Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, February 2, 2012 10:27 - 2 քննարկում

Փտող կառավարության հետ՝ երես առ երես…

Իրական վտանգներ – Մարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել

Գրել է Լուսանցք

Մի քանի ամիս է, ինչ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), «Բիոքարտերի ներդրման դեմ» ու «Ընդդեմ մարդկանց համարակալման» նախաձեռնությունները պայքարում են, որպեսզի սոցիալական քարտերի օրինակով՝ բիոքարտերի համակարգը առանց լուրջ ուսումնասիրության եւ առկա վտանգներով, չներդրվի ՀՀ-ում: Բայց ինչպես սոցքարտերի պարագայում, այս դեպքում էլ՝ բիոքարտերի ներդրման համար, արդեն արտաքին ուժերը վճարել էին եւ պահանջը (ճնշումը) ակնհայտ էր… Իհարկե ձեւակերպումներն էին «անվտանգ»՝ կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրում, հանրային ծառայությունների բարելավում եւ էլի նմանօրինակ «անմեղ» ծրագրերի իրագործումը բնորոշող անվանումներ…

Սոցքարտերի տխրահռչակ համակարգի ներդրումը ոչ մի բանով չհեշտացրեց թղթաբանությունը եւ թղթակերությունը մեր կյանքում, ինչպես խոստանում էին արտաքին ու ներքին վճարողներն ու ներդրողները: Ընդհակառակը, տարբեր ոլորտներում այժմ բազում պահանջվող փաստաթղթերի ցուցակում ավելացել է եւս մեկը՝ սոցքարտը: Մարդկանց տվյալների հավաքումն ու համարակալումը ավարտվեց նաեւ Հայաստանում, եւ ազգի ամբողջական տվյալները հերթական անգամ հայտնվեցին «աշխարհի գաղտնի կառավարիչների» ձեռքին:

Այժմ էլ, բիոքարտերի ներդրմամբ, այդ մութ ուժերը մոտենում են մարդկանց չիպավորման ծրագրին: Փաստեր եւ օրինակներ (որոնք պարզ եւ հասկանալի ձեւակերպումներով ու համապատասխան գծագրերով ու նկարներով դրված են համացանցում) բավականաչափ կան, եւ դրանք ու այլ հանգամանքներ վերոնշյալ կազմակերպությունները ներկայացրել են բազմիցս: «Լուսանցք»-ը անդրադարձել է դրանց, նաեւ լուսաբանել է ՀՀ ԱԺ-ում այս հարցով կազմակերպված հանրային լսումները, որոնք ընթացան շատ սահմանափակ ժամանակահատվածում եւ շատերին անհասանելի մնացին:

Հայ Արիական միաբանությունը նաեւ մի շարք պաշտոնական նամակներ է հղել՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ

Հովիկ Աբրահամյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին եւ վերջապես երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որոնցում ներկայացվել են այն փաստերը, որոնք հիմնավորում են մարդկանց համարակալման ընթացքի շարունակությունը բիո(կենսաչափական) քարտերի ներդրմամբ եւ դրան հաջորդող՝ մարդկանց չիպավորման վտանգի մասին:

ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկված նամակը հետ եկավ կից գրությամբ, որն ուղղված էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Այնտեղ մասնավորապես նշվել էր, թե ի պատասխան հայտնում են, որ ՍԴ-ն «նամակում բարձրացված հարցի քննության լիազորություն չունի»: Տարիներ առաջ, երբ պայքարը դեռեւս սոցքարտերի համակարգի ներդրման դեմ էր, գրեթե նույն ձեւակերպումներով պատասխաններ էր տալիս ՍԴ-ն: Բայց մոտ 1 տարի անց, երբ օրենքներն ընդունված եւ համարակալումն ավարտված էր, ազգի տվյալներն էլ դուրս էր հանված, հանկարծ Սահմանադրական դատարանը որոշեց, որ «մարդու անհատական համարանիշ»-ը հակաօրինական է եւ մարդկանց տվյալների հավաքումն առանց նրանց թույլտվության՝ հակասահմանադրական է: Բայց… Բանը բանից անցած էր:

Ի միջիայլոց, պետք է նշենք, որ բիոքարտերի եւ սոցքարտերի համակարգերի կապվածության եւ հետագա վտանգների մասին փաստաթղթեր ուղարկվել է նաեւ ՀՀ կառավարությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նախարարություններին առանձին-առանձին («Բիոքարտերի ներդրման դեմ» նախաձեռնության կողմից) եւ ԱԺ խմբակցություններին («Բիոքարտերի ներդրման դեմ» նախաձեռնության, Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման կողմից): Վարչապետը եւ նախարարները չեն պատասխանել, բացառությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ով հայտնել էր, թե դա ԿԳ նախարարության ոլորտին չի վերաբերում: Բայց երեւի մի պահ մոռացել էր, որ կառավարության անդամ է եւ անձամբ քվեարկել է այդ համակարգի ներդրմանը կողմ…

