Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, January 29, 2012 9:38 - 4 քննարկում
Քահանաներ… Սատանաներ…Բիզնեսմեններ…
«Պանիխիդա». բիզնեսի նոր տեսա՞կ
Վերջին շրջանում բավականին նորաձև է հոգեհանգստի արարողությունն անցկացնել եկեղեցում. որոշ դեպքերում մարդիկ պարտադրված են դա անել, քանի որ, օրինակ, տանը դժբախտության պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում և կամ հարմար չէ` ննջեցյալին վերջին հրաժեշտ տալու համար շատ մարդ է գալու: Սակայն նորաձև ամեն բան ունի իր գինը, երբեմն` բավականին բարձր:
«Բերան բերան` հազար բերան» սկզբունքով մեզ հասած տեղեկությունները ավելի քան տարակուսելի էին. Մի կողմից, բոլորս գիտենք, որ եկեղեցում հստակ սահմանված սակագներ գրեթե չկան, իսկ եղածն էլ չնչին գումար է, իսկ մյուս կողմից էլ ժողովուրդը խոսում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար հավելյալ կլորիկ գումար է անհրաժեշտ:
Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցիները, իբր, փակ են շարքային քաղաքացիների համար ու բաց միայն պաշտոնատար անձանց կամ նրանց հարազատների հանգուցյալներին վերջին ճանապարհ դնելու համար: Բացը` գումարի վճարմամբ կրկին: Օրինակ` իբրև թե Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում, որտեղ նմանատիպ արարողությունների հետևանքով հաճախակի է խցանում լինում Պռոշյան փողոցի այդ հատվածում, 1 -1.5 մլն դրամ է հարկավոր, մինչդեռ ծայրամասային եկեղեցիներում քաղաքացիներից պահանջվում է 100-150 հազար դրամ:
Պարզաբանումն էլ ստացանք հենց նույն եկեղեցուց` Երևանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից:
Նախ` պատմություն. Հայ առաքելական եկեղեցիում հուղարկավորության կարգը բաժանված է երեք մասի` տան կարգ, եկեղեցու և գերեզմանի կարգ: Ժամանակին, երբ չեն եղել ոչ հիվանդանոցներ, ոչ այլ կառույցներ հանգուցյալը նախ տեղափոխվում էր տուն, որտեղ կատարվում էր տան կարգը, այնուհետև նրան տանում էին եկեղեցի ուր նա մնում էր մեկ գիշեր (սաղմոսներ էին կարդում, Ավետարան ընթերցում աղոթք անում և հենց սա էր եկեղեցու կարգը) և հաջորդ օրը տեղափոխվում գերեզման, որտեղ էլ դարձյալ աղոթք է հնչել: Այլ կերպ ասած, եկեղեցում հոգեհանգստի արարողությունն անցկացնելը հին քրիստոնեական ավանդույթ է և մեր առօրյայից դուրս է մնացել այն 70 տարիներին, երբ եկեղեցիները քանդված էին կամ այլ գործառույթների էին ծառայում ու առհասարակ` եկեղեցին համարվում էր «օպիում` ժողովրդի համար»:
Մեկնաբանություն
«Այսօր մեր կենցաղ է վերադառնում եկեղեցում հոգեհանգիստ կատարելու գործընթացը և շատ տեղերում հոգևորականներին այդ արարողությունն անցկացնելն արտոնված է»,- Panorama.am-ին ասաց Տեր Շմավոնը:
Այդպես, միայն Երևանում երկու եկեղեցի է, որ ունի այդ արտոնությունը` Նորագավիթի Սբ. Գևորգը և Քանաքեռի Սբ.Հակոբ եղեկեցին: «Ի՞սկ ձերը»,-հետաքրքրվեցինք. «Այստեղ բացառիկ դեպքերում է, որ Վեհափառ Հայրապետի կամ Թեմի առաջնորդական փոխանորդի տնօրինությամբ է թույլատրվում»,- արձագանքեց նա:
Մեր այն հարցադրմանը, որ այդ հանգամանքը կապված է հանգուցյալի պաշտոնատար անձ կամ նրա հարազատ լինելու հետ, Տեր Շմավոնը նշեց.
