Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, April 17, 2012 23:09 - 7 քննարկում
ՀԱՇՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ
ՀԱՇՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ
Մե՛նք, որ մեր արյան ամեն կաթիլով ու սերնդականորեն՝ ճանաչու՛մ ենք թուրքին, կհայտարարե՛նք համարձակորեն.
թուրք-հայ բարեկամություն՝ Չկա՛, Չկա՛,Չկա՛:
Չկա՛, որովհետև եթե այդ բարեկամությունը հային կյանք պիտի տա՝ մահ պիտի տա թուրքի՛ն: Այս բանը թուրքը մեզնից չէ՛, որ պիտի սովորի: Եվ եթե այն կյանք պիտի տա թուրքին՝ մահ պիտի տա հայի՛ն:
Թուրք-հայկական բարեկամությունը հանգեցնելու է հայկական դժոխքի: Այս քարոզչության գործած ու գործելիք ոճիրներին՝ ո՛չ արդարացում կա, ոչ՝ չքմեղա՛նք:
===============================================
Հայ և թուրք հարաբերությունների թնջուկն, այսօր, առավել քան երբևէ, ալեկոծել է հայաստանյան և Սփյուռքի իրականությունները, շիկացրել բոլոր կրքերն ու մեր հասարակական-քաղաքական միտքը դրել երկընտրանքի առջև: Հայ-թուրքական արձանագրություններ, բաց սահմաններ, երկխոսություն՝ առանց նախապայմանների, ցեղասպանության հարցի շուրջ՝ պատմաբանների երկկողմ քննարկումներ. այս ամենը լոկ արտաքի՛ն շերտն են այն ճեղքվածքի, որ տասնամյակների ընթացքում տվել է հավաքական մեր հոգեբանությունը: Առաջին հայացքից, թվում է, թե այս հարցում երկընտրանքներ՝ չպե՛տք է, որ լինեին: Այն, որ թուրքը մեր Ցեղի թշնամին է՝ դա անժխտելի՛ է: Սակայն, պարզվում է, շատերի՛ն է ձեռնտու՝ թշնամու այդ կերպարի խամրեցումը մեր գիտակցության մեջ: Ինչու՞, ի՛նչն է պատճառը՝ մեզանում եռացող արդար վրեժի և ատելության զգացումը, հաշտվողականության և ներման գաղափարներով փոխարինելու՝ պարտվողական տրամադրությունների այսօրինակ տարածման: Արդյո՞ք ճիշտ են թշնամանքի ու վրեժի զգացման անվերջ քարոզները, թե՞ իրոք, ժամանակն է վե՛րջ դնելու այս ամենին և զարկ տալու քաղաքակիրթ երկխոսությանը երեկվա ոխերիմ մեր թշնամու հետ՝ մի բան, որի ջատագովներն այսօր ամենուր են՝ քաղաքական և հասարակական բոլո՛ր շրջանակներում:
ՀԻՇԻ՛Ր. Թուրք-հայ բարեկամության մեջ հույս տեսնողները, գիտակցորեն թե անգիտակցաբար, թշնամի են հայությա՛նը: Եվ վաղը, այսպիսի մի քայլից հեղվելիք արյունների պատասխանատվությունը, արտաքին բոլոր դավերից անկախ, ամենից առաջ ընկնելու է հայի՛ վրա:
==============================================
Որքան էլ տարօրինակ է, բայց այս երկընտրանքը նոր չէ՛: Միշտ էլ գտնվել են գործիչներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ՝թրքասիրության, հաշտվողականության ու ներումի վարակը մեզանում արմատավորելու համար: Եվրոպական արժեքնե՜ր, քաղաքակիրթ, մարդասեր բարքե՜ր, հզոր հարևա՜ն, անպաշտպան, թույլ Հայաստա՜ն. ահա՛ սրանց բերած հիմնավորումները՝ իրենց դիրքորոշումն արդարացնելու համար: Եվ որ ամենակարևորն է, ըստ բոլոր կարգի այս խաղաղասերների՝ թուրքն այլևս առաջվանը չէ՛, և առնվազն վայրենություն է՝ անցյալի մոխիրների փորփրումն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը:
