ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, April 22, 2012 15:55 - 1 քննարկում

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 2012, N 2

Գ.Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (ԱՐՈՒԹԻՆՈՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ

 Գրիգորի Արտեմի Հարությունյանը ծնվել է 7.11.1900թ., Թելավի քաղաքում (Վրաստանի շրջաններից մեկի՝ Կախեթի վարչական կենտրոնում), առևտրականի ընտանիքում։ 1908թ. Գրիգորին ընդունվում է Թելավիի քաղաքային ուսումնարան։ Երեք տարի անց տեղափոխվում է ռուսական գիմնազիա։ Սովորելու տարիներին նա դառնում է ընդհատակյա խմբակի անդամ, որը ղեկավարում էր նրա ուսուցիչներից մեկը։ 1919թ. ընդունվում է ՌՍԴԲԿ շարքերը։ Ուսումնական այս հաստատությունն ավարտելուց շատ չանցած՝ 1920թ., մտերիմ ընկերոջ՝ Արտեմ Գեուրկովի հետ ձերբակալվում է բոլշևիկյան գործունեության համար։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ հետագայում նրանք բարեկամացել են. Գրիգորին ամուսնանում է նրա կրտսեր քրոջ՝ Նինայի հետ։

 Ձերբակալությունից անմիջապես հետո Գրիշայի ծնողները հրաժարվում են նրանից, և կրպակատեր հայրը մարդկանց աչքերի առջև, շուկայում, այրում է նրա հագուստը։ Ընկերներն ազատ են արձակվում միայն հաջորդ տարի՝ գիմնազիայի տնօրենի միջնորդությամբ, որպես լավագույն շրջանավարտներ։

 1921թ. Վրաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, և Հարությունյանն սկսում է աշխատել որպես պրոպագանդայի բաժնի վարիչ Վրաստանի Կ(բ)Կ Թելավիի գավառային կոմիտեում, 1922թ. նրան ուղարկում են սովորելու Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտում։ Մինչև ինստիտուտն ավարտելը՝ 1924թ., Գրիգորի Արտեմևիչը հետ է կանչվում Վրաստան՝ կուսակցական աշխատանքի, որտեղ սկզբում աշխատում է Թիֆլիսի Լենինյան կուսշրջկոմում, այնուհետև՝ Թելավիի Կ(բ)Կ գավառային կոմիտեում։ 1927թ. Հարությունյանին տեղափոխում են աշխատելու Վրաստանի Կ(բ)Կ Կենտկոմում, իսկ արդեն երեք տարի հետո նա Վրաստանի Կ(բ)Կ Կենտկոմի կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։ 1931թ. նոյեմբերից Գրիգորի Արտեմևիչը դառնում է Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչն ու քարտուղարության անդամը։ Նրա աշխատունակությունը, ակտիվությունը և գործին նվիրվածությունն աննկատ չեն մնում, և արդեն 1934թ. նա ընտրվում է Թիֆլիսի քաղկոմի առաջին քարտուղար։ 1936-ից մայրաքաղաքների քաղկոմների առաջին քարտուղարի պաշտոնը սկսեցին զբաղեցնել հանրապետությունների Կենտկոմների առաջին քարտուղարները, և Հարությունյանին անվանապես իջեցնում են Թիֆլիսի քաղկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնին։ Այդ շրջանում Գրիգորի Արտեմևիչը պարգևատրվում է պետության բարձրագույն՝ Լենինի շքանշանով։

 1937թ. բռնաճնշումների հետևանքով գլխատվում է Հայաստանի ղեկավարությունը, ներառյալ Կենտկոմի առաջին քարտուղար Ա.Ս. Ամատունին։ Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի արտահերթ պլենումին ներկա Գեորգի Մալենկովը և Անաստաս Միկոյանը նրան փոխարինող էին փնտրում։ Հենց այդ ժամանակ էլ Լավրենտի Բերիան առաջարկում է Գրիգորի Հարությունյանի թեկնածությունը։ 1937թ. սեպտեմբերի 26-ի ուշ գիշերով ՆԳԺԿ սպայի կողմից Հարությունյանը վերոնշյալ եռյակի հետ հանդիպման է կանչվում, որտեղ էլ նրան առաջարկվում է առաջին քարտուղարի պաշտոնը։ Գրիգորի Արտեմևիչի համար այդ նշանակումը խիստ անսպասելի էր, այդ ժամանակ նա դեռ լավ չգիտեր հայերեն (Կախեթում հայերի ճնշող մեծամասնությունը խոսում էր վրացերեն)։ Գրիգորի Արտեմևիչի փաստարկները ոչ ոք չընդունեց, և հենց հաջորդ օրը նա արդեն Երևանում էր։ Մի քանի օր էլ չէր անցել, ինչ նա Հայաստանում էր, երբ Թբիլիսիում ինքնասպան եղավ նրա ընկեր Արտեմ Գեուրկովը, ևս կես տարի հետո գնդակահարեցին Հարությունյանի հարազատ եղբորը՝ Սերգոյին։ Ահավոր ժամանակներ էին, ժողովրդի ոգին ընկճված էր։

 Գրիգորի Արտեմևիչն ընտրեց հանրապետության վերելքի երկու հիմնական վեկտոր՝ ժողտնտեսության և ազգային մշակույթի զարգացում։ Նրա նախաձեռնությամբ 1939թ. Մոսկվայում պետք է կայանար հայկական արվեստի տասնօրյակ։ Գրիգորի Արտեմևիչի թեթև ձեռքով այն դարձավ հանրապետության մշակութային զարգացման կատալիզատորը։ Չէր անցել մի քանի ամիս, ինչ նա Երևանում էր, երբ ստեղծվում է ժողովրդական երգի-պարի անսամբլը՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, այնուհետև ստեղծվում են գուսանական անսամբլը (ղեկավար՝ Վաղարշակ Սահակյան), էստրադային անսամբլը (ղեկավար՝ Արտեմի Այվազյան), և սփյուռքահայերն էլ քաղաքին նվեր են ուղարկում ջազային գործիքների մի ամբողջ հավաքածու։ Այս նույն ժամանակաշրջանում բացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը նրա հարազատ Դսեղ գյուղում. ի դեպ, այն ի պատիվ բանաստեղծի վերանվանվել է նրա անունով, իսկ մի փոքր ավելի ուշ բացվում է նրա թանգարանը նաև Երևանում, մրցույթներ են հայտարարվում Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարովի, Սասունցի Դավթի արձանների նախագծերի ստեղծման համար։

