ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, April 27, 2012 20:20 - 5 քննարկում

Ճանապարհ դեպի “ՔԱՈՍ”:

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՏՐԱԳԻՖԱՐՍ ՀԻՆԳ ՄԱՍՈՎ

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

Ազնվաբարո տղամարդը մտածում է պարտքի, իսկ չնչին մարդը` շահի մասին։

ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ

Օլիգարխիան… ունեցվածքի հաշվառման և գնահատման վրա հիմնված կառավարում է, այնպես, որ կառավարում են հարուստները, իսկ աղքատները մասնակցություն չունեն… ամեն մեկի ոսկով լի գանձարանը խափանում է այդ կառավարումը, քանզի հարուստները նախ իրենց համար ծախսեր են հորինում և հանուն դրա խախտում են օրենքները, որոնց չեն ենթարկվում ոչ իրենք, ոչ նրանց կանայք։

ՊԼԱՏՈՆ

Բախտավոր լինելու համար պետք է լինել հարուստ, առողջ և տգետ, մանավանդ չխորհող։

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այս հոդվածի ստեղծման շարժառիթը ՀՀ Աժ պատգամավոր, հայ պարբերական մամուլում այժմ արդեն նշանավոր դեմք Տիգրան Արզաքանցյանի անզիջում պայքարն էր դատարանում նույն մամուլի դեմ։ Որքան էլ սկզբից միայն նրան էր նվիրված հոդվածը, օրեցօր կուտակված արտառոց փաստերի ճնշման տակ այն շարունակվեց` ընդգրկելով նորանոր պատգամավորների դիմանկարներ, մեկը մյուսից անհեթեթ, մեկը մյուսից ծաղրարժան։ Ամեն մեկն ինքնին գեղարվեստական հատուկ մշակման կարիք չունեցող պատրաստի գրական տիպ է։ ՀՀ Աժ-ն մի թեմա է, որ կարող է շարունակվել, վերածվել մի չաղլիկ երգիծավեպի։ Բավարարվենք, սակայն, ստացվածով և ընթերցողին խնդրենք հաշտվել Ազգային ժողովից Ազգային հերոսի վերաճելու տաղանդով օժտված Տիգրան Արզաքանցյանի գերակայող դիրքի հետ։ Վերջին հաշվով, եթե ընդամենը մի հասարակ զինվոր Շվեյկը կարող էր Առաջին աշխարհամարտը պատկերող մեծագույն վեպի գլխավոր հերոս դառնալ, մեր պատգամավոր հերոսն ինչո՞ւ չէր կարող իր արժանի տեղը գրավել մեր համեստ գրությունում։

I

Աժ պատգամավորներին նվիրված «131 դեմք ու դիմակ» շարքում «Երկիր» օրաթերթը հունվարի 13-ին անդրադարձավՏիգրան Արզաքանցյանին, որը 2003-ին Աժ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ մեծամասնական ցուցակով, վերստին 2007-ին, թիվ 22 ընտրատարածքից։ Շեշտելու համար, որ այդ պատվին արժանացել է բացարձակապես անհամապատասխան, պատահական մեկը, թերթը գրեց. «Հրանտ Բագրատյանը… մի առիթով ասել է. «էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»… Առաջին անգամ խորհրդարան մտավ որպես ստիլյագ։ Բրենդային իր հագուստների, կոշիկների մասին խոսում էր բոլորի հետ և շարունակ գլուխ էր գովում, թե ինչպես է ինքնաթիռներով գեղեցկուհիներ բերում ու տանում այս կամ այն երկիր։ Որպես պատգամավոր առաջին հարցազրույցներից մեկում գլուխ էր գովել, թե իր պահարաններում հագուստին և կոշիկին տեղ չկա։ Հայտնի է նաև որպես «կազինոների» մշտական հաճախորդ։ Շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի։ Ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է և չի հաճախում Աժ նիստերին։ Անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երևացել Ազգային ժողովի միջանցքներում։ Մնացած ժամանակ արտերկրում է։ Զբաղվում է ինչ-ինչ գործերով և բուժմամբ։ Ասում են` վերջերս ռուսաստանյան կազինոներից մեկում այնպես է ծեծվել, որ մի քանի ամիս ատամներն էր բուժում։ Ըստ որոշ տեղեկությունների, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ֆավորիտներից է»։ Օգտվելով անձի արժանապատվությունը վիրավորող հոդվածների մասին օրենքից` պատգամավորը դատական հայց ներկայացրեց «Երկիր»-ի դեմ` պահանջելով հերքել տպագրվածը և 3 միլիոն 568 հազար դրամ փոխհատուցում վճարել։

Ըստ Արման Ղարիբյանի «Կազինո գնալը բնական պահա՞նջ է» հոդվածի1` դատական նիստն ընթացել է վերոնշյալ հարցերի քննարկումով` Արզաքանցյանը ցուցամոլ, «ստիլյա՞գ» է, գեղեցկուհիներ տարել-բերե՞լ է, ծեծ կերե՞լ է, Հ.Բագրատյանը նրան լակոտ անվանե՞լ է, Քյավառա բարբառո՞վ է խոսում… Կազինոների հարցի առիթով պատգամավորի փաստաբանը բողոքել է. «Ձեզ դո՞ւր կգար, եթե Ձեր մասին գրեին, որ զուգարանի մշտական հաճախորդ եք»։ Միանգամայն բնորոշ արդարացում` ամեն անգամ արդի Հայաստանում տիրող արատավոր բարքերի ու մտայնության դրսևորումներին դեմ առնելիս ակամա հիշում ես փայտե «բուրավետ» արտաքնոցները, որտեղից ոչ մի կերպ դուրս չեն պրծնում տիպական դեմքերը, ինչքան էլ թանկարժեք կոստյումներ հագնեն ու ցողվեն ընտիր օծանելիքներով… «Գյադեք, աջ անցեք», թե «գյադեք, ձախ անցեք», արդյունքը նույնն է։ Կազինո գնալը արտաքնոց գնալու նման բան է, կամ ոչ. դիլեմայի լուծումը թողնենք փաստաբանի երևակայությանը։ Քանզի էականը բնավ ոչ դա է, ոչ մյուս, տվյալ դեպքում` երկրորդական, հարցերի պարզաբանումը։ Ինչպես աշխարհի ամեն մի սովորական քաղաքացի, Տ.Արզաքանցյանը ևս, ժողովրդի «ընտրյալ» չլիներ, կարող էր և՛ ձանձրացնել պճնամոլի սնապարծությամբ, և՛ ֆետիշիստի անհագությամբ բարձրարժեք կոշիկ ու հագուստ կուտակել իր պահարաններում, և՛ գեղեցկուհիներ տանել ու բերել, և՛ ծեծ ուտել ու չդիմել ոստիկանատուն, և՛ սրտի ուզածի չափ արտաքնոց գնալու պես կազինոներ այցելել` փչացնելու իր դրամը, և այլն, և այլն։ Անհասկանալի է միայն, ընդունելով իրեն թելադրված խաղի կանոնները` «Երկիր»-ի խմբագիրն ինչո՞ւ փորձեց պաշտպանվել այս ճղճիմ հարցերից` արդյո՞ք թերթի նպատակը հենց դա էր, ոչ թե չափի զգացումից, ուստիև տարրական իմաստությունից զուրկ (դրա դրսևորումներից են սնամեջ պճնամոլությունը, շարունակ ոչ համապատասխան վարվելակերպի պատճառով անախորժ վիճակներում ընկնելը), աղքատամիտ անձնավորությանը ՀՀ Աժ պատգամավորի բարձր կոչումը շնորհելու անընդունելիության հաստատումը։ Շնորհելու` մեր հինավուրց հայրենիքում ում ընտրել-չընտրելը որոշվում և իրականացվում է «վերևների» թելադրանքով։

Մայիսի 18-ին արդեն դատարանում լսվեց պատգամավորն ընդդեմ «Իրավունք» թերթի գործը, որը ևս նշել էր. «փիս խասիաթ» ունի «թրև գալ» կազինոներում»։ Թերթի լիազոր ներկայացուցիչը կարևորեց, որ հասարակական պահանջ կա տեղեկանալու Աժ պատգամավորների գործունեության մանրամասներին, առավել ևս, երբ նրանք կոպտորեն խախտում են ՀՀ օրենսդրությունը, չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ի վերջո, ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ն իր կուսակցի և Աժ խմբակցության անդամի վարքագծին և խոսքի ազատության իրավունքը վարկաբեկող, մամուլի դեմ արշավին։

Տ.Արզաքանցյանը բնավ բացառություն չէ։ Աժ-ում հավաքված է անարժան, գործի հետ առնչություն չունեցող, լավագույն դեպքում կիսագրագետ, երբեմն ռնգեղջյուրի նման ագրեսիվ մարդկանց մի խումբ, որը չի բարեհաճում գոնե ձևականորեն ներկա լինել նիստերին։ Արզաքանցյանը, ինչպես տեսանք, «Անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երևացել Աժ միջանցքներում»։ Այցելեր` ի՞նչ աներ. նրա շողարձակող մտքի, բարձր կոչումին(«Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր» է), բարձր կրթությանը բնորոշ ոճի նմուշներին կարելի է ծանոթանալ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում(պոզիտիվի և նեգատիվի շփոթն ընդունեցեք որպես պատգամավորի «անմեղսունակության» փաստ), «…ես Հայաստան էլ ունեմ, Ֆրանսիա էլ ունեմ։ Օշականի գինու գործարանն Աշտարակում ա։ Բացի էտի, ես ուրիշ ոլորտով եմ զբաղված` հանքարդյունաբերությունով եմ զբաղված Հայաստանի տարբեր մարզերում… ամենավատը գիտեք ի՞նչն ա, որ ամենավատ պոզիտիվներից, պոզիտիվ բաներ են ման գալում գտնում… Խի՞ չեն ասում, որ «Արզաքանցյան հիմնադրամը» երեք տարվա ընթացքում 22 միլիոն դոլարից ավելի աշխատանքներ ա կատարե։ Թե չէ երկու հատ աբիժնիկ դաշնակ, կյանքից աբիժնիկ, էլի կարան վերցնեն իրանց թերթով անձին կպնեն։ Ես իրանց անձին չեմ կպե։ Եթե կպնեմ, փիս կկպնեմ… Ես անձի անուն չեմ տվե, որ փող մուծեմ։ Տենց չի կյանքը։ Ես իրանց ոչ մեկի կնոջը չեմ կպել, ես իրանց երեխին չեմ կպել, իրանց անձնականին չեմ կպել, ոչ մեկի, կյանքում։ Իսկ իրանք կպնում են իմ անձնականին, որպես Տիգրան Արզաքանցյան մտնում են իմ անձնական կյանքի մեջը, որը իրավունք չունեն։ Դրա համար իրանք մենակ իմ դեմ պատասխան չեն տալու, Աստծու դեմ են պատասխան տալու»2։

Քանի որ Աստծո գործերն անքննելի են, անհնար է պարզել` երբևէ ՆԱ կկատարի՞ Արզաքանցյանի այս սրտաճմլիկ պատվերը։ Բայց Աժ նախագահությունը թերևս պատասխան տա միայն 2007-ից մինչև 2011-ի ապրիլը Աժ 1371 նիստերից բացակայած (այսինքն` էտի ուրիշ ոլորտով զբաղված, չի գալում նիստերի ավելի քան 84 տոկոսին) անձնավորությունը ինչքան ավելի՞ է կապված Աժ-ին, փողոցում թրևող ՀՀ որևէ գործազուրկ քաղաքացուց։ Երբ գալում էլ է, կամ միջանցքում է երևում, կլոր դահլիճ մտնի էլ՝ երեք բառ կանոնավոր չի կարող իրար կապել և բարձր ամբիոնից ճառախոսել ի շահ երկրի ու ազգի։ Այսինքն` ներկայության բացառիկ դեպքերում կոճակ սեղմելուց բացի ուրիշ ի՞նչ «ծառայություն» է մատուցել հարազատ պետությանը (եթե հաշվի չառնենք, որ «ներկայություն» ապահովելու համար հաճախ այդ կոճակն էլ մեկի կամ մյուսի փոխարեն սեղմում են աթոռակից ուրիշները)։ Անտեղի սադիզմ չէ՞ մարդկանց նստեցնել աթոռի, որից նրանք փախչում են ինչպես ժանտախտից։

Սվետոնիուսը գրում է, որ Կալիգուլան իր ձիուն մտադիր էր դարձնել կոնսուլ։ Տարբեր պատմաշրջանների բռնապետերը չեն խուսափել իրենց ախոռներից բերած արարածներով լրացնել պետական բարձր պաշտոնեությունը։ Սովորույթը պահպանվում է մեր ժամանակներում, տարբերությամբ, որ արտաքուստ խուսափում են պաշտոններ բաժանել իրենց սիրելի ձիուն կամ ավանակին (բացառություն չի կարելի համարել այն, որ ամերիկացի մի մեծահարուստ կտակեց իր ողջ հարստությունը սիրած ավանակին, որ կյանքը շարունակի ապարանքում, ծառաներով շրջապատված, ծամելով նրբաճաշակ բուսեղեն և թրքելով շքեղ զուգարանում, քանզի կենդանին պաշտոնյա չէր, այլ ընդամենը «օլիգարխ»)։ Բայց եթե ընդունենք Կիկերոնի տեսակետը, կհամոզվենք, որ տարբերությունն, այնուամենայնիվ, մեծ չէ. «Նման վիճակում են և այն մարդիկ, որոնց բնական բթամտությունն իջեցրել է կոպիտ անասունների մակարդակի։ Այդպիսի մարդկանց և կենդանիների միջև ոչ մի տարբերություն չկա, քանզի վերջիններս կատարելապես զուրկ են բանականությունից, իսկ առաջինները մթագնած հասողություն ունենալով` գայթակղվում են ի վնաս իրենց, գարշագործություններով»։

Երբ ՀՀ Աժ իմաստուն մի պատգամավոր առաջարկեց օգնականների հաստիքներ տրամադրել, հակադրվեցին, թե պատգամավորներն իբր կարգին աշխատում են, որ օգնականներ էլ ունենան։ Իմաստունը պատասխանեց. գոնե օգնականները կաշխատեն։ Առաջարկն ընդունվեց, և պարապ-սարապ պատգամավորներն իրենց փոխարեն «աշխատող» օգնականներ ունեցան։ Ո՞ւմ հաշվին։ Բավարար չէ՞ր զուր տեղը խորհրդարանի արտոնյալների վրա պետության թշվառ բյուջեից ծախսած դրամը, որ հիմա էլ գումարեցին ևս 131 պարապ (լավագույն դեպքում` կիսապարապ) անձանց բեռը։ Պատգամավորի օգնականի աշխատավարձը 90 հազար դրամ է։ Ավելի կարևորը պետական ապարատում առաջխաղացման, ապա և հաստատուն տեղ գրավելու հնարավորությունն է։ Ուստի, ամրապնդելով նաև միջնադարին հատուկ ժառանգական իրավունքը` պատգամավորների զգալի մասն իր երեխաներին է վերցրել որպես օգնական. «Պատգամավորներից մի քանիսը խեղճացած տեսք ընդունելով խնդրեցին, որ իրենց երեխաների անունները չգրենք, մինչև օգնականների տեղափոխություն կանեն»։

Այսինքն` մեկի երեխան մյուսի մոտ տեղափոխելով, իբր ընդունելի տեսք պիտի ստանա ընդհանուր առմամբ անընդունելի երևույթը։ Արշակ Մխիթարյանը (Բրիլյանտի Արշակ, ԲՀԿ) իր զավակին տեղավորել է Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) մոտ։ Ռաֆիկ Գրիգորյանը (ՀՀԿ) որդուն տեղավորել է Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանի մոտ որպես խորհրդական (կամ «խորհրդականն» է արտակարգ տաղանդավոր, կամ փոխնախագահն այնքան է անօգնական, որ նույնիսկ հազիվ հասունացած մի երիտասարդ կարող է նրան «խորհուրդներ» տալ) և օգնական։ Ռ.Գրիգորյանը ստանում է Երևանում բնակարան չունեցող պատգամավորին տրվող 45 հազար դրամը որպես բնակվարձի փոխհատուցում։ Արեգ Ղուկասյանը` Արկադի Ղուկասյանի եղբայրը (2009-ին եկամուտը կազմել է 354 միլիոն 482 հազար դրամ), որդուն տեղավորել է Աժ Ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի մոտ։ Գագիկ Մելիքյանի (տարվա եկամուտը` 3 միլիոն 609 հազար դրամ), Վազգեն Կարախանյանի (եկամուտը 2009-ին` 3 միլիոն 556 հազար դրամ), Կարինե Աճեմյանի (նշել է, որ օրենքով արգելված չէ սեփական երեխային օգնական վերցնելը) օգնականները դուստրերն են։ Արամ Սաֆարյանի (ԲՀԿ) օգնականը որդին է։ Կարո Կարապետյանն (Յուվեցի Կարո) ունի երկու օգնական, հաստիքով` դուստրը, հասարակական կարգով` Լիանա Նազարյանը։ «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր (2009-ին երեք շենք է գնել և հայտարարագրել` 17 մլն 545 հազար դրամ եկամուտ) Մանվել Բադեյանն աշխատանքի է ընդունել դստերը, իսկ հասարակական կարգով` Գյոզալյանին։ Հասարակական կարգովներին վարձատրում են պատգամավորները։ Աժ աշխատակիցներ են համարվում վճարվող օգնականները, նրանց աշխատանքը ստաժ է համարվում, հասարակական կարգովներինը` ոչ։ Միայն Վիկտոր Դալլաքյանն է անվճար օգնական վերցրել իր որդուն։ «Հետքի» թղթակից Գ.Բալասանյանն իր «Աժ հայրերն ու որդիները» հոդվածում նշում է նաև, թե որոշ պատգամավորների զավակներ «տիրապետում են իրենց աշխատանքին»։ Թեկուզև, բայց նախ բնավ անհնար չէր ընդունել գործին շատ ավելի լավ տիրապետող մարդկանց, ապա իշխանավորները, եթե ունեն արժանավոր որդիներ ու հարազատներ, չպետք է նման բնավ էլ ոչ բարոյական գործելակերպով խանգարեն նրանց ինքնուրույն հարթել իրենց աշխատանքային ուղին։ Բայց ո՞ւմ ենք ասում` նրա՞նց, ովքեր Աժ դռնից ընդհանրապես հեռու պիտի լինեին։

II

Աժ նախագահն ու տեղակալները, երբ իրենց վերից նայում են դահլիճի
բազում դատարկ աթոռներին, չե՞ն վիրավորվում պատգամավորների մեծամասնության արհամարհանքից գործի և անձամբ իրենց հանդեպ։ Ինչո՞ւ են հանդուրժում, ինչո՞ւ չեն ազատվում այդ բալաստից։ Վերջապես, այդ Աժ կոչված ներկա-բացակայի անմատյան ողբերգությունում ամենապրիմիտիվ, խեղճուկրակ կարգուկանոն կա՞։

Արդյունքը շլացուցիչ է։ Աժ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող կառավարող կոալիցիան «նույնիսկ անհրաժեշտության դեպքում, նշում է Աժ ՀՀԴ պատգամավորական խմբի անդամ, տնտեսագետ Արա Նռանյանը, չի կարող գործընկերներին բերել դահլիճ։ Սա խոսում է կառավարող կոալիցիայի ճգնաժամի մասին» (ո՛չ, իհարկե, կոալիցիան հիանալի է զգում, սա խոսում է բացակայող անձանց արտառոց անպատժելիության և լկտիության, իրենց շահից բացի մնացյալ ամեն ինչի վրա թքած ունենալու մասին)։ «…Իրենց համար օրհասական պահին, ունենալով ավելի քան 100 պատգամավոր, միևնույն է, չեն կարող 66 հոգով ապահովել քվորում։ Իսկ Աժ եկողների մեծ մասն էլ պարզապես չի խորանում հարցերի բովանդակության մեջ։ Եթե խորանան և հասկանան, թե ինչ է կատարվում, ապա դժվար թե գնան այդ քայլին» (շատ լավ էլ «խորանում» ու «գնում» են)։ Աժ արտահերթ նստաշրջանում, ընդամենը երկու ժամվա ընթացքում երկու հարյուր միլիոն դոլարով ավելացրել են Հայաստանի արտաքին պարտքը։ Նպատակը, ինչպես պարզաբանում է Նռանյանը, «Նախ, լրացուցիչ գումարներ բերել ֆինանսական սեկտոր ու ապահովել բանկերի գերշահույթները։ Եվ երկրորդ, ներկա իշխանության գոյության պահպանումն ու վերարտադրության ապահովումն է… Տնտեսությունն ունի պրոբլեմներ, որոնք լուծելու համար պետք է կատարես արմատական, կառուցվածքային փոփոխություններ… փոխես ողջ տնտեսական կուրսը։ Կառավարությունն այդ կուրսը չփոխելու համար անընդհատ վարկեր է բերելու… այս վարկերի ավելի քան 27 տոկոսը գնալու է խորհրդատվությանը, այսինքն` իրենց գրասենյակների ֆինանսավորմանը։ Ողջ ժողովուրդն ընկնում է պարտքի տակ, որ այս իշխանությունը շարունակի իր անարդյունավետ կառավարումը»3։ Ապա, զրույցը վարող Արման Գալոյանի «Այդ վարկային համաձայնագրերն ընդունվեցին մի կերպ. Աժ-ում պատգամավորները, բացակա ընկերների փոխարեն քվեարկելով, կարողացան ապահովել քվորում» հարցին Ա.Նռանյանը, հակասելով իր «հասկանան, դժվար թե գնան» ասածին, պատասխանում է. «…Քանի որ շատերի համար իրենց փոքրիկ անձնական շահն ավելի կարևոր է, քան ազգի ու ապագա սերունդների պարտքը, գերադասեցին… իշխանության վերնախավին հաճոյանալու համար գնալ… քվեարկության արդյունքների կեղծման»4։

Եվ պատասխանատու անձինք չեն ուզում տեսնե՞լ, թե՞ նպատակաուղղված, բացահայտ կեղծիքներով ընդունել են տալիս նման ճակատագրական որոշումները։ «Չտեսնելու» պատճառով, դատապարտված սերունդների ճիտին` ևս 200 միլիոն դոլարի պարտք։ Չգիտես ինչու ժողովուրդը միայն մարդամեկին քոռ կոչեց` անտեսելով, օրինակ, ՀՀ Աժ թամբալխանայի քոռության թեկնածուների անուրանալի վաստակը պետության «կայացման» գործում (առաջնորդների քոռության մահացու հետևանքները հասկանալու համար առաջարկում եմ կարդալ Խաչատուր Աբովյանի համապատասխան առակները «Պարապ վախտի խաղալիքում»)։

«Չեն տեսնում», քանզի դրամի բացարձակ վայրագ տիրապետություն է, չի կարելի «կպնել» ոչ մի մեծահարուստի, ոչ մի բարձր պաշտոնյայի ու դրանց դրանիկների ու կամակատարների «անձնականին»։ Եվ երբ «իրանք կպնում են» դրանցից որևէ մեկի «անձնականին», ասենք «որպես Տիգրան Արզաքանցյան… որը իրավունք չունեն»։ Բայց երբ կպնում են պետությանը, երբ ոտնակոխ են անում հասարակ մարդկանց կյանքի իրավունքն իսկ, լիակատար իրավունք ունեն, քանզի պետությունը (ավազակապետությունը. խոսքաշեն ԼՏՊ-ի ականջը կանչի, իր ծնածի անունը ինքն էլ պիտի դներ) Հայաստանում ծառան է ոչ թե ժողովրդի, այլ արատների մեջ թաթախված կլանաօլիգարխիկ իշխանավոր փոքրաթիվ խմբի։

Փորձելով վերջ տալ արդեն քսանամյա այս անտեր խայտառակությանը` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook-ում հայտարարեց, որ այսուհետ անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ են լինելու։ Պատասխանը չուշացավ։ Աժ նիստերին հազվադեպ հայտնվող ՀՀԿ-ական գործարար, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հակադարձեց. «Եթե խոսքը վերաբերում է պատժելուն, ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել… ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել… Դա ճիշտ ա, աշխատանքի չես գնացել, բնականաբար պտի չստանաս աշխատավարձ։ Եվ ամենակարևորը` ես երբեք Աժ-ից աշխատավարձ չեմ ստացել»5։ Ռ.Հայրապետյանի «ով փորձել ա, վատ բան ա ստացվել…» և Տ.Արզաքանցյանի «Եթե կպնեմ, փիս կկպնեմ…» սպառնալիքները նույն ուժը չունեն, ոչ միայն որովհետև առաջինի սպառնալիքն ուղղված է ոչ ավելի, ոչ պակաս` Աժ նախագահին, երկրորդինը` ընդամենը «երկու հատ աբիժնիկ դաշնակի», այլև սպորտային տերմինով ասած` քաշային կարգերը շատ են տարբեր։ Ապացույց` Արզաքանցյանը «մի անգամ ծեծ է կերել» Նեմեց Ռուբո մականունով մեծարված այդ հզոր անհատի բարեբախտաբար «թեթև ձեռքով», ծանր ձեռքով «կսպանե՛ր»։ Խուլ միջնադարում թաղված երկիրն իր եղած-չեղածով մի քանի ավատատեր ամենակարողների սեփականությունն է, նրանք ինչ կամենան, երբ կամենան, ում հետ կամենան` կանեն։ Օրինա՞կ, խնդրեմ. Արզաքանցյանի երկրպագու ոմն Գագիկ Հայրապետյան նամակով սպառնացել է «Հետքին». «Ինչ գործ ունեք մեր քյավառցուց, դուք ճանաչո՞ւմ եք, թե ինքը ինչ թագավոր մարդ ա, որ տենց բաներ եք գրում։ Դուք ճիճու եք նրա համար, դե կարաք կանգնեք դիմացը խոսացեք… նախանձությունը խոսում է ձեր մեջ, կոմպյուտուրի դեմները դուխներդ 1000 է։ Ինքն ա սխալ, որ շատ բարի մարդ ա ու ձեզ չի պատժում, բոլորիդ շատ վատ ձևերով, ոնց որ բոլորն են անում, դրա համար էլ շատ չեն գրում ուրիշների մասին ու վախում են խոսան։ Բայց իրա ազգի մեջ կգտնվեն շատ մարդիկ, որ սաղիտ պատժելու են»։

Գրեթե պատգամավորական «գրագիտությամբ» ու «խիզախությամբ» փայլող այս Գագիկը չի սխալվում։ Այն, որ աշխարհի հատկապես հետամնաց, քարանձավային վայրագ բարքերով բնորոշվող երկրներում լրագրողի աշխատանքն ամենավտանգավորներից է, հերթական անգամ փաստվեց «Հետքի» խիզախ խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ ժամանակ առաջ կատարվածով։ Քանի որ Հայաստանը հարյուրամյակներ մնաց անթագավոր, ապա պակասը ներկա ՀՀ-ում լրացվեց մի կույտ հայրենաքանդ, ազգակեր (այդ պատճառով էլ, նաև «Մկների ժողովից», որտեղ նույնպես «զանգ կախող» չկար, տարբերվելու համար, կոչվեց Ազգային ժողով) «թագավորներով», որոնց և որոնց պնակալեզների աչքին ճիճու են երևում ոչ միայն լրագրողները, այլև ողջ կեղեքվող ժողովուրդը (ամենակեր ճիճուներն էլ ինչպե՞ս պիտի ընկալեն աշխարհն ու գործեն, եթե ոչ ճիճվաբար)։ «Թագավորներից» որին ուզում ես «ընտրիր», որին ուզում ես երկրպագիր, որից ուզում ես զզվիր, պետություն չի ստացվում և չի ստացվելու… Քանզի «թագավորները» հարցերը փակում են «Դե կարաք, կանգնեք դիմացը» գյադայաքրեական «օրենքներով» (քանի որ հատկապես ազատ-անկախ Հայաստանում Դերենիկ Դեմիրճյանը երիցս անմահացավ իր դարակազմիկ «Քաջ Նազարով», ապա և մանրապճեղ գյադուկներն էլ առանց ձախ ու աջ անցնելու ուղղակի գրոհեցին նրա գերեզմանի բրոնզյա կիսանդրու վրա ու հանելով ողջ գյադայաքրեականության ոխը` գողացան-ծամեցին-մարսեցին)։

Դատարան կանչված «Երկիրը» փաստեց, որ Ազգային ժողովի արդեն հռչակավոր հերոս Տիգրան Արզաքանցյանն ընդամենը մի խաղատուն այցելել է 33 անգամ։ Քանի անգամ է հաճախել տարբեր երկրների այլ խաղատներ` թերթը ոչ միայն չէր կարող, այլև կարիք էլ չուներ պարզելու, այսքանն էլ լիովին բավարար էր ապացուցելու հերոսի խաղամոլությունը։ Նորմալ երկրի բարձր պաշտոնյաների արժանապատվությունը եթե չխանգարի աշխատանքը թողած այցելել խաղատներ, «վայելքի» այլ տեղերի մասին չխոսենք, կմնա՞ իր տեղում։ Իսկ պատգամավորի փաստաբան Վ.Հովսեփյանն անթույլատրելի համարեց մամուլում հրապարակել նույնիսկ Աժ նիստերից պատգամավորի հաճախակի բացակայության հարցը։ Եթե չորրորդ իշխանությունը Հայաստանում իրավունք չունի նման չափազանց կարևոր ճշմարտություններ անգամ հրապարակել, ապա ի՞նչ իրավունք ունի դատապարտվե՞լ և մի քանի միլիոն դրամ տուգա՞նք վճարել մեր ժամանակի հերոսին։ Մինչդեռ հերոսն ինքը չի բարեհաճել վճարել այգեգործներից իր «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ի համար մթերած հումքի 36 միլիոն դրամը (մոտ 70 հազար եվրո)։ «Գրեյթ Վելլի» (պակաս չէր լինի` Great! Grand! Հայաստանում գործարարները տառապում են իրենց ձեռնարկություններն օտարալեզու անուններով կնքելու հոռի հիվանդությամբ, հակառակ դրան, արտասահմանյան հայաշատ երկրներում հայկական անուններն Արարատից մինչև Ղարաբաղ ու Քյավառ, Հացատուն ու քյուֆթա հանդիպում են ամեն քայլափոխի. ինչպես երևում է` հայը հեռվից է սիրում Հայրենիքը, քանզի ի մոտո այնքան անտանելի է, որ գոնե խորհրդանշորեն այնտեղից փախչելու համար, ուզած-չուզած ամեն մի գործարան, դուքան, խորտկարան, սրճարան, խաղարան, հյուրանոց, քիսայարան, լողարան, բոզարան պիտի ամպագոռգոռ արևմտյան լատինատառ անուններով կնքեն)։

Փարիզի հարուստ մի թաղամասում մեր «թագավոր մարդը» վայելում է սեփական «Hermitage» 7,6 միլիոն եվրո գնահատվող առանձնատունը։ Ֆրանսիայում նրա «Almaz» ընկերությունը ստեղծվել է 2008-ին` 1,480 մլն եվրո կապիտալով։ Բայց «Տիգրան Արզաքանցյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից չի երևում, որ նա Ֆրանսիայում անշարժ գույք է ձեռք բերել… իր ունեցվածքը թաքցրել է հարկային մարմիններից»6։ NEWS.am-ին տված հարցազրույցում մայիսի 29-ին Արզաքանցյանը հայտնեց, որ Փարիզի առանձնատունը իրենը չէ, «Գրեյթ Վելլի» ընկերությունից դուրս է եկել երկու տարի առաջ (ուրեմն, այգեգործներին ոչինչ պարտք չէ), իր սեփականությունն է Հովիկ Աբրահամյանից երեք տարի առաջ գնած ոսկու հանքը։ «Հետքը», սակայն, նույն օրը, արդեն տպագրելով երկու փաստաթուղթ, հաստատեց. առանձնատան սեփականատերը «Almaz»-ն է, ավելին` այդ հասցեում գրանցված է պատգամավորի կինը` Վարդանուշ Արզաքանցյանը։ «Հայաստանում նա մոտ տասնհինգ հանքավայրերի սեփականատեր է, և չի բացառվում, որ վաղը իր անունը դրանց սեփականատերերի ցուցակում չլինի»։ Այսքանից հետո, «թագավոր մարդը» չի քաշվում աշխատավարձ ստանալ անգամ բացակայությունների համար։ Բայց ավելորդ փողից ո՞ւմ ստամոքսն է խանգարվել։

Հունիսի 21-ին Արզաքանցյանը Աժ միջանցքում լրագրողներին ասաց. «Ուրեմն ասեմ, անձնական կյանքի մեջ իրավունք չունեն մտնելու։ Առաջինը, որ աղջիկներ եմ բերում-տանում. խանդի հող ունե՞ք, չհասկացա, խանդո՞ւմ եք, ձեզի տանեմ-բերե՞մ, չհասկացա, բերանս են բացում… իբր ռուս աղջիկներ եմ տանում-բերում։ Ես բազմազավակ ընտանիք ունեմ, հարգող շրջապատ… ընդունող։ Ես կարողա՞ խոսում եմ, թե էդ խմբագիրը կամ լրատվամիջոցների տերերը ինչով են զբաղվում աշխատանքից հետո» (խանդի հող… չունի, բայց աշխատանքից շատ է հոգնել)։ Իսկ ինչո՞ւ է եկել Աժ. «…ո՞նց թե ինչու եք եկել, Հայաստանում եմ, եկել եմ։ Գալիս ենք, ասում եք խի՞ եք գալիս, չենք գալիս, ասում եք խի՞ չեք գալիս։ Ես ձեզ չեմ հասկանում»։

Իսկ ինչո՞ւ մանդատը վայր չի դնում. «Եթե մարդկանց հետ դժբախտություն է պատահում, նորմալ մարդը կարում է ցավի ու հասկանա, եթե ստեղ մարդու առողջության հետ կապված խնդիրներ կան, իրեն բուժումով, իրեն առողջությամբ է զբաղվում, ուրեմն չպիտի դնեն վերցնեն ինչ ա, ինչ չի, դիագնոզը, ուզում եք ամեն ինչ իմանաք։ Ուրեմն, ես գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, շատ ուրախ կլինեի, եթե էդ խնդիրը չլիներ, բոլոր նստաշրջաններին մասնակցեի»։

Դատարանը «Երկիր» օրաթերթին պարտավորեցրեց վճարել ընդամենը 200 հազար դրամ (այդքան գնահատվեց «լակոտ» բառը), 80 հազար դրամ` փաստաբանական ծախսերի և 8 հազար դրամ` դատական ծախսերի համար, և տպագրել դատական վճռի եզրափակիչ մասը։ Պատգամավորը դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, որը օգոստոսի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ։

