Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, December 18, 2011 6:11 - 4 քննարկում

…իսկ հույսի ծառի վրա կյանքը բույն կհյուսի…

Այս լուրը ես չցանկացա հաղորդել հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, քանի որ անհայտ էին ինձ համար դեկտեմբերի 7-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մարսելում ելույթի ժամանակ ուշագնաց եղած երկու հայ կանանց ինքնությունը և ուշագնացության դրդապատճառները:
Այդ օրը նախագահը խոսեց ոչ երկար, համառոտ շարադրեց իր դրական կարծիքը Ֆրանսիայի և նրա նախագահի մասին, խոսեց ցեղասպանության հարցի շուրջ և այդ պահին ծանր թմփոցով սրահում գտնվող կանանցից մեկը գետին տապալվեց ուշագնաց՝ մարեց: Մարդիկ իրար խառնվեցին, ՀՀ նախագահը ընդհատեց ելույթը, սպասողական վիճակ էր, ոչ ոք չգիտեր թե ինչ պատահեց: Մեկը վստահ ձայնով ՀՀ նախագահին հրահանգեց.
– Շարունակեք պարոն նախագահ, բժիշկը ը՛զբաղվում է նրանով:
Մի քանի հոգով ուշագնացին դուրս տարան:
Ելույթը վերջացնելուց հետո ՀՀ նախագահը սկսեց զրուցել Մարսելի քաղաքապետի հետ իրենց տնկած ծառերի մասին, որ ցածրաձայն թարգմանվում էր նրանց համար: Ոչ մի անդրադարձ ուշագնաց կնոջ մասին չեղավ:
Երբ հայ համայնքի հետ նախագահի հանդիպման ավարտը հայտարարվեց, սրահում լսվեց երկրորդ ուշագնաց կնոջ հատակին ընկնելու թմփոցը: Ներկաները նորից իրար խառնվեցին, սրան էլ դուրս տարան: Մարդիկ զարմացած իրար էին նայում այս անսովոր ուշագնացություններից: Ոչ ոք բացատրություն տալու նախաձեռնություն ցույց չէր տալիս:
Մեկ շաբաթ ժամանակ էր պետք հասկանալու իսկությունը: Պարզվեց կանայք երկուսն էլ աղետի ենթարկված Լենինինական քաղաքից են, որը 1988-ին դեկտեմբերի 7-ին երկրաշարժի հետևանքով քարուքանդ եղավ և տասնյակ հազարավոր անմեղ հայեր մնացին փլատակների տակ: Ամբողջ երկիրը սուգի մեջ էր, հազարավոր տուժվածներ կան մինչև հիմա՝ 23  տարի անց:
Մարսելում փախստականի կարգավիճակում հայտնված այս Գյումրեցի կանայք, իմանալով ՀՀ նախագահի Մարսելում գտնվելու մասին, ցանկացել էին գալ, տեսնել նրան, զրուցել հետը իրենց հոգսերի մասին, մխիթարություն ստանալ: Վերջապես նախագահի հետ հանդիպման օրը դեկտեմբերի 7-ն էր, ակնկալել են, որ այդ օրը նախագահը կհիշի և սգո հարգանքի տուրք կմատուցի երկրաշարժից զոհվածների հիշատակին: Դա համարելով նաև իրենց հոգու մխիթարություն: Կանայք չեն էլ կասկածել, որ ՀՀ նախագահի ողջունի խոսքին անմիջապես կհետևի  «հարգելի հայրենակիցներ, եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք այսօր, 23 տարի առաջ, այս նույն օրը աղետի ենթարկված մեր հայրենքում երկրաշարժից զոհված մեր հայրենակիցների հիշատակը»:
Անցել 5 րոպե , Նախագահը որ մի խոսք չի հնչեցրել այս առթիվ: Կանանցից մեկը անհանգստացել է. «երևի չի հիչում ու չի հիշելու»: Երկրորդը նրան հանգստացրել է. «աղջի, չի կարող պատահի, հո վայրենի չի, հայ ա չէ, անպայման կասի»: Առաջին կինը սիրտը բռնելով դիմել է կրկին. «Մարիցա ջան,ցավդ տանեմ, սիրտս վատ բան ա գուշակում, գրազ գամ չի հիշելու»: Նա փորձել է բարձրանալ տեղից և գոչել «պարոն նախագահ, ինչո՞ւ չեք հարգում երկրաշարժի  զոհերի հիշատակը» բայց հուզմունքից ու զայրույթից լեզուն կապ է ընկել ու էլ ոչինչ չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ:
Մարիցան, որ մինչ այդ նրան հորդորում էր, թե «մի վռազի անպայման կասի, համբերություն ունեցի, հայ ա չէ, հո թուրք չի, կհիշի. վերջում անպայման կհիշի», ապուշ է կտրում, երբ հանդիպումը ավարտվում է, առանց երկրաշարժի զոհերի մասին որևէ մեկ ակնարկի: Այդ հանդիպումը նա համարում էր ոչ պատահական, «ես վստահ էի, որ Սերժ Սարգսյանը ֆրանսիա է եկել այս երկրում ապաստանած և երկրաշաժից տուժած գյումրեցիներին հանդիպելու և նրան հոգսերի հետ կապված խոսքեր և ծրագրեր առաջադրելու» ասում էր նա ինձ, երբ ես հարցրի, «ինչո՞ւ այդպես ցավոտ տարաք այդ հանդիպումը:
-Եղբայր ջան, մինչև վերջ դիմացա, համբերությամբ հույսս չէի կտրում, որ կասի, ում մտով կանցներ, մինչև հիմա էլ չեմ հավատում, կարծես երազ լինի, իմ ուշքը որ գնաց, իմացա հաստատ երազ ա, որ արթնացրին ինձ դրսում, չէի հասկանում թե որտեղ եմ, կարծես գլխիս կվալտով խփել էին, բան չէի հիշում:
-Կարծո՞ւմ ես նախագահի գլխին էլ էին կվալտով խփել Մարսելում. ու դրա համար չէր հիշում Հայաստանի երկրաշարժի մասին:
-Հա, ցավդ տանեմ, հա՛ Հաստատ խփել էին, կամ մի թույն-բան էին դրել ճաշի մեջ, որ չհիշի: Բա էլ ո՞նց, լինելու բան է՞ր, հաստատ դեղել էին Սերժին:
Ես ուզեցա ասեմ, որ իրենցից հետո երրորդ հայ կին է եղել, մի պինդ  բեյրութահայ, ով երես առ երես նախատել է նրան երկրաշարժի մասին չհիշատակելու համար, իսկ  երբ ՀՀ նախագահը հայտնել է, թե «մենք կամաց-կամաց պիտի մոռացության մատնենք նման դեպքերը», այդ կինը շշպռել է նախագահի երեսին «քե’զ, վաղը կմոռնա’նք, բայց մեր զոհերին հիշատակը չենք մոռնա’ր հավիտյան»:
Բայց չասեցի գյումրեցի կանանց այդ մասին: Չցանկացա նրանց մեջ ոչնչացնել հույսի այն փշրանքը, որ նրանք փայփայում էին «հաստատ դեղել են Սերժին, թե չէ ո՞նց կլինի»: Թող ապրեն հույսով, ջրեն, մեծացնեն, դարձնեն ծառ, կյանքի ծառ: Չէ որ սերժանմանները կչորանան` կգնան, իսկ հույսի ծառի վրա կյանքը բույն կհյուսի…

ՆԱՐԵԿ, ՖՐԱՆՍԻԱ, ՄԱՐՍԵԼ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Dec 18, 2011 6:55