ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 20, 2011 0:19 - չքննարկված

«Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…
Համո Սահյան

Շեկ աքաղաղը ցանկապատի վրայից ծուղրուղու կանչեց ու մոլորվեց. ձայնին ձայնակցող չեղավ, ձայնն իր հետ ուրիշ ձայն չբերեց: Եվ աքաղաղի հետ մոլորվեցինք նաև մենք, որովհետև մեզ ձայնակցողներն էլ են աստիճանաբար քչանում: Մեզ լսողներն էլ են աստիճանաբար հեռանում: Եվ լքվածության ոգին բռնում է մեր շունչը. ինչո՞ւ են մեր տան դռները մեր առաջ այսպես անհուսորեն փակվում, այս աշխատող-արարող ժողովուրդն ինչո՞ւ է այս լուսավոր դարում դեռ ապրելու հոգսից ջլատվում, մի բուռ ժողովուրդ պահելը այդ ի՞նչ հնարքով այսպես անհեռանկար դարձավ, թե՞ որովայնի մկան պրկելը մի քանիսի իրավունքն ու մենաշնորհն է… Քսանմեկերորդ դար մտանք ու ապրել չկարողանալու ամոթից շիկնեցինք ու մեզ տվինք օտար քամիներին: Մեր հեռացող ընկերների ու հարազատների հուսահատ տնքոցը ինչքա՞ն պիտի մեր ականջներում պահենք: Ասես լուսնոտի երազի մեջ լինենք` ծնկներիս խփելով տեղից թռչում ու ճամպրուկներս ենք կապում, որովհետև հոգևոր ու մարմնական մեր կերակուրը կշտացածները շների առաջ են գցում: Ու մեզ մնում է ջրերի բնազդին ապավինելու անորոշությունը: Վաղվա օրը տանում թաղում ենք երկվության կասկածի սև ծխի մեջ ու մեզ անպտուղ սպասելիքով լարում-հանգստացնում, թե` վերջը լավ կլինի… Ո՞ւմ վերջը, ինչի՞ վերջը, եթե մի բանի անունը վերջ է` ինչպե՞ս կարող է լավ լինել. ավարտի մեջ մարած աչքի լույսը ադամանդի շո՞ղք է տեսնելու, թե տառապած հոգին ծիածանի գույնով է դրախտ գնալու… Որոնման տե՞նդն է մեր ոգու տիրակալը, թե սատանան դեռ էն գլխից է մեր հոգու հետ խաղացել: Ինչո՞ւ աղը այսպես պակասեց մեր մեջ. սիրո մեջ կրակ չկա, ատելության մեջ` վրեժ, ջրատարի հանդեպ` գութ, թոկից փախածի հանդեպ` զսպաշապիկ… Այս մտատանջությունները դարձյալ ուղեղիս վրա ցանց հյուսեցին, երբ լսեցի Ռուսաստանում` իր հոր մոտ աշխատելու մեկնած ուսանողի պատմածը` մեկն այն հունից փախած ու խեղված ճակատագրերի հետնախորշերում բորբոսնող հազարավար պատմությունների, որ ամեն օր ու ամեն պահի ենք լսում ու շփոթմունքով հարցնում` լավ, բա` վերջը՞… Վերջն էլ` ուսանողի պատմածը լսենք ու եզրակացնենք…
…Ամսվա մեջ մեզ հասանելիք միակ հանգստյան օրն էր, բաղնիք գնացել-եկել, մեր մահճակալներին պառկել՝ հանգստանում էինք: Առօրյա մեր գործերի հետ կապված հարցերի շուրջ խոսք ու զրույցի էինք բռնվել, հետո սկսեցինք անհամ մի նյութի շուրջ վիճել: Վեճի թունդ պահին սենյակի դուռը հանկարծ թափով բացվեց, կապույտ աչքերով մի մանչ շեմքի վրա գայթեց, ներս ընկավ, հին ծանոթի ինքնավստահ քայլքով քշեց դեպի իմ կողմ ու շնչակտուր վրա տվեց. «Պապան կանչում է»: Օտարի կեցվածք չուներ, շարժուձևը լրիվ տնավարի էր: Շնչառությունից զգացվում էր, որ ամբողջ ճանապարհին վազել է: Վազքից աղավաղված ժպիտի մեջ յուրայինի ինչ-որ մտերմիկ, հարազատ երանգ կար, որ շնչառության հանգով մեկ հստակվում, մեկ էլ մարում, կորչում էր: Ես