ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 20, 2011 0:23 - չքննարկված

ՀԱԶՐԱԹ ԻՆԱՅԱԹ ԽԱՆ «ՀՆՉՅՈՒՆԻ ՄԻՍՏԻԿԱՆ» (ԳՐՔԻՑ)

Տիեզերական լեզուն

5. ԷԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կարճ ասած, դրա տակ ենթադրվում է, թե գոյություն ունի միտք, որը կապված է բոլոր իրերի հետ, անկախ դրա ստեղծման անհատական կամ կոլեկտիվ բնույթից, եւ այդ միտքը համապատասխան արդյունքներ է տալիս:

Առարկայի մեջ տեղադրված ազդեցությունը համապատասխանում է զգացմունքի ուժգնությանը: Նոտան ռեզոնանս է ստեղծում հարվածի ուժգնությանը համապատասխան: Եթե դուք պարզապես դաշնամուրի որեւէ նոտայի սեղմեք նվազ ուժգնությամբ, այն ավելի կարճատեւ կծավալվի: Ռեզոնանսը համապատասխանում է այն ուժին, որով դուք սեղմում եք ստեղնին, բայց միաժամանակ կախված է նաեւ գործիքից, որի վրա դուք նվագում եք տվյալ նոտան: Մի գործիքի լարերը երկարատեւ են թրթռում, մյուսինը` կարճատեւ: Նաեւ ռեզոնանսի վրա ազդում է այն միջոցը, որը դուք ընտրում եք թրթիռի արթնացման համար, որի շնորհիվ տպավորություն եք գործում:

Բոլոր բաների մեջ կա Աստված, բայց առարկան` դա լոկ գործիք է, իսկ մարդը` դա հենց կյանքն է: Առարկան մարդը կյանքով է լցնում: Երբ որոշակի իր է ստեղծվում, հենց այդ ժամանակ նրա մեջ կյանք է ներդրվում, որը շարունակվում ու շարունակվում է, հանց շունչը մարմնում: Դա նաեւ մեզ ակնարկում է այն, որ երբ մենք հիվանդին ծաղիկներ ենք բերում, դրանց հետ մեկտեղ` մենք նրան բերում ենք ապաքինող միտքը, որը ներդրված է նրանց մեջ, եւ ծաղիկները հաղորդում են այդ միտքը, եւ երբ հիվանդը նայում է այդ ծաղիկներին, նա դրանցից ստանում է այն բուժումը, որ ներդրված է նրանց մեջ: Ողջ ուտելիքը կամ քացրավենիքը, այն ամենը, ինչ մենք բերում ենք ընկերոջը սիրո մասին մտքով, կարող է հանգեցնել ներդաշնակ, երջանիկ արդյունքի: Կնշանակի, յուրաքանչյուր փոքրիկ իր, սիրով տրված կամ ընդունված, ներդաշնակ ու լավ մտքով, մեծ արժեք ունի: Քանզի բանն առարկան չէ, այլ այն, ինչ թաքնված է դրա տակ: Մի՞թե դա մեզ չի ուսուցանում այն, որ նշանակություն ունի ոչ միայն իրերի ստեղծումը կամ պատրաստումը մեր առօրյա կյանքում, այլ նաեւ այդ իրերի ընծայումը ներդաշնակ, կոնստրուկտիվ մտքով, որպեսզի մեր աշխատանքը կարողանա հազարապատիկ ավելի արժեք եւ իսկական արժեք ունենալ:

Դա մեզ ուսուցանում է այն, որ որոշակի իր ստեղծելով, մենք ինչ-որ շատ կարեւոր բան ենք կատարում, եթե դա անում ենք այնպիսի վերաբերմունքով, որ մենք ոչ թե պարզապես ստեղծում ենք այդ իրը, այլ այնպես ենք անում, որ այն ապրում է: Մի՞թե դա մեր առջեւ գործունեության լայն դաշտ չի բացում, որը մենք կարող ենք անել թեթեւ, առանց առանձնահատուկ ջանքերի կամ բարձր գնի: Իր արդյունքներով այդպիսի աշխատանքը կարող է ավելի կարեւոր լինել, քան կարելի է մտածել կամ պատկերացնել: Մի՞թե դա միաժամանակ մեծագույն օրհնանքը չէ` ունակ լինել ինչ-որ կարեւոր բան անել` առանց որեւէ արտաքին հավակնության: Նույնիսկ, երբ մարդ նամակ է գրում, երբեմն նա դրա մեջ է դնում այն, ինչը բառերը չեն կարող արտահայտել, եւ այդուհանդերձ նամակը դա արտահայտում է: Գուցե թե այնտեղ լոկ մի բառ կա, որ գրվել է սիրո մասին մտքով, բայց այդ բառը, հնարավոր է, շատ ավելի մեծ ազդեցություն գործի, քան հազարավոր ուրիշները: Մի՞թե մենք չենք լսում, թե ոնց է նամակը համարյա խոսում: Դա այն չէ պարզապես, ինչ գրված է այնտեղ, այն մեզ է հասցնում գրողի անձը, թե ինչ տրամադրության մեջ էր նա, ինչպիսին է նրա էվոլյուցիան, նրա գոհունակությունն ու դժգոհությունը, նրա վշտերն ու բերկրանքները, նամակն ավելին է հաղորդում, քան այնտեղ գրվածն է:

Հիշեք այն մեծ հոգիներին, որոնք տարբեր ժամանակներում գալիս են երկիր, պայմանները դիմակայում են նրանց, եւ նրանք ամեն քայլափոխի դժվարությունների են հանդիպում, իրագործելիս այն, ինչ կամենում են անել, եւ այդուհանդերձ նրանք ստեղծում են ձայնը, կենդանի ձայնը: Այդ ձայնը նրանց հեռանալուց տեւում է երկար ժամանակ եւ ժամանակի ընթացքում տարածվում է ողջ տիեզերքով, իրագործելով այն, ինչ նրանք մի ժամանակ կամեցել էին: Հնարավոր է, հարյուրամյակներ են պահանջվել, որպեսզի նրանց միտքն իրականանար, բայց նրանք դա ստեղծել են որպես արժեքավոր մի բան, մի բան, որ մարդկային հասողությունից վեր է:

Եթե մենք միայն կարողանայինք հասկանալ, թե ինչ է ոգին, մենք շատ ավելի ուժգին, քան այժմ, կերկրպագեինք մարդկային էակին: Մենք այնքան քիչ ենք վստահում մարդուն, մենք այնքան թույլ ենք հավատում նրան, մենք այնքան քիչ ենք հարգում նրան, մենք այնքան ենք ստորադասում մարդու հնարավորությունները: Եթե մենք միայն իմանայինք, թե ինչ է կեցած յուրաքանչյուր ուժեղ կամ թույլ հոգու ետեւում, մենք կհասկանայինք, որ նրանում բոլոր հնավորություններն են, եւ մենք երբեք չէինք թերագնահատի որեւէ մեկին եւ չէինք կորցնի հարգանքը ցանկացած մարդու հանդեպ, չնայած այն բանին, ինչից նա կարող է զուրկ լինել, մենք հասու լինեինք, որ դա Արարիչն է արարում տարբեր բաների միջոցով տարակերպ ձեւերը, եւ որ այդ ամենը հղացված, նախապատրաստված, արված եւ կատարված է մեկ Արարչով, որ գործում է այս բազմակերպ աշխարհի միջոցով:

6. ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Արվեստի ստեղծագործություններում, դրանց մեջ ներդրված վարպետությունից եւ դրանց միջոցով հաղորդվող գաղափարներից զատ, գոյություն ունի ինչ-որ զգացողություն, այն կարծես թե դրանց մեջ կամ դրանց ետեւում է։ Երբ ես Բեռլինում էի, ես կայզերի պալատի շուրջ քանդակներ տեսա, դրանք արվեստի ստեղծագործություններ էին, որոնք սարսափի, ահաբեկչության եւ քայքայման մասին մտքեր էին հարուցում: Հենց որ ես տեսա դա, ես ասացի` «Զարմանալի չէ, որ ամեն ինչ պատահեց այնպես, ինչպես պատահեց, քանի որ այս քանդակները նախօրոք էին ստեղծվել»: Արվեստի ստեղծագործությանը գուցե թե հաճելի է նայելը, դրա մեջ կարող է մեծ վարպետություն լինել, եւ այդուհանդերձ նկարչի միտքը գործում է դրա միջոցով, եւ նկարի թողած ազդեցությունը այն չէ, թե ինչ է նա ներշնչում արտաքուստ, այլ այն, թե ինչ է նա բարձրաձայն ասում իր սրտի ձայնով: Յուրաքանչյուր նկարում, յուրաքանչյուր քանդակում, յուրաքանչյուր գեղարվեստական կոնստրուկցիայում կարելի է դա տեսնել, դրանց մեջ կա թաքուցյալ ձայնը, որ մշտապես խոսում է նպատակի մասին, որով ստեղծվել էր այդ արվեստի ստեղծագործությունը:

Երբեմն արվեստագետը իր ստեղծածը չի գիտակցում: Նա հետեւում է իր երեւակայությանը, այն կարող է գործել իր սեփական ստեղծագործության դեմ, այն, գուցե թե, ազդեցություն է հարուցում, որը նա չէր կամենա իր համար կամ այն մարդու համար, ում համար նախատեսված է տվյալ ստեղծագործությունը: Մի անգամ ես եղա մի տաճարում: Ես չեմ կարող այդ տաճարը գեղեցիկ համարել, բայց այն հիասքանչ էր, իր տեսակի մեջ` բացառիկ: Հենց որ հայացքս ընկավ գունային կառույցին եւ ռելիեֆների տեսքով պատերին, ես զարմացա եւ մտածում էի, թե ինչպես կարող էր այսպիսի տաճարը այսքան երկար ժամանակ գոյություն ունենալ, այն վաղուց ի վեր պիտի քանդված լիներ: Եվ շուտով դրանից հետո ես իմացա, որ այդ տաճարն իրոք քանդված է եղել: Գաղափարն այն է, որ այդ տաճարի ճարտարապետն այնքան տարված էր իր նախագծով, որ մոռացել էր ոգու ներդաշնության մասին, որով հարկ էր ստեղծել նախագիծը, եւ այդ պատճառով ամեն ինչ անհաջող ավարտվեց:

Մի անգամ ընկերուհիներիցս մեկն ինձ կանչեց ամուսնու նկարները նայելու: Հենց որ ես դրանք տեսա, իմ առջեւ հառնեց այդ մարդու պատմությունը` ինչպես է նրա ոգին ընթանում կյանքով, տառապանքները, որոնցով նա անցել էր, եւ այդ ամենն արտահայտված էր նկարներում: Իսկ ինչպիսի՞ն էր այդ նկարների տիրոջ վիճակը: Ոչինչ, բացի վշտից ու ընկճախտից:

Լավ կլինի, որ արվեստագետը վախենա ստեղծելուց աշխատանքներ, որոնք կարող են ինչ-որ անցանկալի բան հարուցել, որովհետեւ այդժամ նա ավելի հստակատես կլինի, եւ եթե նա կամենա իմանալ ներգործությունը, որ հարուցում են իր ստեղծագործությունները, ապա կսովորի զանազանել: Շատ հեշտ է պաճուճագեղ գաղափարից ախորժանք ապրելը, բայց մարդը պետք է հասկանա, որ կարեւոր է ոչ միայն գաղափարը, այլ նաեւ նրա արդյունքը` կործանի՞չ է այն, թե՞ արարչական: Օրինակ` նավերում, հատկապես Լա Մանշում, հենց որ դուք նավախուց եք մտնում, առաջին բանը, որ տեսնում եք, դա խեղդվող մարդու պատկերն է, որ փրկօղակ է հագնում: Դա առաջին բանն է, ինչը որ տպավորություն է գործում` որպես նախանշան: Իհարկե, դա ինստրուկցիա է, բայց այդ ինստրուկցիան հոգեբանորեն սխալ է կատարված: Եթե պետք են ինչ-որ ինստրուկցիաներ, ավելի լավ կլիներ բացիկներ տարածել, այն բանից հետո, երբ նավը հեռանա ափից, այն բանից հետո, երբ մարդիկ ընտելանան դրան: Դա առավել քան իմաստուն չէ, դրա համար հարկ էր այլ բառ գտնել, դասասենյակում կամ ժամատանը մահվան տեսարանները, հատկապես, սուրբ ուսուցիչների հետ կապված, որոնք, լինելով անմահ, երբեք չեն մահացել:

Միեւնույնը եւ պոեզիայի հետ կապված: Հնդիկների մոտ գոյություն ունի պոեզիայի հոգեբանություն, որն ուսուցանում են բանաստեղծին ավելի վաղ, քան նրան թույլ կտրվի բանաստեղծություն գրել: Որովհետեւ դա ոչ միայն ռիթմի կամ մտախաղի արտահայտությունն է, այլ պոեզիա գրելը նշանակում է` կառուցանել ինչ-որ բան, քանդել կամ ստեղծել: Երբեմն պոեզիան ներգործություն է ունենում մեծերի բարօրության կամ քայքայման վրա, ի փառս որոնց ստեղծվել է այն: Դա կապված է իմացության հետ: Մարդ կարող է վսեմորեն խոսել ուրիշի անձի մասին բանաստեղծություններում, սակայն խոսքերի կամ մտքի տակ թաքչած կառուցվածքը կարող է չարագույժ լինել: Դրանք ոչ միայն վնասում են այն մարդուն, ում համար գրված են եղել, այլ երբեմն, եթե այդ մարդն ուժեղ է, ծառանում են բանաստեղծի գլխին, այսպիսով նրան վերջնականապես քայքայելով:

Կարող են հարցնել` «Այդժամ մի՞թե դրաման եւ ողբերգությունը վնասաբեր չեն»: Կան շատ բաներ, որ վնասաբեր են, բայց կան եւ շատ բաներ, որոնք միաժամանակ շատ հետաքրքիր են: Բացի այդ, գոյություն ունեն ուղեղներ, որոնք ողբերգությամբ ավելի ուժգին են հմայվում, քան այլ բաներով: Դա բնական է, որովհետեւ երբեմն կա վերք, եւ այդ վերքը որոշ ժամանակ ցավում է, բայց այդ զգացողությունը կարող է օգտակար լինել: Այն կարելի է ցավ անվանել։ Անշուշտ, չափազանց շատ ողբերգությունը ցանկալի չէ մարդու համար, բայց արտիստիկ արարածը, նա, ով պոեզիա է սիրում, ողբերգության մեջ ինչ-որ բան է գտնում: Շեքսպիր չընթերցելը` կնշանակի զրկել քեզ մեծ բերկրանքից` Շեքսպիրի պոեզիան համընդգրկուն է: Բայց երբ մարդիկ ինչ-որ կոնկրետ մարդու հետ կապված բանաստեղծություն են գրում` թագավորի կամ ինչ-որ տիրակալի հետ կապված, այդժամ դրանք ուղիղ ներգործություն են ունենում: Սակայն պիեսը եւս կարող է ուժեղ ազդեցություն թողնել:

Վերը ասվածը համապատասխանում է հոգեբանական տեսանկյանը, դա չի նշանակում, որ դա սուֆիստի տեսանկյուն է: Սուֆիստները շատ են սիրում պոեզիա, բայց նրանց այդ մոլուցքը երբեմն շատ հեռու է գնում ձգտման, ցանկության, կոտրված սրտի, հուսաբեկության զգացողությունների արտահայտման մեջ: Հոգեբանության համաձայն, դա սխալ է:

Նույնը եւ երաժշտության մեջ: Երաժշտի համար շատ հետաքրքիր է ինչ-որ մոգական երաժշտություն ստեղծելը, որը ջրհեղեղ կամ քաղաքի եւ այդ քաղաքում ապրող ամենքի կործանումն է պատկերում, որոշ ժամանակ դա նրան կարող է զվարճալի թվալ, էքսցենտրիկ երեւակայություն, բայց այդպիսի երաժշտությունն ունի իր ազդեցությունը:

Ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են արվեստի, պոեզիայի, երաժշտության կամ պարի մեջ կատարվող շարժումների միջոցով ստեղծվում միտք կամ զգացմունք, որոնց ազդեցությունը այդ արվածի արդյունքն է, արվեստը, կարելի է ասել, խաղ է: Ցանկացած ծրագիր քողի կարիք ունի, որպեսզի արտահայտի այդ ծրագրի կյանքը: Երաժշտությունը` դա աշխարհ է, պոեզիան` դա աշխարհ է, արվեստը` դա աշխարհ է: Արվեստի աշխարհում ապրող մարդը` դա նա է, ով զգում է եւ գիտի այդ աշխարհը եւ սիրում է այն, մարդը, որ ապրում է երաժշտության աշխարհում, տեսնում է երաժշտությունը, նա գնահատում է երաժշտությունը: Երաժշտական տեսունակություն ունենալու համար մարդը պետք է ապրի նրանում եւ այդ աշխարհն ավելի ուշադիր զննի: Այլ կերպ ասած, բավական չէ, որ մարդը երաժշտական լինի, որպեսզի նա իր սիրտն ու հոգին երաժշտությամբ լցնի, նա նաեւ պիտի զարգացնի ինտուիցիան, որպեսզի առավել ներաթափանց լինի:

Ինչ հիանալի է նկատելը, որ արվեստն իր բոլոր դրսեւորումներում ինչ-որ կենդանի բան է, որ խոսում է չարի եւ բարու մասին: Դա միայն այն չէ, թե ինչ իմաստ է տեսնում մարդը հին իտալական տների որմնանկարներում կամ ինչ արվեստ է ստեղծվել հինավուրց ժամանակների քանդակներում, բայց հենց այդ արվեստի ստեղծագործությունները ասես մեզ պատմում են անցյալի պատմության մասին, դրանք մեզ պատմում են դրանք ստեղծած արվեստագետի, նրա էվոլյուցիայի մակարդակի, նրա մոտիվների, նրա հոգու եւ այն ժամանակի ոգու մասին: Դա մեզ ուսուցանում է, որ մեր միտքն ու զգացողությունը անգիտակցաբար վերարտադրվում են ամեն ինչում, ինչ մենք օգտագործում ենք` տեղում, քարում, ծառում, բազկաթոռի մեջ, բոլոր այն իրերում, որոնք մենք պատրաստում ենք, բայց արվեստում մարդը կատարելագործում է իր հոգու եւ մտքի երաժշտությունը: Նրա համար դա ավտոմատիկ պրոցես չէ, այլ բանական ստեղծագործական ներգործություն, որ այլ ազդեցություն է ծնում: Դա ցույց է տալիս, որ մեզ համար բավական չէ պարզապես արվեստ ուսանելը կամ դրանով զբաղվելը, բայց այն բանի համար, որպեսզի այն կատարելության հասցնես, լիարժեք դարձնես, պիտի հասկանաս արվեստի հոգեբանությունը, որի միջոցով մարդը հասնում է իր կյանքի նպատակին:

7. ՄՏՔԻ ԿՅԱՆՔԸ

Աստված է ամենագետ, ամենազոր, ամենաթափանց եւ հար գոյող: Դա մեզ հանգեցնում է այն մտքին, որ Բացարձակը կենդանի Էակ է, որ այնպիսի բան, ինչպիսին մահն է` չկա, այնպիսի բան, ինչպիսին վերջն է` չկա, որ յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր էակ, յուրաքանչյուր մասնիկ ինչ-որ շարունակականություն ունի, որովհետեւ կյանքը շարունակվում է:

Վերջը կամ մահը լոկ փոփոխություն է, հետեւաբար, յուրաքանչյուր մտքի, որ մեկ անգամ հայտնվել է, յուրաքանչյուր զգացմունքի, որ երբեւէ ծնվել է սրտում, յուրաքանչյուր բառի, որ մի անգամ ասվել է, եւ որի մասին, գուցե թե, այլեւս երբեք չեք մտածել, յուրաքանչյուր արարքի, մեկ անգամ արված եւ մոռացված, կյանք է տրվում, եւ այն շարունակում է ապրել: Դա նման է անցորդի ճանապարհին, որ ափերի մեջ սերմեր է բռնել եւ դրանք ցանում է հողի մեջ: Երբ բույսերն աճում են այդ վայրում, նա արդեն դրանք չի տեսնում, նա պարզապես ցանում է սերմերը, եւ դրանք մնում են այնտեղ: Հողը ընդունում է ջրանք, ջուրը հոգ է տանում, իսկ արեւն ու օդը դրանց աճել են օգնում:

Կյանքը` դա ապաստան է, եւ ամենայն ինչի` մտքի կամ խոսքի, արարքի կամ զգացմունքի համար, որ մեկ անգամ ծնվել է, հոգ է տարվում, եւ դրանք աճում եւ դառնում են պտղաբեր: Մարդու համար հաճախ դժվար է հասկանալը, որ դա այդպես է: Նա մտածում է, որ իր մեկ անգամ ասվածը անհետանում է, կամ արվածը ավարտվում է, որ զգացմունքն անցել է, եւ որ այն այլեւս չկա: Բայց դա լոկ փոփոխություն է, որը մեզ համար դժվար է գիտակցելը: Մենք տեսնում ենք ինչ-որ բան, իսկ հետո այն այլեւս մեր առջեւ չէ, եւ մենք մտածում ենք, որ դա հեռացել է, բայց այն դեռեւս այնտեղ է: Այն մնում եւ ընթանում է իր ուղիով, որովհետեւ այն ապրում է, եւ ամեն ինչ այստեղ կյանք է: Իսկ կյանքն ապրում է, եւ քանի որ ամենայն ինչ կյանք է, ապա մահ գոյություն չունի:

Անտարակույս, ծնունդն ու մահը, սկիզբն ու վերջը` ողջ տիեզերքի այդ մեխանիկական գործունեության զանազան կողմերն են: Հենց ավտոմատիկ գործունեության որոշակի տեսքը մեզ տալիս է այն բանի գաղափարը, որ ինչ-որ բան սկսվում եւ ինչ-որ բան ավարտվում է: Երբ դուք զանգ եք հնչեցնում, ինքը` գործողությունը մի ակնթարթ է տեւում, բայց ռեզոնանսը շարունակվում է: Այն շարունակվում է մեր իմացության համար մինչեւ այն պահը, որ այն լսելի է, իսկ այնուհետեւ նա հեռանում է եւ այլեւս լսելի չէ մեզ համար, բայց ինչ-որ տեղ այն գոյություն ունի, այն շարունակվում է:

Երբ ծովը նետված գլաքարը ստիպում է ջրին շարժվել, մարդը հազվադեպ է մտածում, թե որքան է այդ տատանումը ներազդում ծովի վրա: Ամենը, ինչ նա կարող է տեսնել, դա այն փոքրիկ ալիքներն ու օղակներն են, որոնք գլաքարը ստեղծում է նրա առաջ: Նա միայն դրանք է տեսնում: Սակայն տատանումը, որ այն ստեղծել է ծովում, ավելի հեռու է տարածվում, քան մարդը կարող է պատկերացնել: Այն, ինչը մենք տարածություն ենք կոչում` այն շատ ավելի նրբին աշխարհ է: Եթե մենք այն ծով ենք անվանում, ապա դա նրբագույն հեղուկով ծովն է: Եթե մենք այն հող ենք անվանում, ապա դա անհամեմատ ավելի պտղատու է, քան այն, որը մենք գիտենք: Այն ամեն ինչ ընդունում եւ աճեցնում է, այն հոգ է տանում եւ թույլատրում է դրանց աճել: Դա այն է, ինչ մարդու աչքը չի տեսնում եւ ականջը չի լսում:

Մի՞թե դրա իմացությունը չի ստիպում մեզ պատասխանատու լինելու մեր ամեն մի կատարած շարժման եւ մեր խորհած յուրաքանչյուր մտքի համար, յուրաքանչյուր զգացմունքի համար, որ մեր մտքին կամ սրտին է տրվել: Մեր կյանքի եւ ոչ մի պահ զուր չի անցնում, եթե միայն մենք գիտենք, թե ինչպես օգտագործենք մեր գործողությունը, ինչպես ուղղորդենք մեր միտքը, ինչպես այն արտահայտենք բառերով, ինչպես շարունակենք այն մեր շարժումով, ինչպես զգանք այն, այնպես, որ այն կարողանա ստեղծել իր մթնոլորտը: Ինչպիսի պաատասխանատվություն: Պատասխանատվություն, որ դրված է յուրաքանչյուր մարդու վրա, ավելին, քան թագավորի պատասխանատվությունը, ասես յուրաքանչյուր մարդ ունի իր թագավորությունը, որի համար նա պատասխանատու է, թագավորություն, որը ոչ մի կերպ ավելի փոքր չէ, քան մեզ հայտնի որեւէ մեկը, բայց անհամեմատ ավելի մեծ է, քան երկրի բոլոր թագավորությունները: Դա մեզ ուսուցանում է լինել շրջահայաց եւ բարեխիղճ եւ պատասխանատվություն զգալ մեր յուրաքանչյուր շարժման համար: Բայց միշտ չէ, որ մարդ զգում է դա, չգիտակցելով ինքն իրեն, նա չի գիտակցում կյանքի գաղտնիքը: Նա շարժվում է հանց քաղաքով անցնող հարբեցող: Նա չգիտի, թե ինչ է անում, դա օգո՞ւտ է իրեն, թե՞ վնաս:

Ինչպե՞ս կարող է միտքն ապրել: Ինչպե՞ս է այն ապրում: Արդյոք նա ունի՞ կյանքի համար մարմին, խելք, շնչառություն: Այո: Առաջին բանը, ինչը մենք պիտի իմանանք, դա այն է, որ շնչառությունը, որ գալիս է հենց ակունքից, մարմին է փնտրում, որի մեջ տեղավորվելով` այն կարող է գործել: Միտքը մարմնի նման է, այն գալիս է ակունքից, հանց այն ոգու շողը, որը կարող է համեմատվել արեւի հետ:

Դա կյանքը էություն է դարձնում, այն ապրում է էակի նման: Հենց այդ էակներն են սուֆիստական եզրերով կոչվում մուվաքալի կամ էլեմենտալ, Դրանք ողջ են, որոշակի խնդիրներ ունեն եւ տենչում են դրանք իրագործել: Մարդը ծնում է դրանց, եւ դրանց ետեւում նպատակ կա, որ ուղղորդում է նրանց: Պատկերացրեք, թե դա ինչ սարսափելի է, երբ պահի ազդեցության տակ մարդ արտահայտում է իր զայրույթը, իր կիրքը, իր ատելությունը, քանզի այդ պահին արտահայտված բառը նույնպես շարունակում է ապրել եւ հետեւել իր նպատակին: Դա նման է քո շուրջ թշնամու բանակ ստեղծելուն: Որոշ մտքեր ավելի երկար կյանք ունեն, քան մյուսները, դա կախված է այն բանից, թե ինչ կյանք է տրվել դրանց: Եթե մարմինն ավելի ուժեղ է, ապա այն ավելի երկար է ապում: Մտքի մարմնի ուժը կախված է մտքի էներգիայից:

Մի անգամ մեկն ինձ հարցրեց, թե ինչի են նման Էլեմենտալները: Էլեմենտալները նույնպիսի տեսք ունեն, որպիսին ձեր մտքերը: Եթե ձեր մտքերը մարդկային էակների մասին են, ապա էլեմենտալները մարդկային ձեւ են առնում, եթե դուք մտածում եք թռչունների մասին, ապա էլեմենտալները թռչնակերպ են դառնում, եթե դուք մտածում եք կենդանիների մասին, ապա էլեմենտալները կենդանու ձեւ են ստանում, որովհետեւ էլեմենտալները ստեղծված են ձեր մտքից:

Էլեմենտալները ստեղծում են մարդիկ: Երբ փչում է քամին եւ փոթորիկը բարկացայտ է, ամենայն կործանում հարուցելով, մարդը նայում է դրան` որպես բնության մեխանիկական գործողություն: Սակայն դա միայն մեխանիկական գործողություն չէ, այն ուղղորդվում է մարդու զգացմունքներով, մարդկանց ուժգին զգացմունքներով: Այդ զգացողությունները վերածվում են վիթխարի էակների` էակների, որոնք հրամայում են: Դրանք, մարտկոցի նման, ուժգնացնում են քամիներն ու մրրիկները, ջրհեղեղներն ու հրաբուխները: Բայց նաեւ այլ մտքերը, մտքերը, որ կոչված են օրհնանքի համար, ասենք` անձրեւը, պետք է Աստծո բարեգթությունը բերի այլոց: Արեւելքում անձրեւը կոչում են աստվածային բարիք: Արեւի լույսը պարզ երկնքում եւ բնության բոլոր այլ երանությունները, ինչպես, ասենք, զվարթարար մաքուր օդը, գարունը, լավ բերքը, պտուղները, ծաղիկներն ու բանջարեղենը, բոլոր այդ երանությունները, որոնք տրվում են մեզ երկրից կամ երկնքից, նույնպես ղեկավարվում են դրանց ետեւում եղած ուժերի կողմից: Հարանման այն բանին, որ բնության մեխանիկական գործողությունը գոլորշի է բարձրացնում երկինք, եւ այնտեղ ամպեր են գոյանում, որոնք անձրեւ են բերում, այդպես էլ մտքերն ու զգացմունքները, բառերն ու գործողությունները մեխանիկական աշխատանք են կատարում, եւ այդ աշխատանքը ղեկավարվում է: Դա մեզ ցուցանում է, որ գոյություն ունի ոչ միայն բնության մեխանիկական աշխատանքը, այլ նաեւ մարդկային ինտելեկտի մեխանիկական աշխատանքը. որ ղեկավարում է բնության գործունեությունը:

Դա հանգեցնում է այն մտքին, որ մարդու պատասխանատվությունը շատ ավելին է, քան աշխարհում ցանկացած այլ մի էակինը: Ղուրանում ասվում է, որ Աստված ասաց. «Մենք առաջարկում էինք մեր վստահությունը երկնքին, եւ երկրին, եւ լեռներին, եւ նրանք չհամարձակվեցին ընդունել այն, սակայն մարդն ընդունեց մեր վստահությունը»: Այդ վստահությունը մեր պատասխանատվությունն է, պատասխանատվությունը ոչ միայն նրանց առաջ, ով շրջապատում է մեզ, ում մենք հանդիպում ենք առօրյա կյանքում, կամ աշխատանքից առաջ, որում մենք մասնակցություն ունենք, կամ հետաքրքրությունների առաջ, որոնք կան մեր կյանքում, այլ ողջ արարվածի համար, այն բանի համար, որ մենք ներդնում ենք արարվածի մեջ: Եթե մենք այդպես ենք վարվում, այդժամ մենք գիտենք, թե ինչն է մեր պատասխանատվությունը, եթե մենք դա չենք գիտակցում, կնշանակի, մենք դեռ չգիտենք մեր գոյության նպատակն այստեղ:

Մանուկ հասակում երեխան ոչինչ չգիտի: Նա փշրում է արժեքավոր ու գեղեցիկ բաները հետաքրքրությունից կամ քմահաճությունից ելնելով: Բայց երբ երեխան մեծանում է, նա սկսում է զգալ իր պատասխանատվությունը, եւ դա հասունության նշան է: Եվ հենց այդ պահից մարդը սկսում է իր կյանքը, հենց այդ պահից հոգին վերածնվում է: Քանզի, մինչեւ հոգին նորից չծնվի, այն Աստծո արքայություն չի մտնի: Հենց այն, որ նա սկսում է գիտակցել իր պատասխանատվությունը, արթնացնում է նրան Աստծո արքայության համար, որում ծնվում է հոգին:

Ավելին, ի հաստատումն այդ գաղափարի` սանսկրիտում գոյություն ունի աստվածագետ մարդկանց գործածած բառը, եւ այդ բառը Բրահմանն է` «Արարիչը»: Հենց որ հոգին գիտակցում է այդ գաղափարը, այնժամ այն իմանում է, որ դրա կենաց յուրաքանչյուր պահը արարչական է ինչպես ներքնապես, այնպես էլ արտաքնապես:

Իսկ եթե այն պատասխանատու է արարչության համար, ապա այն պատասխանատու է իր կյանքի յուրաքանչյուր պահի համար: Կյանքում ոչինչ հենց այնպես չի անցնում: Որքան էլ անհուսալի կամ դժբախտ լինեն պայմանները, հոգու համար կյանքը երբեք կորած չէ, զուր չի վատնված, որովհետեւ գոյություն ունի արարչական ուժը, որ գործում է իր բոլոր շարժումներում, յուրաքանչյուր մտքում, ամենայն զգացողության մեջ հոգին միշտ ինչ-որ բան ստեղծում է:

Սանսկրիտում մի բառ էլ կա` «Ջվիջա»` «վերստին ծնված հոգի»: Այն պահին, երբ մարդ հասու է լինում դրան, նրա հոգին վերածնվում է, նրա կենաց գիտակցումը փոխվում է, նրա գոյության ծրագրերն ու նրա գործողությունները փոխվում են:

Այժմ փոքր-ինչ առաջ անցնենք: Գոյություն ունեն հոգիներ, որոնք, ինչպես երբեմն թվում է, ոչինչ չեն անում, եւ մարդ կարող է մտածել. «Նրանց հոգեւոր մարդիկ են համարում: Բայց ի՞նչ են նրանք անում»: Մեր պատկերացումը գործողության մասին` դա իրարանցումն է, դես ու դեն նետվելը եւ անընդհատ զբաղված լինելն է: Որքան էլ անկարեւոր լինի, հարկ է ինչ-որ բան անել, այդպես ենք մենք մտածում: Բայց եթե մարդը զարգացած է, ապա արտաքուստ թվում է, թե նա ոչինչ չի անում, բայց նա անում է, միայն թե ներքնապես, եւ նա կարող է շատ ավելի մեծ աշխատանք կատարել, քան կարելի է արտաքնապես զգալ:

Գոյություն ունի մի պատմություն մաջուբի մասին: Մաջուբը` դա այնպիսի մի մարդ է, ում աշխարհում երանյալ, փախուկ կամ խեւ են համարում, շատերը նրա մասին մտածում են, որպես ոչ այնքան հավասարակշռված մարդու: Արեւելքում ոմանք գիտեն այդպիսի էակների մասին եւ հարգում են նրանց: Մի քանի հարյուրամյակ առաջ Քաշմիրում ապրում էր մի մաջուբ, եւ մահարաջան նրան հող էր հատկացրել, ուր նա կարող էր ապրել, եւ նրան թույլատրված էր թափառել պալատում եւ այգիներում, երբ նա կամենար: Նրան թույլատրվում էր քայլել մահարաջայի այգիներում: Իսկ այգիներից մեկում մանրակերտ խաղալիք մի թնդանոթ կար, եւ երբեմն մաջուբի մտքին փչում էր դրա հետ խաղալ: Նա սովորաբար վերցնում էր այդ զենքը եւ թեքում էր այն հյուսիս կամ հարավ, կամ ուր ասես, իսկ հետո դարձյալ պտտում էր այն եւ տարատեսակ շարժումներ էր անում: Թվում էր, թե նա մարտի մեջ է, իսկ այդ մարտից հետո նա հաղթանակողի տեսք ուներ եւ գոհ էր: Եվ ամեն անգամ, երբ նա իրեն այդպես էր պահում, մահարաջա Ռանջիթ Սինգխը սովորաբար իր զորքին մարտի պատրաստվելու հրաման էր տալիս, եւ միշտ հաջողություն էր լինում: Պատերազմը շատ ու շատ տարիներ էր տեւում, այն դանդաղ էր ընթանում, եւ ոչինչ տեղի չէր ունենում, սակայն ամեն անգամ, երբ մաջուբը խաղում էր թնդանոթով, որոշակի արդյունքներ էին լինում:

Խայդարաբադում կար մի մաջուբ, ով բոլորին վիրավորելու սովորություն ուներ` մարդկանց կոչելով այնպիսի անուններով, որ նրանք փախչում էին նրանից: Այդուհանդերձ մի մարդ համարձակվեց գնալ այնտեղ, չնայած բոլոր վիրավորանքներին: Մաջուբն ասաց. «Դու ի՞նչ ես ուզում»: Նա պատասխանեց. «Իմ գործը վեց օրից պիտի քննվի դատարանում, եւ ես փող չունեմ, միջոցներ չունեմ: Ի՞նչ անեմ»: Մաջուբն ասաց. «Պատմիր ինձ այդ գործի մասին, բայց ճիշտն ասա»: Եվ մարդը նրան ամեն ինչ պատմեց, իսկ մաջուբը լսեց եւ հողի վրա գրեց. «Ոնց որ թե այս գործի մեջ բան չկա, այն պետք է դադարեցվի», եւ նա ասաց. «Գնա, ամեն ինչ արված է»: Մարդը գնաց դատարան: Փաստաբանները եւ հակադիր կողմի ներկայացուցիչները այնտեղ էին, ոչ ոք նրա կողմից չէր, քանի որ նա աղքատ մարդ էր: Դատավորը երկու կողմանց շուրթերից լսեց պատմությունը, իսկ հետո արտաբերեց ճիշտ նույն խոսքերը, որոնք մաջուբը գրել էր հողի վրա:

Դա ի՞նչ է նշանակում: դա բացատրում է Քրիստոսի ասած խոսքը. «Մտեք Աստծո Արքայությունը», որ յուրաքանչյուր հոգի իր մեջ կրում է Աստծո Արքայությունը: Կյանքի այդ գաղտնիքը գիտակցել` կնշանակի բանալ աչքերը Աստծո արքայության համար, եւ այդժամ, նա ինչ էլ որ անի, ամենայն ինչ իմաստով է պարուրվում, ներգործությամբ, եւ դա երբեք չի կորչում: Նշանակություն չունի, թե դա աչքով տեսանելի է, նյութականացված է, կա թե չէ` այն ոգեղենացած է: Այդժամ ոչինչ չի հեռանում, ոչինչ չի կորչում: Եթե ներգործությունը չի դրսեւորվել մի պլանում, կնշանակի` այն կատարվել է այլ մեկում: Բայց միեւնույն է, այն արտացոլվում է բոլոր պլաններում, որովհետեւ միշտ գոյություն ունի փոխներգործություն: Ամենայն ինչ, որ գործում է մարդը, եթե այն չի նյութականացվել ֆիզիկական պլանում, արտացոլվում է այդ պլանում այլ պլանից, այդ կերպ դրսեւորվելով: Եթե մարդ մտածում է. «Ես այն չեմ նյութականացրել», ապա դա նշանակում է, որ ժամանակն ու պայմանները չեն թույլատրել, որ դա նյութականանա այժմ: Սակայն, եթե միտքը մի անգամ բաց է թողնվել, այն անկասկած կնյութականանա:

Շարունակելի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