
Այսօր սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Մոսկվայից, նախագահն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին:Մոսկվայի կենտրոնում կառուցվող Հայկական եկեղեցական համալիրը 1,32 հա տարածք է զբաղեցնում: Համալիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2006թ., ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքեր, հանդիսությունների սրահներ և մեծ ավտոկայանատեղի:Լայնածավալ շինարարական աշխատանքներն ավարտված են, այժմ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում: Համալիրը կառուցվում է բացառապես Ռուսաստանում ապրող հայ և ռուս մեկենասների աջակցությամբ: Համալիրի գլխավոր ճարտարապետը Արտակ Գուլյանն է: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով:Եկեղեցու գմբեթի գլխավոր խաչի երկարությունը 7մետր է:





