ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 23, 2011 0:11 - 2 քննարկում
Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի Կառավարություն
Նոյեմբեր 16, 2011թ. 11:28
Պարզաբանում է քաղաքագետ, Արևմտյան Հայաստանի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը
Հարց – Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի Կառավարություն, մ՞իթե այլ ճանապարհ չկար, իրավագետ Արա Պապյանը, օրինակ, իր մտահոգություններն ունի այդ հարցում, որոնք արտահայտեց օրերս մեր կայքին տված հարցազրույցում։
Պատասխան – Հասկանալի է Արա Պապյանի մտահոգությունները, թեև ինքը բացատրությունների մեջ, մեղմ ասած, մտահոգություններից անդին է անցնում, բայց դրան կանդրադառնանք հետագայում։ Տեսանելի է և այն ճանապարհը, որ նա առաջարկում է իրավիճակից դուրս գալու համար, բայց իրադարձությունների ժամանակակից զարգացումները ցույց են տալիս, որ նրա առաջարկած ծրագրերը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինելու կյանքի կոչել, իսկ հայությունը իրավունք չունի և չի կարող միայն մեկ ուղղությամբ ընթացող ծրագրերի հաջողությանն ապավինել և կամ դրա սպասելիքով անգործության մատնվել։
Հարցադրմանն առավել ամբողջական պատասխանելու համար պետք է գնալ պատմության խորքը, ապա վերադառնալ մեր օրերի խնդիրներին և այնուհետ փորձել պատկերացնել վաղվա օրը։
1919 թվականի հրավիրված Փարիզի վեհաժողովը կոչված էր կարգավորելու Միջին Արևելքի պետությունների ետպատերազմյան սահմանային խնդիրները, այդ թվում՝ կարգավորելու Հայկական Հարցը։ Պողոս Նուբար Փաշայի և Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ <<Ամբողջական Հայաստանի պատվիրակությունը>> 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրեց հայկական պահանջների համատեղ հուշագիրը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:
1919-ի ապրիլի 17-ին պատվիրակությանն ընդունեց նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
Ահա հարցի նախապատմությունը, որը սակայն լույս է սփռում նաև հետագա իրադարձություններում բոլոր շահագրգիռ կողմերի բռնած դիրքորոշումների վրա։ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշնակից տերությունների խնդրանքով ստանձնեց և 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացրեց Իրավարար վճիռ, որտեղ ներառված էր Հայկական տարածքային պահանջների 40 տոկոսը միայն, այն պատճառաբանությամբ, որ այդ պահին հայության թիվն այնքան է նվազել, որ նա չի կարող Հայկական պահանջներով նախանշված հայկական պետության տարածքներում մեծամասնությւոն ապահովել։
Երկրորդ քայլով, դաշնակից տերությունների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ, սկսվեց քեմալական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որի հետևանքով տեղի ունեցավ Հայաստանի բռնի խորհրդայնացումն ու ԽՍՀՄ կազմ ընդգրկումը, ինչի հետևանքով Հայաստանը շուրջ 70 տարով զրկվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից Այսինքն՝ զրկվեց նաև Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու իրավունքից և հնարավորությունից ։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք հարցին երկարաշունչ պատասխան ենք տալիս։ Իրականում այդ պատասխաններում է բացահայտվում նախկին խաղը և երևակվում հայությանն ու Հայաստանին ուղղված այսօրվա սպառնալիքը։
Եթե ամփոփելու լինենք, ապա կասենք.
– հակառակ այն փաստի, որ հայությունը հաղթողների շարքերում էր և իր անժխտելի ավանդն ու մասնակցությունն էր բերել ընդհանուր հաղթանակի մեջ,
– հակառակ այն փաստի, որ 1894-96, 1909, 1915-23 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունները հայության դեմ իրականացրել էին մարդկայնության դեմ ծանրագույն հանցագործութուն՝ ցեղասպանություն ու բռնագաղթ, և հայությունն իրավունք ուներ պահանջելու արդար դատաստան ու իրավունքների լիակատար վերականգնում,
– հակառակ այն փաստի, որ հայությունը ցեղասպանության ու բռնագաղթի պատճառով ոչ միայն կրել էր մարդկային հսկայական կորուստներ, այլև բռնի տեղահանվել էր իր հայրենիքից,
և հակառակ այս ամենի
– ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Իրավարար վճռում ներառեց հայկական պահանջների 40 տոկոսը, այլ կերպ ասած՝ հայկական պահանջներից դուրս թողեց 60 տոկոսը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից երեքը և Կիլիկյան Հայաստանը։ Չմոռանանք, որ մենք խոսում ենք հայրենիքի մասին, բնօրրանի, քաղաքակրթությունների խաչմերուկի, որը այնուհետ երկար ժամանակով խցանված էր մնալու, որովհետև հայտնվելու էր այլոց ձեռքերում,
