ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, April 9, 2012 3:04 - 2 քննարկում

Կոմունիստների և բարգավաճականների միասնություն, գումարած հայկական բարոյահոգեբանություն, և Հայաստանը կհայտնվի չինական առաջավոր տնտեսավարման մեջ: Մնացածներին բարի ճանապարհ դեպի երկնային արքայության արխիվ …

Քարոզարշավի 1-ին օրը կամ 9 տեսահոլովակ՝ գալիքի ընտրողին (տեսանյութեր)

00:47 • 09.04.12

Ապրիլի 8-ին պաշտոնապես մեկնարկեց ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հատկանշական է, որ կուսակցությունների հիմնական մասը Սուրբ Հարության տոնը դարձրել են հեռուստաեթերային քարոզարշավով ցուցադրվող հոլովակների հիմնական առանցքը:

«Ազա՛տ ընտրեք, արժանապատի՛վ ընտրեք, ասեք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին: Ասեք` այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետությանը, եռագույնին, ընկած տղաներին»,- «Ժառանգություն» կուսակցության քարոզչական տեսահոլովակից կոչ է անում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կանգնած է Չարենցի կամարի տակ՝ Արարատ լեռան ֆոնին: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր հանրապետության երեք նախագահներին շնորհակալություն ասելու ու առաջ նայելու ժամանակն է: Տեսահոլովակն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Գալիս ենք, դուք գալի՞ս եք: Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Հայ հեղափոխական դաշնակցության տեսահոլովակում կուսակցության ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը, շնորհավորելով ընտրողների ընտանիքներին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ, ասում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, միգուցե պատահական չէ, որ այս տարի այս գեղեցիկ, լուսավոր՝ վերակենդանացման տոնը համընկել է քարոզչական արշավի սկզբի հետ, որովհետև մենք մոտենում ենք այնպիսի ընտրությունների, որոնք կարող են շրջադարձ անել»: Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ այս ընտրությունները կարող են վերադարձնել մարդկանց արժանապատվությունը, հույս է հայտնում, որ մեկ ամիս հետո՝ մայիսի 7-ին, ժողովրդին կշնորհավորի մեր ժողովրդի տարած մեկ այլ հաղթանակի` ժողովրդի և Դաշնակցության տարած հաղթանակի կապակցությամբ: «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»՝ ՀՅԴ կարգախոսի այս երեք բառերից յուրաքանչյուրը, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն է, ինչ պետք է մեր ժողովրդին:

Հայ ազգային կոնգրես տեսահոլովակը ևս սկսվում է Սուրբ Հարության տոնի կապացությամբ շնորհավորանքով և զուգահեռով. «Այսքան պայծառ ու լուսավոր լինում է, թերևս, հաղթանակի ցնծությունը»:
«Քրիոստոսը հաղթում է վհատությանը, հավատը հաղթում է անհավատությանը, ճշմարտությունը հաղթում է կեղծիքին ու ստին, իսկ խոսքը` բիրտ ուժին»,-ասվում է ՀԱԿ-ի տեսահոլովակում:

ԲՀԿ քարոզչական տեսանյութը հիմնականում կառուցված է ԲՀԿ նախընտրական ծրագրային հիմնադրույթների վրա, Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ վերջին համագումարում ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում էին արտագաղթին և կրթությանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության տեսահոլովակը երկու մասից է կազմված: Առաջին մասում պատկերված է Հայաստանի հոգսաշատ ներկան. երևանյան փողոցների խցանումներ, հոգսերով համակված մարդիկ, որ անընդհատ շտապում են: Կադրի հետևից ձայնն ասում է, որ շատերն են կրկնում. «Երկիրը երկիր չէ»: Մինչդեռ նույն ձայնը շարունակում է, որ կա անտեսանելի Հայաստանը: Այդ Հայաստանը մշակութային կյանքով հարուստ Հայաստանն է, ֆուտբոլի հավաքականի հաղթանակներն են, մեր շախմատիստների հաջողություններն են, ռազմական շքերթով քայլող բանակն է և այլն: Տեսահոլովակի այս մասն ավարտվում է «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Երկրորդ մասում ներկայացվում են կուսակցության նախկին և ներկա առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և վերջապես Սերժ Սարգսյանը՝ ազատամարտի, պետականաշինության, առանցքային տարբեր միջոցառումների, ու Հանրապետական կուսակցության համագումարների ֆոնին: Խոշոր պլանով ցուցադրվում են նաև ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պետական պաշտոնյաները կամ քաղաքական թիմը՝ վարչապետ Տիգրան Սարգսյան, կառավարություն, ՀՀԿ ԳՄ անդամներ:

ՕԵԿ տեսահոլովակը երեկ Ազատության հրապարակում այս կուսակցության հանրահավաքից էր: Ներկայացվում են կուսակցության համամասնական ցուցակի տարբեր համարներում ընդգրկված թեկնածուների ելույթներից հատվածներ: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Հեղինե Բիշարյանը կուսակցության ուժեղ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին հավատալու կոչ է անում կանանց և ասում, որ ՕԵԿ-ը ստեղծելու է այնպիսի երկիր, որտեղ մայրը չի մտածելու իր երեխայի ուսման հոգսերի մասին, տատիկը` իր թոռնիկների ապագայի մասին: Կուսակցության առանցքային դեմքերից Մհեր Շահգելդյանը խոստանում է, որ կառուցելու են «օրինաց Հայաստան»: Տեսահոլովակի վերջում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասում է, իր խոսքով՝ «մի պարզ ճշմարտություն». «Մենք հաղթելու ենք»:

«Միավորված հայեր» կուսակցության տեսահոլովակն առաջարկում էր նոր դեմքեր, «նոր ուժ, երրորդ ուժ»:
Կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը բացատրում է, որ կուսակցության նպատակն է Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրավական ժողովրդավարական պետություն, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, կպաշտպանվեն մարդու իրավունքները, իսկ ուժի օրենքն ու փողի իշխանությունն իրենց տեղը կզիջեն «ազգին ծառայող օրենքին»: Ըստ Ռուբեն Ավագյանի` Հայաստանի քաղաքական դաշտում ներկա են «անցյալը»` ընդդիմադիր ուժերը, «ներկան»` իշխանամետ ուժերը և «ապագան»` պետականամետ երրորդ ուժը: Դա էլ, բնականաբար, իր ղեկավարած կուսակցությունն է: Վերջում Ռուբեն Ավագյանը նշում է, որ «Միավորված հայեր» կուսակցությունը սատար է կանգնում նաև «Զվարթնոց» տաճարի վերականգման գործին:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակն առատ է անկախության առաջին ու այսպես կոչված` «մութ ու ցուրտ» տարիների կադրերով. 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Ժամանակակից Հայաստան, որտեղ շքեղ մեքենաների ու շինությունների կողքին պատկերվում աղքատ, հաշմանդամ ու մուրացիկ երեխաներ ու մեծահասակներ` անտարբեր հասարակության կողքին:
Այս միջակայքում կադրեր են Խորհրդային Հայաստանի շքերթներից, շինարարություններից, երբ երկիրը «տեղափոխվեց զարգացման հուն>, ծաղկեցին արհեստներն ու արհեստները», և այս ամենի ֆոնին՝ երջանիկ դեմքերով դպրոցականներ, շարքային մարդիկ, տիեզերագնացներ: Հատկանշական է, որ տեսահոլովակի ընթացքում, որպես ֆոն, երևում են ՀԽՍՀ-ի դրոշը և զինանշանը:
Տեսահոլովակի վերջում Հայկոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը առաջարկում է վերհիշել այս ամենն ու կատարել ճիշտ ընտրություն:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության տեսահոլովակը ևս շնորհավորում է հավատացյալ ժողովրդին՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ: Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է. «Եվ ես այսօր մտադիր չեմ քարոզ անելու, ես գիտեմ, որ ամեն մի հավատացյալ այսօր խորհուրդ է անում Աստծո հետ»: Իսկ այդ խորհուրդը կայանում է նրանում, որը մարդը կարողանա ի կատար ածել Աստծո տասը պատգամները: «Պետք է ճշմարիտ լինել և ընտրությունը ճիշտ կատարել»,- ամփոփում է Ա.Սարգսյանը:

Նշենք, որ ըստ ԿԸՀ սահմանված կարգի` քարոզարշավին մասնակից քաղաքական ուժերը ապրիլի 8-ից մինչև 22-ը ներառյալ՝ օրական 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով հեռուստատեսային քարոզչության հնարավորություն ունեն:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ Չ.
Apr 9, 2012 14:57