ԱԺ պատգամավորական խմբակցություններից էլ միայն «Ժառանգություն»-ն էր պատասխանել՝ արձանագրելով, որ նամակն ու կից փաստաթղթերը ստացել է…

ՄԻՊ-ը նույնպես որեւէ պատասխան չի տվել: Դե ի՞նչ պիտի տար: Անգամ ԵՄ Էթիկայի հանձնաժողովը մարդու մարմնի մեջ չիպ տեղադրելը չի համարել մարդու իրավունքների ոտնահարում, նրա անձնական կյանքի ու տվյալների վերահսկում…

ՀՀ ԱԺ նախագահը եւս չպատասխանեց, այդ ընթացքում նաեւ նրա հրաժարականը եղավ, իսկ նոր ԱԺ նախագահը երեւի դրա ժամանակը չունի…

Քիչ թե շատ մեկնաբանված պատասխան են տվել ՀՀ նախագահի աշխատակազմից եւ Հանրային խորհրդից: Երկուսի պատասխանները մեկտեղված էին եւ ՀԽ պատասխանը կրկնակի նամակով ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից:

Մասնավորապես նշված է, որ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի ու իրավասու պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել է լսումներ «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին: Ներկայացվել է ՀԽ որոշման տեքստը, որն էլ ուղարկվել է հենց ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից: Հանրային խորհրդի որոշումը ներկայացվել է կառավարությանը եւ ԱԺ-ին:

1. Օրենքի մակարդակով ամրագրել նույնականացման քարտերի եւ հանրային ծառայությունների համարանիշերի ձեռքբերման կամավորության եւ դրանց աստիճանական ներդրման սկզբունքը:

2. Ստեղծել իրավական երաշխիքներ՝ բացառելու համար անձը հաստատող նոր նմուշի փաստաթղթերից հրաժարվող եւ դրանց փոխարեն հին անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, նրանց աշխատանք տրամադրող գործատուների նկատմամբ վարչական պատժամիջոցների կիրառման պրակտիկան, ինչպես դա արձանագրվում է սոցիալական քարտերի բացակայության դեպքում:

3. «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքների նախագծերում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կենսաչափական եւ անձնական տվյալների ամփոփ ցանկը՝ բացառելով «այլ տվյալներ», «ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն եւ այլ հավաստագրեր»՝ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտությունները եւ այդ ցանկի փոփոխությունների իրավունքը վերապահել միայն օրենսդիր իշխանությանը:

4. Օրենսդրական գործում երաշխիքներ սահմանել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ անհատական տվյալների բազայի անվտանգության եւ անձեռմխելիության անհրաժեշտ մակարդակի ապահովման համար:

5. Նպաստել անձը հաստատող նոր փաստաթղթերի համակարգերի ներդրման վերաբերյալ հանրային քննարկումների ծավալմանը, իրականացնել քարոզչական-բացատրական ծրագրեր:

ՀԱՄ առաջնորդին նաեւ հեռախոսազանգով հավաստիացրել են ՀՀ նախագահի աշխատակազմից, որ բոլոր այս եւ այլ դիտողությունները ուսումնասիրված եւ ներառնված են օրենքներում եւ չի գործելու պարտադիր սկզբունքը:

Իհարկե հաճելի է, երբ հազարավոր մարդկանց ու մեր պետության համար կարեւոր համարվող այս հարցում ՀՀ նախագահի աշխատակազմը եւ Հանրային խորհուրդը հետեւողական եղան ու հնարավորինս պատասխանեցին խնդրին առնչվող հարցերին, բայց դրանք հիմնականում զերծ էին իրական խնդիրը եւ վտանգը միջազգային աշխարհակուլ ծրագրերում դիտարկելու տեսանկյունից, ինչը չի վերացրել առկա վտանգը, եւ մարդկանց չիպավորումը դեռ ընթացքի մեջ է…

Իսկ առայժմ RFID-կարդացող կայանները կտեղադրվեն մեր անձնագրերում եւ մեր տեղաշարժերի մասին (հատկապես ովքեր հետաքրքրում են աշխարհի գաղտնի տերերին) կհայտնեն ուր որ հարկն է…

Արման Դավթյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գարիկ
Jan 30, 2016 6:32