Մի՞թե շարունակաբար Աժ նիստերից բացակայած, պարտականությունները չկատարած պատգամավորներին հնարավոր չէ պարտադրել, որ վար դնեն մանդատները։ Քանի որ դա չեն կատարում օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, ստիպված են, տվյալ դեպքում, ԶԼՄ-ներն աղաչել, որ Ամենակալը նրանց գահընկեց անի թագավոր պատգամավորությունից, պարտավորեցնի հատուցել պետությանը հասցրած գոնե դրամական վնասը (ամբողջ ծախսերը` սկսած աշխատավարձից), հետագայում չհանձնարարելով պետական որևէ բարձր պաշտոն գրավելը։ Խի՞, այլ կերպ կվարվեր ինքը` «Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր», գործարար Արզաքանցյանը 1371-ից թեկուզ հարյուր անգամ պակաս անհարգելի բացակայած իր աշխատողի հե՞տ։ Իսկ պետական համակարգի ու այն ներկայացնող անձանց աղետաբեր էությունը բացահայտող մամուլի աշխատակիցներին անհրաժեշտ է խրախուսել և ոչ թե քարշ տալ դատարան։ Ուրիշ արդար լուծում չկա։

III


2010-ի պետբյուջեով ՀՀ Աժ աշխատակազմի ծախսերը նախատեսված էին 3.382 միլիարդ դրամ, 5.9 տոկոսով ավելի նախորդ տարվա ցուցանիշից։ Պատճա՞ռը. մեծացել էին աշխատակազմի և պատգամավորների «պահպանման ծախսերը»։ Իսկ արժե՞ գումարներ ծախսել նրանց պահպանելու համար։ Նշում են, որ Աժ պատգամավորի աշխատավարձը օրը 10.500 դրամ է, ամիսը` 315.000։

Ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 65-ի առաջին մասի.«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»։ Սա օրենքն է, իսկ սա` իրականությունը. օգոստոսի 9-ին իշխանությանը ՀԱԿ ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն համակարգը բերել է պետական իշխանության ինստիտուտների և բիզնեսի աննախադեպ սերտաճման, դրանով իսկ պետական համակարգի գործառույթների աղճատման, դրանք անձնական, շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթի։ Իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարաների, մարզպետերի, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈւ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են։ Արդեն 2010թ. ազգային հարստության 52 տոկոսը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում («Ալի Բաբան և քառասուն և չորս` հայկական տարբերակ, ավազակները»)։ Գործարարներ են Աժ 76 պատգամավորներ։

Դրանցից, «թագավոր մարդ», «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ի, «Գրեյթ Արարատ», «Գրեյթ Սակրա», «Նիկելի սար», «Լեռնային հարստություն», «Գոլդեն Վելլի», «Գոլդեն դիսթրիբյուշըն», «Գրան Մաքս» ՍՊԸ-ների, «Գրեյթ Վելլի» ՀՁ-ՍՊԸ-ի սեփականատեր Տ.Արզաքանցյանն «ապացուցում» է, որ ինքը բիզնեսմեն չէ. «չգիտեի՞ք, որ Սահմանադրություն արգելում է պատգամավորին բիզնես գործունեություն ծավալել։

….բայց վըր էտի… ես կարամ ստեղ բիզնեսի ակցիանեռ լինեմ, բայց ես բիզնեսով չեմ զբաղվում, էդքան բան… ես ո՞նց կզբաղվեմ, որ գիտեմ հակասում է Սահմանադրությանը։ Ուրեմս, գործերով զբաղվում ա տնօրենը, գործով զբաղվող մարդիկ։ Ես տերը կարամ լինեմ, էդքան բան, էտի Սահմանադրությունը թույլ ա տալիս»7։ Իսկ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո), անբարեխիղճ մրցակցության և գերիշխող դիրքի չարաշահման համար, ինչպես նշում է «7 օր»-ը, «Տնտմրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը շարունակ տուգանում է.

– Ինձ ոչ մի անգամ չի տուգանել։

– …Բազմիցս է տուգանել։

 – Տուգանել է, մուծել ենք։

– Ինչո՞ւ են հենց ձեզ անընդհատ տուգանում, կոպիտ ասած` ձեր հետևի՞ց են ընկել։

 – Իմ հետևից ոչ ոք չի ընկել։ Ասեցի, որ չեն տուգանել։

 – Այսինքն` պնդո՞ւմ եք, որ ՏՄՊՊՀ-ն ձեզ չի տուգանել։

 – Դե, եղել ա, որ տուգանում ա, եղել ա, որ չի տուգանում։

 – Ուզում են ձեզ, որպես օլիգարխի, ճնշե՞լ։

 – Ես օլիգարխ չեմ։

 – Գործարա՞ր եք։

 – Ես պատգամավոր եմ, գործարար չեմ»8։

Թղթի վրա գրվածը (հոդված 65-ի առաջին մաս) խաբկանք է, քանզի Հայաստանում օրենքները ոչ թե կատարելու, այլ շրջանցելու և խախտելու համար են` թեկուզ այսպես մանկամտորեն, օլիգարխի, գործարարի համբավից հրաժարվելու գնով։ Ահա նրա սեփականության ցանկը` ըստ ՀԱԿ փաստաթղթի. «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, Ախուրյանի շաքարի գործարան, «Երևան Սիթի» խանութների ցանց, «Ֆլիտֆուդ ընկերություն, «Նատալի ֆարմ» դեղատների ցանց, «Փարվանա» ռեստորան, լայն սպառման պարենային ապրանքների մենաշնորհային ներկրում, ֆերմերային տնտեսություն, սրճարաններ, բենզալցակայաններ։ Այսքանից հետո մարդ ինչքա՜ն համեստ պետք է լինի իրեն օլիգարխ չհամարելու և ինչքա՜ն անհամեստ` պատգամավոր համարելու համար, երբ բացարձակապես անկարող է կատարել այդ գործը։ Ի՞նչն է պատճառը, որ ոչ մի կերպ չեն կամենում հրաժարվել պատգամավորի իրականում բարդ ու ծանր աշխատանքից (իհարկե, չաշխատելու պայմանով), հաճախ տգետ կամ հազիվ կիսագրագետ գործարարները, որոնք մայրենի լեզվից վախեցած` դեսից-դենից փրցրած, արտասահմանում վաղուց նավթալինած Նաթալի՜ ֆլիտֆուդֆարմերի փրկությանն են դիմում, Երևանի պոչից սիթի-միթի են կպցնում, որ մայրաքաղաքը բռի ու անտեր գեղջաշխարհ չթվա՞ օտարերկրացու աչքին։ Չեն հրաժարվում, քանզի վարակված են պետական համակարգի ծանր, անբուժելի հիվանդությունով։

Նշված հոդվածը Աժ 76 գործարար պատգամավորների առկայությամբ իսկ վերածվում է չասենք ինչ թղթի, հատկապես որ դրանցից շատերը, չկատարելով իրենց պարտավորությունները, կամա-ակամա հաստատում են, որ երկրում ժամանակը դուրս է սայթաքել իր շավղից և արդեն քսան տարի գլորվում է անդունդը` հատակին չհասնելով։ Չհասնելով` հայի գերմարդկային դիմացկունության պատճառով։

Հոդված 65-ի առաջին մասը խմբագրման կարիք ունի, քանզի բնավ կարևոր չէ լրացուցիչ ինչ գործով կարող է զբաղվել կամ չզբաղվել պատգամավորը, բացառությամբ համատեղ, պետական այլ մարմիններում պաշտոնավարման։ Կարևորն առաջին հերթին պատգամավորական պարտավորությունները լիարժեք կատարելն է։ Եթե դրանից հետո ուժ ու ժամանակ կունենա նվիրվել այլ գործերի, Տերն իր հետ։ Ի հաստատումն` կարելի է բերել Աժ նախագահ, բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանի օրինակը, որը չի բացակայել ոչ մի նիստից, աշխատել է (թեկուզ լավ թե վատ)։ Այսուհանդերձ, ավելացնենք. կամ պետք է հոդված 65-ի առաջին մասը խմբագրվի, կամ Աժ նախագահը պիտի ապացուցի, որ ձեռնարկատեր չէ, կամ պետք է հրաժարական տա։ Ուրիշ ելք չկա, օրենքն օրենք է, պետք է հարգել։ Ռուբեն Հայրապետյանի պես մեկը, ինքնին պարզ է, չէր կարող և՛ իր հսկայական տնտեսությունը կառավարել, և՛ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ղեկավարել, և՛ օրինակելի պատգամավոր լինել։ Իսկ եթե Ալվարդ Պետրոսյանն ի զորու է և՛ ստեղծագործել, և՛ ըստ ամենայնի կատարել պատգամավորի աշխատանքը, բայց առողջությունը թույլ չի տալիս, ապա երկուսն էլ վաղուց պետք է հրաժարական տային։

Ըստ Սահմանադրության հոդված 67-ի` «Պատգամավորի լիազորությունները դադարում են… Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու… մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու… անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքում»։

Ստորև բերված տվյալների հիման վրա փորձեք ամրակայել` ո՞ր չգրված օրենքով են շարունակում Աժ-ում տեղ զբաղեցնել թվարկված պատգամավորները, և համոզվել, որ հոդված 65-ի առաջին մասի նման, 67-ն էլ լոկ մնացել է թղթի վրա, որքան հայտնի է` ոչ մի պատգամավորի լիազորություններ ոչ մի դեպքում չեն դադարել։

Բացակայող ռեկորդակիրները հպարտորեն վայելում են «թագավոր մարդու» անսահմանափակ իրավունքները։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, ըստ նրա մամլո խոսնակի, հարգելի են. «Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարն է և աշխատանքի բերումով հաճախ է արտասահման մեկնում» («ջախջախիչ» պատճառաբանություն, քանի որ, եթե Ռ.Հայրապետյանի ֆուտբոլն Աժ-ից ավելի կարևոր է, ապա Օլիմպոսը, թեկուզ սպորտային, անհամեմատ կարևոր)։ ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Լևոն Սարգսյանը, Հարություն Փամբուկյանը, Ալեքսան Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Արսենյանը, Նահապետ Գևորգյանը, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, անկուսակցական Մխիթար Վարազյանը և ուրիշներ, գնում են խորհրդարան միայն երբ օրենքի որևէ նախագիծն ընդունելու «հրահանգ» են ստանում։ Պատգամավորները «բերման են ենթարկվում» ընդամենը Աժ կոճակ սեղմելու և իրենց մասնավոր գործերին ու հաճույքներին վերադառնալու։ Իհարկե։ Մարդիկ, այն էլ «թագավոր», աշխարհ չեն գալիս ինչ-որ անտեր Աժ-ում կյանք մաշել-փչացնելու, դրամով գնվող զեխուշվայտություններից զրկվելու համար։ Առավել ակտիվ են Աժ ճնշող փոքրամասնության` ընդդիմության ներկայացուցիչները` Լարիսա Ալավերդյան` 71 հարց և ելույթ, Արծվիկ Մինասյան` 69, Ստյոպա Սաֆարյան` 38, Արա Նռանյան` 34, Արմեն Մարտիրոսյան` 34։ Ամենից շատ կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները` Գագիկ Մելիքյան և Հրանտ Գրիգորյան` 238, Հովիկ Աբրահամյան` 237։ Զուր չեն ասում. «Եթե փոքրամասնության մեջ եք, խոսեք, եթե մեծամասնության մեջ եք` քվեարկեք»։ Ամենից շատ դեմ քվեարկել են ընդդիմադիր «Ժառանգության» և ՀՀԴ ներկայացուցիչները, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի` 32 դեմ, գլխավորությամբ։ Ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների ներկայացրած օրինագծերը սովորաբար մեծամասնությունը մերժում է. «Եվ վիճակագրությունը, նշել է Ս.Սաֆարյանը, շատ դառն իրողություն է փաստում` Հայաստանի խորհրդարանում այլընտրանքային տեսակետներ ներկայացնելով համոզելու և խորհրդարանական մեծամասնության պատգամավորների քվեարկությունը ստանալու հնարավորությունն, ի տարբերություն այլ երկրների խորհրդարանների, իսպառ բացակայում է»։

