ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, March 1, 2012 23:56 - 6 քննարկում

ՀԱՅՈՒՀՈՒ խոսք,որ 1000 պաշտոնական ճառ արժե…

ՀԱՅՈՒՀՈՒ խոսք,որ 1000 պաշտոնական ճառ արժե…

Friday, 10 June 2011 02:08

Written by Ar(k)tur

8 Comments
E-mail Print PDF
AddThis Social Bookmark Button
There are no translations available.

 

 

Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվեցինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարեց դրանք, և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել:

Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ո’չ հոգեբանորեն և ո’չ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու, և դրանցից ամենամոտիկը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ:

Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեզ նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձություններին, հեռանում էին, սակայն նրանց փոխարեն գալիս էին նոր ընտանիքներ:

Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն պարագայում ավելի լավ է, քան նախկինում:

Այստեղ ծնվում էին երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը:

Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` հայոց միջնադարյան վիմագրերով:

Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք` սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից կամ սվաղի մնացորդներից:

Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր` բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ:

Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժից կործանված հնամենի մասիսադիր Ակոռի ավանից, որը գտնվում էր արևելահայաց լանջի դյուցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան հայտնի եղավ հիվանդության անունը, նա կանչեց մայրիկիս և ինձ` որպես ավագ դուստր, և ասաց, որ մենք չհամարձակվենք անգամ մտածել իրեն թաղել Ակոռիում:

Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողի, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են:

Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը:

Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս:

Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:

Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից` դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ:

Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ Ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ:

Ինձ համար` որպես կնոջ, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույր կամ կին անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդուն և կյանք պարգևել նրա երեխաներին:

Արդյոք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածե՞լ են, թե ով է փրկել նրանց անպատվությունից բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և խստագույն անմիջականությամբ արտացոլում են իրականությունը:

Աշխարհը նույնն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են, միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:

Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը, պարզապես նողկալի է:

Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինել: Արդյոք դուք այնքան միամի՞տ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող երաշխիքներին:

Արդյոք դուք մինչև հիմա չե՞ք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կախված են Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից:

Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը, մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը, և Հայաստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ:

Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել Նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազնագույն ժառանգությունը` Հայրենիքը:

Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև Ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:

Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են:

Անիմաստ է դիմել ձեր խղճին և անցողիկ հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք:

Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»:

Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու են սերունդների անեծքը և երկնքի բարկությունը:

Դրանք անվերջ կհետապնդեն և կհարվածեն ձեզ և մահաբեր խայտառակությամբ կդրոշմեն ձեր ժառանգների ճակատը յոթը սերունդ շարունակ:

Ձեզ խոստացված «երաշխիքները» կմոռացվեն և ձեզ պարզապես կհանձնեն, պարզունակաբար «կգցեն» և կշպրտեն պատմության աղբանոց և կյանքի լուսանցք, որտեղ ձեզ կխժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են:

Այս է ձեր դատավճիռը:

Ուստի ես, Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ` դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը:

Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:

 

 

Խանդութ Ավետյան



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Mar 2, 2012 0:06