 Հարությունյանի գալով անմիջապես սկսվում է Երևանի, մասնավորապես՝ Նորքի և Քանաքեռի բլուրների լայնամասշտաբ կանաչապատումը, մեծաքանակ տնկիներ են բերվում նրա հայրենիք Վրաստանից։ Հանրապետության նպատակաուղղված կանաչապատմամբ նա զբաղվում է ողջ կյանքում։ Կուսակցության Երևանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Գուրգեն Փահլևանյանն իր անձնական հուշերում գրում է, թե ինչպես է 50-ական թթ. սկզբին Հարությունյանի չթուլացող ուշադրության ներքո բարեկարգել Զանգվի ձորը, կանաչապատել Ծիծեռնակաբերդի տարածքը (այն ժամանակ նա քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալն էր)։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը գրում էր, որ Գրիգորի Արտեմևիչի կողմից քաղաքային շինարարությունը ղեկավարելը հանգեցրեց այն բանին, որ նա նոր, բազմակողմանի վերաբերմունք ցուցաբերի քաղաքաշինության հարցերին։ Հարությունյանը ստեղծել է ճարտարապետների կուռ համակարգ և շինարարությունն իրականացնելու կարգուկանոն, և թույլ չէր տալիս, որ որևէ մեկը խախտեր այն։ Մինչև 1938թ. քաղաքի տարբեր մասերում կառուցվել էին բնակելի  տներ, դպրոցներ, մանկական հաստատություններ, ֆաբրիկաներ, գործարաններ, իսկ փողոցների, ճանապարհների, կամուրջների շինարարություն գրեթե չէր իրականացվել, էլ չենք խոսում փողոցների բարեկարգման ու դրանց կանաչապատման մասին։ Ցուցում է տրվում մշակել մայրուղային ճանապարհների այնպիսի նախագծեր, որոնք քաղաքից կձգվեին դեպի հանրապետության խորքերը, պատրաստել տեղամասեր կանաչապատելու և այգիներ, պուրակներ, անտառային գոտիներ ստեղծելու համար։

 1937-38թթ. երևանյան մայրուղիների վիճակն անբավարար էր։ Կարճագույն ժամկետում կառուցվում է փողոցների համակարգ ողջ քաղաքով մեկ՝ Ղամարլիի խճուղին (այժմ՝ Արշակունյաց պողոտա)՝ 42,5 մետր լայնությամբ, Մոլոկանյանը (ներկայիս Գր.Լուսավորչի փողոցը)՝ Սունդուկյան փողոց (այժմ՝ Մաշտոցի պողոտա) տանող շրջադարձով։ Հենց Հարությունյանի օրոք է Լենինի հրապարակը (այժմ՝ Հանրապետության) ստացել ավարտուն տեսք՝ մի քանի էական փոփոխություններ կրելով։ Հանվում է աշտարակային մասի շինարարությունը (կառավարական թիվ 1 շենքի բակի տեղում), իսկ պատմության թանգարանի շենքի առջև հայտնվում է հիանալի լողավազանը։ Հզոր շատրվանն ու ջրային մեծ մակերեսն այստեղ մշտական թարմություն ու զովություն են ստեղծում։ Նախագծում անհրաժեշտ փոփոխություններ է կատարում Ալեքսանդր Թամանյանի որդին՝ Գևորգը։ Ի մեծ ցավ ինձ, արդեն գոյություն չունեն Վ.Ի. Լենինի հուշարձանն իր հիանալի պատվանդանով, որը 1940թ. կառուցել էր հիանալի ճարտարապետ Ս.Մերկուրովը, ավելի ուշ Փամբակի բազալտից սարքված տրիբունաները։ Դրանք հրապարակի ամբողջական պատկեր էին ստեղծում, բայց վերացվեցին (տրիբունաները գողացվեցին) Երրորդ Հանրապետության նոր իշխանությունների կողմից, որոնք, ի տարբերություն Հարությունյանի, ոչ մի օգուտ չէին բերել իրենց ժողովրդին։

 Առավել խոշոր կամուրջները Երևանում նույնպես կառուցվել են Գրիգորի Արտեմևիչի աջակցությամբ։ «Հաղթանակ» կամրջի նախագծումը սկսվել է 1939թ., իսկ շինարարությունն ավարտվել է 1945թ., ինչով էլ պայմանավորված է նրա անվանումը։ Զուգահեռաբար կառուցվում էր մեկ այլ կամուրջ (Երևանյան լճի մոտ, Թամանցիների հրապարակից ոչ հեռու)։ Քանի որ այն ավելի փոքր էր և ավելի հասարակ «Հաղթանակ» կամրջի համեմատ, շահագործման է հանձնվում 1941թ.։ Երրորդ՝ ամենամեծ ու ամենագեղեցիկ կամուրջը՝ «Մեծ Հրազդանյան» պաշտոնական անվանմամբ, որը, սակայն, ժողովրդի մեջ ստացել է «Կիևյան» անունը, սկսեց կառուցվել արդեն պատերազմից հետո։ Միայն նրա կենտրոնական կամարների թռիչքը հավասար է 105 մետրի։ Կամուրջների շինարարության խորհրդատուն էր ազգությամբ հայ պրոֆեսոր Կիրյակ Զավրիևը Վրաստանից։ 60-ականների վերջին Կիրյակ Սամսոնովիչը տողերիս հեղինակին Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտում նյութերի դիմադրություն առարկան է դասավանդել։ Այն ժամանակ արդեն նա աշխարհահռչակ ակադեմիկոս էր։

 Խոշոր քաղաքաշինության օրինակ էր (չնախատեսված Թամանյանի հատակագծով) Բարեկամության փողոցը (այժմ՝ Բաղրամյան պողոտա)։ Քանաքեռի սարահարթում տեղ գտան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ (ինչպիսին «Կանազն» էր)։ Նույն տեղում անհատական մեծ շինարարություն սկսվեց, այդ թվում՝ հետպատերազմյան տարիներին հայրենադարձված հայերի կողմից։ Բացի այդ, Բարեկամության փողոցի կառուցումն անհրաժեշտ էր նաև քաղաքային նոր զարկերակի ստեղծման համար, որը տրանսպորտային հոսքերը Կոմիտասի փողոցով դուրս էր բերում դեպի Թբիլիսի քաղաք, իսկ Կիևյան կամրջով միանում էր Աշտարակ, Ապարան, Սպիտակ և հետո՝ էլի դեպի Թբիլիսի տանող ճանապարհին։ Հետաքրքիր է, որ Կենտկոմի շենքի (այժմ՝ ԱԺ շենքը) համար տեղն ընտրել է Գրիգորի Արտեմևիչը։ Այժմ այն Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է և ոչ միայն ճարտարապետ Մարկ Գրիգորյանի, այլև Հարությունյանի մտահղացումն է։ Այս ամենը լիովին կարելի է վերագրել նաև Մատենադարանի շենքին, գիտությունների ակադեմիայի շենքերի համալիրին և կոնյակի գործարանին, հանրապետական մարզադաշտին, փակ շուկային, կենդանաբանական այգուն, բուսաբանական այգուն… Ցանկը վերջ չունի, և դրանում սիրտ ու հոգի են դրել հանրապետության ղեկավարները։

