ այսուհետ իրենք են ներկայացնելու արեւմտահայերի օրինական շահերը եւ իրավունքները միջազգային ատյաններում: Նման կազմակերպության ստեղծումն անմիջական սպառնալիք էր մինչ այդ Փարիզում ստեղծված եւ գործող Արեւմտյան Հայաստանի վտարանդի իշխանությանը: Այս իշխանության ներկայացուցիչները հասկացան, որ ստեղծվում է մի կառույց, որը կարող է վիճարկել Արեւմտյան Հայաստանի նկատմամբ ունեցած իր իրավունքները: Սա նույնն է, որ Հայաստանի մեջ ստեղծվի մի կազմակերպություն, որը կհայտարարի, որ ինքն է ներկայացնում Արեւելյան Հայաստանը: Բայց Արեւելյան Հայաստանի իշխանությունն իրեն պաշտպանված է զգում նման ոտնձգություններից, քանի որ ունի ուժային լծակներ՝ իր ունեցած իշխանությունը պաշտպանելու համար: Մինչդեռ Արեւմտյան Հայաստանի նախագահը եւ վարչապետը չունեն ոչ ոստիկանություն, բանակ կամ գաղտնի ծառայություններ, որոնք կերաշխավորեին այդ իշխանության պաշտպանությունը:

Հասկանալով վիճակի ողջ լրջությունը՝ Արմենակ Աբրահամյանը որոշել է ստեղծել ինքնապաշտպանական ուժեր: Այդ ուժերն ուղղված չեն լինելու Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ: Որեւէ անգամ Թուրքիայի իշխանությունները չեն վիճարկել Արմենակ Աբրահամյանի իշխանության լեգիտիմությունը կամ որեւէ անգամ չեն հայտարարել, որ նրան չեն ճանաչում Արեւմտյան Հայաստանի նախագահ: Ընդհակառակը՝ Արմենակ Աբրահամյանը եւ Տիգրան Փաշաբեզյանը Արեւմտյան Հայաստանի հետ կապված ինչ որոշում ուզեցել՝ կայացրել են, իսկ թուրքական կողմը չի արձագանքել այդ որոշումներին: Մինչդեռ Արեւմտահայերի համագումար կոչվող կառույցը լրջագույն վտանգ է ներկայացնում, քանի որ հայտարարում է, որ ինքն է ներկայացնելու արեւմտահայերի իրավունքները:

Հույս ունենք, որ Արեւմտյան Հայաստանի կառավարության որոշումն անպատասխան չի մնա: Եթե Արմենակ Աբրահամյանն ունի ինքնապաշտպանական ուժեր, ապա տրամաբանական կլինի, որ նման ուժային լծակների տիրապետի նաեւ Արեւմտահայերի երրորդ համագումարի կողմից ստեղծված Ազգային խորհուրդը, մանավանդ որ այդ խորհրդի կազմում կան լրջագույն ռազմական գիտելիքներ եւ պատերազմական փորձ ունեցող անձինք: Ամենայն հավանականությամբ, այս կողմից ինքնապաշտպանական ուժերի հրամանատար կնշանակվի գնդապետի կոչում ունեցող Ավագ Խաչատրյանը: Դրանից հետո Արեւմտյան Հայաստանի համար պայքարը կմտնի վճռական փուլ, իսկ պայքարի ելքը որոշող ճակատամարտը կարող է տեղի ունենալ հենց Սեւրում: Հաղթողը կստանա Արեւմտյան Հայաստանը կամ գոնե դրա անունից հանդես գալու մենաշնորհային իրավունքը:

Ավետիս Բաբաջանյան



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գևո
Apr 29, 2012 3:52