ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, April 17, 2012 1:44 - 4 քննարկում

«Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն»-ը այս հայտարարությունով բացեիբաց բռնաբարում է հայկական պետականակարգը և անպատվում հայ ժողովրդին:

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը ստանձնում է

ՀՀ Սահմանադրական կարգի պահպանության գործառույթը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 2009 թվականից սկսված Հայաստանում “Ստոպ” ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հրապարակային դիտումները հետևողականորեն արգելափակվում են:

Տարբեր կառույցների կողմից, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կինոդիտումների կազմակերպման համար հնարավոր բոլոր դահլիճների սեփականատերերի վրա գործադրվում են ճնշումներ: Ահաբեկված սեփականատերերն իրենց կամքին ու կանոնադրական գործառույթներին հակառակ` հրաժարվում են օրենքով սահմանված գործարքներից:

Սեփականատերերից առաջինը լինելով, Գյումրի ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահը չընկրկեց և իշխանությունների համար արձանագրեց անսպասելի նախադեպ: Այս նախադեպը հանգեցրեց վերը նշված ճնշումների և ահաբեկումների հանրայնացմանը:

Կտրուկ ուժգնացավ հրապարակային ահաբեկման, հերյուրանքի, զրպարտության և ապատեղեկատվության արշավը “Ստոպ” կինոփառատոնի շուրջ` ԶԼՄ-ների և բնակչության հետ անմիջական շփում ունեցող սադրիչների օգտագործմամբ:

Կազմակերպվեցին “հասարակական ընդվզման” մասսայական միջոցառումներ, որոնց քողի տակ Գյումրիի և Շիրակի մարզի իշխանություներն իրականացրեցին ահաբեկչական ակցիա, վերջիններիս կողմից ղեկավարվող քաղաքային և մարզային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ Վանաձորում նույն սցենարով բեմականացվելու է զանգվածների դժգոհություն և նույն մեխանիզմով փառատոնի կազմակերպիչները, ՀՔԱ գրասենյակի աշխատակիցներն ու փառատոնի հանդիսատեսները զրկված են լինելու անվտանգության բոլոր երաշխիքներից: “Զանգվածների դժգոհության” մեկնաբանիչները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն արդեն հայտարարությամբ նախազգուշացրել են, որ կլինեն  հետևանքներ և` այդ “հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն փառատոնի կազմակերպիչներն ու օժանդակողները”:

Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն զբաղվում ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիի Ասպարեզ ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների հետաքննությամբ, չեն կատարում և չեն կատարելու որևիցե գործողություն` Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանում իրավապահ մարմիններն անգործության են մատնված:

Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները չեն տվել ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների իրավական գնահատականը և ոչինչ չեն ձեռնարկելու Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքը պաշտպանելու նպատակով:

Հայաստանում իրավապաշտպան կազմակերպություններն անգործության են մատնված:

Ստեղծված իրավիճակում Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը ստանձնում է ՀՀ Սահմանադրական կարգի պահպանության գործառույթը:

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը հանդիսատեսին տեղեկացնում է, որ Հայաստանում “Ստոպ” ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է. կեղծ հայրենասիրական կարգախոսների ներքո, ապրիլի 16-ին և 17-ին պլանավորված համազգային մոբիլիզացիան և վարժանքները կանխելու նպատակով:

Վստահ ենք, որ մեր այս քայլով Վանաձորի բնակչության որոշ հատվածների ազատում ենք հերթական ադմինիստրատիվ շանտաժով բերման ենթարկվելու նվաստացումից –  այսինքն`այսօր և վաղը.

– Դպրոցների բարձր դասարանների աշակերտներն ու ուսանողները կկարողանան մասնակցել իրենց բնականոն դասընթացին:

– Պետական հաստատությունների աշխատակիցները կմնան իրենց աշխատեղերում և կկատարեն հարկատուների կողմից վճարվող` իրենց աշխատանքային պարտականությունները:

– Կուսակցությունների նախընտրական շտաբները կզբաղվեն իրենց ընտրապայքարով:

– Հասարակական կազմակերպությունները կզբաղվեն իրենց ընթացիկ` մարդասիրական ու լուսավորչական նախագծերով:

Վստահ ենք, որ մեր այս քայլով, պատերազմում զոհ ունեցող որոշակի թվով մարդկանց ազատում ենք` ս.թ. ապրիլի 17-ին հանցագործություն կատարելու պարտավորվածությունից:

Հայաստանում “Ստոպ” ադրբեջանական ֆիլմերի փառատոնը մեկանգամյա միջոցառում չէ: Սա մարաթոնյան վազք է՝ մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչությունից և դրա ազդեցությունից ազատվելու հասարակական գործընթաց:

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն

16 ապրիլ, 2012, 04:30



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Smerch
Apr 17, 2012 3:31