Մուրադ Գալոյանը (ԲՀԿ, Գ.Ծառուկյանի խնամի) 8-րդ նստաշրջանի ընթացքում չի գնացել աշխատանքի 14 անգամ, բայց ստացել է 147.000 դրամ, փետրվար-մարտ ամիսներին` 46 անգամ, բայց ստացել է 483.000 դրամ։ ՕԷԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Պետրոսյանը, օգնականի ասելով, «Արդեն 3 ամսից ավելի սիստեմայի տակ է, և վիճակն էլ վատ է»։ 2010-ի սեպտեմբեր-դեկտեմբերին չի մասնակցել 138 քվեարկության, որից հարգելի են համարվել 52-ը (ոչ թե անաշխատունակության թերթիկի, այլ գրության հիման վրա), 2011-ի փետրվարին անհարգելի բացակայել է 33, մարտին` 35 քվեարկությունից, և ստացել է մոտ 800.000 աշխատավարձ։ ՀՀ Աժ պատգամավորների այս սխրանքներն, իհարկե, «ոսկե տառերով» կգրվեն հայոց պետականության պատմության մատյանում բառիս թե՛ այլաբանական, թե՛ ուղիղ իմաստով։ Քանի որ Տիգրան Արզաքանցյանն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից գնել է «նրա» ոսկու հանքը, ապա գուցե չզլանա մի քիչ «ոսկեզօծել» մերձիշխանական մատենագիրներին հանուն թե՛ իր բարձր հովանավորի, թե՛ իր ու իր «օլիգո-» գործընկերների փառաբանման (մինչ հանրապետության ընդերքը օրենքով պետության բացառիկ սեփականությունն է, կարող է տրվել օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չէ, հանքօգտագործողները վարվում են ավելի վատ, քան եթե իրենց սեփականությունը լիներ` ոտնատակ տալով բնապահպանության պահանջները, վայրենաբար կողոպտում են հանքերը հաճախ առանց թույլտվության փաստաթղթերի)։ Որպեսզի չսևեռվենք Տիգրան Արզաքանցյանի վրա, համեմատեք նրա ունեցվացքը իր կոլեգաների, օրինակ, պատգամավորներ, նշանավոր ասույթների հեղինակ Գալուստ Սահակյանի (ՀՀԿ) ներքաղաքային տրանսպորտային երթուղիներ, Գագիկ Մելիքյանի (ՀՀԿ) ֆերմերային տնտեսություն, Վահան Հովհաննիսյանի (ՀՀԴ) գյուղատնտեսական նշանակության հողեր` 50 հա, Հրանտ Մադաթյանի (ԲՀԿ) «Սևան մոթել» ՓԲԸ և ուրիշների նմանաչափ ունեցվածքների հետ։ Վերջիններս պատգամավոր չլինելով իրենց ունեցվածքը պաշտպանելու բավարար ուժ չունենային` Հայաստանում գերիշխող մենատիրական տնտեսության պայմաններում զոհ կգնային գործարարական ջրերի խոշոր շնաձկներին։

Առողջական վիճակով որոշ պատգամավորների շարունակական բացակայության պատճառաբանումն ընդունելի արդարացում չէ։ Հոդված 67-ի «անգործունակ ճանաչվելու»կետը, կարծում ենք, հենց դրան է վերաբերում։ Հակառակ դեպքում հակասություն կառաջանա հարգելի համարվող, մի քանի օրվա առողջական խնդիրների պատճառով բացակայելու և «մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու» միջև։ Ինչպե՞ս է հնարավոր այդքան երկար բացակայել հիվանդության պատճառով և անգործունակ չհամարվել։ Առհասարակ, անհասկանալի է` ինչպե՞ս կարող են հիվանդ մարդիկ մեծ հարստություն կուտակել և բարձր իշխանություն նվաճել, որոնց համար երկաթյա առողջություն է պահանջվում: ՀՀ-ում, ուստիև ՀՀ Աժ-ում շատ անհնարին բան է հնարավոր։ Ինչպես տեսանք, մարդը երկար ժամանակ կարող է «սիստեմայի տակ» լինել և գործունակ համարվել։ Որոշվել է հաջորդ ընտրությունների ցուցակներում (իբր) չընդգրկել գործարարներին։ Եթե նույնիսկ հավատանք, ապա, թամբալխանան դեռ պիտի շարունակի իր հույժ վնասակար գոյությունը։ Հույժ վնասակար, քանզի այն պատգամավորները, որոնք հանիրավի զբաղեցրել են աշխատելու ունակ, արժանավոր մարդկանց տեղը, դրանով իսկ ահռելի վնաս են հասցրել երկրին և ժողովրդին։

Սկսած 2010-ի աշնանային նստաշրջանից` Հարություն Փամբուկյանը և Ռուբեն Հայրապետյանը չեն մասնակցել 238 քվեարկություններից 237-ին, մեն-միակին ներկա լինելով էլ չեն քվեարկել։ Ալվարդ Պետրոսյանը և Աշոտ Ափոյանր չեն մասնակցել 234-ին, Գագիկ Ծառուկյանը` 230-ին, Լևոն Սարգսյանը և Տիգրան Արզաքանցյանը` 223-ին, Միքայել Վարդանյանը` 216-ին, Սամվել Ալեքսանյանը` 205-ին, Սեդրակ Սարոյանը` 192-ին։ Այս տասն առաջատարներից 9-ը գործարարներ են, որոնցից առայժմ միայն Ռ.Հայրապետյանը հայտնեց, թե Աժ-ից աշխատավարձ չի ստանում, պառլամենտն իր տեղը չի և չի պատրաստվում հաջորդ գումարման պատգամավոր դառնալ. «Ես զբաղված եմ ֆուտբոլով և չեմ հասցնում գնալ Աժ»։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությամբ ապացուցվեց այդ խաղաձևի անփոխարինելի դերը երկրի կյանքում, ուստի ճիշտը պատգամավորի նվիրվելն է ֆուտբոլին` հրաժարվելով պատգամավորի իր համար անհեթեթ «կարգավիճակից» (հատկապես որ, ի տարբերություն ՀՀ Աժ-ի, ֆուտբոլի դաշտն ավելի լուրջ տեղ է` խաղի կանոնները խստորեն կիրառվում են)։

Մնացյալ բոլոր «օլիգո»-ների դեմ, «ովքեր… կորոշեն, որ պառլամենտն իրենց տեղն է, «Իրատես de facto»-ի նախատեսումով, կկիրառվի «մեկանգամյա գործող ռումբ»… ՀԱԿ բոլոր հայտնի գործիչները` Արամ Սարգսյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան… մեծամասնականով դնելու են իրենց թեկնածություններն ընդդեմ ԲՀԿ «օլիգոպոլիկների» և ջախջախիչ հաղթանակ տանեն»9։ Կարծեմ, անկախ այդ «օլիգո»-ների որոշումից, Արևմուտքում մարզված կամ այնտեղից հրահանգավորվող, մարտնչող ՀԱԿ-ականներն իրենց «ռումբերը պայթեցնելու» են։ Թե այդ «ջախջախիչ» պայթյուններից ով կշահի, ով կտուժի` առանձին քննարկման խնդիր է։ Մի բան պարզ է, որ այդ պատգամավոր «օլիգո»-ները կատարյալ պատուհաս են Աժ-ի և ազգի գլխին։ Բայց սրանք եթե վնասում են իրենց անգործությամբ և Աժ-ը ծառայեցնելով բացառապես անձնական շահերին, ապա ՀԱԿ-ական «ջախջախներն» իրենց ակտիվությամբ հաջողության հասնեն թե չէ, վերջնականորեն կպայթեցնեն երկիրը` սկսելով «փուլային» նվիրաբերումով Ադրբեջանին։

Թերևս, «ջախջախներին» նկատի ունի 238 քվեարկություններից 237-ին չմասնակցած Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո, ԲՀԿ)` հանգիստ խղճով փիլիսոփայելիս. «…դեռ լիարժեք չկայացած մի շարք կուսակցություններ, որոնք անգամ Աժ-ում չունեն իրենց ներկայացուցիչները, մտածում են, թե իրենք են պետությունը, և իրենց միջից պետք է լինեն երկրի կառավարիչն ու երկրի ճակատագրողը»։

Ամենամեծ չարիք համարելով նմանատիպ կուսակցությունների մտածելակերպը, «որտեղ չկա պետական և հասարակական շահ», նա եզրակացնում է. «Ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող թե՛ քաղաքական և թե՛ հասարակական գործիչները չպետք է հացի խնդիրը թեմա դարձրած` խաթարեն երկրի ներքաղաքական վիճակը»10։ Իհարկե, «հացի խնդիրը», քանի որ վերաբերում է երկրի ողջ ազգաբնակչությանը, բացառությամբ Ալի Բաբայի և քառասուն չորսի և նրանց մերձավորների անհագ որովայնի, չպետք է «թեմա դառնա», հացի խնդրից կամ ինչից էլ լինի, թշվառները, ինչպես Քաջն Նազարն էր ասում. «ջհաննամը կոտորվեն»։ Բայց «Ծաղիկ» քնքշաբույր մականունը կրող պատգամավորը պատասխաներ գոնե, թե որ «պետական և հասարակական շահն» է ստիպում իրեն և մյուս «օլիգո»- պատգամավորներին ոչինչ չանել Աժ-ում։ Կամ` այդ Աժ-ն է գործելիս վնասակար պետության ու հասարակության համար, ուստի, ոչինչ չեն անում, որ չվնասեն, կամ ոչինչ չանող այդ պատգամավորներն են վնասակար, կամ երկուսը` միասին։ Ուստի, ճիշտ կլիներ այդ Աժ-ն վերացնել. ոչ գլուխը լիներ, ոչ գլխացավը։ Բայց պարադոքսն էլ այն է, որ պետական մեքենան մեծաքանակ վնասակար անձանցով լցված չլինի, «չի աշխատի»։ Որովհետև վնասաբեր է համակարգը։ Իսկ վնասաբեր համակարգը կարող են գործի գցել վնասարար մարդիկ։ Որովհետև պատգամավորները հիվանդ են, թե ոչ, ծանր հիվանդ է երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, դատականի անբուժելի հիվանդություններից չխոսենք, կառավարությունն էլ կաղեկաղ, ո՞ր անկումից ո՞րն է գնում` Աստված գիտի. ի՞նչ է լինելու ժողովրդի հալը։ Մի՞թե հազարամյակներ շարունակ զոհեր տալով գոյատևած ազգն իր հայրենիքով վերացման վտանգի տակ է…

IV

Բացակայելը խնդրի մի կողմն է լոկ։ Մյուս, ավելի կարևոր կողմն այն է, թե չբացակայելու դեպքում ի՞նչ են արել պատգամավորները։ Աժ նոր դահլիճում պատգամավորները տեսան, «…որ այլևս չի հաջողվի համակարգչային խաղերով կարճել նիստի «ծանր» ժամերը, քանի որ համակարգիչները հատուկ ծրագրով են, մոնիթորի վրա պատկերվում են բացառապես տվյալ քառօրյայի օրենքների նախագծերը, կտրուկ ընկավ պատգամավորների հաճախելիությունը… գերադասեցին «նստել բժշկի թղթի» վրա, քան գալ ու գերի մնալ Աժ-ում»11։ Խնդիրը հաջողությամբ լուծեց ՀՀԿ-ական, նիստերի ընթացքում բարձրաձայն ու ցուցադրաբար խոսելու սովորությամբ հայտնի Արեգ Ղուկասյանը (ԼՂՀ նախկին նախագահի եղբայրը)։ Կրիչ բերելով` նա սկսեց «փասիանս» խաղալ։

