ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, November 28, 2011 2:06 - 4 քննարկում

2011թ. 11-րդ ամսին, 2011 մարդ Ազատության հրապարակում ոտնկայս նշեց «Ցուրտ ու Մութ Տարիներ»-ի 20-ամյա հոբելյանը…

Տեր-Պետրոսյանը “մրսացրեց” 2000-ից քիչ ավել ՀՀ քաղաքացիների, ոչ ավելին 14:31 26/11/2011

Երբ ՀԱԿ-ի այս տարվա վերջին հանրահավաքում Ազատության հրապարակի լուսարձակներն անջատվեցին, ու այդ վիճակը տևեց  մինչեւ հանրահավաքի վերջը` ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, հրապարակում հավաքվածներս ծանր չտարանք. ընդհանուր առմամբ, պատկերին սովոր էինք: Իսկ, երբ “առաջնորդը” ժողովրդին դիմելով ասաց` “Հայաստանի Հանրապետության մրսած քաղաքացիներ, թույլ տվեք ևս 30 րոպե ձեզ մրսացնեմ”, ամեն ինչ վերջնականապես ընկավ իր տեղը` այսինքն 90-ականներ: Այն ժամանակ էլ հոսանք չկար, ժողովուրդը մրսած էր, ու ամենակարևորը` ելույթ էր ունենում Տեր-Պետրոսյան Լևոնը: Ու, երբ հիշում ենք “հիմնադիրի” այն ժամանակվա ու այս օրերի ելույթները, դրանցում մի շատ էական ու ուշագրավ նույնություն կա. Տեր-Պետրոսյանը երկու “դարաշրջաններում” էլ առաջարկում է` “համբերել”, “հետևել իրեն”, իսկ ով չի հետևի` այն ժամանակ “սրիկա էր”, հիմա…դատելով “փաստից”, որ “այս հրապարակում դավաճան չկա”` “դավաճան է”…:

 

Թողնենք այս հիշողությունները, մանավանդ, որ ամեն մի վատ հիշողություն երբ վերադառնում է, դառնում է կրկնակի սարսափելի ու զզվելի, և կրկնակի վտանգավոր:

Սկսենք “հովհարային անջատումից”: Նախ նկատենք, որ այդ պահին ելույթ էր ունենում Արամ Զավենի Սարգսյանը, ու երբ լուսավորությունը անջատվեց, խոսափողին մոտեցավ Նիկոլը, որը “տեղեկացրեց, թե քանի որ իրենց այս հանրահավաքը նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանի համար առաջինն է, ապա վերջինս, իբր լրագրողների, շեշտում ենք` լրագրողների ներկայությւամբ հպարտացել է` ասելով, թե տապալելու է հանրահավաքը”:

Փորձենք հասկանալ. եթե նոր ոստիկանապետն իրոք այդպիսի բան է որոշած եղել, ինչն ամենևին էլ չենք ցանկանում բացառել, այդուհանդերձ` ինչո՞ւ պետք է Գասպարյանի նման փորձառու ուժայինը լրագրողների մոտ դա հայտարարի: Երկրորդ, եթե իրոք սա ոստիկանության ձեռքի գործն էր, ապա ինչու անջատվեց միայն հրապարակի լուսավորությունը, այլ ոչ թե` նաև խոսափողները: Նիկոլն այս առումով նկատեց` “հիմա փորձում են փնտրել այս մի կաբելը, հուսանք մինչև հանրահավաքի վերջ, կամ հաջորդ հանրահավաք` կգտնեն…”: Որքանո՞վ է, ախր սա լուրջ. Ինչպե՞ս կարող է ամբողջ ոստիկանական համակարգը, եթե իրոք ցանկանում է տապալել հանրահավաքը` այն հոսանքազրկելու միջոցով, “ինչ-որ կաբել” չգտնել…

Հաջորդ ուշագրավը երեկվա “մրսած” հանրահավաքում “Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիրն” էր, ու դրա` “քվերակության դնելը”` նախ, ապա և “միաձայն ընդունելը”:

Հիմա փորձենք նկարագրել իրավիճակը ամբողջությամբ: Լևոն Զուրաբյանը կարդաց հռչակագրի տեքստը` ամբողջությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, թե նախագահի թեկանածություն առաջադրելով Սերժ Սարգսյանը չի հրաժարվել վարչապետի պաշտոնից, ինչը հակասահմանադրական է, ապա հռչակագիրը դրվեց քվեարկության: Այսինք, դիմելով 2000-ից քիչ ավելի հավաքվածներին, Զուրաբյանը ասաց` ո՞վ է կողմ, բնականաբար բոլորը կողմ “քվեարկեցին” ու հռչակագիրն ընդունվեց, ավելին, դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազատության հրապարակից Կոնգրեսը երթ կկազմակերպի` “Սերժիկ, հեռացիր”` ասել ենք ու շարունակելու ենք ասել` անլուրջ, “ինստիտուցիոնալ քաղաքական ուժին” ոչ հարիր կարգախոսով: Գիտեք, եթե լուսազրկված հրապարակում բջջայինների լույսը տեսնելով Նիկոլը կարող է դիմել բազմությանը ասելով` “Ժողովուրդ, Սերժի համարը չունե՞ք, զանգենք անձամբ իրան ասենք` հեռացիր…”, ապա անգամ փոքր-ինչ չի կարելի կասկածել ՀԱԿ-ի` “ինստիտուցիոնալ” լինելու մեջ:

Եվս մի բան կուզենայինք առանձնացնել երեկվա հանրահավաքից, նախքան “առաջնորդին” հասնելը: Ելույթ ունեցավ գրող-հրապախարակախոս Տիգրան Պասկևիչյանը, ով մասնավորապես ասաց, թե ժողովուրդը ոչ թե պետք է հույս դնի առաջնորդների վրա, թե երբ պետք է վերջիններս իրեն տանեն հեղափոխության, այլ ինքը պետք է գնա հեղափոխության ու տանի իր հետևից առաջնորդներին. “Բայց սրա համար պետք է, որ մեր 10 հազարը դառնա 100 հազար”: Հավանաբար ՀՀԿ-ական Շարմազանովը այս պահին կասեր` “100 հազարը մեր թիվն է, դուք այդքան չկաք”, իսկ մենք հասկացանք, չէ՞, Պասկևիչյանի ակնարկ-հորդոր-կոչը…նախ քիչ եք, ժողովուրդ, ապա և` Լևոնը ձեզ չի տանելու հեղափոխության, հույսներդ կտրեք: Ուրիշ բան, որ դուք “կոտրեք-ջարդեք” ամեն բան, Լևոնը կհայտնվի ձեր կողքին, ճիշտ է` ամենավերջում, երբ համոզվի, որ հաստատ հաղթել եք:

Հիմա, ավելի պակաս կարևորի մասին, այն է` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ինչու ենք ասում Տեր-Պետրոսյանի տրամադրած այս հերթական “խորհելու նյութը” պակաս կարևոր է, քանի որ աստիճանաբար “առաջնորդը” նմանվում է “հեքիաթների արքայադստեր”, որը ուզում է ամուսնանալ ու հայտարարում է` “նա, ով կբերի սարի գագաթի խնձորը, կամուսնանամ իր հետ”, կամ` “նա, ով կհրաժարվի իր իշխանական կալվածքներից, ես կամուսնանամ իր հետ”: Պետք է նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան ավելի շատ համընկնում է վերջին օրինակին: Արդեն հայտնի է, ուրեմն` “հիմնադիրը” “խորհելու նյութ” տվեց ԲՀԿ-ին, անձամբ ու իհարկե Գագիկ Ծառուկյանին` թե, եթե դու հստակորեն սահմանազատվես Ռոբերտ Քոչարյանից և այդպիսով խուսափես 2008-ի մարտի մեկին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից, և, եթե դու դեմքդ իսպառ չկորցնես` բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, այսինքն` խորհրդարանական ընտրություններին մասնակցես Հանրապետականների հետ կազմած ցուցակով, ապա հնարավոր է` մենք համագործակցենք: Դժվար է ասել` ի՞նչ կխորհի, կամ կխորհի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանն այս ամենի մասին, մանավանդ այս օրերին, երբ գտնվում է Դուբայում, ի դեպ` Հովիկ Աբրահամյանի հետ: Սակայն, բացի սրանից Ծառուկյանին պակաս “խորհելու նյութ” չէ նաև Տեր-Պետրոսյանի ուրիշ արտահայտությունները ևս: Ուրեմն, “առաջնորդը” հնարավոր համարում է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, սակայն որը չի ենթադրի գալիք խորհրդարանական ընտրություններին` ՀԱԿ-ԲՀԿ միասնական համամասնական ցուցակով ներկայանալը: Պատկերացնում եք, չէ՞, այն նույն ԲՀԿ-ն, որը “մերժում է” անգամ ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով երաշխավորված խորհրդարան մտնելու առաջարկը, հանկարծ կարող էր մտքով անցկացնել դիմել ՀԱԿ-ին` նույն, սակայն այս պարագայում արդեն խիստ կասկածելի հեռանկարներով առաջարկով: Սակայն առավել էականն այն է, որ ենթադրենք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են ու երկուսն էլ առանձին համամասնական ցուցակով անցնում են խորհրդարան ու այնտեղ էլ են համագործակցում: Բացառվում է, չէ՞, որ ԲՀԿ-ն խորհրդարան մտնի առանց Գագիկ Ծառուկյանի,հետևաբար գալիք խորհրդարանում գոնե մեկ… լավ` գործարար լինելու է, չէ՞, ու որի հետ ՀԱԿ-ը ու անձամբ Տեր-Պետրոսյանը հնարավոր են համարում համագործակցությունը: Բայց արի ու տես, որ սա այդքան էլ այսպես չէ. “Կոնգրեսի համառ հարցապնդումներից հետո իշխանամետ ուժերի ներկայացուցիչները վերջապես սկսել են խոսել Ազգային Ժողովում գործարար-պատգամավորների առկայության անթույլատրելիության մասին, թեև ինչու այդ հարցն, ըստ նրանց, պետք է լուծվի ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, անհասկանալի է”, ԲՀԿ-ին “խորհելու նյութ” տալուց հետո, արդեն ելույթի վերջնամասում, նկատում է “առաջնորդը”: Հիմա, ինչ է ստացվում, ՀԱԿ-ը հնարավոր է համարում իր համագործակցությունը մի ուժի հետ, որի առաջնորդի հայտնվելը ԱԺ-ում համարում է անթույլատրելի…

…Իսկ երթ երեկվա հանրահավաքից հետո չեղավ, Նիկոլն ասաց, որ “ցուրտ է, գնացեք ձեր տները, ժողովուրդ, իսկ մինչ այդ երաժշտություն կմիացնենք` մի քիչ տաքանաք…”: Հաջորդ հանրահավաքն էլ ՀԱԿ-ը կանի հավանաբար փետրվարին, եթե իհարկե քաղաքական իրադարձությունները այնպես չզարգանան, որ հնարավոր լինի հանրահավաքն ավելի վաղ անցկացնել: Այս մասին հայտարարեց “հիմնադիրը”` շնորհավորելով բոլորիս Նոր Տարին ու Սուրբ ծնունդը` մաղթելով մեզ “անսերժ Հայաստան”, իսկ եթե ավելի լո՞ւրջ… Չէ, ավելի լուրջ ոչինչ չասվեց երեկ` լոկ “խորհելու նյութեր” ու 2000-ից ավելի մրսած ու խավարի մեջ կանգնած մարդիկ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MsBARYAN
Nov 28, 2011 7:56