ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 16, 2011 10:30 - 1 քննարկում

«ԱՐԻ ՏՈՒՆ»։ ԻՍԿ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ՝ ՀԵՌԱՑԻՐ

Դեռեւս այս տարվա մարտին Սիրիայում սկիզբ առան հակակառավարական ցույցեր: Վերլուծաբանները որոշակի զուգահեռներ են անցկացնում Լիբիայի եւ Սիրիայի իրադարձությունների միջեւ այն առումով, որ երկու դեպքում էլ ապստամբների մեծ մասը զինված է: Սիրիայում եւ նրա շուրջ ծավալված իրադարձությունները հայերիս հուզում են ոչ միայն միջազգային լրահոսից ետ չմնալու առումով: Սիրիայում, տարբեր հաշվարկներով, ունենք 60-80 հազարանոց հայկական համայնք: Համայնքի դիրքորոշումն, ըստ Սիրիայի Գրողների միության անդամ, պատմ. գիտ.թեկնածու Նորա Արիսյանի, կառավարամետ է: Սակայն հաշվի առնելով Սիրիայի հանդեպ արտաքին ճնշումները (վերջերս անգամ Արաբական Լիգան է կասեցրել Սիրիայի անդամակցությունը կառույցին), ներքաղաքական լարվածությունը, սիրիահայ համայնքի ճակատագիրը դառնում է խիստ անորոշ: Պատմ.գիտ.թեկնածու, ազատ լրագրող Գեւորգ Յազըճյանը եւս իրադարձությունների զարգացումը հայկական համայնքի համար անբարենպաստ է դիտում:

– Գեւո՛րգ, ցուցարարների եւ բանակի բախումներից զոհերի թիվն անցնում է 3000-ից: Իրավիճակն օրեցօր լարվում է: Սիրիահայերն, ինչպես նշեցինք, նախընտրել են ոչ թե չեզոքությունը, այլ չեն թաքցնում իրենց համակրանքը գործող նախագահի հանդեպ:

– 3000 զոհ գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում: Իրավապահների շարքում կա 1700 զոհ` չհաշված վիրավորները: Այդ մասին արեւմտյան սիոնիստական ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները լռում են: Սիրիահայերը, այո՛, իշխանությունների կողքին են: Իմ կարծիքով, առավել նպատակահարմարը քաղաքական մեծ գործընթացներին չխառնվելն է, չեզոքությունը, թեեւ պահ է գալիս, երբ այլ բան չի մնում, քան դիրքորոշվել` հօգուտ իշխանությունների:

– Իշխանությունների կողքին չլինելու հիմքեր էլ, կարծես, չկան` Սիրիայում հայերն ավանդաբար ապահով են զգացել. ունենք եկեղեցիներ, հայերենը դասավանդվում է դպրոցներում, հայերն ունեն աշխատանք, լավ համբավ…

– Վերջին 40 տարիներին Հաֆեզ ալ-Ասադը, այնուհետեւ նրա որդին` Բաշշարը, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` քրիստոնյաների հանդեպ վարել են հանդուրժողական քաղաքականություն, ընդ որում, ամենից լավ վերաբերվել են հայերին: Միակ ազգային-կրոնական փոքրամասնությունն է երկրում, որին թույլատրված է իր ազգային լեզուն ուսուցանել դպրոցներում: 1967 թ.-ին, երբ Հաֆեզ ալ-Ասադը դեռ չէր հասել իշխանության, ազգայնացվեցին բոլոր դպրոցները. ուսուցումը բացառապես արաբերենով կատարվելու էր` գումարած մեկ օտար լեզու: Սիրիայում պարտադիր առարկա է կրոնի ուսուցումը` մահմեդականների համար` Ղուրանը, քրիստոնյաների համար` Սուրբ Գիրքը: Հալեպի թեմի առաջնորդն ու մի քանի այլ հայ երեւելիներ կարողացան հասնել այսպիսի փոխզիջման. հայերին թույլատրվեց կրոնը դասավանդել հայերենով` որպես ծիսական լեզու: Հայկական դպրոցներում թույլատրվեց շաբաթական 4 ժամ ուսուցանել հայոց լեզուն, նաեւ երկու ժամ հայերենով անցկացնել կրոնի դասերը: Այսպիսով, հայկական դպրոցներում շաբաթը 6 ժամ հայոց լեզու, հայ գրականություն ու պատմություն է ուսուցանվում: Իշխանությունները գիտեն այս մասին, սակայն լռում են:

– Այսինքն` սիրիահայերից վտանգ չեն տեսնում:

– Բացարձակապես` ո՛չ: Հայերը 1958-ի Լիբանանի քաղաքացիական պատերազմից սովորեցին, որ լավագույնը դրական չեզոքության քաղաքականությունն է, այսինքն` լինել զինված, սակայն չհարել որեւէ կողմին: Սիրիայում ընդդիմությունը խայտաբղետ է` զինված ծայրահեղականներից` մինչեւ Արեւմուտքում կրթություն ստացած «լուսավորյալներ»: Վերջիններս չեզոք են հայերի եւ ազգային մյուս փոքրամասնությունների հանդեպ` ի տարբերություն ծայրահեղական մուսուլմանների, ովքեր չեն թաքցնում, որ իշխանության հասնելու դեպքում քրիստոնյաների, այդ թվում եւ` հայերի իրավունքների դեմ լուրջ ոտնձգություններ են իրականացնելու: Ես անգամ չեմ բացառում կոտորածները: Սիրիահայերի հանդեպ Սիրիայի պաշտոնական դիրքորոշումը պայմանավորված է նաեւ ՀՀ-Թուրքիա հարաբերություններով: Երբ երկու տարի առաջ Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ բավականին սիրալիր էին, հայկական համայնքի վրա ճնշումներ եղան: Եվ հակառակը. երբ սիրիա-թուրքական հարաբերությունները լարվում են, սիրիահայ համայնքը հնարավորություններ է ստանում տպագրել ցեղասպանությանը նվիրված գրքեր:

– Որքան էլ Սիրիայի իշխանությունների վերաբերմունքը փափուկ է սիրիահայերի հանդեպ, ներքաղաքական վիճակը գերլարված է: Ի վերջո, վտանգված է մարդկանց կյանքը: Հասկանալի է, որ նման դեպքերում քաղաքացիների արձագանքը արտագաղթելն է:

– Մարդկանց առաջին մտահոգությունն է` թողնել երկիրը՝ թեկուզ ժամանակավորապես: Ամենամոտը Լիբանանն է: Սակայն, եթե ճգնաժամը երկարի, մարդիկ կմտածեն Սիրիայից դուրս ոչ թե ժամանակավոր, այլ մշտական բնակություն հաստատելու մասին:

– Սա պիտի որ առիթ լիներ մեր իշխանությունների համար` ցույց տալու, որ «Արի տուն» ծրագիրը դատարկ հնչյուն չէ: Սակայն իրականությունն այն է, որ սիրիահայերը ստիպված են գնալ երրորդ երկիր, քանի որ չեն կարող վերադառնալ Հայաստան. այստեղ նրանց չեն սպասում:

– Այդպես է, այո՛: Բազմահազար սիրիահայեր դիմել են` ստանալու ՀՀ քաղաքացիություն: Ցավոք, մեր իշխանությունները պատրաստ չեն օգտվել այս հնարավորությունից եւ կազմակերպել գոնե մի քանի հազար սիրիահայերի վերադարձը Հայաստան:

– Մենք ունենք նաեւ իրաքահայերի նախադեպը: Մարդիկ փորձ արեցին պատերազմը սկսվելուն պես գալ Հայաստան: Ոմանք եկան եւ անմիջապես էլ արտագաղթեցին: Հաջորդ խնդիրն այն է, որ սիրիական ճգնաժամը նաեւ լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանին: Սիրիան եւ Իրանը դաշնակիցներ են: Թուլացնելով Սիրիան` Արեւմուտքը, Ծոցի երկրները եւ Թուրքիան նպատակ ունեն թուլացնել նաեւ Իրանը:

– Կան փաստեր, որ թուրքական գաղտնի ծառայությունները զինում եւ մարզում են Սիրիայում խառնակչությամբ զբաղվող ծայրահեղականներին: Սիրիայի եւ Իրանի քայլերն ուղղված են թուրքական ներթափանցման դեմ: Թուրքիան չի թաքցնում նեոօսմանիզմի քաղաքականության կիրառումը տարածաշրջանում: Այսինքն` Մերձավոր Արեւելքն ամերիկացիները զիջել են Թուրքիային, որպեսզի հենց նա՛ համակարգի արաբական-իսլամական շարժումները վարչակարգերի դեմ: Սիրիայում, կարծում եմ, Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի սցենարը չի հաջողվի: Իշխանությունները հասկացան` ինչ է կատարվում, եւ Իրան-Սիրիա դաշինքը կզսպի ոչ միայն Թուրքիային, այլեւ Իսրայելին ու արեւմտյան պետություններին: Գիտե՞ք ինչն է վտանգավոր. որ մի 20-25 տարի հետո Մերձավոր Արեւելքի հայկական գաղթօջախների մասին կխոսենք անցյալ ժամանակով:

– Սփյուռքն ինքը հավերժական հասկացություն չէ. նա ուծացվում է ժամանակի հետ: Եվ մենք` հայերս, դա պարզ տեսնում ենք։ Դժվար է հասկանալ մեր պետության հետեւությունները` ամեն ինչ արվում է այնպես, որ տեղացիներն արտագաղթեն, իսկ այն սփյուռքահայերը, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայրենիք, հրաժարվեն իրենց ցանկությունից:

– Առհասարակ, «Արաբական գարուն» կոչվածի նպատակներից մեկն էլ քրիստոնյա տարրը Միջին եւ Մերձավոր Արեւելքից վերացնելն է: Ես չեմ ընդունում «Սփյուռքը մեր հարստությունն է» արտահայտությունը. դա հիմարություն է, սփյուռքահայերին քծնելու անպատիվ կեցվածք: Մեր մեծագույն հարստությունը Հայաստանն է եւ այստեղ ապրող հայությունը: Սփյուռքը արմատից կտրված ծաղիկ է, որը ջրի մեջ դնելով, լավագույն դեպքում, կարող ենք կյանքը երկարացնել: Եթե իշխանությունները լրջորեն մտածում են հայության գոյատեւման մասին, գոնե պիտի աշխատեն հայկական գերիշխանության տակ գտնվող 42.000 քկմ տարածքը լցնել հայերով, մի բան, որը ոչ միայն չի կատարվում, այլ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Օրինակ` ՀՀ Ոստիկանության Վիզաների եւ անձնագրային վարչությունը (ՕՎԻՐ) չի համակարգում իր գործունեությունը Սփյուռքի նախարարության հետ, Սփյուռքի նախարարությունը` մշակույթի նախարարության հետ, եւ այլն: Պետությունը բարդագույն մեխանիզմ է. մի հեղյուս եթե չի աշխատում, կարող է փչանալ ողջ համակարգը: Նախագահն ու Սփյուռքի նախարարը հայտարարում են, թե Հայաստանը բոլոր հայերի տունն է, բայց ՕՎԻՐ-ում ասում են` այն սփյուռքահայը, ով այստեղ վիզայով է, եւ վիզայի ժամկետից մեկ րոպե անցել է, պետք է 50.000 դրամ տուգանք վճարի: Հակասություն. մարդ իր տանը տուգանքո՞վ է ապրում: Նրանք էլ ասում են` օրենքում այդպես է գրված, գնացեք նախագահի մոտ: Իսրայելում, երբ արտասահմանցի հրեա է գալիս երկրում հաստատվելու, անմիջապես օդանավակայանում վերցնում են նրան, հոգ տանում եւ աստիճանաբար դարձնում Իսրայելի քաղաքացի:

– Սփյուռքահայերը կարող են մխիթարվել. նույն վերաբերմունքը նաեւ ՀՀ քաղաքացիների հանդեպ է:

– Դա եւս հույժ ցավալի, խայտառակ փաստ է: Հասկանալի է, որ սփյուռքահայերի հանդեպ անտարբերությունը միտումնավոր չէ: Մեր երկրում առհասարակ հարգանք չկա մարդու հանդեպ:

– Իր երկրի քաղաքացուն հարգելու ամենազիլ օրինակը հենց Իսրայելը ցույց տվեց` իր մեկ զինվորին փոխանակելով հազարից ավելի պաղեստինցիների հետ:

– Իսկ մեզ մոտ բանակում զինվորին սպանում են, խեղճ մայրերը գնում են բողոքելու, մեր «քաջարի» ոստիկանները այդ սգավոր, խեղճ կանանց հանդեպ են կիրառում իրենց բազկի ուժը…

– Օրերս Սիրիան եւ Իրանը հայտարարեցին, որ պատրաստ են հարվածել Թուրքիային, եթե նա շարունակի աջակցել ապստամբներին: Մյուս կողմից` Իսրայելն է սպառնում հարվածել Իրանին: Ավելորդ է հիշեցնել` Իրանը ՀՀ անմիջական հարեւանն է: Եթե սիրիահայերի չեզոքությունը հասկանալի է, ապա այնքան էլ պարզ չէ պաշտոնական Երեւանի լռությունը. չեզոքությունն այս դեպքում մտածված ռազմավարությո՞ւն է, թե՞ սա խաղից դուրս վիճակում հայտնված երկրի չեզոքություն է:

– Այո՛, սա խաղից դուրս վիճակ է: ՀՀ-ն փոխանակ օգտվի թուրք-սիրիական հակասություններից, իր համար շահաբաժին ձեռք բերի, անտարբեր է: Կարծես այս ամենն իր սահմանների մոտ չէ: Մեր արտաքին քաղաքականությունը զուրկ է նախաձեռնություններից եւ իրար ետեւից պարտություններ է արձանագրում: Թուրքիան, տեսնում ենք, աշխույժ քաղաքականություն է վարում բոլոր ուղղություններով` իսլամական ուղղությամբ, դեպի Եվրոպա, Ամերիկա, ՆԱՏՕ, Բալկաններ. Կովկաս, Կենտրոնական Ասիա… փորձում է ամեն տեղից շահաբաժին ունենալ` ի տարբերություն մեզ: Վերջերս Ադրբեջանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ ընտրվեց: Մերոնք դա չեն ընկալում որպես լուրջ պարտություն: Ասում են` ավելի լավ, Ադրբեջանն ավելի կառավարելի է դառնում: Նման խայտառակ փաստ եթե ուրիշ երկրում լիներ, արտգործնախարարն անմիջապես հրաժարական կտար, կամ նրան կհրաժարեցնեին: Հուսով եմ, որ Արեւմուտքը, Իսրայելը, Թուրքիան եւ սրանց դաշնակցած Ծոցի երկրները կհասկանան, թե ինչ վտանգավոր խաղեր են խաղում Սիրիայի եւ Իրանի նկատմամբ, ու կդադարեցնեն իրենց միջամտությունը երկու երկրների ներքին գործերին: Այլապես, տարածաշրջանում սկսվելու է մի աղետալի ու աննախադեպ պատերազմ, որի կայծերը տարածվելու են աշխարհով մեկ: Սիրիան ու Իրանը Իրաք, Աֆղանստան կամ Լիբիա չեն: Լավ կլիներ, եթե հրձիգներն այս պարզ ճշմարտությունը հասկանային…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 16, 2011 12:55