Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 19, 2012 0:36 - չքննարկված
ՀՀԿ-ական հեքիաթ, որին ոչ ոք չի հավատում
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը: Ինչպես և սպասվում էր, համագումարը չտվեց այնքան սպասված հարցի պատասխանը, թե ովքեր են ընդգրկված լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում և ինչ տեսք է այն ունենալու: Չնայած դրան, համագումարը տվեց մի քանի այլ հարցերի պատասխաններ:
Վերջին շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ ՀՀԿ-ում ամբողջ իշխանությունն անցել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքը. նա է կազմակերպում կուսակցության քարոզչությունը, նա է ձևավորում կուսակցության ցուցակը, և կուսակցությունում նրա հակակշիռը համարվող ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը դուրս է մղվել կուսակցությունում կարևոր որոշումներ կայացնելու կամ դրանց վրա ազդելու տիրույթից: Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ Աբրահամյանը կարող է լինել ցուցակի 6 կամ 7-րդ հորիզոնականներում: Համագումարի նախագահությունում Հովիկ Աբրահամյանը նստած էր Սերժ Սարգսյանի աջ կողքին, Տիգրան Սարգսյանը՝ ձախ: Կարելի է ենթադրել, որ դրանով Սերժ Սարգսյանը ցանկանում էր կուսակիցներին հասկացնել, որ Աբրահամյանն իր աջ ձեռքն է ՀՀԿ-ում: Բացի այդ, համագումարը նախագահ Սարգսյանը վարում էր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ, մինչդեռ Տիգրան Սարգսյանի խոսքը որևէ մեկն այդպես էլ չլսեց:
ՀՀԿ գործադիր մարմնում տեղ գտան Տիգրան Սարգսյանի մի քանի կողմնակիցներ, ինչպես, օրինակ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կամ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Բայց նույն գործադիր մարմնի անդամ դարձավ նաև Հերմինե Նաղդալյանը, որին Տիգրան Սարգսյանը չէր ցանկանում նույնիսկ ՀՀԿ ցուցակ մտցնել՝ այն պատճառաբանությամբ, թե նա գործարար է: Քանի որ խոսեցինք ՀՀԿ գործադիր մարմնից, ավելացնենք, որ բացի վերոնշյալ երեք անձանցից, այն համալրվեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովով, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Կարեն Ավագյանով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանով: Հին հանրապետական Հարություն Փամբուկյանը, որն ապրում է Մոսկվայում և զզված է թե՛ Հայաստանից, թե՛ իր հայ գործընկերներից և ընդհանրապես վերադառնալու միտք չունի, կորցրեց իր տեղը գործադիր մարմնում:
Հաջորդ ինտրիգն այն էր, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը կմասնակցի համագումարին, թե վերջնականապես նեղացել է ՀՀԿ-ից: Կարապետյանը ոչ միայն մասնակցեց, այլև նստած էր նախագահությունում և վերընտրվեց գործադիր մարմնի անդամ:
Համագումարի ամենակարևոր հատվածը կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր: Ի՞նչ էր ասում նախագահ Սարգսյանն իր կուսակիցներին: Քարոզում էր բարոյական արժեքներ, որոնցից դահլիճում ներկաների ճնշող մեծամասնությունը ոչ միայն լուսնային տարիներով է հեռու, այլև նույնիսկ անընդունակ է դրանք ընկալել: Օրինակ, Սարգսյանն ասում է. եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա գողանում է նաև անձամբ իրենից և իր ընտանիքից: Դահլիճում նստած պետական պաշտոնյաները զբաղված են բացառապես նրանով, որ գողանում են հանրությունից և ազգից և դրանով կերտում են իրենց անձնական բարեկեցությունը: Նախագահի այս խոսքերն ուղղակի այս մարդկանց ծիծաղն էին շարժում:
Կամ՝ խոսելով տնտեսական ազատությունների մասին, նախագահ Սարգսյանն ասում է. մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցությունը երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն: ՀՀԿ համագումարի դահլիճում նստած էր ազգային օլիգարխիայի ճնշող մեծամասնությունը, որն իր ունեցած պետական ազդեցությամբ ամեն օր ու ամեն ժամ ճնշում է ավելի փոքր մրցակիցներին, և դա անում է անթաքույց ու բացահայտ:
Սարգսյանը խոսում էր կաշառակերության՝ որպես համահասարակական հիվանդության, մասին և հայտարարում, որ անհրաժեշտ է հաղթահարել այն. մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը, և որը կոչվում է կաշառակերություն: Այս ճանապարհին կիրառվելու են և՛ վիրահատական, և՛ մյուս բոլոր օրինական մեթոդները: Այդ քաղցկեղի ամենահիմնական մասը, հիվանդության կրողները ՀՀԿ-ում են, քանի որ կաշառակերությունը չի կարող դուրս լինել իշխանությունից, իսկ իշխանության ամենամեծ մասը ՀՀԿ-ինն է: Արդյո՞ք ՀՀԿ-ն կարող է պայքարել ինքն իր դեմ: Այդպիսի բան նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել:
Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ իրենց ընդդիմախոսները չեն տեսնում այն տնտեսական հաջողությունները, որոնք արձանագրվել են վերջին չորս տարիներին, այն ընթաքում, երբ նախագահը Սերժ Սարգսյանն է: Նա բերեց մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման ապացույցն են: Բայց Սարգսյանն ինքը բոլորից լավ է հասկանում, որ այդ հաջողությունների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել հանքահումքային արդյունաբերության աճի հաշվին, որը չի կարող անվերջ շարունակվել: Դրա համար նա ասում է, որ տնտեսական աճից պետք է անցում կատարել տնտեսական զարգացման: «Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են: Այս գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, և դրա համար որևէ հովանավորչության կարիք չպետք է լինի»,- ասում է նախագահ Սարգսյանը:
Սարգսյանը գիտակցում է, որ Հայաստանն այս ընթացքով երկար շարունակել չի կարող, և բոլորը վաղուց պահանջում կամ նույնիսկ հոգնել են պահանջելուց արմատական փոփոխություններ: Նա իր ղեկավարած կուսակցությանը կոչ է անում ընտրություն կատարել. «Հասունացել է պատմական պահը, երբ Հայաստանի ժողովուրդը` մենք բոլորս, պիտի գործով ցույց տանք, թե ինչն է մեզ հոգեհարազատ` անցյալից եկող հոռի բարքե՞րը, որոնց իներցիան շարունակվում է մեր կենցաղում, թե՞ արդի քաղաքակրթական նվաճումները: Քաղաքակրթություն, որի արմատներում և ճյուղերի մեջ նաև մեր մեծերն են եղել: Անձամբ ես իմ ընտրությունն արել եմ: Եվ համոզված եմ. մենք այսպես ենք հաղթելու և այսպես ենք բազմապատկելու մեր բարեկամների թիվն աշխարհում»:
Իհարկե, ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները ծափահարում էին Սերժ Սարգսյանին նրա ելույթի ամբողջ ընթացքում, բայց ոչ ամենևին նրա համար, որ համամիտ էին նրա արտահայտած մտքերի հետ: Նրանք ուղղակի համոզված են, որ այդ ամենը հերթապահ և գեղեցիկ խոսքեր են, որոնք պետք է ասել հավուր պատշաճի, ոչ ավելին:
Հետգրություն 1
ՀՀԿ-ն փոխեց իր կարգախոսները: Նախկին` «Քե՛զ համար, Հայաստան»-ին գալիս է փոխարինելու նոր կարգախոս` «Ավելի լա՛վ Հայաստան յուրաքանչյուրի համար»-ը, իսկ «Առա՛ջ, Հայաստան»-ը կփոխարինվի «Հավատանք, որ փոխենք»-ով:
Հետգրություն 2
Եվս մի դետալ, որը շոյել է ՀՀԿ-ին. ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը ռոմանտիկ նամակ էր հղել ՀՀԿ համագումարին, իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսն ավելի հեռուն է գնացել և դիմել է համագումարի մասնակիցներին տեսաձայնագրությամբ: Տեսնենք՝ կարդարացնե՞ն արդյոք հայ հանրապետականներն իրենց կողմից հարգված այս երկու անձանց հույսերն ու հավատը…