Աժ-ում պաշտոնյաների վարքագիծը քննելու համար էթիկայի հանձնաժողով չկա, լինի էլ, ոչինչ չի փոխելու։ Ասես ծմակուտներից միանգամից նիստերի դահլիճ ընկած մարդիկ աթոռներին կիսապառկում, մաստակ ծամում, աղմկում, հայհոյում են, իսկ ուրիշների փոխարեն քվեարկելն արդեն նրանց շրջանում տարածված, երբեմն նույնիսկ հույժ արդարացի արարք է։ Իզուր չէ Ռազմիկ Զոհրաբյանը (ՀՀԿ) բարձր «հումանիզմի» դիրքերից ասել. «Երևի համաներման էդ հարցն էր, որ պետք է քվեարկվեր։ Գուցե դրա համար եմ ուրիշի փոխարեն քվեարկել, որ որոշ մարդիկ ազատվեին, թե չէ մի ձայն չհերիքեր, կարող է մնային բանտերում»12։ Երևի… գուցե… չհերիքեր… թեկուզ և իրոք. դա իրավունք տալի՞ս է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցչին խախտել տարրական կարգուկանոնը։ Նույնիսկ անկախ դրանից, ՀՀԿ պատգամավորական խմբակցությունն ընդհանրապես զբաղվո՞ւմ է հասարակ, արհամարհված, հարստահարվող հսկայական ընտրազանգվածի խնդիրներով, թե՞ միակ մտահոգությունն իշխանա-օլիգո-մաֆիական վերնախավի շահերն ու վերարտադրությունն են։

Պետությունը բարոյականության սուբստանս է: Այլ կերպ ասած, պետությունը բարքերի հայելին է, իսկ Հայաստանի նման երկրներում բարքերն են պետության հայելին։ Եթե պետությունը բարքերն անդրադարձնող և համապատասխան օրենքների սահմաններում համապատասխան միջոցներով արձագանքող քաղաքական կազմակերպություն է, ապա Հայաստանի նման երկրներում պետությունը փոխարինված է իշխողների սանձարձակ բարքերով։ Պետությունը` որպես քաղաքացիների ընդհանրության կամքի մարմնացում, յուրաքանչյուր անհատից պահանջում է պատասխանատվություն օրենքի առաջ` դրանով իսկ սահմանելով նրա ազատության իրական սահմանները։ Բայց երբ պետության բարձր ներկայացուցիչները վեր են դասում իրենց ամեն տեսակ օրենքներից և պետական ողջ մեքենան ըստ էության աշխատում է օրենքին և օրինականությանը հակառակ, քաղաքացիներին ի՞նչ է մնում անել…

Ի՜նչ ժպրհելի պատկեր է ներկայացնում ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի գլխավորապես իշխող կուսակցության անդամների վարքուբարքը։ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո, ԲՀԿ) «Հետքի» հետ զրույցում հայտնել է, որ եղբայրը` Մասիսի «ՄՌՈ»-ի պետ Սիմոն Կարապետյանը, գումար չի վերցրել, թերթի նշումով` «ինչ-որ մեկի գողացված մեքենան գրանցումով օրինականացնելու համար», իսկ Կենտրոնի դատարանի որոշումով երկու ամսով կալանավորված իր վարորդ Օնիկ Հովհաննիսյանը կապ չունի մաքսանենգության հետ։ Մինչդեռ, «փողերը համարակալված և հատուկ նյութերով նշված են եղել»։ Ահա պատգամավորի հիմնավորումը. «Լավ, հլա Օնիկը մեկ-մեկ իմ ավտոն քշել ա, ինձ ման ա տվել, կապում են ինձ հետ, հասկացանք։ Եղբորս գործո՞վ խի՞ են կապում ինձ հետ», «բուկվալնի կիրակի» մեկնել է Գերմանիա, որտեղ էլ երեկ վիրահատվել է։ Կ.Կարապետյանը 2009-ին կրակել է Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա, հարցաքննության ժամանակ հայտարարել, որ «չի մերժել գողացված մեքենաներ ձեռք բերելու Զադոյանի առաջարկը… Բայց միևնույն է, պատգամավորին ոչ կրակելու, ոչ էլ գողացված մեքենաներով հետաքրքրվելու համար «ավելորդ» հարցեր չտվեցին… մինչ օրս նման հարցադրումների համար քաղաքական որոշում կայացված չէ»13։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է սպանել «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերիա-Աշխեն Գործունյանին և նրա զավակին։ «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ, տիկիններ, ինձ պես մի եղեք»,www.persons.am կայքէջում պատգամավորի կենսագրականի տակ գրել է սրճարանատեր տիկինը14։

Տարրական բարոյականությունից ու օրինապահությունից, բնականաբար և` տարրական արժանապատվությունից զուրկ նման անձինք ինչպե՞ս են գրավում պատգամավորի պատվավոր ու պատասխանատու աթոռը։ Արդեն շեշտեցինք. հասարակական-պետական համակարգն է փտած։ Կոռումպացված է ողջ պետական ապարատը, ուստի, արժանավոր անհատների մուտքն իշխանություն բացառություն է, անարժան, եսամոլ, շահապաշտ, ախտավարակ, արատների ճահճում թաղված արարածների մուտքն` օրինաչափություն։

Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) ուշագրավ պարզաբանումներ է արել մինչ այդ ծագած սեռածննդաբերական և հայհոյաբանական հարցերի շուրջ։ «Հայկական ժամանակի» լրագրողուհուն տված «Ուզո՞ւմ ես հղիանալ իմ տղայից» իր հարցի առիթով հայտնել է. «Լավ բան եմ առաջարկել, առողջ, գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենան» (մոռացել է ավելացնել` «թագավոր էրեխեք»)։ Իսկ լրագրող Գրիշա Բալասանյանին տգետ անվանելու (իրավացիորեն- Ռ.Հ-ն նախնական իր գիտելիքները ստացել է Ակադեմոսի պարտեզում) և հայհոյելու մասին հարցին, թե` հնարավո՞ր է հարգալից լինի լրագրողների հանդեպ և այլևս չհայհոյի, նշել է, որ պատճառը «վերջինիս համառությունն» էր և այլն15։ Դատարանն, իհարկե, մերժեց Բալասանյանի պահանջը` մեկ միլիոն դրամ և դատարանի ծախսեր, հայհոյաբար իր արժանապատվությունը վիրավորելու համար։

Իսկ բնավ էլ ոչ շախմատային փիղ, այլ արքաեղբայր Սաշիկ Սարգսյանն, ահա, Աժ միջանցքում իրեն ուղղված «պատրաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում» «Հրապարակ» թերթի թղթակից Մարինե Խառատյանի հարցին պատասխանել է վիրավորանքներով ու հայհոյանքներով։ Ձայնագրված մի հատվածն այսպիսին է. «Ես ընդամենը հարց եմ տալիս ձեր քաղաքական ապագայի առթիվ, չեք ուզում, մի պատասխանեք, լկտին ո՞րն ա»։ «Քեզի է՞ս էր պետք, ստացել ես, դե ռադտ քաշի գնա»։

«Ձեզ կոռեկտ պահեք, դուք իրավունք չունեք լրագրողի հետ էդպես խոսել»։ «Չի երևում, որ ուղարկել են էս շանը, որ…»։ «Շունը ինքներդ եք»։ ՀՀ Աժ «օլիգո»-պատգամավորների պահվածքին ու խոսվածքին բնորոշ այս դիալոգը շարունակվել է լրագրողի հասցեին «սեռական բնույթի հայհոյանքներով ու հարձակման փորձով»։

Խմբագրությունը պատրաստվում է «Սաշիկ Սարգսյանի հայհոյանքների ձայնագրությունն ուղարկել նախագահական նստավայր, որ Սերժ Սարգսյանն անձամբ լսի, թե ինչի և ում հետ են ստիպված առնչվել լրագրողները և ինչպես է իրեն պահում ՀՀ նախագահի եղբայրը»16։ (Մինչ Արևմուտքի որևէ կնոջ ականջին հայհոյանքը ամենաշատը բռնի գործողություն է ենթադրելու, արյունարբու թուրք-թաթարների հայհոյանքը թե հայ, թե նրանց լծի տակ ընկած այլազգի աղջիկների և կանանց հասցեին բռնաբարություն և սպանություն էր նշանակում։ Մոռացա՞ն ողջ ԽԱՀՄ-ում տարածված ցնցող լուրը` արցախյան շարժման ժամանակ ադրբեջանցիները հայ աղջկան բռնաբարելուց հետո մորթեցին և կերան։ Պատվախնդիր հայուհու թեկուզ անգիտակցականի ոլորտում պահպանվում է թուրք-թաթարական ոճրագործությունների սարսուռը։ Պատվախնդիր, առավել ևս հայ տղամարդը երբեք չպետք է այդ աստիճան ստորանա նախ ինքն իր, ապա և կնոջ առաջ։ Բայց ո՞ւմ ենք ասում` ՀՀ խորհրդարանի բռի «օլիգո»-ների՞ն, թե՞ «շուկայական» անձրևից սունկերի պես աճած, երկիրը զավթած, անտաշ, բթամիտ ու վայրագ, գյադայական զանգվածին)։

Մարինե Խառատյանի հարցին` ինչքա՞ն կարող են լրագրողները հանդուրժել դա, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը։ Ոչ մեկը ոչ մեկին իրավունք չունի վիրավորի, ոչ մեկը ոչ մեկի վրա իրավունք չունի հարձակվի, ոչ պատգամավորը լրագրողի վրա, ոչ էլ լրագրողը` պատգամավորի վրա։ Հեսա կծանոթանամ, կպատասխանեմ»։ Աժ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը հետևանքների մասին մտածել է, թե ոչ, բայց համարձակորեն առաջարկել է. «Դուք սահմանված կարգով կարող եք դիմել դատարան։ Իրավունքները պաշտպանելու այլ ձև մարդկությունը դեռ չի մտածել» (բայց կարևորը մարդկության մտածա՞ծն է, թե՞ որտեղ, ինչպես է կիրառվում այդ մտածածը)։ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, կռթնելով ԼՏՊ-ի «Ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է» դարակազմիկ աֆորիզմին, բացառիկ ուղեղներին հատուկ գյուտ է արել. «Հայհոյանքը քաղաքական կատեգորիա չէ։ Կապ չունի Հանրապետական կուսակցության հետ»։ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը մյուս կուսակից Ռ.Հայրապետյանի` լրագրողին հայհոյելու վերաբերյալ հարցին` «Եթե ձայնագրությամբ ապացուցվի, որ ինքն է հայհոյողը, Հանրապետականն ի՞նչ է պատրաստվում անել… ՀՀԿ խորհրդի նիստում քննարկման ենթակա՞ է այդ հարցը», տվել է ավելի ճշգրիտ պատասխան. «Չեմ կարծում, որ էդ հարցը քննարկման ենթակա հարց է։ Հետո հայհոյանքն էլ բնական, մարդկային երևույթ է… իրավապահների խնդիրն է, թող իրենք էլ որոշեն` եղե՞լ է ընդհանրապես նման հայհոյանք… ձայնագրությունը իրավական փաստաթուղթ չի, իրավական հիմք չի»։ Անվիճելի է, որ հայհոյանքը բնական, մարդկային, ավելորդ չէր լինի ավելացնել` որոշ չափով էլ ազգաբնակչության աճին առնչվող, թեև Հայաստանում ինչքան շատ են հայհոյում, այնքան ավելի ազգաբնակչությունը կրճատվում է, երևույթ է։ Հատկապես երբ լրագրողուհիներին հայհոյողները Ռուբեն Հայրապետյանի նման, իր ասելով` «գենետիկ ֆոնդով, լավ որակով», կամ Աժ Առողջապահության, մայրության, մանկության մշտական հանձնաժողովի անդամ Սաշիկ Սարգսյանի նման պատգամավոր է, որոնք ի պաշտոնե լիակատար իրավունք ունեն մայրացման, մանկածնության, ուստի և առողջապահությանն առնչվող հայհոյանքներ տեղալ իրենց «անտեղի» հարցեր տվող լրագրողուհիների և ում գլխին կամենան։