«Խնդիրը պաշտոնյա լինելը չէ. Սբ.Հովհաննեսում հոգեհանգստի արարողություն բացառիկ դեպքերում ենք անցկացնում, այն էլ այն դեպքերում միայն, երբ եկեղեցում այդ ժամանակահատվածում այլ արարողություններ նախատեսված չեն»:
Մնացած տեղերում այդ արտոնությունը չկա, քանզի եկեղեցու արարողություններն ինքնին առատ են, իսկ մայրաքաղաքի կենտրոնական եկեղեցիներում մարդկանց հոսքը միշտ էլ շատ է և ամենքը չի կարող հասկանալ, որ եկեղեցի մտնի ու տեսնի հանգուցյալի և հոգեպես վատ չզգա` հասարակության մեջ դեռևս առկա է սնոտի վախը հանգուցյալների նկատմամբ: Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա դրանց առումով պատկերը փոքր ինչ այլ է:
Ըստ մեր զրուցակցի` նմանատիպ արարողություններն այդքան էլ շատ չեն լինում. սա ի պատասխան մեր այն դիտարկման, որ Պռոշյան փողոցը հաճախակի է խցանված լինում թանկարժեք ավտոմեքենաների պատճառով: Որպես օրինակ հոգևորականը նշեց, որ հունվար ամսվա ընթացքում երկու-երեք նման արարողություն է իրենց եկեղեցում եղել:
Սակայն անցնենք ամենահիմնական խնդրին` ի՞նչ արժե արարողությունը. «Ցանկացած արարողություն դրամական ոչ մի արժեք չի կարող ունենալ, որովհետև եկեղեցին չի կարող հստակ սակագին սահմանել դրանք անցկացնելու համար. աղոթքն անգին է: Բայց մարդիկ քահանային իրենց հոժար նվիրատվությունն են կատարում ` իրենց սրտի ցանկությամբ, քանի որ քահանան աշխատավարձ չունի. հնուց է այդպես եկել»,-տեղեկացրեց մեզ Տեր Շմավոնը:
Սակայն պատասխանը չբավարարեց, քանզի խոսակցություններն այն մասին, որ քահանաները ոչ թե սպասում են «հոժար նվիրատվության», այլ կոնկրետ գին են ասում` 100 կամ 150 հազար դրամ, եզակի բնույթ ամենևին էլ չեն կրում: Ըստ այդմ էլ հետաքրքրվեցինք` ո՞ւր է գնում այդ գումարը, որևէ կտրոն տրվո՞ւմ է:
Նախ. «Ես չգիտեմ, ինչու է շեշտվել այդ գումարը, բայց եթե այն հանգուցյալի հարազատներին որևէ անհանգստություն է պատճառել ու նրանք դրա մեջ ինչ-որ միտում են տեսնում, նրանք կարող են իրենց բողոքը ներկայացնել Թեմի առաջնորդին»: Երկրորդ` ո՞ւր է գնում այդ գումարը.
«Ցանկացած արարողության դիմաց տրված գումար, եթե կտրոն չի տրվում (օրինակ պսակադրության և մկրտության համար եկեղեցին լուսագին է սահմանել` 3000 և 1000 դրամ. այդ գումարը գնում է եկեղեցու գանձանակ), այսինքն` դրանք նվիրատվություն են, գնում է քահանային, քանի որ, կրկնեմ, քահանան չունի աշխատավարձ, բայց ունի ընտանիք ու բոլոր այն հոգսերը, ինչ աշխարհիկ մարդիկ` բնակարան, բնակվարձ, ավտոմեքենա և այլն»:
Հայաստանի օրենսդրությամբ` որևէ նվիրատվություն չի հարկվում և այլ կտրոններ, բացի վերը թվարկվածից, քաղաքացիներին չեն տրվում:
Կոնկրետ շրջանառվող լուրերի պահով Տեր Շմավոնը նշեց, որ գուցե մարդիկ իրենք են ինչ-որ գումար տվել և հետո տարածում, թե դա քահանան է պահանջել, քանի որ, կրկնեց, «եկեղեցում որևէ սակագին չկա, քահանային արգելված է որևէ սակագին ասել, առավել ևս մինչև արարողություն կատարելը»:
Խոսքը ծայրամասային եկեղեցուն էր վերաբերում, իսկ Սբ.Հովհաննես եկեղեցում ի՞նչ վիճակ է, ինչպես կմեկնաբանի 1 մլն և ավելի աստղաբաշխական գումարի մասին լուրը: Լսելով հարցադրումը Տեր Շմավոնը նախ ծիծաղեց` գումարը, նրա ասելով, այնպիսին է, որ եթե համապատասխաներ իրականությանը, ապա մի քանի հուղարկավորությունից հետո նրանցից յուրաքանչյուրը կկարողանար ավտոմեքենա գնել:
Իսկ ավելի լուրջ. «Մեր եկեղեցում ոչ մի աստղաբաշխական գումար էլ չկա սահմանված , չի կարող նման բան լինել և ես շատ կուզեի տեսնել այն մարդուն, որ այդպիսի գումար իբր վճարել է»,- հավելեց նա:
…Ավետարանը թելադրում է` արդար վաստակիցդ քահանային բաժին տասանորդը տուր: Այս նյութից հետո, կարծում եմ, արդարության ու տասանորդի մասով որոշ պարզաբանումներ եղան։
4 քննարկումներ
sofia