 Երևանում Հարությունյանի նախաձեռնությամբ ավանդույթ էր ստեղծվել. կիսանդրիներ (Պուշկինի, Շահումյանի, Չարենցի, Չեխովի և այլոց) տեղադրել դպրոցների շենքերի առջև, հենց նրա օրոք ի հայտ եկան առաջին շատրվանիկները՝ ցայտաղբյուրները։ Կարճ ասած՝ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ իր այսօրվա տեսքով Երևան քաղաքը, հատկապես նրա կենտրոնական հատվածը, պարտական է հենց Գրիգորի Արտեմևիչին։ Մինչև նրա գալը Երևանը փակուղիների քաղաք էր, դեպի Երևան միայն մի երկաթուղային գիծ էր բերում (Թբիլիսիից)։ Նրա օրոք ռազմավարական այս վտանգը վերացվեց՝ շարունակություն գտնելով մինչև Սևան գծի կառուցման մեջ, իսկ արդեն նրանից հետո այդ գիծը հասավ մինչև Իջևան։

 Բայց չպետք է կարծել, թե Հարությունյանի մտահոգությունները Երևանի սահմաններից դուրս չէին գալիս։ Գործնական շատ խորհուրդներ էին ստանում նաև Կիրովականի, Էջմիածնի, Ջերմուկի քաղաքաշինարարները։ Հատկապես կուզենայի կանգ առնել վերջինի վրա։ Մինչև 1944թ., երբ Հարությունյանն ուշադրություն դարձրեց նրա վրա, այն հետ ընկած գյուղ էր՝ տաք ջրերի աղբյուրի կողքին կառուցված միահարկ շենքով։ Նույնիսկ Հայաստանում բոլորը չէ, որ գիտեին նրա բուժիչ հատկությունների մասին։ 1944թ. Գրիգորի Արտեմևիչը Ջերմուկ է հրավիրում մասնագետ երկրաբանների, բժիշկների, ճարտարապետների։ Մասնագիտական փնտրտուքներից հետո կազմվում է առողջարանային քաղաքի զարգացման գլխավոր հատակագիծը, կառուցվում են երկու առողջարան, բացվում է ջրասրահը, իսկ ժայռերի մեջ նոր ճանապարհ է գցվում։ Բարձրլեռնային կլիմայի պատճառով այստեղ ծառերը դանդաղ են աճում, իսկ Գրիգորի Արտեմևիչը շատ էր ուզում կանաչապատել այս քաղաքն ու շրջակա լեռների ստորոտները։ Նա Ստեփանավանում որակյալ բուսաբան է գտնում՝ Կ.Դրեպալոյին, և նրա օգնությամբ առողջարանային քաղաքը վերածվում է հանրապետության գեղեցիկ անկյուններից մեկի։ Հրաժարվելով արտասահմանում բուժվելու ուղեգրից՝ Հարությունյանն արձակուրդն անցկացնում է… դեռ նոր կառուցվող Ջերմուկի անբարեկարգ ժամանակավոր կացարանում, որտեղ ոչ այնքան բուժվում, որքան ղեկավարում էր շինարարությունը։ Եվ եթե Ջերմուկում հարյուր հազարավոր մարդիկ են բուժվել և այսօր անգամ շախմատիստների համաշխարհային մրցույթներ են անցկացվում, որոնք բացում է երկրի նախագահը, ապա այդ ամենի համար մենք պետք է բարի խոսքով հիշենք Գրիգորի Հարությունյանին։

 Անհնար է գերագնահատել նրա դերը Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում, ընդ որում՝ այդ աշխատանքը կանգ չէր առնում նույնիսկ պատերազմի ժամանակ։ Սինթետիկ կաուչուկի արտադրության գործարան, Արարատի ցեմենտի գործարան, Կիրովականի քիմիական գործարան, մեքենաշինական և արդյունաբերական մի շարք այլ ձեռնարկություններ. այս ամենն արվել էր դեռ պատերազմից առաջ։ Թեև մեր հանրապետությունը չէր գտնվում անմիջական մարտական գործողությունների գոտում, Թուրքիայի հարևանությունը, սակայն, թուլանալու իրավունք չէր տալիս։ Այդ երկրի հետ սահմանի ողջ երկայնքով կառուցվում էին պաշտպանական շինություններ, պատերազմի պատճառով մենք անհրաժեշտ քանակությամբ մետաղ, անտառանյութ, սարքավորումների նորոգման պահեստամասեր չէինք ստանում։ Ամենից դժվար լուծվում էր կադրերի հարցը, քանի որ ավելի քան 600 հազար մարդ բանակ էր զորակոչվել, որոնցից մոտ 300 հազարը զոհվեց մարտական գործողությունների ժամանակ, շատերը դարձան հաշմանդամ։

 Ստեղծվեցին ազգային դիվիզիաներ, որոնցից մեկը՝ 89-րդ Թամանյանը, ազգային դիվիզիաներից միակն էր, որ հասավ Բեռլին։ Նրա մարտիկների թվում էր նաև տողերիս հեղինակի հայրը՝ ավագ սերժանտ Ֆրիդրիխ Սարգսյանը, որը Բեռլինից վերադարձավ 1945թ. նոյեմբերին, բազմաթիվ շքանշաններով։ Պատերազմի թեժ պահին, 1943թ., Հարությունյանին հաջողվում է Ստալինի հավանությամբ վերստեղծել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը։ Նախագահ է ընտրվում Հովսեփ Օրբելին, տեղակալ՝ Վիկտոր Համբարձումյանը։

 Պատերազմի ավարտից հետո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է օրենք հնգամյա (1946-1950թթ.) պլանի վերականգնման և ժողտնտեսության հետագա զարգացման մասին, որում Հայաստանի ղեկավարության նախաձեռնությամբ (մանրակրկիտ վերլուծության հիման վրա) նախատեսվում է էլ ավելի արագացնել զարգացման տեմպերը, քան միջինը ընդունված էր ԽՍՀՄ-ում։ Հանրապետության ղեկավարությանը հաջողվեց մոբիլիզացնել աշխատանքային կոլեկտիվներին, բարձրացնել պատասխանատվությունը հանձնարարված աշխատանքի համար։ Հնգամյա պլանի առաջադրանքները կատարվեցին 130%-ով, շահագործման մեջ մտցվեց մոտ 50 արդյունաբերական օբյեկտ, այդ թվում և «Հայէլեկտրամեքենան», «Կանազը», ավտոդողերի գործարանը, կաբելի գործարանը և այլն։ Հաճախ այդ գործարանների հաստոցներն ու սարքավորումները ստացվում էին Գերմանիայից՝ որպես կոնտրիբուցիա. այս գործում մեծ վաստակ ուներ ակադեմիկոս Անդրոնիկ Իոսիֆյանը, որն այն ժամանակ աշխատում էր Մոսկվայում։ «Հայէլեկտրամեքենա» և կաբելի գործարանների մասին կուզենայի առանձին խոսել։