Անտեսելով «իրավապահների խնդիրը», «Եթե ապացուցվի, Դուք համաձա՞յն եք, որ նա զրկվի անձեռնմխելիությունից ու բանտ նստի, ինչպես նախատեսված է օրենքով» հարցին Գ.Մելիքյանը վճռաբար պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ նման բան կապացուցվի, որովհետև չի եղել նման բան»։ Հիանալի գիտեն, որ գործը դատարան չի հասնի, հասնի էլ, խնդիրը չի լուծվի հօգուտ լրագրողների, որովհետև բոլոր ապացույցներն ալիքների նման փշրվելու են` զարնվելով բարձրագույն իշխանությամբ պաշտպանվող «չի եղել նման բան» ժայռին։

«Թագավոր» տղերքի վիրավորանքն ու հայհոյանքը պետք է ընդունել որպես պարգև։ Չհայհոյեն, ի՞նչ անեն, հանեն կրակե՞ն։ Ահավասիկ. Ռ.Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օգոստոսի 14-ին հարսանեկան խրախճանքի ժամանակ, «ըստ որոշ տեղեկությունների», Սաշիկ Սարգսյանի որդին վեճ է սկսել ռեստորանի անվտանգության մի աշխատակցի հետ, որն ավարտվել է ռեստորանատիրոջ Եզդի Աշոտ մականունով թիկնապահի կրակոցներով։ Վիրավորվել, հիվանդանոց են տեղափոխվել 1986թ. ծնված Հերսանդ Մկրտչյանը և Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից` 1978թ. ծնված Նորիկ Աթոյանը։ Ըստ ոստիկանության, կրակողի անձը դեռ հայտնի չէ17։

Օգոստոսի 25 ին վերջապես «պարզեցին»։ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ «Կատարող անձը հայտնի է, ամեն ինչ հայտնի է», որ դեպքի օրը Սաշիկ Սարգսյանի որդիները Հայաստանում չեն եղել, որ «կատարվածը սովորական միջադեպ էր հարսանիքի ժամանակ»։ Հարուցվել է քրեական գործ` «Մարմնական վնասվածք հասցնելն անփութության պատճառով», կալանավորվածներ չկան18։ Իշխանաքրեաօլիգարխիկ վերնախավի քացիների տակ ընկած երկրի համար, իրոք, սովորական բան են կրակոցները, վիրավորները, խեղանդամվածները, սպանվածներն ու ինքնասպանվածները, և ոչ միայն հարսանիքի ժամանակ։ «Անփութության պատճառով» (քարե կացինները միանգամից ատրճանակներով փոխարինածներիփութաջանությո՞ւնը որն է) կրակելով կամ ծեծուջարդով վնասվածքներ հասցնելն` ավելի քան սովորական։ Անկախ արդեն «բարի ավանդույթ» դարձած այդպիսի սխրանքներին նույն այդ վերնախավի ներկայացուցիչների, նրանց հարազատ-բարեկամ-ախպերացուների մասնակցությունից, ալիբին բոլորի համար պատրաստ է։ Նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի կրի, ում էլ «պատժեն», ապա` ինչպես վայել է երկրի «ընտրյալներին»…

Սաշիկ Սարգսյանի բացակայությունները 79 են (33 տոկոս), կողմ քվեարկությունները` 146 (61 տոկոս), դեմ, ձեռնպահ` 0, հարցեր, ելույթներ` 0։ Ճիշտ այսպես, ՀՀԿ պատգամավորների մեծամասնության «աշխատանքը» սահմանափակվել է` կողմ քվեարկելով սեփական իշխող կուսակցության առաջադրած իրենց իսկ շահավետ օրինագծերին։ Հարցեր բարձրացնելը, ելույթները, ընտրողներին հանդիպելն ու նրանց խնդիրներով զբաղվելը, քաղաքացիների հավաքական շահերը պաշտպանելը զրոյական կետից սկսվելով` հասնում են մինուս անսահմանության։ Իսկ քանի որ հայտնի անսահմանություններից ամենաանկասկածը իդիոտիզմն է, ապա դժվար չէ պարզել, թե ով և ինչպես է հայտնվել այդ անսահմանությունում։ Եթե միայն կոճակ սեղմելով սահմանափակվեր նրանց «գործունեությունը»… «Եվ նման մարդը կարող է տարին մեկ-երկու անգամ զարմանալի հետևողականությամբ հարձակվել լրագրող աղջիկների վրա, վիրավորել, հայհոյել, ձեռք բարձրացնել և հաջողությամբ մարսել… Ինչո՞ւ։ Որովհետև Սերժ Սարգսյանի եղբա՞յրն է, որովհետև օլիգարխ է ու շատ փո՞ղ ունի։ Որովհետև արտոնյա՞լ է ու հաբռգա՞ծ»19։ Հաբռգումն հաբռգեն հաբռգացեալք, ամե՜ն…

V

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, Փարիզում անշարժ
գույք և բիզնեսատեր Հովհաննես Շահինյանի հրաժարականից հետո ղեկավար է նշանակվել նրա տեղակալ Արմեն Մարտոյանր։ Չափազանց ինքնատիպ, արտառոց երևակայությամբ մի անձնավորություն։ Երբ տեղակալ էր, նամակ էր ստացել վան Գոգի անունից, թե «արվեստագետ եմ, աշխատելու տեղ չունեմ», և հրաման էր տվել. «Վան Գոգին տարածք տրամադրեք, թող աշխատի»։ Նրան շնորհավորելու են գնացել Աժ ոչ պակաս ինքնատիպ դեմքեր, պատգամավորներ Լևոն Սարգսյանր (Ալրաղացի Լյով) և Մանվել Ղազարյանը (Վեդի-Ալկոյի Մանվել)20…

Ի՞նչ է սպասվում Աժ գալիք ընտրություններին։ Տ.Արզաքանցյանն անհողդողդ է, առաջադրելու է իր թեկնածությունը. «Գիտե՞ս ինչ, ես հիմա որոշել եմ, որ մասնակցեմ, հիմա խումբը ինչ որոշում ա ընտրե, էդ չգիտեմ ես… Ես մեծամասնականով առաջադրվելու եմ իմ 22 տարածքից»21։ Մեծամասնականով Մարտունու տարածաշրջանից երեք անգամ ընտրված Հակոբ Հակոբյան (Թունելի Հակոբ, ՀՀԿ). «դեռ գործող պատգամավոր եմ, երբ գրանցվեմ, նոր կլինեմ գրանցված թեկնածու»։ Գեներալ Մանվելը «դաբրո» է ստացել Արմավիրի մարզի տարբեր ընտրատարածքներում կնոջը և որդուն պատգամավորի թեկնածու առաջադրելու22։ Սամվել Ալեքսանյանր (Լֆիկ Սամո) ակտիվորեն սկսել է հովանավորել ուսանողներին, հոգալ հիվանդների առողջապահական ծախսերը։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի մոտ 130 բնակչի իր հաշվին տարել է Քոբուլեթի` ազդարարելով, թե ծով է տանում, որ «լավ լողանան»։ Ուրիշների նման ծով տարել-ծարավ չի բերել, լավ էլ կերակրել է։ Նման շռայլություններ կարող է ազատորեն թույլ տալ իրեն, քանի որ, չնայած տնտեսական ճգնաժամին, նրա եկամուտները տարեցտարի ավելանում են։ Տրանսպորտի նախկին նախարար էդուարդ Մադաթյանի (Խուճուճ էդո) որդին` Արման Մադաթյանը (Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ) մտադիր է պատգամավոր դառնալ։ Նույն ընտրատարածքում որոշել է առաջադրվել նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)։ «Ցանկություն կա, ասել է Ա.Մ.-ն, որ ինչպես Երևան քաղաքի կառավարման գործում եմ իմ առաջարկները ներկայացնում և աշխատում… նույն եռանդով ու ծանրաբեռնվածությամբ աշխատեմ նաև օրենսդիր մարմնում»։ Էրեբունի ընտրատարածքն առաջիկա ընտրություններին փոփոխվելու է, որպեսզի այնտեղ մեկից ավելի թեկնածու առաջադրվի, Մ.Ս.-ն և Ա.Մ.-ն չխանգարեն իրար23։ Ռուբեն Գևորգյանը պայքարելու է ոչ միայն իր, այլև աղջկա` Անահիտ Գևորգյանի անունն ընդգրկելու ԲՀԿ ցուցակում։ Աղջկա նախընտրական ծախսերը հոգալու է` վաճառելով Դավիթաշենի իր շուկան։ Նախընտրական ցուցակները կազմելիս Գագիկ Ծառուկյանը որոշել է ղեկավարվել «ով ավելի շատ ձայն կբերի» սկզբունքով։ Առջևում են ԲՀԿ մեծահարուստները` Սամվել Բալասանյան, Մուրադ Գուլոյան, Մխիթար Հարությունյան, ովքեր արդեն սկսել են քողարկված ընտրարշավը24։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պատվիրվել է պատգամավորության թեկնածու առաջադրվել։ Ըստ «Ժամանակ» թերթի, քրեական աշխարհի հետ նրա կապերն ու հեղինակությունը, ծառայեցվելով ի նպաստ ՀՀԿ-ի, կչեզոքացնի «…քրեական աշխարհում ոչ պակաս հեղինակություն ունեցող… «Բարգավաճ Հայաստանի» հնարավորությունները»։ Մինչդեռ Արևմուտքի պահանջով ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն բիզնես կապերով կամ այլ կերպ քրեական տարրերին առնչված, սերտաճած պատգամավորներ։ Հակառակ դրան, ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում քրեական անցյալով և այժմ նրանց առնչվող պատգամավորների պակաս չկա25։ Ուրիշ ինչպիսին էր լինելու ի ծնե ախտաժետ, քրեակերտ, մականունավոր այդ մարմինը։ «Մաքս գրուպի» նախագահ, պատգամավոր Խաչիկ Մանուկյանը (ՀՀԿ), «ժամանակավրեպ» համարելով գործարարներին ապագա խորհրդարանից դուրս մղելու մասին խոսելը, լրագրողի հարցին պատասխանել է նրբաբանորեն. «…կարող ա՞ մենք էս երկրի կույր աղիքն ենք…Ընդհանրապես ընտրող մարդիկ են որոշում դաշտում, մենք մոռանում ենք, որ ոչ մեկ մեզ չի բերում, դա ընտրություն ա, ընտրում ա ժողովուրդը, մենք կարող ա ցանկություն ունենանք, բայց ժողովուրդը ուրիշ որոշում կայացնի»26։ Սրանք սոսկ առանձին անուններ են, լիակատար խայտառակությունը երևան կգա հաջորդ ընտրություններից հետո։ Այդ «ժողովուրդը» ինչո՞վ կտարբերվի կանաչ դաշտերի խոտաճարակներից, ապականված ընտրա-«դաշտում» նորից առավելությունը նման թեկնածուների տալու դեպքում։

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Հուսալ, թե հաջորդ Աժ-ում վիճակը համեմատաբար կբարվոքվի, թե մեծամասնությունում կհայտնվեն ոչ թե քարե կացինավոր, այլ ժողովրդի շահերը, կամքը, ինքնիշխանությունն արտահայտող պատգամավորներ, կնշանակի հուսահատորեն թյուր պատկերացում ունենալ Ազատ-անկախ-վայրենաբարո, Ազատ-անկախ-քցողական Հանրա-տգետ-«պետության» մասին։ Ինչքան էլ հաջողվի թափանցիկ ու օրինավոր ընտրություններ անցկացնել, արդյունքն էականորեն տարբեր չի լինելու, քանզի խնդիրը միայն ընտրյալները չեն, նաև, ու որոշիչն ընտրողներն են։

