Գերմանացի դատախազները երկրի դաշնային խորհրդարան են ուղարկել նախագահ Քրիստիան Վուլֆին անձեռնմխելիությունից զրկելու պաշտոնական գրություն, որպեսզի հետաքննեն նրա վերցրած վարկի շուրջ ծագած սկանդալը: Ամենայն հավանականությամբ, գերմանական խորհրդարանը կբավարարի դատախազության միջնորդությունը: Առավել եւս պաշտպանության նախարարի վերջերս տեղի ունեցած հրաժարականի ֆոնին, ով «հեռացել է» միայն այն պատճառով, որ իր դիսերտացիայում օգտագործել է ուրիշ հեղինակների մտքերը:
Արեւմուտքում քաղաքական սկանդալների հիմքում, ինչից էլ որ դրանք ծագեն, ընկած է սովորական մարդկային ամոթը: Ամոթը մարդու մեղքի զգացումն է, ով խախտել է որոշակի բարոյական նորմեր: Եվ եթե մարդուն մերկացնում են խախտման մեջ, դա պետք է ամոթ առաջ բերի:
Հայաստանում ամոթը քաղաքական կատեգորիա չէ, այդ պատճառով սկանդալներ մեզ մոտ գործնականում հնարավոր չեն: Պաշտոնյաներին բացահայտ կերպով մերկացնում են օրենքի խախտման, հովանավորչության, յուրացման մեջ, սակայն դրանք սկանդալ չեն հարուցում, քանի որ պաշտոնյաները չեն ամաչում:
Երեկ Հայաստանում սենսացիոն իրադարձություն է տեղի ունեցել: Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ խոշոր ձեռնարկություններից մեկը՝ Նաիրիտը, անցել է ինչ-որ բանկի սեփականությանը, որի մասին Հայաստանում շատերը չեն լսել: Անցյալ տարվա նոյեմբերից քաղաքացի Հարություն Առաքելյանը բացարձակ հրապարակային ռեժիմով նյութեր էր հրապարակում, որոնք վկայում են այն, որ կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ դիտավորյալ սնանկացրել է Նաիրիտը, ինչի արդյունքում որոշ մարդիկ գումարներ են աշխատել, որ գործարանը գրավադրված է Միջպետական բանկում, եւ Հայաստանը կարող է կորցնել այն:
Վարչապետը, ում մեղադրել են տնտեսական հանցագործության մեջ, նույնիսկ դատարան չի դիմել զրպարտության մեղադրանքով: Թերեւս, նա չի ցանկացել, որ գործը դատարան հասնի: Ընտրվել է առավել անվտանգ տարբերակը: Վարչապետը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել հրապարակված փաստերի վերաբերյալ: Դատախազությունը, չգիտես ինչու, նյութերը փոխանցել է ոստիկանությանը, իսկ Առաքելյանին դեռեւս ոչ մի անգամ չեն հարցաքննել:
Փաստացի, այն, ինչ գրել է Հարություն Առաքելյանը, երեկ հաստատել է էներգետիկայի նախարարությունը: Գործարանն, իրոք, անցել ԱՊՀ Միջպետական բանկին: Սակայն քաղաքացու բարձրացրած հարցերը պատասխանի կարիք ունեն:
Հայաստանում «տնտեսական քաղաքականության սխալների» եւ տնտեսական հանցագործությունների միջեւ հստակ սահմաններ չկան: Հստակ սահմանումների բացակայությունը թույլ է տալիս իշխանությանը հայտարարել, որ Նաիրիտի սեփականաշնորհման որոշումը քաղաքականության մաս է եղել՝ դե, հավանաբար որոշում է եղել, սակայն ո՞վ է երաշխավորված սխալներից: Այն, որ այդ քաղաքականության արդյունքում հազարավոր մարդիկ են տուժել, հաշվի չի առնվում: Կառավարությունն իրեն սխալի իրավունքով է օժտում, ընդ որում, զրկելով մյուսներին այդ իրավունքից:
Սակայն, իրավական կողմից բացի, մնում է սովորական մարդկային ամոթի հարցը: Ժողովրդավարությունը կառուցվում է իշխանության վրա հասարակական վերահսկողությամբ, իսկ այդ վերահսկողության հիմքում ընկած է իշխանավորներին ամաչեցնելու հասարակական ունակությունը: Եթե իշխանություններին ամոթ չէ, ոչ մի հասարակական վերահսկողություն չի լինի: Սակայն կա նաեւ հակադարձ կապը. ամոթը կարող է հայտնվել, եթե հասարակությունը սկսի իշխանությանը պահանջներ ներկայացնել:
Նաիրա Հայրումյան |