 Դեռ 1940թ. Գրիգորի Արտեմևիչը հասել էր այն բանին, որ ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացներ Երևանում N447 ավիացիոն գործարանը կառուցելու մասին, որի անավարտ շինհրապարակում սկսեցին հավաքել ճակատամերձ գոտուց էվակուացված մեկ այլ գործարանի մարտական ուղղաթիռներ։ Բայց հետո, միութենական մարմինների որոշմամբ, Թուրքիայի սահմաններին մոտ լինելու պատճառով շինարարությունը կանգնեցվում է։ 1946թ. որոշում է ընդունվում N447 ավիացիոն գործարանը «Հալէլեկտրամեքենայի» վերապրոֆիլավորելու մասին, նյութական միջոցներ են հատկացվում, սարքավորումներ շինարարություն և արտադրություն կազմակերպելու համար։ Հայաստանի ժողկոմխորհի նախկին նախագահ, լեգենդար կենսագրության տեր Եղիշե Թևոսի Ասծատրյանն իր հուշերում գրում է, թե ինչպես է Գրիգորի Արտեմևիչն անդադրում զբաղվում բազմաթիվ արտադրամասերի և արտադրական տեղամասերի շինարարությամբ, հարյուրավոր սարքավորումների և սարքերի մատակարարմամբ։ Նա ոչ մի հարց չլուծված չէր թողնում, օպերատիվորեն քննարկում ու հընթացս լուծում էր դրանք։ Նրա չթուլացող ուշադրության արդյունքում գործարանն իր հզորությամբ, գիտատեխնիկական մակարդակով դարձավ ԽՍՀՄ խոշոր ձեռնարկություններից մեկը, որն իր արտադրանքի կարևորագույն տեսակների թողարկմամբ միակն էր երկրում։ Գործարանում և գիտահետազոտական ու կոնստրուկտորական ստորաբաժանումներում աշխատում էր ավելի քան 15 հազար մարդ։ Ինչ վերաբերում է կաբելի գործարանին, ապա պետք է ասել, որ Հայաստանում արդյունահանվող պղինձը դուրս էր տարվում նրա սահմաններից դուրս, իսկ որպես պատրաստի արտադրանք մատակարարվում էին կաբել, հաղորդալարեր և այլն։ Այս գործարանի շահագործումը թափ հաղորդեց  էլեկտրաշարժիչների, տրանսֆորմատորների, տարբեր սարքերի և այլ արտադրական ձեռնարկություններ կառուցելուն։ Գրիգորի Արտեմևիչի մասնակցությամբ կառուցվեց նաև էլեկտրալամպերի գործարանը, որտեղ աշխատում էր ավելի քան 6000 մարդ։ Հանրապետությունում սկսվում է էլեկտրատեխնիկական և սարքաշինական գործարանների շինարարությունը, ինչը տևում է մինչև 80-ական թթ. վերջը։ Ի մեծ ցավ ինձ, կեղծ դեմոկրատների իշխանության գալով 90-ականների սկզբին ոչ միայն կանգ առավ նոր ձեռնարկությունների կառուցումը, այլև փլուզվեց գրեթե ամեն բան, ինչ կառուցվել էր մեր հայրերի ու պապերի կողմից։ Վերը թվարկված գրեթե բոլոր ձեռնարկությունները կամ ամբողջովին թալանվեցին, կամ, լավագույն դեպքում, աշխատում են իրենց հզորության 10-20%-ի չափով («Նաիրիտ», «Հայշարժիչ», «Հայէլեկտրամեքենայի» առանձին արտադրամասեր և այլն)։ Ցանկը գրեթե անվերջ է։ Ամենից քիչ տուժեցին սննդարդյունաբերական և օգտակար հանածոներ արդյունահանող ու վերամշակող ձեռնարկությունները (Քաջարանի, Ագարակի կոմբինատներ և այլն), ինչը բնորոշ է հետամնաց տնտեսություն ունեցող երկրներին։

 Նկարագրելով Հարությունյանի գործունեությանը և այդ շրջանում նրա ունեցած դերին վերաբերող այս բոլոր իրադարձությունները՝ մեջս հարց առաջացավ. արդյոք համոզի՞չ են ասածներս, գուցե առանձին ընթերցողներ կասկածներ ունենան, որ սա նախկին ղեկավարի շարքային գովերգություն է, դե՛, առանց նրա էլ նույնը կլիներ։ Չէ՞ որ ես գրում եմ, որ մեր գեղեցիկ Երևանը հենց նրա օրոք է ձեռք բերել իր անկրկնելի կերպարանքը։ Տեղեկացնեմ ձեզ, որ այլ քաղաքներում՝ հարևան հանրապետությունների մայրաքաղաքներում, նման բան տեղի չէր ունենում։ Դա համարվում էր միջոցների անտեղի վատնում, ինչն այն ժամանակ խստորեն պատժվում էր։ Եվ միայն շնորհիվ Գրիգորի Արտեմևիչի արիության, համառության և իր ժողովրդին նվիրվածության՝ գումարած նրա բարձր ինտելեկտն ու լավ ճաշակը, այդ ամենն իր մարմնավորումը գտավ հենց Երևանի մեջ՝ իր անկրկնելի ճարտարապետությամբ։