անակնկալի թմբիրի մեջ էի. տարակուսանքն աչքերիս մեջ` շրջվեցի տղերքի կողմը: Նրանք քթների տակ ծիծաղում էին: Շփոթմունքս անդուր ու անհամ ձգվում էր, և մեր հարևան Չոփուռ Հենդոն ժամանակին օգնության հասավ. «Ախպերդ է, մի զարմանա,- ասաց,- հալալ ախպերդ է, հերդ գաստրոլներում է վաստակել»: Տղերքը վայրենի ձևով հռհռացին: Կապույտ աչքերով տղան իրեն կորցրել էր, շփոթմունքից դուրս գալու համար միտքը մանրեց ու շուտասելուկի նման վրա տվեց. «Մամայի ծնունդն է, պապան ասաց. «Գնա ախպորդ ասա` պապան կանչում է»: Տղերքը անողոքաբար ծիծաղում, փորացավ կպած աղվեսների պես անկողինների վրա թավալվում էին: Զգացի, որ քրտնում եմ: Ընդամենը մեկ պահի մեջ քսան տարվա ժամանակ հալվեց իմ ուղեղում, և ես արդյունքում տեսա կապուտաչյա այդ տղային, որ իմ դիմաց շփոթված կանգնել, մեկ սրան էր նայում, մեկ` նրան, ու այդ զավեշտի իմաստը չէր հասկանում: Ես, ուրեմն, աշխարհի այս հեռավոր ծայրում, ինձանից թաքուն ախպեր էի ունեցել. աչքերը կապույտ, մազերը սև, քիթբերանը մանրեմնրիկ… Իմ հայրը, ուրեմն, նաև իր պապան էր, իր պապան` իմ հայրը, իր մաման ուրախ կյանքի ցոլանքում սիրտը բացել, իր ծնունդն էր նշում, իսկ իմ մայրը ինձանից հեռու, անձրևի ու կարկուտի տակ մենակ մնացած, կռիվ է տալիս իր բախտի հետ: Գալիս էի` ասաց. «Չեմ ուզում` գնաս, բայց էն խեղճ հերդ էս քսան տարի է կոտորվեց, գոնե մոտը գնա` սիրտը մի քիչ թեթևանա»: Արտամիջյան շեկ արահետի վրա կանգնել, ինքն իր ներսում մանրիկ արտասվում էր: Թշերս պաչեց, ասաց. «Օտարություն հնարողի վիզը փորի տակ մնա. մարդկանց հոգիները կարոտի ու սպասման մեջ ցամաքեցին»: Կոկորդս բռնվել էր, շուռ եկա ու գնացի հարբածի նման: Եվ երեք շաբաթ անց ես ահա նորից նույն վիճակում եմ ու հուշի դառնությունը դարձյալ կոկորդս բռնել է. մայրս ծնունդ չունեցավ, հայրս չիմացավ մորս ծնունդը, իսկ կապույտ աչքերով իմ ախպոր մաման իր ծնունդն էր նշում, ու հայրս ինձ տուն էր հրավիրում… Ասացի. «Գնա, ասա` տանը չէր»: Գառի պես անմեղ ինձ էր նայում, անկեղծորեն զարմացավ, ասաց. «Ո՞նց, դու, ախր… տանն ես»: Տղերքը դարձյալ ծիծաղեցին: Ես անելիքս չգիտեի, ծաղրի տմարդի ալիքը գալիս ու ինձ տափանում էր, և ես շուռ եկա տղերքին. «Օրինակ ի՞նչ կա ծիծաղելու,- ասացի,- որ էդպես հալվում եք»: «Մի նեղացիր, հանաք չես հասկանո՞ւմ, ինչ է,- Չոփուռը ծիծաղելով շտկվեց տեղում:- Տղամարդ ես, պիտի հասկանաս… Տարվա մեջ մարդը վեց-յոթ ամիս տնից-տեղից կտրված է, հեշտ չի…»: Հատուցման խոսքն ինքնիրեն եկավ լեզվիս, ասացի. «Դու էլ ունե՞ս»: «Չէ,- ասաց,- ի՞նչ ես ասում. ես վերին արտի ցորենն եմ: Մաքուր, անբիծ հրեշտակ եմ, ոտքերս էլ` ամպոտ»: Տղերքը դարձյալ փռթկացրին: Իմ մեջ մի անանուն չարություն էր կուտակվում, ասացի. «Բա քո կի՞նը»: «Կինն ինչ,- ասաց,- կնկա… Կնկա համար մեշոկով փող եմ տանում, ես իրա համբալն ե՞մ»:
Կանայք… Նրանք փողի մեջ կարոտ մնացին աշխարհի վայելքներից: Կին էին, սեր էին ուզում, բայց անապատի դեղին աչքերի առաջ մենակ մնացին: Երազի փափկությամբ հալված մեղրամիսը վայելքի դրոշ եղավ ամբողջ կյանքի համար: Ծննդաբերության ցավը` գոյության վկայական, ցեղը շարունակելու հոգսը` ճակատի խարան, բախտի տարուբեր քմայքով նրանք փակուղի մտան, իսկ այրերը թևավոր էին. վաղ գարնանը չվում, ուշ աշնանը բույն էին վերադառնում: Եղած-չեղածը բնազդի վայելք էր, մնացած մարդկայինը սելավն էր տարել… «Փողը` փող,- ասացի,- բայց մարդը հոգի ունի տալու. գոյության նժարին դու ուրիշ բան չունե՞ս դնելու»: «Փիլիսոփա,- ասաց,- ծակ փիլիսոփա: Մի հարցնող լինի` դու որ գիշերները փողոց ես չափչփում, էդ հոգու մասին չես մտածո՞ւմ, թե՞ ինստիտուտիդ վարձը էդ հոգով ես վճարելու»: «Ես ուսանող տղա եմ,- ասացի,- ընտանիք չունեմ, երկու ամսով եկել եմ, էսօր կամ, վաղը` գնալու եմ»: Քմծիծաղեց, հեգնեց, ասաց. «Ես քեզ ասում եմ` սենյակում ծխել չի կարելի, դու արդարանում ես` ոչինչ, ես ծուխը ներս եմ քաշում»:
Ինչ-որ մի բան ներսումս տհաճորեն գալարվում էր: Կապուտաչյա իմ ախպերը, այդ ամենից գլուխ չհանելով, համրացել, արձանի պես կանգնել էր: Հեգնանքի տաք հուն մտած Չեչոտը մեծավարի խրատեց. «Կողի ընկնելու փոխարեն,- ասաց,- վեր կաց, մի շիշ բան վերցրու, էդ ախպորդ ձեռը բռնի, գնա: Ես, օրինակ, քո տեղը լինեի, մի երկու թիքա տաք խորովածից չէի հրաժարվի»:
Ես նրան այլևս չէի լսում, ամբողջովին քաշվել էի իմ կաշվի տակ ու իմ մտքերի հետ էի: Հուշն իմ մեջ դառել էր կրակից հանված երկաթ. դպրոց գնացի` հայրս կողքիս չէր, ինստիտուտ ընդունվեցի` հայրս կողքիս չէր, վիրահատվեցի` հայրս կողքիս չէր… «Չէ,- ասացի կապուտաչյա իմ ախպորը,- դու գնա, ես չեմ գալիս»: Պինդ տղա էր երևում, նպատակի թիկունքին տղամարդավարի կանգնեց, ասաց. «Առանց քեզ չեմ գնա, մարդիկ, ախր, սպասում են, աղջիկներ էլ կան…,- ձեռքը պատուհանից դուրս պարզեց, ասաց.- Հրեն, ծուխը երևում է, միսն արդեն կրակի վրա է, մեզ են սպասում: Պապան հայտնի խորոված անող է…»:
Ծուխը հեռվում ծալմլվելով բարձրանում ու վերևներում ինչ-որ տեղ կիսվում էր երկու մասի: Համաչափ, դանդաղ ելնում, աջ ու ձախ բաժանվում, դառնում էր երկու ծուխ… Երեք շաբաթվա իմ համր դժգոհությունն այդ կյանքից կուտակվում ու կրծքիս տակ արագորեն կարծրանում էր: Լացս գալիս էր, գլխիս կափարիչը կարծես թռչելու էր, ես շուռ եկա ու ինչքան ուժ ունեի գոռացի կապուտաչյա իմ ախպոր վրա. «Գնա,- ասացի,- դե, ռադ էղի»:
Նա միանգամից սփրթնեց, ետ-ետ գնաց ու թափով դուրս թռավ սենյակից: Համր որոշումն արդեն իմ մեջ իրական վճիռ էր դարձել: Կռացա, ճամպրուկս դուրս քաշեցի մահճակալի տակից, շորերս փոխեցի ու ելա: Քայլփոխի մեջ շրջվեցի, պատուհանից դուրս նայեցի. ծուխը հեռվում դանդաղ բարձրանում, կիսվում ու դառնում էր երկու ծուխ: Հանկարծ անասելի կարոտեցի մորս… Եթե մի քիչ էլ մնայի` կարող է անհամ մի բան անեի: Դարձյալ շրջվեցի, նայեցի տղերքին, ու լացս դարձյալ գալիս էր… «Մնաք բարով,- ասացի,- ես գնում եմ, իմ փոխարեն հորիցս… Հորս կասեք…»: Եվ, չկարողանալով խոսքս ավարտել, շրջվեցի ու դուրս եկա սենյակից: Ինձ ոչ ոք չճանապարհեց:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