ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 29, 2012 20:49 - 2 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 17)

Մաս  16

      1988թվական,փետրվար,Սումգայիթ…մարտ,ապրիլ,գործադուլներ,դասադուլներ,հացադուլ ներ… դեկտեմբեր,երկրաշարժ…

Փոթորկված Հայաստան, բանտված Արցախ, կոտորածից մազապուրծ փախստականներ,երկրաշարժից ավերված քաղաքներ ու գյուղեր,և դիակնե՜ր,դիակնե՜ր,դիակնե՜ր…

1915թվականին ցեղասպանություն տարած մի ազգի սերունդ՝ պապերից ժառանգած վրեժխնդրության ծարավով,կորսված Էրգրի կարոտով,պահանջատիրության իրավունքի գիտակցությամբ ու Ազգային ԳԵՆԻ արթնացած կանչով:Սրանցից ո՞րն էր որոշիչը,(գուցէ ամբո՞ղջը),որ հավատով,միահամուռ,20-րդ դարավերջին աշխարհի հայացքի դեմ ոտքի ելավ  մի ողջ ազգ պաշտպանելու իր իրավունքը՝ ԱԶԱՏ ապրելու´,լինելու´ իր իրավունքը:Հրապարակ դուրս եկած միլիոնների միջից պիտի առանձնանային առաջնորդներ՝ որոնց վիճակված չէր մինչև վերջ հասկանալի և ընդունելի լինել ժողովրդի կողմից(ինչպես մեր պատմության ամբողջ ընթացքում է եղել) ու նաև  «առաջնորդներ»,որոնք պիտի խաղային իրենց հանձնարարված խաղը:Սրանց պիտի միանար նաև տականքը,որն իր հոգու նժարով կշռել էր ազգային շահն ու անձնականը և փաստորեն ի ողբերգություն ողջ ազգի՝ անձնականն ավելի ծանր էր դուրս եկել:

Կուսակցություններ,միություններ,խմբակցություններ,իրարամերժ գաղափարներ,հանդուրժողականություն ու անհանդուրժողականություն,և պատերազմը ֆիլմերով տեսած մի սերնդի գլխին ճայթած հրանոթների կրակ:Պիտի զատվեր Ազգից,ժողովրդից ու ամբոխից՝ ՑԵՂԸ ու այդ ՑԵՂՆ էր,որ առաջինը պիտի նետվեր անձնազոհության՝ փրկելու իր մի բուռ մնացած հողն ու  ժողովրդին:ՈՒ չուշացավ այն:Կազմվեցին կամավորական ջոկատներ,որոնցից շատերը թեև ունեյին զինվորական հագուստ,բայց զենք չունեյին:Ինքնաբերաբար առաջնորդներ դարձած մի խումբ մարդիկ,ովքեր կազմել էին կոմիտե՝ «Ղարաբաղ» անվամբ,ովքեր կարճ ժամանակով ձերբակալվել ու եղել  էին Մոսկովյան բանտերում և որոնք այդ բանտերից վերադարձել էին «վերակառուցված»  գաղափարներով ու ինչ որ հանելուկային հանդարտությամբ ու հաստատակամությամբ,իրենց ապավինած,անվերապահորեն իրենց հավատացող ժողովրդին պիտի կոչ անեյին՝«ի զեն»,քանզի թշնամին արդեն Հայաստանի սահմաններն էր գնդակոծում:   Ադրբեջանում Մոսկովյան գործակալներն արդեն սկսել էին զինված սադրանքը Հայաստանի դեմ,իսկ Հայաստանում «Ղարաբաղ» կոմիտեն արդեն զինված պայքարի կոչ էր հնչեցրել,մատնանշելով,թե ինչպես ու որտեղից կարելի է զենք հայթայթել:Սովետական Հայաստանի միլիցիան ուղղակի թույլ էր տալիս «զինաթափել» իրեն և նույնիսկ օգնում էր,որ գործն արագ վերջանա:Եվ ի՞նչ իմանային   թշնամու դեմ կամավոր գնացող այդ տղաներից շատերը,որ գալու է մի օր,երբ իրենց «ի զեն» կոչող ,բայց արդեն իշխանության գլուխ անցած այդ նույն «Ղարաբաղ» կոմիտեյի  անդամները,որոնք արդեն անվանափոխվել ու ՀՀՇ-ականներ էին կոչվում, իրենց մեղադրելու են զենքի թալանի,ապօրինի զենք կրելու մեջ(կարծես թե ՀՀՇ-ի զինված ջոկատներին զենքն օրինական էր հանձնվել և այն կրելու իրավունքն ունեյին գրպաններում),իսկ «թալանված» սովետական միլիցիայի աշխատողները գալու էին հաստատելու այդ «թալանի» փաստը:

1989թվականին Երևանի Կույրերի Միավորման դահլիճում ամեն ուրբաթ Մովսես Գորգիսյանը կազմակերպում էր ԱԻՄ-ի հավաք,որին պարտադիր  մասնակցում էի :Այդ հավաքների ժամանակ կատարվում էին քննարկումներ երկրում տիրող իրավիճակի,աղետի գոտուն վերաբերվող հարցերի,այդ իրավիճակում ԱԻՄ-ի ընդունած դիրքորոշման վերաբերյալ:Դա մի ժամանակաշրջան էր,երբ Սովետական ճամբարներից, ըստ Գորբաչովի հրամանի, ազատ էին արձակվում վերջին այլախոհերն արդեն:ԱԻՄ-ն անհամբեր սպասում էր նախկին ԱՄԿ-ի վերջին մի քանի  անդամների ազատմանն ու նրանց Հայրենիք վերադառնալուն:    1989թ.-ի վերջին ամիսներն էին,երբ ԱԻՄ-ը նախաձեռնեց յուրօրինակ փաստաթղթի ստորագրում:Ըստ ցանկության,անկախ նրանից ԱԻՄ-ի համակիր էիր թե՝ ոչ,կարող էիր ստորագրել համարակալված այդ թերթիկները,եթե քեզ համարում էիր Անկախ Հայաստանի քաղաքացի:Այսպիսին էր այդ փաստաթղթի բովանդակությունը՝.                                   Ես՝ներքոստորագրյալս,կամավոր հրաժարվում եմ ՍՍՀՄ քաղաքացիությունից, հայտարարում եմ ինձ Անկախ Հայաստանի քաղաքացի,                    ապօրինի եմ ճանաչում սովետական իշխանությունը Հայաստանում,  քանի որ Հայաստանը նվաճվել և բռնակցվել է Սովետական Միությանը:  Մինչև Հայաստանի փաստական Անկախացումը սովետական անձնագիրը ճանաչում եմ լոկ անձը հաստատող փաստաթուղթ:                                       Հրաժարվում եմ ծառայել նվաճողների զինված ուժերում:      Լրացվում էր անուն-ազգանուն-հայրանունը, ազգությունը, ծննդյան թիվը, հասցեն, հեռախոսը, աշխատավայրը, Սովետական անձնագրի տվյալները և փակցվում էր մեկ անձնագրային նկար, որից հետո գրված էր՝.                                      Պարտավորվում եմ ենթարկվել Անկախ Հայաստանի Ազգային Կառավարության առաջին իսկ կոչին:    Եվ վերջում դրվում էր ստորագրություն:

Լրացված այս փաստաթղթի մեկ օրինակը մնում էր այն լրացրած և ստորագրած անձի մոտ,մյուս օրինակը հանձնվում էր Մովսես Գորգիսյանին, որը դրանք հավաքելով պետք է ուղարկեր ԱՄՆ` Հայրիկյանին: Դրանցից բավականին քանակությամբ ես բերեցի Արտաշատ և մեծ մասը լրացվեց, որոնք հանձնեցի Մ.Գորգիսյանին: Այն ժամանակ ի՜նչ հիացմունքով ու սրտի թրթիռով էինք մենք լրացնում այդ թերթիկները և որքան հպարտությամբ էինք կրում այն մեր գրպաններում: Մինչ օրս ինձ մոտ պահվում են իմ և եղբորս՝ Սամվելի թերթիկները, իմը 896, Սամվելինը՝ 898:  Մովսեսը մեզ բացատրում էր թե ինչի համար են դրանք անհրաժաշտ և ինչ դեպքերում կարող ենք այն օգտագործել: Կարճ ժամանակից այդ թերթիկներից լրացրեցին նաև եղբորս՝ Սամվել Մարգարյանի հրամանատարության տակ գտնվող Արտաշատի «Անկախության Բանակ»-ի բոլոր մարտիկները…