 1952թ. Հայաստանում երեք վարչական օկրուգ ստեղծվեց՝ Երևանի, Լենինականի և Կիրովականի։ Սկզբում նախատեսվում էր դրանք մարզեր անվանել, ինչի մասին որոշումն ուղարկվեց Մոսկվա, բայց Ստալինի միջամտությունից հետո (նրան մարզ բառը դուր չէր եկել) կանգ առան օկրուգի վրա։ Հանրապետության  դժվար կլիմայական և ճանապարհատրանսպորտային պայմաններում հարկավոր էր ամրացնել շրջանային օղակները, ինչին էլ նպաստելու էին օկրուգային մարմինները։ Գրիգորի Արտեմևիչը եռանդուն զբաղվում էր օկրուգների կազմակերպման և վարչական աշխատողների տեղաբաշխման հարցերով։ Նրա կարգադրությամբ Լենինականի և Կիրովականի կենտրոնական հրապարակներում նախագծվում և կառուցվում են կուսակցության օկրուգկոմների և գործկոմների գեղեցիկ շենքերը։ Մի շարք ղեկավար աշխատողներ և ճարտարապետներ առաջարկում էին Լենինի հրապարակում վարչական շենքեր կառուցել Երևանի օկրուգի համար, բայց Գրիգորի Արտեմևիչն առարկում է՝ պատճառաբանելով, թե այնտեղ պետք է կառուցվեն հանրապետական նշանակության օբյեկտներ, իսկ օկրուգայինները պետք է տեղակայել քաղաքի այլ մասերում, ինչն ազդակ կհանդիսանար, որ դրանք բարեկարգվեն։ Ընտրությունը կանգ առավ Կարմիրբանակային փողոցի վրա, որտեղ երկար ժամանակ գտնվում էին քաղաքապետարանն ու մի քանի այլ կազմակերպություններ։

 Կուզենայի ասել, որ իմ մերձավոր շրջապատում երկու մարդ կար, որոնք ժամանակին աշխատել են Գրիգորի Արտեմևիչի ղեկավարության ներքո։ Մեկն իմ հորաքրոջ ամուսինն էր՝ Գուրգեն Արտաշեսի Փահլևանյանը, որի մասին ես արդեն հիշատակել եմ, մյուսը կնոջս պապը՝ Սմբատ Ավագի Հայրապետյանը։ Երկուսն էլ մահացել են 1986թ.։ Դեռ Գրիգորի Արտեմևիչի կենդանության օրոք նրանցից առաջինն աշխատում էր սկզբում որպես կոմունալ տնտեսության նախարար, իսկ հետո՝ Երևանի օկրուգկոմի (որը տարածքով զբաղեցնում էր Հայաստանի կեսը) գործկոմի նախագահ, իսկ երկրորդը՝ կուսակցության Ղուկասյանի, իսկ հետո՝ Սիսիանի շրջկոմների քարտուղար։ Փահլևանյանի հուշ-գրառումները շատ օգնեցին ինձ գրելու այս նյութը, ինչ վերաբերում է կնոջս պապին, ապա կուզենայի հիշել մի երկու դրվագի մասին, որ նա պատմել է ինձ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ղուկասյանի շրջանի իր հայրենի Կրասար գյուղից գործող բանակ է զորակոչվում անվանի աշուղ Շահենը։ Սմբատ Հայրապետյանը դիմում է Հարությունյանին՝ խնդրելով օժանդակել, որ նա զորացրվի։ Այդ ժամանակ նման խնդրանքի համար հնարավոր էր զրկվել պաշտոնից։ Գրիգորի Արտեմևիչի խելքն ու մարդկայնությունն էին պետք՝ անմիջապես հասկանալու համար, որ աշուղն ավելի մեծ օգուտ կբերի իր ստեղծագործական աշխատանքով, քան մարտնչելով ռազմաճակատում։ Կարճ ժամանակաընթացքում Շահենը վերադառնում է հարազատ գյուղ և ստեղծում բազմաթիվ գեղեցիկ երգեր։ Երկրորդ դրվագը տեղի է ունեցել արդեն հետպատերազմյան 1952-ին։ Գրիգորի Արտեմևիչը գալիս է մասնակցելու կուսակցության Սիսիանի շրջկոմի (որն այդ ժամանակ գլխավորում էր Սմբատ Ավագովիչը) կուսկոնֆերանսին։ Գիշերը մնում է նրա մոտ (այն ժամանակ հյուրանոցներ չկային, դա սովորական բան էր ղեկավարների համար)։ Վաղ առավոտյան Հայրապետյանը գնում է աշխատանքի՝ կազմակերպչական հարցեր լուծելու, իսկ նրա կինը նախաճաշ է առաջարկում ավելի ուշ արթնացած պատվավոր հյուրին։ Սեղանին հավ էր դրված, և Գրիգորի Արտեմևիչը ցանկանում է կտրատել այն։ Տառացիորեն մեկ րոպեում, ի զարմանս տանտիրուհու, հավը դանակի ու պատառաքաղի օգնությամբ բաժանվում է 17 մասի, ընդ որում՝ այնքան պրոֆեսիոնալ ձևով, որ տպավորություն է ստեղծվում, թե դա անում է փորձառու խոհարարը։

 Նրա բարյացակամությունն ու պարզությունը մշտապես զարմացրել են շրջապատողներին։ Մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Նա շատ գեղեցիկ մարդ էր, խոշոր, լայնաթիկունք, շատ խելացի դեմքով, խորաթափանց աչքերով, ուշադիր մարդկանց հանդեպ։ Նա սիրում էր արվեստը, հիանալի զգում այն, ըստ իս՝ հայկական արվեստի համար նա շատ բան է արել»։ Նույն ջերմությանբ ու հիացմունքով է Հարությունյանի մասին հիշում հիանալի գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանը։ Նա գրում էր. «Ես բախտ եմ ունեցել ծանոթանալու նրա հետ այն թեժ պահին, երբ նա տարված էր Հայաստանի մշակութային շինարարությամբ։ Եվրոպացու նման հավաք, խոհուն, քաղաքավարի և մարդկանց հանդեպ ուշադիր ընկեր Հարությունյանն իրեն շրջապատել էր հայրենի երկրի անցյալն ու ներկան իմացող մասնագետներով, համբերատար լսում էր նրանց պատմությունները, համակվում նրանց խանդավառությամբ և ընթացք տալիս գործնական իմաստ ունեցող յուրաքանչյուր նախաձեռնության։ Երևանը նրա ղեկավարության ժամանակ ինձ հիշեցնում էր Գյոթեի դարաշրջանի փոքրիկ Վեյմարը, որտեղ ծաղկում էր ապրում ամեն ինչ, ամեն ինչ շարժման մեջ էր դրվում՝ դպրոցները և թատրոնները, հիվանդանոցները և գրապահոցները, թանգարանները և լաբորատորիաները»։  Գրիգորի Արտեմևիչն անգիր արտասանում էր հայ շատ բանաստեղծների ստեղծագործություններից։ Հարությունյանի մասին արվեստագետների հիշողությունները կուզենայի ավարտել մի մարդու՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խոսքերով, որին ես լավ ճանաչում ու հարգում եմ։ «Ես առանց չափազանցության կարող եմ ասել, որ ամեն լավ բանի համար, ինչ ունենք երկրում, մենք պարտական ենք Գրիգորի Հարությունյանին։ Հենց նրա ղեկավարության տարիներին են Երևանում կառուցվել գեղեցիկ շենքեր, որոնցով մենք առայսօր հիանում ենք և միշտ ենք հիանալու, ստեղծվել են մշակութային օջախներ, և Երևանը դարձել է մի քաղաք՝ իր անկրկնելի կերպարանքով, մթնոլորտով… Գրիգորի Արտեմևիչը վերին աստիճանի իմաստուն քաղաքական գործիչ էր, որին հավասարը ես չեմ ճանաչում։ Նա հայ ժողովրդի մեծ զավակն էր, երկրի իսկական առաջնորդը, պետական մտածողության տեր մարդ, որն այնքան պակասում է մեզ այսօր։ Բայց ի թիվս այլ բաների, նա մի մարդ էր, ով նրբորեն զգում էր մշակույթն ու արվեստը, ով հովանավորում էր մուսաներին… Հենց նրա ղեկավարման տարիներին էր, որ Հայաստանում ծաղկում ապրեց թատերական ու երաժշտական կյանքը, գրականությունը և արվեստը բարձրացան որակապես այլ մակարդակի։ Գրիգորի Արտեմևիչն ինքը բաց չէր թողնում ոչ մի պրեմիերա. չէ՞ որ սա շատ բանի մասին է վկայում։ Նա անձնական օրինակով ձգտում էր ժողովրդի մեջ սերմանել սեր հայրենի մշակույթի հանդեպ, իսկ պետության ղեկավարի անձնական օրինակը թանկ արժե. ցավոք, մեր ներկայիս այսպես կոչված էլիտան սա չի հասկանում»։ Թերևս, ավելացնելու բան չկա Սոս Արտաշեսովիչի խոսքերին։

 1953թ. մարտի 5-ին մահացավ Ի.Ստալինը։ Հայաստանից նրա թաղմանը մասնակցելու մեկնեց պաշտոնական պատվիրակություն՝ յոթ մարդուց բաղկացած, Գրիգորի Հարությունյանի գլխավորությամբ։ Պատվիրակության մեջ էին Ա.Քոչինյանը, Մ.Պապյանը, Բ.Գրիգորյանը, Գ.Փահլևանյանը, Կ.Ռուխիկյանը և Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի մի բանվոր (ցավոք, Գուրգեն Փահլևանյանը նրա ազգանունը չէր հիշում)։ Թաղմանը Լ.Բերիան արտասանեց հետևյալ խոսքերը. «Մենք ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնին նշանակեցինք ռուս մեծ ժողովրդի զավակ Մալենկովին»։ Նա խոսում էր ակցենտով, ինքնավստահ, ասես Ի.Ստալինի մահվանից հետո ամեն ինչ նրանից էր կախված։  Շուտով օկրուգները վերացրին։ Վրաստանում և Ադրբեջանում Կենտկոմի առաջին քարտուղարները դարձան մինիստրների խորհուրդների նախագահներ, Կենտկոմի բյուրոյում նախատեսվում էր, որ մեզ մոտ Գ.Հարությունյանն ու Ա.Քոչինյանը «կփոխատեղվեն», բայց Հայաստանում անսպասելիորեն ամեն ինչ այլ սցենարով ընթացավ։ 1953թ. սեպտեմբերին կայացած Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումում Կենտկոմի քարտուղարությունը և անձամբ Հարությունյանը խիստ քննադատության ենթարկվեցին։ Առանձնապես «ջանադիր» էին  Շմավոն Առուշանյանը և Սուրեն Թովմասյանը, բայց Կենտկոմի շատ անդամներ (Կ.Ռուխիկյան, Ե.Վարդանյան, Գ.Ալեքյան, Ս.Միքայելյան և այլք) պաշտպանեցին նրան։ Սակայն Գրիգորի Արտեմևիչի ճակատագիրն արդեն կանխորոշված էր։ Բանն այն է, որ ժամանակին նա ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում չէր պաշտպանել Ն.Ս. Խրուշչովի ագրոքաղաքներ կառուցելու նախաձեռնությունը։ Նիկիտա Սերգեևիչն այն ժամանակվանից էր քեն պահել նրա նկատմամբ։ Այն ժամանակ նա ասել էր Գրիգորի Արտեմևիչին. «Մենք դեռ կհանդիպենք մի նեղ ճանապարհի»։ Եվ այդ ժամանակը եկել էր։ Հայաստան եկավ ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատողների մի խումբ՝ կուսակցական-կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ Վիկտոր Չուրաևի գլխավորությամբ, որը զեկուցագիր պատրաստեց Խրուշչովի անունով, որն էլ հիմք ծառայեց Հարությունյանին պաշտոնից հեռացնելու համար։ Ինչպես իր հուշերում գրում է Հայաստանի ժողկոմխորհի նախկին նախագահ Ե.Ասծատրյանը, շատ տարիներ հետո վերոնշյալ Վիկտոր Չուրաևը նրան պատմել է, որ երբ արդեն Մոսկվայում, ԽՄԿԿ Կենտկոմում Հարությունյանին ներկայացրել են առաջ քաշված բոլոր մեղադրանքները, նա ասել է. «Ինչո՞ւ եք ինձ արատավորում չեղած բաներով, ես գիտեմ, որ երկրում ղեկավարության է եկել նոր մարդ, նա պետք է իրեն անհարմար ղեկավարներին հանի զբաղեցրած պաշտոններից և նրանց տեղը նշանակի իր մարդկանց։ Ես հո չեմ առարկում, բայց չեմ ընդունում այդ չհիմնավորված, հորինված մեղադրանքները»։ Ստուգման արդյունքները քննարկվեցին ԽՄԿԿ Կենտկոմում, Խրուշչովի մոտ, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի գրեթե բոլոր անդամների մասնակցությամբ։ Ընդունվեց որոշում, որ Հարությունյանն այլևս չի կարող գլխավորել Հայաստանի Կոմկուսը, քանի որ կորցրել է նրա վստահությունը։ Այս եզրահանգմամբ էլ 1953թ. նոյեմբերի 28-ին Երևանում սկսվեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումը՝ ԽՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատողների խմբի մասնակցությամբ, որը գլխավորում էր Կենտկոմի քարտուղար Պ.Պոսպելովը։ Դեռ պլենումից առաջ որոշ կուսկազմակերպությունների ժողովներում Գրիգորի Արտեմևիչին քննադատող շատ ելույթներ էին եղել։ Զգալով, թե որտեղից է փչում քամին, որոշ «գիշատիչներ» հարձակվեցին վիրավոր առյուծի վրա։ Պետք է ասել, որ նրանց մեջ էր նաև հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, բայց, ի տարբերություն շատերի, նա հետագայում զղջացել էր դրա համար և հրապարակավ ընդունել իր սխալը։ Դե ինչ, դա նրան պատիվ է բերում։ Սխալներ բոլորն են գործում, բայց հատուկենտ մարդիկ են զղջում։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակին պաշտպանել էին Գրիգորի Արտեմևիչին, հեռացվեցին պաշտոններից։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Սուրեն Թովմասյանը, իսկ Շմավոն Առուշանյանը գլխավորեց կուսակցության Երևանի քաղկոմը։ Որոշ ժամանակ անց հանրապետության ղեկավարությունն ավելի լավ բան չգտավ, քան Գրիգորի Արտեմևիչին Էջմիածնի մի հետամնաց ոչխարաբուծական տնտեսության տնօրեն նշանակելը։ Իհարկե, պաշտոնը վիրավորանքի աստիճանի ցածր էր, բայց պետք է ասել, որ քանի որ Գրիգորի Արտեմևիչը երբեք կարիերիստ չի եղել (աշխատել է այնտեղ, ուր նշանակել են, անձամբ ինքը ոչնչի չի նետվել), ապա անգամ այստեղ խանդավառությամբ կպավ գործին։ Նրա զարմուհի Նամի Միկոյանը, որը հոր՝ Արտեմ Գեուրկովի մահվանից հետո դարձել էր Հարությունյանների ընտանիքի հոգեզավակը, իսկ հետագայում՝ Անաստաս Միկոյանի հարսը, իր «Իմ աչքերով» գրքում գրում է. «Քեռիս շատ էր տարված իր աշխատանքով, ինձ մոտ պահպանվել են սովխոզի քարտեզները, գրառումները, նախագծերը, նա այնտեղ լավ ճանապարհ անցկացրեց պատրաստի արտադրանքը դուրս տանելու համար։ Սովխոզն առաջին տեղը գրավեց համամիութենական մրցույթում, արժանացավ փոխանցիկ դրոշի։ Սովխոզի հաջողությունը զայրացրեց հանրապետության ղեկավարությանը, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվեց հանրապետության գյուղատնտեսության մինիստր Ենոք Ղազարյանը (կարծես թե իր հաջողությամբ Հարությունյանը նրան էր պարտական)։ Սովխոզը քեռուս հեռանալուց հետո դադարեց գոյություն ունենալ»։ Կապված այն բանի հետ, որ Գրիգորի Արտեմևիչի համար դժվար էր ամեն օր «ուազիկի» մեջ ցնցվելով Երևանից հասնել սովխոզ և հակառակը, նա դիմում է Ս.Թովմասյանին՝ իրեն քաղաքում աշխատանքի տեղավորելու խնդրանքով, բայց վերջինը մերժում է Լենինի չորս շքանշաններով պարգևատրված  նախկին ղեկավարին։