Օրինակնե՞ր, խնդրեմ։ Սևանի ափին վերջապես գործել սկսեց երկու անվճար լողափ. «Լողափերի աշխատակիցները պատմում են, որ շատերն ուտելիքի մնացորդները թափում են շուրջը, ջարդում են արտաքնոցները, փչացնում խաղահրապարակները և նույնիսկ հանդերձարաններից օգտվելուց խնդիրներ են առաջացնում… հանրային լողափերում գոնե առայժմ… գեղեցիկ է ու հարմարավետ։ Մնում է միայն, որ մեր քաղաքացիներն ի վերջո սովորեն հանրային վայրերը սեփական տան պես պահել»։ Չեն սովորի։ Միակ միջոցն օրենքի ողջ ուժով ու հետևողականորեն նրանց զսպելն է։ Հարցրեք Կալիֆորնիայի հայերին, թե փողոցներում, էլ չասենք` ֆրիվեյում մի թղթի կտոր գցելու համար ինչ տուգանք պիտի վճարվի։ Չկարողանաս վճարել, ձրի կաշխատեցնեն, փողոցները մաքրել տալով կփակեն տուգանքը։

Խորհրդային տարիներին, նույն Սևանի թերակղզու սրբատեղիում «հավատացյալները» մատաղացու ոչխարների փորոտիքը մյուս ավելորդություններով նետում էին ժայռերից վար, եկեղեցիների շուրջը թափթփված էին մորթված թռչունների մնացորդներ ու ամեն տեսակ աղբ։ Աղբը` գարշահոտով ու ճանճերով, լճի ափերից բացի, տարածված էր հայրենի բնության բոլոր մասերում։ Անթիվ-անհամար ջարդված շշերի մնացորդներից բոլոր ջրափերին բազմաթիվ մարդկանց ոտքեր էին արյունակալում։ Փշրում, այլանդակում, ոչնչացնում, աղտոտում էին ինչ պատահեր, ինչ սեփականը չէր։ Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղում» կարդացեք հայկական գյուղի աղբյուրի շուրջը տարածված ապականության նկարագրությունը` համոզվելու, որ այդպես եղել է և ցարական ժամանակներում։ Հայաստանի քաղաքներում կգտնվե՞ր մի սաղ-սալամաթ շքամուտք, մի վերելակ, որը ծխախոտով վառած-մրոտած, որի մեջ թքած, միզած չլինեին։ Կգտնվե՞ր մի ջարդուխուրդ չեղած հեռախոսախցիկ, չկտրտված փափուկ աթոռներով հասարակական փոխադրամիջոց։ Բանը հասավ նույնիսկ «Ռոսիա» նորակառույց, շքեղ կինոթատրոնին, որի հատուկ պատվերով պատրաստած աթոռներն առաջին իսկ օրերին նույն բախտին արժանացան։ 1920-ին Հերհերի ձորում թուրքերը կոտորել են Ալեքսանդրապոլի (Գյումրի) և շրջակա գյուղերի մոտ 5 հազար բնակչի։ Ի հիշատակ անմեղ զոհերի այնտեղ կանգնեցված է 3 աղբյուրով համեստ հուշարձան։ «Ջարդի ձոր» անունը ստացած այդ վայրում Հայաստանի տարբեր շրջաններից բազմաթիվ խմբեր են գալիս քեֆ-ուրախության։ Տարածքը լեփլեցուն է դատարկ շշերով, կերակրի մնացորդներով, այլազան աղբակույտերով։ Ահա այսպես «հարգում» են նրանց հիշատակը, տրորում ու աղբով ծածկում նրանց աճյունները։ Սրանք Մարսից իջածներ չեն, վաչկատուն, անուղեղ, վայրագ, արյունռուշտ նվաճողներ, օտար ցեղեր չեն։ Սա մեր հայ ժողովրդի մի ահագին զանգվածն է։ Սրանց համար չկա ոչ մի սրբություն, ոչ մի բարոյականություն, ոչ մի հայրենասիրություն, ոչ մի ազգային պատմություն ու մշակույթ, ոչ մի Խաչատուր Աբովյան, ոչ մի Ավետիս Ահարոնյան, ոչ մի Գարեգին Նժդեհ…

Սիրում ենք, լիակատար իրավունքով, նշավակել հայկական բազմահազար հուշարձաններ ոչնչացրած բարբարոս ցեղերին։ Իսկ ինչպե՞ս են վարվել և վարվում այսօր Հայաստանի բազում հուշարձանների հետ տեղական բարբարոսները։ Շատ ենք կրկնում հայտնի արտահայտությունը և չենք ուզում մի լրացում էլ անել. իսկ «այստեղո՞վ ովքեր են անցել…»։ Ո՞ւմ է ընտրելու այս զանգվածը. օրինաչափորեն իր նմաններին կամ իրենից ավելի արատավորներին։ Մի՞թե այս ընտրողներն իրենց ընտրյալներով օրուգիշեր երազում են Արևմուտքից ժողովրդավարություն ներմուծել և հանուն դրա էլ պատրաստ են վազել Եվրադատարան` այնտեղ սեփական տան աղբը վերամշակելու, արդարություն վերականգնելու, կարգուկանոն հաստատելու, օրինավոր քաղաքացինե՞ր դաստիարակելու։

Որպեսզի պատկերացնենք` ուր ենք հասել, պետք է շրջենք այն երկրներով, սկսած «բարեկամ» Թուրքիայից, որտեղ այսպես կոչված «հնագույն մասնագիտությամբ» դրամ են վաստակում հաճախ դեռատի հայ կանանց բազում խմբեր, ու վերադառնալով տուն` տեսնենք մայթերին շարված մեր ազատ-անկախ Հանրապետության քաղաքացիների երկսեռ զավակներին։ Ասացեք, խնդրեմ, որևէ ժուկով-ժամանակներում հայ կինը, էլ չասենք` հայ տղան, հայ երեխաներն այսքան ստորացվել ու պղծվե՞լ են սեփական հայրենիքում ու այնտեղից այսպես առատորեն «արտահանվե՞լ» են որպես շահաբեր ապրանք։

Հաշվեք կորուստները, տեսեք ինչով են զբաղված այդ աղջիկներն ու տղաները, որ պիտի ընտանիք կազմեին և երեխաներ պարգևեին օրեցօր դատարկվող հայրենիքին։ Դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ոճրագործներին ոչ միայն ցեղասպանվածների, այլև նրանց չծնված զավակների համար։ Իսկ անկախությունից հետո պոռնկացված աղջիկներից ու տղաներից չծնվածների համար ո՞ւմ ենք դատապարտելու։ Ո՞ւմ ենք դատապարտելու բոլորի աչքի առաջ պղծված անչափահասների համար։ Ո՞ւմ ենք դատապարտելու հայոց բանակում հայ զինվորների կրակոցներով, դաժանագույն ծեծով սպանված հայ զինվորների համար (ոչ պաշտոնական տվյալներով` 1994-ից զոհվել է 1500 երիտասարդ)։ Այդպես «հերոսաբար» հաշիվներ են մաքրվում և քաղաքացիական բնակչության շարքերում. հայերը բռնաբարում, ծեծում, ջարդում, հասցնում են խելագարության, կոտորում են հայերին։ Կարո՞ղ եք փաստել, թե հայոց պատմության ո՞ր շրջանում է ազգակիցների ձեռքով կամ դրդումով այնքան ոճիրներ կատարվել, որքան ազատ-անկախության 20 տարիներին։ Եվ քանի-քանիսը` անպատիժ։ Ավելացնենք, անկախության առաջին տարիներից, ՀՀՇ-ական իշխանությունները պետական կազմակերպված ահաբեկչություն սանձազերծեցին սեփական ազգաբնակչության դեմ` ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի անմիջական ղեկավարությամբ, որին զոհ գնացին ոչ միայն մի շարք նշանավոր մարդիկ, այլև հասարակ քաղաքացիներ։

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին տուժող, 16-ը օրերս լրացրած տղայի մայրը լրագրողին ասել է. «Այդ մարդը ոչ միայն ինձ համար, այլև Ախթալայի, Այրումի, ամեն տեղի համար… ինձ համար մի հատ Աստված մարդ է եղել… Ես Սերոբ Տեր-Պողոսյանի մեջ մեղք չեմ տեսնում… թեկուզ դրա համար ինձ կախեն էլ, սպանեն էլ»։

Այնքան այլանդակություն տեսանք ու լսեցինք, որ նման երևույթներից ցնցվելու կարողությունն էլ ենք կորցրել։ Երկրի «տերերը» «երևանյան «էլիտար» շրջանակներում վաղուց անուններով խոսում են հայտնի օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ովքեր երկար տարիներ զվարճանում են բացառապես կույս աղջիկների հետ, և նույնիսկ մրցություն կա, թե այս ընթացքում ով քանի կույս աղջկա հետ է պառկել»27։ Ուրեմն, ո՞ւմ կընտրեն, դիցուք, Ախթալայի և Այրումի բնակիչները, եթե ոչ իրենց երեխաներին պղծած «աստծուն» կամ նման մեկին։ Ո՞ւմ կընտրեն պղծված կույսերն ու նրանց հարազատները…

Բարձր ինտելեկտի ու կուլտուրայի, բարձր բարոյականության, փորձառու, հեռատես, կազմակերպական, կառավարման բարձր կարողությունների անհատները տեղ կունենա՞ն այս «պետությունում», երբ շարքային ազնիվ մարդիկ տեղ չունեն։ Ի՞նչն է առավել անխնա հալածվածը, եթե ոչ առաքինությունը. թեև հավատով չեմ առաջնորդվում, սակայն ստիպված եմ հարցնել. հավատո՞ւմ եք։ Ես, գոնե առաջիկայում, չեմ հավատում։ Հաջորդ ընտրություններից առաջ, հավատացյալները թող աղոթեն, որ գոնե սրանցից ավելի վատ Աժ պատգամավորություն և ավելի վատ ՀՀ նախագահ չունենանք։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Հայաստանի 1978-ի Սահմանադրությունը ԳԽ դեպուտատներին հետ կանչելու իրավունք էր վերապահում։ ՀՀ Սահմանադրությունն ընտրողներին զրկել է նաև դրանից։ Աժ կանոնակարգով պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել միայն գործընկերների փակ քվեարկությամբ։ Բայց նրանց մաֆիական կապերը նման բան թույլ չեն տա։ Նրանք, այո, «էս երկրի կույր աղիքն են», կործանման ահռելի վտանգ։ Քանի դեռ թարախակալած «կույր աղիքը» չի պայթել, ազգի առողջ ուժերը կտրելու-դեն են նետելու այն։ Ի վերին Երուսաղեմը նրանց, միայն նրանց գլխին երգել տալու համար։

1http://www.lragir.am/armsrc/right46864.html

2http://news.am/arm/news/56300.html

3http://www.lragir.am/armsrc/interview46722.html3

4Նույն տեղում:

5http://news.am/arm/news/57565.html

6http://hetq.am/arm/articles/1635/

7http://www.hraparak.am/2011/08/26/dnelu-a/

8http://7or.am/archives/63921

9http://www.idefacto.am/page.php?section=news_more&id=4663

10http://www.hraparak.am/2011/04/13/henaran-erkri-chakatagroxi-hamar/

11http://news.am/arm/news/59190.html

12http://www.tert.am/am/news/2011/06/21/zohrabyan/

13http://hetq.am/arm/news/1207/

14«Ասպարեզ», 31 մարտի:

15http://hetq.am/arm/articles/719/

16http://www.hraparak.am/2011/05/16/s-sargsyan-3/

17http://www.armtimes.com/27343

18http://www.hraparak.am/2011/08/26/mamuli-xosnak/

19http://www.hraparak.am/2011/05/18/s-sargsyan-5/

20http://news.am/arm/news/67887.html

21http://www.hraparak.am/2011/08/26/dnelu-a/

22http://iravunk.com/iskakan/qaxaqakan/03.06.11.html#qaxaq

23http://news.am/arm/news/67993.html

24http://www.hraparak.am/2011/08/12/bhk-vernaxav/

25http://www.hraparak.am/2011/05/25/azgayin-joxov-7/#more-27962

26http://www.hraparak.am/2011/06/10/patgamavor-3/

27http://www.armtimes.com/27286



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Apr 27, 2012 21:57