ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, February 25, 2012 6:44 - 1 քննարկում
Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է
Այսօր լրանում է ֆիդայական շարժման ականավոր դեմքերից մեկի` Անդրանիկ Զորավարի ծննդյան 147-ամյակը:
Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արեւմտյան Հայաստան Շապին-Գարահիսար բնակավայրում: Դեռեւս պատանի հասակում ըմբոստանալով թուրքական սոցիալական եւ ազգային ճնշման դեմ` դարձել է ֆիդայի, ղեկավարել ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Չհավատալով երիտթուրքերին` նա համոզված է եղել, որ նրանց, այսպես կոչված ‹‹հեղափոխությունը››, միայն նոր աղետներ կբերի հայ ժողովրդին։
Անդրանիկն իր կամավորական ջոկատով մասնակցել է Բալկանյան պատերազմներին (1912-1913թթ.)` օգնելով բուլղար ժողովրդին ընդդեմ թուրքական բռնակալության եւ արժանացել սպայի կոչման։ Առաջին աշխարհամարտի տարիներին նա նշանակվում է հայկական կամավորական 1-ին ջոկատի հրամանատար եւ մասնակցում Կովկասյան ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին` ընդդեմ թուրքական զավթիչների։ Ճակատամարտերում դրսեւորվում են նրա ռազմական տաղանդն ու մարտական գործողություններ վարելու արվեստը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դադարեցնում է պատերազմական գործողությունները, եւ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը մնում է անիրագործելի։ Անդրանիկն իր ջոկատով անցնում է Արեւելյան Հայաստան: Իշխանության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 1919թ.-ին, զորամասը ցրելով, իսկ գույքն էլ հայոց կաթողիկոսին պահ տալով` Անդրանիկը մեկնում է երկրից եւ հաստատվում ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։
Հայ ժողովուրդը նրան մեծարում է որպես ազգային հերոսի։ Նրա մասին հյուսվել են երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ։ Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. Ֆրեզնոյում, թաղվել Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Հայաստանի անկախացումից հետո նրա մասունքները տեղափոխվել են Երեւան եւ ամփոփվել Եռաբլուր պանթեոնում։
1 քննարկում
sofia