 Շաքարախտը, սրտի հիվանդությունը՝ մի և հալածանքը՝ մյուս կողմից հնարավորություն չէին տալիս հանգիստ աշխատելու, և Հարությունյանը որոշում է Երևանից տեղափոխվել Թբիլիսի։ 1956թ. հունվարի 27-ին Գրիգորի Արտեմևիչն ազատվում է սովխոզի տնօրենի պաշտոնից և, բնակարանը փոխանակելով (անհարմարավետ երկու սենյակի հետ)՝ մեկնում է Թբիլիսի։ Բայց այստեղ էլ առաջին տարում աշխատանք չի կարողանում գտնել, իսկ Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վ.Մժավանաձեն անկեղծորեն խոստովանում է. «Վախենում եմ Խրուշչովի զայրույթից»։

 1957թ. սեպտեմբերին Նամի Միկոյանի անձնական խնդրանքով և ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Եկատերինա Ֆուրցևայի միջնորդությամբ հաջողվում է Հարությունյանին աշխատանքի տեղավորել Վրաստանի գոսպլանի գյուղտնտբաժնի պետի պաշտոնում։ Կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց մի ամիս էլ չէր անցել, և նա հիվանդանում է գրիպով, իսկ թուլացած օրգանիզմը չի ապաքինվում։ 1957թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի այս արժանավորագույն գործիչը կնքում է մահկանացուն։ Ողջ Թբիլիսին էր մասնակցում Հարությունյանի հուղարկավորությանը, բայց մեր հանրապետական մամուլում նրա մահվան մասին ոչինչ չէր հաղորդվում, իսկ թաղմանը ոչ պաշտոնապես մասնակցում էր մի քանի հավատարիմ ընկեր։

 Կանխատեսում եմ մի քանի կարծիք այս հոդվածի առնչությամբ. ամեն ինչ շատ հարթ է, բայց չէ՞ որ եղել են և՛ 1937-ը, և՛ 1949-ը, և չի կարող պատահել, որ Հարությունյանը մրոտված չլինի այն ժամանակներում, երբ տեղի էին ունենում այդ ահավոր իրադարձությունները։

 Ես միտումնավոր տեքստում չեմ ներառել վիճտվյալներ բռնաճնշվածների և գնդակահարվածների թվաքանակի մասին. դրանք հրապարակված են բազմաթիվ հոդվածներում ու հրապարակումներում։ Գրիգորի Արտեմևիչը չի կազմել այդ ցուցակները (դա ՆԳԺԿ-ի գործն էր), իսկ եթե երկար ուսումնասիրել է դրանք, ապա միայն այն բանի համար, որ փրկի որքան հնարավոր է շատ մարդկանց։ Նա կարողացել է գրեթե կրկնակի կրճատել բռնաճնշվածների թիվը։ Նա ամենազոր չէր (1938թ. Բերիան գնդակահարել էր տվել նրա հարազատ եղբորը), նա անում էր այն, ինչ կարող էր այդ իրավիճակում։ Մի՞թե մեզ համար ավելի հեշտ կլիներ, եթե Գրիգորի Արտեմևիչը, չդիմանալով այդ ամենին, վերջ տար կյանքին։ Նա չէր կարող դա թույլ տալ իրեն, քանի որ արի մարդ էր, և որ ամենագլխավորն է, շատ էր սիրում Հայաստանն ու իր ժողովրդին։ Իսկ իր քաղաքացիական դիրքորոշումն ապացուցել է բազմիցս, մասնավորապես՝ երբ փրկում էր Էջմիածնի կաթողիկոսությունն այն սովորական թանգարանի վերածելուց և Ի.Ստալինին 1945թ. ուղղած այն նամակով, որում հիմնավորում էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղի միանալու պատճառները։ Այն ժամանակներում այդ նամակը նրա վրա կարող էր թանկ նստել։ Ի.Ստալինի մահվանից երեք ամիս անց Հարությունյանի նախաձեռնությամբ քննարկվում է 1949թ. հիմնականում Ալթայի երկրամաս տեղափոխված Հայաստանի քաղաքացիների հայրենիք վերադառնալու հարցը։ Նա հիանալի գիտեր, որ մարդիկ անմեղ տեղն են տուժել, բայց այդ տարիներին իրավիճակը փոխել չէր կարող։