Եթե համակերպման գաղափարի քարոզիչները, որոնք իրենց սև գործն էին սկսել ցեղասպանությանն անմիջապես հաջորդած տարիներին, հզոր գաղափարական հակահարված ստացան հայ ազգայնական շարժման մեր տեսաբանների կողմից, ապա այսօր, պետականության առկայության պայմաններում, դրանց գործի՝ կամա թե ակամա շարունակողներն անպատիժ են, ազատ՝ իրենց գործունեության մեջ: Ասես միտումնավոր, անտեսվու՛մ է ժանտախտի այն վտանգը, որ սրանց շնորհիվ, օր-օրի տարածվում է հայ իրականության մեջ: Հայ-թուրքական սահմանների բացման անհրաժեշտությունը տնտեսական ինչ-ինչ կասկածելի շահերով բացատրելուն՝ այսօր ավելացել է և՛ս մեկ «դարակազմիկ» հիմնավորում. Պատկերացնու՞մ եք, երկու ժողովուրդների ազատ շփումը հնարավորություն կընձեռնի հայկական մշակույթն ու արժեքնե՜րն արմատավորել Արևմտյան Հայաստանի և Թուրքիո այլ տարածքներում՝ ծպտյալ ու կրոնափոխ հայերի շրջանում, դա թույլ կտա դարձի՜ բերել հավատափոխ կամ ազգային ինքնագիտակցությունը կորցնող մեր եղբայրներին: Ասացե՜ք խնդրեմ. իսկ առավել բարոյական և ազգային շահի տեսանկյունից առավել ճիշտ չէ՞ր լինի մտածել՝ սեփական երկիրն ու հոգինե՛րը թուրքական աղբից մաքրելու մասին՝ աղբ, որ ամենու՛ր է հայ իրականության մեջ, որ սպրդում է «երաժշտություն» կոչված մուղամ-ոռնոցների՛, մտածելակերպի՛, քանդելու, պղծելու և ստորացնելու մոլուցքի և դրան գումարած՝ հիվանդագին սեռակենտրոնությա՛ն տեսքով: Հորդ արյունախառնումների կամ թուրքական պետական ապարատի՝ տասնամյակների հզոր ճնշման արդյունքում, ազգային ինքնագիտակցությունն իսպառ կորցրած կամ կորցնելու վտանգի մեջ գտնվող մեր ազգակիցներին վերադաստիարակելու կեղծ և անհամոզիչ պատրվակները թողած՝ մտածեք նախ սեփակա՛ն՝ միատարր ազգաբնակչություն ունեցող, պատերազմ շահած երկրու՛մ ՝հոգեպես այլասերվող երիտասարդությանը ազգային ափ վերադարձնելու մասին, երիտասարդություն, որի մի ստվար զանգվածի իդեալները դրամն են, հաճույքներն ու թուրքական բաղնիքները, որն իր կյա՛նքն անգամ չի պատկերացնում առանց թուրքական երգ-երաժշտության ու նարգիլեի: Եվ սա, դեռևս փակ սահմանների՛ դեպքում: Ե՛վս մի հանգամանք. թուրքական պետությանը մշակութային էմանսիպացիայի ենթարկելու «փառավոր» ծրագրերից առաջ, վատ չէր լինի՝ մի փոքր էլ մտածել վրացական պետական քարոզչության առջև միայնակ մնացած ջավախահայությա՛ն մասին, ա՛յն մասին, որ երբե՛ք չի կարող երկար դիմանալ՝ թեև զտարյուն և սեփական հողի վրա կանգնած, բայց այնուամենայնիվ, օտար մշակույթի պարբերական ճնշմանը ենթարկվող որևէ հավաքականություն: Այս մասի՛ն է պետք նաև մտածել, Արևմտյան Հայաստանի հայության պարոնա՛յք «պաշտպաններ»:
ՀԻՇԻ՛Ր. Վախը, սարսափը թշնամուց՝ սպանու՛մ է դեպ այդ թշնամին տածած մեր ատելությունը:
–Պիտի ներե՛լ թրքությանը և մոտենալ նրան,-ասում է հայ պարտվողականը, որ ջատագո՛վն է թրքական կողմնորոշման,- քանզի մեզ ճակատագրված է նրա անմիջական դրկի՛ցը լինել, տկար հարևա՛նը:
Մտքի և հոգու ինչպիսի՜ աղքատություն՝ ներել նրան, որից ծեծվե՛լ ես, թքվել և անարգվե՛լ: Ներել նրան, որին քեզանից ուժե՛ղ ես զգացել և ծունկի՛ եկել նրա առջև: Ներել իր տիրո՛ջը, իր բռնակալի՛ն, իրեն հաղթողի՛ն: Ինչպիսի՜ մահացու տգիտություն և բարոյական անկում:
Իսկ եթե թրքությունը կարիք չզգա՛ց քո ներումի ստրկական արտահայտության ու թքեց քո և քո ներու՛մի երեսին: Իսկ եթե թրքությունն ասեց . –Սրի քաշելով հայության կեսը՝ ես արձանի ու պսակի արժանի գո՛րծ եմ կատարել իսլամի համար: Եվ եթե վաղը, սուրս երկարեց քո մյու՛ս կեսի վզին՝ քո ստրկական ներումը չի՛ փրկի քեզ:
Եթե այսպե՛ս խոսեց Արևելքի մարդատիպ բորենին: Եվ կարիք կա՞ խոսքի՝ թրքությունը ճանաչելու համար: Մի՞թե խոսուն և հասկանալի չէ՛ նրա հայադավ լռությունը: Միջազգային բարոյակա՞նը. բայց այդ երբվանի՞ց է, որ գոյություն ունի դա: Արևելքի խուժն ու ստրու՞կը, հակաբարոյական թուրքն ու հայ պարտվողակա՞նը հիմքը պիտի դնեն ցեղամիջյան բարոյականության: Վա՜յ և ա՛յդ բարոյականին, և հայությա՛ն:
******************************
Հայ մշակութային գործիչների այցելությունները Թուրքիա՝ համերգների, տարբեր բնույթի միջոցառումների տեսքով, կարծես արդեն որևէ զարմանք չեն առաջացնում: Եզակի չեն նաև, զուգահեռաբար, Թուրքիայից մեկնարկած պատասխան այցելությունները: Թվում է, թե ոչինչ չկա՛ այստեղ սարսափելի: Թող շփվե՛ն, թող թուրքը ծանոթանա մեր մշակույթին, թող հայը ճանաչի իր հարևանին՝ նաև դրակա՛ն կողմից: Իսկ եթե երբեմն, թուրք՝ այս կամ այն գործչի կողմից, ինքնախարազանման կամ սեփական անցյալը դատապարտող որևէ խոսք է հնչում՝ ապա աննկարագրելի՜ է համատարած հորթային հրճվանքը. Տեսնու՞մ եք, թուրքն առաջվանը չէ, և բոլորը չէ՛, որ վատն են: Իսկ մենք, որ վայրենի՛ ենք մնացել մեր բնազդներում, չե՛նք հասկանում, պարոնա՛յք, «լավ» և «վատ» որակումները՝ թուրքի պարագայում: Թուրքը մեզ համար մի տեսա՛կ է, որը, քանի դեռ զբաղեցնում է մեր Հայրենիքը, քանի դեռ համարժեք պատասխան չի տվել մեր Ցեղի կեսի ոչնչացման դիմաց, ենթակա է մեր ատելությա՛ն: Մենք չե՛նք ընդունում թուրքի գոյության իրավունքը մեր տանը՝ լինի՛ այդ թուրքը անկիրթ մարդակեր, թե՝ ուսյալ մարդասպան: Իրականում՝ «գիտակից, լավ թուրքի» գաղափարի այս արմատավորումը հանգեցնում է մեկ տխուր հետևանքի. հայի մեջ խամրում է թուրքի՝ իբրև կենսաբանական, մահացու թշնամու կերպարը: Իսկ որ թուրքի ներկայությունն հայկական Բարձրավանդակում իրո՛ք վտանգում է մեր Տեսակի գոյությունը՝ դա երբե՛ք չի կարելի մոռանալ: Փոխադարձ շփում մահացու թշնամու հետ՝ դա նշանակում է հոգեպես հաշտվե՛լ քո կողքին նրա ներկայությանը, դա նշանակում է՝ ժամանակի ընթացքում հարազատեցնե՛լ նրա հետ խաղաղ և բարեկամական գոյակցության հնարավորությունը: Դա նշանակում է վերջապե՛ս՝ ներե՛լ թուրքին, ներել՝ նրան այդպես էլ չպատժա՛ծ, այդպես էլ, նրան քո Հայրենիքից դուրս չշպրտա՛ծ: Դա ասել է՝ կենսաբանական թուլություն և վերջնական աղետի սկի՛զբ:
******************************
ՀԻՇԻ՛Ր. «Բայց Հայկ, վեհանձն ու բարեպաշտ, կուտայ դիականցն պատւաւոր գերեզմա՛ն բլուրին վրայ: Իսկ Նեբրովթայ մեծազանգւած մարմինը դիապատելով, մեծաճոխ հանդերձանօք կտանեն ի Հայս լեռնակեաց յաղթական արծիւք, ուր հիմա Թորգոմայ արքայական տան մօտ կննջէ զքուն յաւիտենական՝ ազատազգաց ոխերիմ թշնամին»:
Ճիշտ այսպես՝ հայկաբար պիտի վարվենք և մե՛նք թրքության մեռելոտիի՝ նրա մեծազանգված դիակի հետ, երբ որ հաղթի մեր սուրը:
Մենք չե՛նք ջախջախի մեր սվինից վիրավոր թուրք զինվորի գանգը, որովհետև մերը չէ՛ այն շնական վարդապետությունը, որ տարբերություն չի դնում չարի և բարու միջև:
Մենք չե՛նք շնանա նրա գեղեցկուհիների հետ, չե՛նք կրոնափոխի նրա որբերին, քանզի մերը չէ՛ այն ցեղը, որի մեջ դարերով ու դարերով շունն ավելի՛ զորեղ է եղել, քան մարդը:
Մենք մա՛րդ, ավելի՛ քան մարդ կլինենք թրքության հանդեպ, երբ մեր սուրը նրան ծնկի կբերի մեր առջև:
Իսկ մինչ այդ օրը, նա մեր գլուխը, իսկ մենք՝ նրա գարշապա՛րը պիտ փնտրենք: Որովհետև նա չի կարող մարդ լինել մեր նկատմամբ: Նա չի զղջա մեզ հասցրած անլուր չարիքների համար, իսկ մենք՝ ներելու համար, պիտի ճգնենք լինել նրանից ուժե՛ղ…
******************************
Հոգեբանական այս մեծ վարակի արմատավորմանը սերտորեն առնչվում է մեկ ա՛յլ՝ առավել նուրբ ու դիվակա՛ն մտավարժանք, որ վերջերս արդեն, ինչ-ինչ շահագրգիռ ուժերի պատվերով, սկսել է դուրս սպրդել սփյուռքահայ «խորհուրդների» ու «վտարանդի կառավարությունների» միջոցով. դա Արևմտյան Հայաստանից տեղահանվածների շառավիղներին՝ իրենց պապերի երկիր ուղարկելու ջանքերն են: Ի՞նչ է սա՝ հայկական հողերը հայ բնակչությամբ լցնելու մտահոգությու՞ն, այն հույսով, որ վաղ թե ուշ այստեղ կերտվելու է հայոց պետականություն կամ ինքնավարություն, թե՞ սփյուռքում դանդաղ ձուլման ենթարկվածներին՝ արագ ներգործող մահադեղի մատուցում: Բարոյական ինչպիսի՜ անկում՝ թուրքական չափ ու սահման չճանաչող հայատյացության պայմաններում, շահարկել Արևմտյան Հայաստանի գաղափարը՝ սեփական ազգակիցներին թուրք-քրդական բազմամիլիոն զանգվածի ճիրաններին հանձնելու համար: Մի՞թե այդքան բարդ է պատկերացնելը, թե նույնիսկ բարյացակամ ընդունելության դեպքում, ի՛նչ է սպասվում տասնամյակներ շարունակ Հայրենիքից կտրված և արդեն ազգային ինքնությունը խաթարված միամիտներին՝ ամենաուշը մեկ սերու՛նդ անցնելուց հետո: Սեփական Հայրենիքում հայապահպանությունն ու ազգային ուժեղ տարրի ապահովումը հնարավոր են միայն այն դեպքում, երբ այդ Հայրենիքում սեփական՝ ազգայի՛ն պետությունն է գործում: Այս տարրական ճշմարտությունը մեզանից չէ՛, որ պետք է սովորած լինեին նման կոչերի հեղինակները: Բայց, այնուամենայնիվ, այդ քարոզները հնչում են՝ ավելի ու ավելի ահագնացող ուժգնությամբ:
ՀԻՇԻ՛Ր. Չէ՛, չէ՛, չի՛ կարելի հազար ու հազար զոհեր տալ և մնալ նույնը՝ հոգեպես: Չի՛ կարելի հազար և հազար մեռելներ ունենալ և բարոյական անզորությամբ տառապել: Դա կնշանակեր՝ մարդկային ցեղից չլինե՛լ:
Ա՜հ, մեռելների անչափելիորեն զարհուրելի ու՜ժը:
Երեք միլիոն անհանգիստ և վրեժխնդիր ուրվականներ՝ ահա՛ մեր ուժը, որի նմանը չի ունեցել աշխարհի և ո՛չ մի ժողովուրդ:
Բայց, ամո՛թ մեզ, հայությունը չօգտվե՛ց այդ ուժից, չօգտվեց, որովհետև շու՛տ, շատ շու՛տ մոռացավ իր մեռելներին:
Աշխարհը կսպասեր, որ այն հրեշային չարչարանքներից, որոնց դատապարտեց մեզ վայրագության, ծուլության և գողությա՛ն միայն ընդունակ ցեղը, աշխարհը կսպասեր, որ ահա՝ հայ մտավորականության շարքերից դուրս կգան ծայրահեղապաշտնե՛ր, անհաշտնե՛ր՝ գայլի հոգեբանությամբ:Կսպասեր, որ ահա՝ հայ տառապանքը կծնի ուխտվածներ, դեմոնական տիպեր՝ սրբազան խենթությամբ: Կսպասեր, որ այլևս հայությունը պիտ սովորի խոսել մարդկության հետ այնպես, ինչպես որ կարո՛ղ էր և պե՛տք է խոսեր բազմաբյուր ողջակեզների տեր ժողովուրդը: Բայց, ավա՜ղ, հայությունն, աննշան բացառությամբ, շարունակեց մնալ նու՛յնը՝ տկար և մուրացող:
Հայության ճակատագրի վարողները չգիտցա՛ն խոսել աշխարհի հետ, որ բնազդական արհամարհանք ունի դեպ տկարն ու լալկանը:
Գերմարդկային ցավերից խելագարվածի լեզվով խոսելու փոխարեն, նա խոսեց կանացի քրիստոնեության լեզվով: Գերագույն վշտի մեջ կատաղելու փոխարեն, նա մնաց միևնույն՝ բնականոն ջղերի տեր ժողովուրդը: Նա չխոսե՛ց բռնամահ եղած հայության կեսի լեզվով: Նա՛, որ կարող էր այնպես վարվել, որ թուրք պետության ներկայացուցիչները Թուրքիո սահմաններից դուրս չերևա՛ն, նա՛, որ կարող էր երեք միլիոն չարչարամահ եղած հայերի ուրվականներով, առանց բանակների և մարտանավերի, սարսափո՛վ պաշարել Թուրքիան՝ կտրելով նրա հարաբերություններն աշխարհի հետ: Նա՛, որ կարող էր ահաբեկել մարդկության խղճմտանքը վարող հրեշների երևակայությունը, որի վրեժխնդրական ամեն մի շարժուձևը հիացումով պիտի լցներ մարդկության սիրտը՝ նա ոչինչ չարե՛ց՝ իր գերագույն վշտից մղված:
Եվ աշխարհը՝ հիացում ու սարսափ զգալու փոխարեն, զզվանք ու զայրու՛յթ զգաց մեր նողկալի կանացիության հանդեպ:
Ինչու՞ այդպես: Ինչո՞վ բացատրել այդ տխուր երևույթը:
-Մեր կուլտուրականությա՜մբ,- պիտ աճապարեն պատասխանել մեր պարտվողականները:
Կեղծ և թքելի՛ կուլտուրականություն, որ կայանում է անհամ ոտանավորներ գրելու և մի քանի եվրոպական լեզուներ գործածելու կարողության մեջ:
Ծիծաղելի՜ կուլտուրականություն, որ մեր ժողովրդին դարձրել է որբ ու որբախնամ:
Զայրույթից չե՞ս դողում դու, հա՛յ երիտասարդություն, որ երեք միլիոն արյունակիցներիդ ողջակիզու՛մն իսկ չկարողացավ խռովել հայրերիդ մի մասի հոգևոր մրափը: Դու չե՞ս դողում սրբազան կատաղությունից, որ մեր ցեղի միտքն ու բազուկը, իրենց վրեժխնդրական մոլուցքի մեջ, սատանայի հե՛տ անգամ զինակցելու փոխարեն՝ մնացին գերի՛ քաղաքական տոլստոյականության:
Վրեժի ու քանդումի՝ աշխարհին ծանոթ ու անծանոթ արվեստներին աշակերտելու փոխարեն, որ վաղն ի վիճակի լինի հրով ու երկաթով պատժելու բարբարոսությամբ հիվանդ թրքությանը, քո սերունդն այսօր՝ իր հայրերի շնչով թրծված, հետևում է մի կտոր հաց ապահովող գիտություններին:
Սթափվի՛ր, հայ մարդ, ուշքի՛ եկ՝ քանի դեռ ուշ չէ, այլապես մարդկությունը, որ դեռ սպասում է քո սրբազան խենթության, մի օր, հուսախաբ, պիտի թքի՛ մեր ժողովրդի անունին:
******************************
Իրականում, հաշտվողականությանն ու թուրքին ներելու գաղափարին հանգեցնող բոլոր այս ջանքերը, որոնց հեղինակները փորձում են իրենց ստորաքարշությունը հիմնավորել թուրքին քաղաքականապես հիմարացնելու «հանճարեղ» մարտավարությամբ, այլ բան չեն՝ քան մահացու հարվա՛ծ մեր ազգային ինքնագիտակցությանը: Չժխտելով պետության բաժին բացթողումները՝ տարբեր տեսակի այս ճամարտակներին ազատ գործելու հնարավորություն ընձեռնելու մեջ, միաժամանակ, չբացառելով նաև վերջիններիս՝ առավել հզո՛ր տերեր ունենալու հավանականությունը, կոչ ենք անում յուրաքանչյու՛ր հայի.
Այսօր Դու՛ ես քո հոգու, քո կամքի զորացնողն ու սեփական օջախիցդ՝ այլասերումներին դիմակայող ամրոցի կերտողը: Երբե՛ք մի թուլացրու գենդ՝ օտար հովերով: Թո՛ղ քեզ համար իբրև անձնական, մահացու վիրավորա՛նք հնչեն՝ թուրքին ներելու, նրա հետ հաշտվելու բոլոր կարգի քարոզները՝ ի՛նչ տեսքով էլ, որ դրանք ներկայացվեն: Երբեք չընդունե՛ս՝ ժամանակավորապես քեզանից խլված քո Հայրենիքում, որևէ այլ տեսակի գոյության իրավունքը՝ լինի դա թուրք, քուրդ, թե որևէ ա՛յլ տզրուկ: Քո՛նն է այդ Հայրենիքը, քո հոգևո՛րն է, որ վաղը դառնալու է իրականություն՝ պայմանով, որ հոգուդ մեջ հաստա՛տ պահես որևէ մեկի հետ այն չկիսելու գաղափարը: Ներում չկա՛ նրան, ով փորձեց կյանքի մատյանից ջնջե՛լ Ցեղիդ անունը, ներում չկա բոլո՛ր նրանց, ովքեր փակե՛լ են Հայրենի Դրախտիդ դռները քո առջև:
Վրեժի անշեջ հու՛րը թող սնի քո հոգին, ատելությու՛նը միայն թող վարի՝ թուրքի հետ առնչվելու քո բոլոր մտածումները: Դու ունե՛ս այդ իրավունքը: Քե՛զ չէ, որ տրված է Հայկյան արյունդ խառնելու իրավունքը: Դու պարտավորված ես չմեղանչելու՛ Ոգու զարգացման օրենքի դեմ՝ այն Ոգու՛, որ քեզ հայտնվում է Տիգրանների, Արտաշեսների, Արշակների, Դավիթ Բեկերի ու Նժդեհների՛ տեսքով: Այն Ոգու՛, որը քեզ տվել է Մաշտոց, Խորենացի, Նարեկացի… Գերազանցի՛ր նրանց՝ Հայկյան Ոգու այդ մարմնացումներին: Գերազանցիր՝ անխառն ու հավիտենարժեք մշակութաստեղծ քո կորովո՛վ, գերազանցիր պաշտամունքո՛վ՝ դեպի սեփական Արյունն ու Ոգին, գերազանցիր այն սիրով, որով քո Ցեղի Պատմությու՛նն են նրանք դրոշմել հազարամյակների ճակատին, գերազանցիր այն ատելությամբ, որ վարե՛լ է նրանց բազուկը՝ Ցեղիդ թշնամուն դիտապաստ անելու պահին:
Գերազանցի՛ր. այդ ժամանակ միայն, իրերի բնական կարգով, անկախ խանգարող որևէ հանգամանքից, կբացվեն Քեզ՝ քո Բնօրրանին կապող բոլո՛ր փակ դռները, կվերանան արհեստական բոլո՛ր սահմանները, և քո զավակների հաղթական բազուկները՝ հայոց աստվածային դրո՛շը կբարձրացնեն Քո նախնյաց օրրանում:
Իսկ մինչ այդ՝ Գերազանցի՛ր…
Գևորգ Հովհաննիսյան
7 քննարկումներ
Simonean Art.