1989թ.-ի վերջերին արդեն սկսվել էին կրակոցները Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և սկսել էին կազմվել կամավորական ջոկատներ,որոնք զինված էին բացառապես որսորդական հրացաններով:Լինելով առաջիններից մեկը, 1989թ.-ի Սեպտեմբեր ամսին Արտաշատում ավագ եղբորս՝ Սամվել Մարգարյանի հրամանատարությամբ կազմվեց զինված ջոկատ, որն անմիջապես մեկնեց Գորիսի շրջանի Արավուս գյուղ, պաշտպանելու Տեղ, Արավուս և Կոռնիձոր գյուղերի սահմանը: Խումբը կազմված էր 18 կամավորներից, որոնք հետագայում դարձան 32-ը: Առաջիններից էին Ատոմ Քարամյանը՝ Նարեկից, Խաչիկ Մեջլումյանը՝ Արտաշատի շրջանի Մասիս գյուղից, Վահրամ Արամյանը՝ Մխչյանից, Զավեն Պողոսյանը, որը դեռ նոր էր Ապարանից տեղափոխվել Արտաշատ,կրտսեր եղբայրս՝ Վարդան Մարգարյանը,որը պետք է ապահովեր զենք ու զինամթերքի մատակարարումը և այլն… Բոլորն էլ միջին և միջինից ցածր ապրող աշխատավոր ընտանիքների զավակներ էին:Աշնան ցրտին նրանք  փորել էին խրամատներ և հերթականությամբ գիշեր-ցերեկ հերթապահություն էին սահմանում: Սկզբնական շրջանում սնունդը հավաքվում էր  մարտիկների ընտանիքների համեստ միջոցներից՝ով որքան կարող էր և ինչ կարող էր, ու նաև հսկվող գյուղերի գյուղացիներն էին օգնում:Հետագայում սնունդի հարցն իր վրա վերցրեց Արտաշատի քաղկոոպի պահեստը,որը սիստեմատիկաբար սնունդ էր մատակարարում ջոկատին:Արավուս գյուղում նրանց տրամադրել էին մի գյուղացու  պատկանող հարդանոց,որտեղ էլ տեղևորվել էր ջոկատը: Չկար բացարձակ անկողնային ոչ մի պարագա և տղաները քնում էին ուղղակի հարդի վրա:Ջոկատի կազմման օրից մեր տունը վերածվեց մի փոքրիկ զինագործարանի:Կրտսեր եղբայրս՝Վարդանը ավտոմեքենայի պաստառապատող էր և վաստակում էր բավականին լավ: Նա իր վաստակած գումարով վառոդ ու արճիճ էր գնում և մեր ամբողջ ընտանիքը՝  հայրս, մայրս, ես և երկու հարսներս միասին,հաճախ  մինչև լուսաբաց գազօջախի վրա արճիճ էինք հալում, վերածելով փոքրիկ գնդիկների  և որսորդական հրացանների դատարկ պարկուճներն էինք լիցքավորում:Հարևաններից շատերը գիտեին այդ մասին և նրանք ջանասիրաբար օգնում էին ՝ անհրաժեշտ ստվարաթղթե արկղեր հայթայթելով և համապատասխան դրանք կտրելով ու շրջանակների վերածելով:Նրանցից ոմանք ազատ ժամերին գալիս էին մեր տուն և մեր «զինագործարանում» եռում էր աշխատանքը:Լիցքավորված պարկուճները Վարդանն ու հայրս տեղափոխում էին Գորիս:

Ճիշտ այդ ժամանակ էր,1989-ի վերջերին,երբ բանտից ազատվեց ու վերադարձավ Աշոտ Նավասարդյանը:Նրա վերադարձը նշանավորվեց Մովսեսի նոր նախաձեռնությամբ:ՈՒրբաթօրյա հավաքներից մեկի ժամանակ Մովսես Գորգիսյանը հայտարարեց,որ կազմակերպվում է «Անկախության Բանակ»,որի հրամանատարն է լինելու Աշոտ Նավասարդյանը և առաջարկեց ցանկացողներին անդամագրվել:Հիշում եմ,առաջինը դահլիճում ոտքի կանգնեց և իր անդամությունն առաջարկեց ս.Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորը,աշխարհիկ անվամբ՝ Արծրուն Ավետիսյանը,որի աղոթքներով էին միշտ սկսվում ԱԻՄ-ի միտինգները,ինչի համար Վազգեն Առաջին կաթողիկոսը կարգազանց էր արել նրան:Բայց կարգազանց արված քահանան,որին հետագայում նորից վերականգնելու էին իր կարգի մեջ,իրեն համարում էր հոգևորական՝ միշտ և ամեն դեպքում, և չէր երկնչում անհրաժեշտ պահին ձեռքն առնելու զենքը,որպես ազգի զինվոր նաև:Հատագայում այս քահանան դառնալու էր «Անկախության Լեգիոն» կոչվող զինված խմբավորման հրամանատարը,իր խմբի գլուխ անցած մասնակցելու էր բազմաթիվ մարտերի և ինչպես մենք ու շատերը, ՀՀՇ-ի իշխանության անցնելուց անմիջապես հետո,որպես վտանգավոր հանցագործ ձերբակալվելու էր և իր խմբի տղաների հետ մեկտեղ դատապարտվելու էր ամենախայտառակ քրեական մեղադրանքներով…

Մովսեսի հայտարարությունից անմիջապես հետո ես մեկնեցի Գորիս,ջոկատի տղաներին տեղյակ պահելու «Անկախության Բանակ»-ի կազմավորման մասին:ՈՒնենալով ջոկատի  տղաների համաձայնությունը, հայտարարությունից մեկ շաբաթ անց,ես հայտնեցի Մովսես Գորգիսյանին,որ Գորիսի սահմանում գտնվող Արտաշատի ջոկատը պատրաստ է մաս կազմելու կազմավորվող «Անկախության Բանակ»-ին:Մովսեսը անմիջապես ձեռնարկեց հանդիպում Սամվելի հետ:Պայմանավորված օրը Արտաշատ եկավ Սամվելը և կայացավ երեք հանդիպում,բոլորն էլ հորս լուսանկարչական սրահում:Առաջինը Մովսես Գորգիսյանի հետ,որի ժամանակ իբր «պատահաբար» սրահ մտավ Արտաշատի ԿԳԲ-ի պետի տեղակալը,զննելով շուրջ բոլորը,ինչ որ հարց տվեց ու հեռացավ, հետո Մեխակ Գաբրիելյանի և երրորդը Աշոտ Նավասարդյանի ու Վարդան Հարությունյանի հետ: Այս երեք հանդիպումներից հետո ջոկատը կազմեց ԱԻՄ-ի «Անկախության Բանակ»-ի մասը ու միաժամանակ Արտաշատի ԿԳԲ-ի հետաքրքրության թիրախը դարձավ:     Իր կազմման օրից սկսած ջոկատը մի կուռ և բավականին կարգապահ կառույց էր,որտեղ ամեն ոք գիտեր իր գործն ու տեղը:Հետագայում,երբ ջոկատի մարտիկների կեսն համարիա բանտերում էին,Աշոտ Նավասարդյանը ջոկատի դեմ կազմված գործի 19-րդ հատորում ամփոփված իր վկայության մեջ պետք է գրեր այսպիսի տողեր՝.    «Շատ լավ եմ ճանաչում Սամվել Մարգարյանի կողմից կազմված Արտաշատի Անկախության Բանակի մարտիկներին:Դա մի ջոկատ էր,որն իր կազմման հենց սկզբից իր քաջությամբ,իր մարտունակությամբ և իր կարգապահությամբ միակն էր ամբողջ Հանրապետությունում և պատրաստ էր դառնալու ապագա Անկախ Հայաստանի Մատյան Գունդը…»:Այս նույնը Նավասարդյանը հայտարարեց նաև դատարանի դահլիճում,արդեն ՀՀԿ նախագահ և Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ,երբ դատակոչել էին նրան:

Լսելով ջոկատի առօրիայի, ջոկատի ինչպիսին լինելու,նրա ծրագրերի և ջոկատի մարտիկների գաղափարների մասին,եթե Աշոտ Նավասարդյանը հիացավ այդ ամենով,Մովսեսը միանգամից վստահեց և կարգադրեց Սամվելին, որպես սահմանամերձ գոտում եղող հրամանատարի՝  տեղում  ինքնորոշվել և իրավիճակից ելնելով  ինքնուրույն տալ  հրամաններ ու կատարել գործողություններ, միշտ պահելով կապը ԱԻՄ-ի շտաբի հետ:  \                                                              (Շարունակելի)

ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Drmbo
Jan 29, 2012 23:51