ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 7, 2011 1:22 - 3 քննարկում

Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 2-րդ) ” ՀՐԱՊԱՐԱԿ” օրաթերթ

Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 2-րդ) ” ՀՐԱՊԱՐԱԿ” օրաթերթ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեք մասից բաղկացած այս ուղեցույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող բազմաթիվ խնդիրների վերլուծություն է: Կառուցվածքի տեսանկյունից այն հիմնված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի հեռուստատեսային հարցազրույցի վրա, որը եթեր հեռարձակվեց 2010 թ. նոյեմբերի 12-ին: Հարցազրույցի ընթացքում պ-ն Քոթանջյանը ցրում էր հիմնադրամի մասին շրջանառվող ութ հիմնական առասպելները: Առաջին երեք առասպելներն ու պ-ն Քոթանջյանի մեկնաբանությունները վերլուծվել են այս ուղեցույցի առաջին մասում: Տվյալ մասում քննվում են մնացած հինգ առասպելները: Երրորդ մասում կներկայացվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամփոփիչ վերլուծություն և նրա առջև այսօր ծառացած խնդիրների հնարավոր լուծումներ:
Ինչպես առաջին մասում, ստորև յուրաքանչյուր առասպել բառ առ բառ ներկայացված է պ-ն Քոթանջյանի ելույթից, նրա մեկնաբանությունների հետ միասին, որոնք այստեղ ներկայացված են իբրև «հերքում»: Առանցքային խնդիրների այլընտրանքային մեկնությունները ներկայացված են իբրև «մերկացում»:
ԱՌԱՍՊԵԼ 4. Ասում են, որ իբր թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերը վերադիր ծախսերը, այսինքն՝ administrative expense-ը մեծ է, չգիտեմ՝ կեսն է, էս է, էն է և այլն և այլն:
ՀԵՐՔՈՒՄ.Իրողության մեջ ընդամենը 7% է կազմում administrative expense-ը կամ… Գումարների, ընդհանուր առմամբ, եթե ըստ տոկոսի տեսնենք, թե ինչպես են ծախսվում տարվա ընթացքում, 20%-ը ծախսվում է ջրամատակարարման ծրագրերի վրա, 10%-ը գազաֆիկացում և ճանապարհաշինություն, 11%-ը, սոցիալական, մշակութային և այլ ծրագրեր, 11%-ը՝ առողջապահություն, 41%՝ կրթության ոլորտ և ընդամենը 7%-ն է, որը գնում է «administrative expense»` վերադիր ծախսեր, որը, իրանց մեջ մտնում է՝ աշխատավարձեր, հսկողություն այս բոլոր ծրագրերի, որովհետև ամեն օր… մոտ քառասուն շինհրապարակ ունենք մենք ամբողջ Հայաստանով և Ղարաբաղում: Եվ մարդիկ են պետք, ովքեր որ կլինեն այդ շինահրապարակներում, որպեսզի հսկեն, որ ճիշտ է արվում շինարարությունը: Եվ այս ամեն աշխատանքը պետք է վերահսկվի, այնտեղ պետք է մարդիկ լինեն, և այդ 7% մեջ է մտնում այդ ծախսերը:
ՄԵՐԿԱՑՈՒՄ. Բարեգործական ընկերություններ գնահատող ամերիկյան ամենախոշոր ընկերության՝ «Charity Navigator»-ի տվյալները ցույց են տալիս, որ իրենց գնահատած ընկերությունների մեջ 10-ից 7-ը իրենց ծրագրերի և մատուցած ծառայությունների վրա ծախսում են իրենց բյուջեի առնվազն 75%, իսկ 10-ից 9-ը՝ առնվազն 65%: «Charity Navigator»-ը հավաստիացնում է, որ «այն բարեգործական ընկերությունները, որոնք իրենց ծրագրերի ծախսերի համար ծախսում են ավելի պակաս, քան իրենց բյուջեի մեկ երրորդը, ապա նրանք պարզապես անկարող են իրենց առաքելություներն ըստ արժանվույն իրականացնել»:
Վարչական կարիքների համար միայն 7% ծախսելով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ինքնաբերաբար ընկնում է այլ դասի բարեգործական ընկերությունների շարք — այլ համայնքային բարեգործական ընկերությունների համար կիրառվող դրամահավաք գործիք: Նրանց վարչական ծախսերի միջինը կազմում է 6,9%: Այդ ծախսերի մեջ մտնում են նվիրատվություններ խնդրելն ու հավաքելը, սակայն բացառվում է բուն ծրագրերի հսկողությունը:
Վարչական կարիքների համար անբավարար ծախսը պատճառում է թե՛ ծրագրերի և թե՛ դրանց իրականացմանն ուղղված նվիրատվությունների անարդյունավետ կառավարում: Միջոցների անտնտեսվարության օրինակ է, երբ ծրագրի իրականացումը հետաձգվում է հանուն նվիրատվություններից տոկոսներ ստանալու: 2001 թ. «Հայկական Ժամանակ» օրաթերթում մի հոդված հրատարակվեց զոհված ազատամարտիկների կանանց մասին, ովքեր իրենց բողոքի ձայնն էին հնչեցրեցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեին: Վերջինս հրաժարվել էր վճարել անչափահաս զավակների համար մինչ չափահասություն նշանակված 2000-ական դրամը: Նրանք հանգիստ 18 ամիս սպասել էին: Հանրային հեռուստատեսությամբ լսելով, որ «Իզմիրյան» հիմնադրամը 50.000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ վերոնշյալ նպաստները վճարելու համար, համբերում են եւս մեկ-երկու ամիս: Սպասելով ու այդպես էլ գումարները չստանալով` կանայք զանգում են «Հայաստան» համահայկական հիմնադրամ: «Մի աղջիկ էր, որը չներկայացավ Հետո այդ աղջիկը պատասխանեց, որ այդ գումարները տոկոսի տակ են դրել, ու շահույթից նպաստները կվճարվեն»,- պատմեց զոհված ազատամարտիկի այրի, 2 երեխաների մայր Անահիտ Համբարձումյանը:
Վարչական կարիքների համար միայն 7%-ի ծախսումը կարող էր նաև նշանակել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը խնայում է՝ աշխատակազմի փոքրության շնորհիվ: Սակայն այդպիսի տպավորություն չի թողնում Հայաստանում օպտիկական մանրաթելի ծրագրի հիմնադիր, ՀԲԸՄ, Ամերիկայի հայկական համագումարի և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին խորհրդի անդամ, ամերիկյան Ellis Island պատվո մեդալի արժանացած հանգուցյալ բարերար Վարդգես Պարսամի վկայությունը: Հայաստան համակարգիչներ հասցնելու գործում հարավամերիկյան մի բարեգործի օգնելուց հետո նա որոշում է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակը, որտեղ իրենց վերջին հանգրվանն էին գտել այդ համակարգիչները: «Ուզեցի գնալ ու տեսնել, թե ինչ են այդ բոլոր աղջիկներն այնտեղ անում: Բոլորը կենտրոնացած են իրենց համակարգիչների վրա: Բոլորը խաղե՛ր են խաղում: Ես ուզում էի իմանալ, թե ինչ գործի են ու ինչու իրենց պետք եկան այդ բոլոր համակարգիչները», ասում է Վարդգես Պարսամը barsameng.blogspot.com-ում տեղադրված ձայնային ֆայլում՝ նկատի ունենալով այն ժամանակահատվածը, երբ Մանուշակ Պետրոսյանն էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը (1992-1998):
Եթե վերադիր ծախսերի մեջ իրոք մտնում է նաև շինարարական աշխատանքների հսկումը, ապա վատ որակը չպետք է զարմացնի: Սակայն կա ևս մի գործոն, որը կարող էր բարձրացնել շինարարական աշխատանքների որակը: Այս խնդիրը մեզ վերադարձնում է տվյալ ուղեցույցի առաջին մաս՝ լրացնելու այն բացը, որը խոստացվել էր կատարել այս այս մասում, այսինքն՝ Գրանթ Թորնթոնի (Grant Thornton Amyot)՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտային ընկերության ստուգումների նկատմամբ վստահությունը նվազեցնող երրորդ գործոնը: 2010 թ. հեռուստամարաթոնից օրեր առաջ Policy Forum Armenia-յի (PFA) ֆեյսբուքյան էջում ծավալված քննարկման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը ասաց. «Գրանթ Թորնթոնը ոչ միայն ֆինանսկան աուդիտ է անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, այլև ֆիզիկական աուդիտ: Այսինքն՝ ստուգում է շինարարական աշխատանքի որակը, օգտագործվող նյութերը, շինարարական կոդերի հետ համապատասխանությունը և այլն»: Այսպիսով, ենթադրաբար գործում է որակի ապահովման կրկնակի վերահսկողություն — մեկը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, մյուսը՝ «Գրանթ Թորնթոն»-ի:
Կրկնակի հսկողությունը, սակայն, որակի բարձրացում չի ապահովել բազմաթիվ դեպքերում: Սա նշանակում է հիմնադրամի գումարների գրեթե եռակի վատնում — «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընդհանուր վերադիր ծախսից հսկողություն ապահովելու համար հատկացված գումարը; վերահսկողություն ապահովելու նպատակով «Գրանթ Թորնթոն»-ին վճարվող վարձավճարը; և վատորակ շինարարական արտադրանք, ինչը ենթադրում է ծրագրի վրա՝ ներկայացվածից պակաս ծախսված գումար:
1996 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մեկ մետրի արժեքը 250 դոլար է: Չորս տարի անց, ես ծրագրի առաջարկ ներկայացրեցի Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհի համար, որտեղ մետրի արժեքը հաշվարկված էր 94 դոլարի սահմաններում: Մի քանի օր անց Մարտունու շրջանի ճարտարապետի համագործակցությամբ կազմված ծրագրի վերաբերյալ զանգ ստացա Արցախի նախագահի գրասենյակից: Նախագահի մտահոգությունն այն էր, որ ծրագրի արժեքը սովորականից ցածր է ստացվել. նրան պարզաբանումներ էին անհրաժեշտ մեր հաշվարկների մասին: Բավարվելով իմ պատասխաններով՝ ինձ շնորհակալություն հայտնեցին և բարի բախտ՝ ծրագրի համար ֆինանսավորում գտնելու գործում: Իրականում նպատակս ոչ թե ֆինանսավորում հայթայթելն էր, այլ օգնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստեղծել ճանապարհաշինության իրական արժեքի վրա հիմնված չափանմուշ: Հակված ենք մտածելու, որ այն իրոք որոշ չափով ազդեցություն ունեցավ նրանց ապագա հաշվարկների վրա, քանի որ հետագայում Հյուսիս-Հարավ մայրուղու արժեքը 100 դոլարով պակաս գնահատեցին:
Վերադառնալով Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն՝ հարկավոր է նշել, որ մետրը 250 դոլար գնահատված արժեքի մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարությունը ենթադրում է, որ նրանք շինարարական ընկերությանը գերվճարել են կատարած աշխատանքի դիմաց՝ հավանաբար տարբերությունն առանց հայտարարագրման ստանալու ակնկալիքով:
Համացանցն ու տպագիր մամուլը հեղեղված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևորագոււյն նվաճումների՝ Գորիս-Ստեփանակերտ և Հյուսիս-Հարավ մայրուղիների վատ որակի մասին հրապարակումներով: Ես անձամբ եմ վատորակության ականատեսը եղել ամեն անգամ երբ այս կամ այն հատվածը շահագործման էր հանձնվում 1997-2005 թթ. Մի անգամ ծայրաստիճան հիասթափվեցի՝ տեսնելով, թե ինչպես էր Լաչինի հատվածում ամբարձիչը սուզվում ասֆալտի մեջ, երբ փորձում էի բարձրացնել թեթևաքաշ մեքենաս անիվը փոխելու համար: Ես նաև հայտնաբերել էի, որ ասֆալտը ճանապարհի կենտրոնական հատվածում անհամեմատ ավելի բարակ է, քան եզրերին, ինչը, թերևս, տեսողական խաբկանք էր՝ հավաստիացնելու, որ ճանապարհի շինարարության վրա բավականաչափ ասֆալտ է օգտագործվել:
Սովորական երևույթ էր ասֆալտի տակի շերտը հատուկ լվացած խճաքարի փոխարեն սովորական լեռնային խճաքարով լցնելը, գրում է լրագրող Քրիստինե Խանումյանը «Ժամանակ»-ում 2010 թ. փետրվարի 3-ին: Շինարարական ընկերությունները խնայողություն էին անում նաեւ ասֆալտապատման համար անհրաժեշտ բիտումի քանակության վրա: Արդյունքում՝ մեկ տարի անց ճաքեր սկսեցին հայտնվել ասֆալտապատ մակերեսին, իսկ տեղ-տեղ նաև խոտեր էին աճում այդ արանքներից:
Վերջնական արդյունքի վատորակության համար գոյություն ունի ավելի քան մեկ պատճառ: Կարևոր է հասկանալ, թե ինչպես է գործում ողջ մեխանիզմը: Ցածր որակի համար անմիջական մեղքն ընկնում է այն շինարարական ընկերության վրա, որին վստահվել է ծրագրի իրականացումը: Հաջորդ տրամաբանական հարցն այն է, թե ինչու էր հենց այդ շինարարական ընկերությունը ընտրվել ծրագրի իրականացման համար:
Արցախում, ինչպես նշվել է տվյալ ուղեցույցի առաջին մասում, կան գլխավորապես երեք շինարարական ընկերություններ, որոնք սովորաբար հաղթում են հայտարարված մրցույթներում՝ «Վրեժ», «Ճանշին» և «Քարավան»: Այս ընկերությունների տերերն են, համապատասխանաբար, Կարեն Հակոբյանը, Հակոբ Հակոբյանը և Ռոլես Աղաջանյանը: Նրանք հաղթում են՝ չնայած նրան, որ բավարար որակ չեն ապահովել անցյալում: Արցախում իրականացվելիք ծրագրերի համար կազմված մրցութային հանձնաժողովում ներգրավված են համապատասխան մասնագետներ արցախյան կառավարությունից: Ինչպես նշվել է ավելի վաղ, այս ընկերությունները վայելում են որոշակի ազդեցիկ պետական պաշտոնյաների հովանավորությունը, որոնց թվում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ազատ շուկայական տնտեսության առանցքային կանոնը՝ հավասար հնարավորություններ, գործում է միայն իշխանությունների հովանու տակ գտնվող շինարարական ընկերությունների համար: Հազվադեպ չէ նաև մրցույթում շահած շինարարական ընկերության կողմից որոշ ճանապարհահատվածների կառուցման իրավունքի վերավաճառումը այլ շինարարական ընկերությանը: Այսպիսի քայլ առաջինը ձեռնարկել է «Ճանշին»-ը՝ վերավաճառելով մայրուղու Հյուսիս-Հարավ մայրուղու Դաշբուլաղ-Խաչենագետ հատվածի որոշ մասերի կառուցման իրավունքը «Քարավան» և «Վրեժ» ընկերություններին: Վերջիններս, ըստ Խանումյանի, հետագայում կապկեցին այդ մարտավարությունը: Հետևանքն ավելի վատթար որակն էր, ինչը վերջ ի վերջո չափազանց ակնառու էր չնկատելու տալու համար:

2006 թ. մայիսի 5-ին Արկադի Ղուկասյանը վերջապես որոշեց բարձրաձայնել հիմնադրամի հսկողության տակ գտնվող շինարարական աշխատանքների որակի մասին մտահոգություները: Ըստ «Առավոտ»-ի հրապարակման՝ Երևանում լրագրողներին նա ասաց, որ դժգոհ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարական աշխատանքի որակից: Արցախի նախկին նախագահը շեշտեց, հիմնադրամը պետք է առավել կոշտ վերահսկողություն իրականացնի իր աշխատանքների նկատմամբ: Այս խնդիրը վեճ հարուցեց Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև, որի գործադիր տնօրենը 2004-2007 թթ. Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Նայիրա Մելքումյանն էր: Վերջինս մեղքը բարդեց արցախյան իշխանությունների վրա, քանի որ կառավարության ներկայացուցիչներն էին շինարարության ավարտից հետո աշխատանքի արդյունքը վավերացնողները: Այս առճակատումը Հայաստանում և Արցախում 2006 թ. երկրորդ կեսի տաք թեմաներից էր: Հարցը բարձրացվեց հիմնադրամի հոգաբարձուների խարհրդի նիստում: Ինչպես Խանումյանն է մեջբերում Նայիրա Մելքումյանի խոսքերն իր «Հիմնադրամ-ԼՂՀ. հակասությունները խորանում են» հոդվածում. «ՀՀ և ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ, անորակ աշխատած կազմակերպությունների գործերն ուղարկվեցին ԼՂՀ դատախազություն»: Թիրախում «Վրեժ» և «Ճանշին» շինարարական ընկերություններն էին: Մինչ օրս նրանց նկատմամբ գործ չի հարուցվել:

Տարօրինակ է, որ հիմնադրամի աուդիտն իրականացնող Գրանթ Թորնթոն ընկերությունը, որն, ըստ Սարգիս Քոթանջյանի, պայմանագրով պարտավորված է ֆիզիկական աուդիտ անցկացնել և, հետևաբար, ունի շինարարական աշխատանքի որակի համար պատասխանատվության իր բաժինը, ոչ մի անգամ չի հիշատակվել որպես հիմնադրամի և կառավարության միջև ծագած առճակատման մասնակից: Ինչո՞ւ է հիմնադրամը վճարում Գրանթ Թորնթոնին, եթե վերջինս չի պատրաստվում կիսել վատորակ աշխատանքի պատասխանատվությունը: Եվ ինչո՞ւ է համահայկական հիմնադրամը գումար հատկացնում 7% կազմող իր վարչական ծախսերի մի մասը հսկողության վրա, եթե այն արդյունավետ չէ:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

պարզ հայ մարդ
Dec 7, 2011 5:57