Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, January 18, 2012 4:20 - 48 քննարկում
Հրաշք է՞ր, թե Հրաշք չէր….
Հարգելի հայրենակիցներ: Ուշադրությամբ կարդացի նյութին վերաբերվող բոլոր 35 հղումները: Կարծիքները հավասարաչափ տարակարծիք են: Հաշվի առնելով Սոնա Արշունեցու տարածած հրաշքի մասին աղմուկ հանած վիճաբանությունը, կատարվում են ձևավորման փոփոխություններ պահպանելով առաջ քաշված պահանջները: Հրանտ Մարգարյանի գրվածքից հեռացվում է «լողարանի պատ» արտահայտությունը, ինչպես նաև «էժանագին ներկերով» արտահայտությունը:
Մարգարյանի հայտարարությունը իջեցվում է Սոնա Արշունեցու գրվածքի տակ, որպես մեկնաբանություն, որը համաձայն չէ հրատարակված նյութի հետ և փորձում է բացատրություն տալ Բելգիայում ներկայացված հրաշքին:
Մի շարք մասնագետներ հերքեցին հրաշքի առկայությունը և հայտնված նկարը համարեցին քիմիական ներկերի կիրառման արդյունք, որը բողոքարկվեց Սոնա Արշունեցու կողմից. «նկարը անհետացել է պատից 8-րդ օրը» հայտարարությամբ:
Ցանկալի կլինի Բելգիայում ապրող մեր հայ հայրենակիցները փաստեն պատից անհետացած նկարի մասին, անձամբ գնալով բնակարան և նկարահանելով մաքուր պատը, որտեղ մինչ այդ հայտնվել էր այդ նկարը: Դրանից հետո ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ կտպագրվի հերքում, որ դա իրոք հրաշք է եղել և Հրանտ Մարգարյանին հրապարակավ կհայտնի նրա մեկնաբանությունների սնանկությունը, ինչպես նաև նկարիչ մասնագետներին կարգի կհրավիրի հրաշքի դեմ կեղծ ցուցմունքներ տալու համար:
Ներկայացվում է պատին հայտնված նկարը վերականգնված գույներով:
Կոչ եմ անում լինել փոխադարձ հանդուրժողական և հարգալից:
Ս.Քիրեմիդջյան
Հիսուս Քրիստոսի պատկերը հայտնվել է բելգիահայի բնակարանի պատին (Տեսանյութ)
Արդեն երրորդ օրն է, ինչ Հիսուսի պատկերը (նկարում` ձախից) պատկերվել է տղայիս` Մամիկոնի Բրյուսելում գտնվող բնակարանի պատին, եւ տասնյակ հայեր ու բելջեր են գալիս տեսնելու Հիսուսի իրական պատկերը: Ցանկալի է, որ hայկական hեռուստաալիքները նույնպես արձագանքեին այս հրաշքին, որը այսօր, քան երբեւէ` շատ անհրաժեշտ է մեր ազգին: Ուզում եմ մի փոքր բացատրություն տալ, որը, կարծում եմ, անմիջական կապ ունի կատարված հրաշքի հետ. 12 տարի առաջ, երբ տղաս տեղափոխվում է Բրյուսել, փողոցով անցնելիս աչքն է առնում, որ շինարարական աղբի վրա Քրիստոսի պատկերով մի սրբապատկեր է գցված: Վերցնում է, բերում տուն, մաքրում ու փակցնում իր տան պատին (նկարում` աջից): Հետո այս տարի, երբ տղաս տուն գնեց ու վերանորոգեց, այս սրբապատկերը պատին չէին ամրացրել, ուղղակի դրված էր հայելիի դիմաց, ու հիմա Քրիստոսի պատկերը պատկերվել է այն հայելիի վերեւի պատին, որի դիմաց դրված է սրբապատկերը. կարծես ասել ուզեց` իմ տեղն էստեղ է, վերեւում, ո՛չ ներքեւում: Արդեն երրորդ օրն է պատկերը չի անհետանում. երբ հեռախոսով կամ տեսախցիկով նկարում են, այնքան կենդանի է երեւում Քրիստոսի պատկերը, որ անգամ մարմնի բնական գույնն է երեւում: Այսօր, երբ աղանդավորները վխտում են Հայաստանում, շատ կուզեի, որ այս հրաշքի մասին բարձրաձայնվեր, որ մարդիկ դարձի գային: Սոնա Արշունեցիգրող-հրապարակախոս
Սոնա Արշունեցին տգիտություն (հակագիտություն) է տարածում..
Ամենավտանգավորները նրանք են, որ գրել գիտեն, բայց ինտելեկտ չունեն, սնոտիապաշտ են, գիտություն չունեն, մտածել չգիտեն…
Ահա «Հայկական ժամանակ» չկոչվածը հրատարակել է մի «հրաշք», ինքն էլ չհավատալով դրան:
Հարգելի Սոնա Արշունեցի, Դուք վտանգել եք Ձեր գրող-հրապարակախոս կոչվելը ընդամենը մեկ սայթաքումով՝ տգիդության տարածումով:
Հիմա լսեք թե ինչպես է այդ նկարը հայտնվել ձեր տղայի նոր գնած տան պատին:
Ուշադրությամբ դիտեք ձեր իսկ նկարահանած տեսանյութը, հստակ երևում է , որ դա նախկինում նկարված գեղարվեստական գունավոր, ոչջրաթափանցիկ որմնանկար է կամ պաստառ ամբողջ պատին: Մի ժամանակ դա տարածված էր եվրոպական երկրներում որպես հունա-հռոմական ոճ: Դա անում էին, որպեսզի վանեն միապաղաղությունը: Նույնիսկ հայտնվեցին պատրաստի որմնանկարներ, դրանց հիմնական արտադրողը Ճապոնիան և Չինաստանն էին:
Նախկին տան տերը վաճառքից առաջ մի թեթև կարգի է բերել բնակարանը, այսինքն գնորդին հանձնել մաքուր պատերով չեզոք ճաշակի տուն: Ահա նա ջրա-էմուլսիոն սպիտակ ներկով թարմացրել է լողարանի ներսի պատերը ծածկելով գնորդի աչքից որմնանկարը, քանի որ այն պոկել հեռացնելը բավականին ծախսարար է:
Դուք հավանաբար նույն պատերը պատել եք յուղաներկով կամ մեկ ուրիշ լուծիչ պարունակող ներկով, որը չորանալով կիսաթափանցիկ է դարձրել ենթաշերտը և որմնանկարը աղոտ հայտնվել է տակից: Թե երևակված կնոջ պատկերը ինչ կապ ունի փողոցից գտած սրբապատկերի հետ, որի չափն ու բովանդակությունը չեն հաշտվում ձեր երևակայության հետ, դա մի կողմ թողենք, բայց հրապարակախոս լինելով հանդերձ, խնդրեմ, մի կեղտոտեք հրապարակը Ձեր տգիտությամբ: Ես խիստ եմ գրում, քանի որ Դուք չեք հասկանում թե ինչ կարգի ավիրածություն եք կատարում հայկական հոգեբանության մեջ:
Համոզվելու համար քերեք պատի մի հատված և ձեր սեփական աչքերով կտեսնեք տակի հստակ որմնանկարը կամ պաստառը:
Ներկայացնում եմ նաև Ձեր ամբողջ համացանցով տարածած «հրաշքը» և աղանդավորներին ուղղված կոչը:
Կարծում եմ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ կհրատարակի իմ «հրաշքաբացահայտումը»: Շնորհակալություն:
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ (Ճարտարապետ,Շինարար)
Երևան
48 քննարկումներ
ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