Այո, հետաքրքիր բան է կյանքը։ Մարդը գրեթե 17 տարի ղեկավարել էր հանրապետությունն ամենաահավոր տարիներին՝ անելով ամեն բան, որպեսզի ամենափոքր կորուստներն ունենանք, վերջապես ստեղծել է մեր մայրաքաղաքի կերպարը, էլ չեմ ասում հանրապետության ժողտնտեսության մեջ ունեցած ավանդի մասին, բայց հարցրեք միջին սերնդի ցանկացած ներկայացուցչի, էլ չեմ ասում երիտասարդության մասին, թե ով է Գրիգորի Հարությունյանը։ Կեսից ավելին չգիտի։ Էդ ի՞նչ պետք էր անել՝ այսպես մոռացության մատնելու համար մարդուն։ Ինչպե՞ս պատահեց, որ մեր երկրում ոչ մի հուշարձան, նրա անունը կրող ոչ մի պողոտա, անգամ նրբանցք չի եղել ու չկա։ Ուզում եմ մտածել, որ սկզբում վախենում էին Խրուշչովի արձագանքից ու դրա հետևանքներից։ Բա հիմա՞։

Առանց անցյալի ճիշտ գնահատման արժանապատիվ ապագա չես կառուցի։

 Ծանոթություն,-Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը իր «ծախող և դավաճան գործունեությունը» սկսեց 1953 թվականից և ավարտեց 1990-ին, հիմնականում իրար հետևից մասնակցելով  Անտոն Քոչինյանի և Կարեն Դեմիրճյանի պաշտոնանկմանը: Մինչև այսօր անհայտ է մնում, թե ինչ ուժերի էր աջակցում բանաստեղծուհին իր կենդանության օրոք: (Լույս Աշխարհ)

ԻՆՉ Է ԳՐՈՒՄ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հարությունով) Գրիգոր Արտեմի (7․11․1900, ք․ Թելավ _ 9․11․1957, Թբիլիսի), կուսակցական, պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1919-ից։ Սովորել է Մոսկվայի ժողտնտ․ ինստ-ում (1922_24)։ 1921_37-ին աշխատել է Վրաստանի կոմկուսի կազմակերպություններում (1934_37-ին՝ Վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղկոմի քարտուղար)։ 1937_53-ին Հ․ հանդիսացել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1938-ից՝ նաև ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար)։ Գլխավորելով Հայաստանի կոմկուսն անհատի պաշտամունքի բարդ և հակասական շրջանում, Հ․ չէր կարող խուսափել այդ շրջանին հատուկ ղեկավարման եղանակներից։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941_45) ժամանակ եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի ռազմ․ խորհրդի անդամ, ղեկավարել հայկ․ ազգ․ զորամիավորումների ստեղծման գործը, հանրապետության ժող․ տնտեսությունը պատերազմի պահանջների համապատասխան վերակառուցելու ընթացքը։ Հետպատերազմյան տարիներին եռանդուն աշխատանք է տարել Հայաստանի ժող․ տնտեսության, շինարարության, մշակույթի զարգացման ուղղությամբ։ 1946_47-ին ծավալված հայրենադարձության ժամանակ Հ․ փորձ է կատարել լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը՝ ԽՍՀՄ ղեկավարությանը հասցեագրված դիմումում այդ խնդրի լուծումը պատճառաբանելով հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ։ 1949-ին նամակով դիմելով անձամբ Ի․ Ստալինին՝ փորձել է կանխել հայ ժողովրդի նկատմամբ ԽՍՀՄ ներքին գործերի մարմինների կողմից պատրաստվող հրեշավոր սադրանքը՝ «անբարեհույս» հայ ընտանիքների արտաքսումն Ալթայի երկրամաս։ 1953-ին Հ․ ազատվել է ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարի պարտականություններից, որոշ ժամանակ աշխատել է Երևանի մոտ գտնվող խորհրդ․ տնտեսության տնօրեն, ապա տեղափոխվել Թբիլիսի։ ԽՍՀՄ (1937_ 1954), ՀԽՍՀ (1938_55) Գերագույն խորհուրդների պատգամավոր։

ՄԵԿ ՈՒՐԻՇ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գրիգոր, Գորգին Խան (ծ․թ․ անհտ․ _ 11․8․1763), ռազմական գործիչ, Բենգալիայում 1760_63-ին անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ղեկավարներից։ 1760-ին օգնել է Բենգալիայի կառավարիչ Միր Կասիմին՝ կազմակերպելու ապստամբություն անգլիացիների դեմ։ Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ II Հ-ին ճանաչել է Բենգալիայի զորքերի գլխ․ հրամանատար։ Տեղացի հնդիկ և հայ զինագործների օգնությամբ կազմակերպել է զենքի, զինամթերքի արտադրություն և զինել հնդկ․ բանակը։ Բարեփոխումներ է մտցրել հնդկ․ բանակում, ստեղծել հետևազորային և հեծյալ զորատեսակներ (12 գունդ), դասավորել հատուկ ռազմակարգով, կազմակերպել հրետանային գումարտակներ։ Ներգրավել է նաև հայ զորականներին (զորապետներ էին Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարգար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երևանցին և ուր․)։ Միր Կասիմի և Հ-ի գլխավորությամբ ապստամբները 1760-ի աշնանը Բենգալիան հռչակել են անկախ։ Անգլիացիները փորձել են Հ-ին գրավել իրենց կողմը, սակայն՝ ապարդյուն։ Սանթա Դարիա դաշտավայրում (Գանգեսի վտակներից մեկի ափին) տեղի ունեցած ճակատամարտում անգլիացիները պարտության են մատնել ապստամբներին, սակայն Հ․ շարունակել է պայքարը․ անգլիացիներին հաջողվել է դավադրաբար սպանել նրան։

Գրկ․ Խոջամալյան Թ․, Պատմութիւն Հնդկաց, Կալկաթա, 1849։ Աբրահամյան Ռ․Ա․, Հնդիկ ժողովրդի 1760_1763 թթ․ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը, ՊԲՀ, դ 3, 1960։ Նույնի, Армямские источнико VIII в․ об Индии, Е․, 1968․

 

 



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Apr 23, 2012 1:20