– դաշնակից տերություններն իրենց հերթին վիլսոնյան 40 տոկոսից մի խոշոր մաս լքեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը հանձնեցին քեմալական ագրեսիայի,
– արդյունքում մնացած 29 հազ քառ կմ տարածքը խցկեցին ԽՍՀՄ կազմ, որ չկարողանա այդուհետ ինքուրույն որևէ քայլ ձեռնարկել։
Իրադարձությունների այս նախօրոք մշակված սցենարն այսօր էլ պատրաստվում են կիրառել և այդ նպատակով հրապարակ են բերված՝
– Հայաստան – Թուրքիա Արձանագրությունները, որ շրջանառությունից դուրս բերվի միանգամայն բնական և օրինական Հայկական հողային պահանջների հարցը և Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը,
– Ռալֆ Պիտերսի հոդվածն ու քարտեզը Ազատ Քրդստանի վերաբերյալ, որն իրականում, ըստ Ռալֆի, տեղակայվելու է Հայաստանին պատկանող տարածքների վրա, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի,
– Ինտեգրման տարբեր ձևաչափերի պարտադրանքը՝ Եվրոպական ինտեգրման, Արևելյան գործընկերության, Կովկասյան պլատֆորմի, Եվրասիական միության, որոնք իրականում նշանակում են, թե հետագայում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, Հայաստանը կրկին զրկվելու է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, հայության և Հայաստանի որևէ իրավունք առաջադրելու և պաշտպանելու իրավունքից։
Բոլոր հնարավոր սցենարները նախօրոք մշակված ու դրված են, այդ մենք է, որ կամ չենք տեսնում դրանք կամ չենք ուզում տեսնել…
Ասվածին հավելենք ևս երկու կարևոր փաստ։ Ցեղասպանության դատապարտման հայցով ու պահանջով և Իրավարար վճռի իրականացման պահանջով միջազգային իրավական ատյաններ կարող են դիմել միայն պետությունները։ Սա նշանակում էր, որ հայությունը, կամ հայության այն հատվածը, որ ոչ միայն ցեղասպանության է ենթարկվել, այլև դրա հետևանքով դարձել է տարագիր, չի կարող իր իրավունքների պաշտպանության հարցերով դիմել միջազգային ատյաններ, որովհետև պետություն չունի։ Իսկ ունեցածն էլ ինտեգրված է ԽՍՀՄ կազմ և բերված այնպիսի մի վիճակի, որ ի վիճակի չէ այդ հարցով դիմել միջազգային ատյանների։ Պարզվում է սա էլ նախօրոք մշակված ծրագիր է, որովհետև ցեղասպանությունից շուրջ 90 տարի անց և Հայաստանի անկախացումից շուրջ 20 տարի անց սփյուռքահայությունը, իսկ իրականում ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված Արևմտյան Հայաստանի հայությունը, սարսափով արձանագրում է, որ զուր հույսեր է կապել Հայաստանի վերստին անկախացման հետ, քանի որ այսօր իրեն ստիպում են հաշտվել այն փաստի հետ, թե Հայաստանի համար նախապատրաստվում է մի նոր 70-ամյա ինտեգրում, իսկ իր համար մի նոր 90-ամյա տարագրություն ու դեգերում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղիներով…, որովհետև միշտ ինչ որ պատրվակ կամ պատճառ ճարվելու են արդարացնելու համար, թե ինչո՞ւ Հայաստանը չի կարող արծարծել Հայկական հողային պահանջատիրության և Հայոց ցեղասպանության կենսական խնդիրները։
Կարևոր մեկ նկատառում ևս։ Մի ժամանակ կար հարցադրում, թե ինչո՞ւ սփյուռքահայ երիտասարդությունը Հայկական հարցը հետապնդելու համար դիմեց զինյալ պայքարի միջոցին։ Այդ հարցի առնչությամբ մեր վաստակաշատ պատմաբաններից Ստեփան Պողոսյանը այսպիսի մի հետաքրքիր դիտարկում է արել. <<Հարկ է նաև անպայման նկատի ունենալ, որ <<հայկական ահաբեկչությունը>> մյուս ահաբեկչություններից տարբերվում է նաև նրանով, որ միտված չէ ստեղծելու անկայունություն և չի հետապնդում գաղափարախոսական ինչ որ գծի առաջ մղում, իրականացում: Նրա տատմերը թուրքական կառավարության չկամությունն ու համառությունն են, որ օգտվելով պետությունների թողտվությունից շարունակում է մերժել Հայոց ցեղասպանության իրողությունը>>։
Ուստի այն հարցին, թե Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի Կառավարություն, մենք կարող ենք պատասխանել նաև, որ Արևմտյան Հայաստանի Կառավարության ստեղծման պատասխանատուներից մեկն էլ միջազգային ընտանիքն է, ով ոչ միայն 90 տարի ի վեր ամեն կերպ մերժել ու շրջանցել է հայոց իրավունքները իր բնօրրան հայրենիքի նկատմամբ, այլև ամեն ինչ արել է, որ նորանկախ Հայաստանը նույնպես զրկված լինի այդ իրավունքները պաշտպանելու լծակներից և հնարավորություններից։
(շարունակելի)
Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը
16.11.2011 թ.
2 քննարկումներ
SVETLANA