ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, November 14, 2011 20:40 - 4 քննարկում

Սրբազան հայրենիքի պաշտամունքը:

ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ (որոշ հիմնադրույթներ)

 Պատմական ճակատագրի բերումով մեր ժողովուրդը չի ժառանգել դարերի խորքից եկող ազգային գաղափարախոսություն, սակայն Հայաստանին վերաբերող հնագույն գրավոր աղբյուրների ուսումնասիրությունը փաստում է վերջինիս գոյությունը դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Այսօր հնարավոր է ցույց տալ այն իրադարձություններն ու ժամանակաշրջանները, որոնք պատճառ դարձան կամ նպաստեցին այդ գաղափարախոսական համակարգի աստիճանական մոռացմանն ու անհետացմանը, ինչն առանձին քննության առարկա է և ստորև չի շոշափվի: Ներկա հրապարակմամբ կանդրադառնանք դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում գոյություն ունեցած գաղափարախոսության մի քանի հիմնադրույթների, որոնք վերականգնվում են թե’ հայկակական, թե’ օտար սկզբնաղբյուրների ուսումնասիրության շնորհիվ:

Հնագույն գաղափարախոսության գլխավոր հիմնադրույթներից է եղել սրբազան հայրենիքի պաշտամունքը: Այստեղ հայրենիքը սոսկ արևի ներքո կենսապայմաններ ապահովող հողատարածք չէ, այլ մեծ միստիկական խորհուրդ ունեցող մի երկիր, որը մեծարվել է ոչ միայն իր բնակիչների, այլև հարևան ժողովուրդների կողմից: Որն էր այդ խորհուրդը:
Ըստ Ք. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած շումերական, աքքադական, բաբելական, ուգարիթյան /հյուսիսային Սիրիա/ և հին եբրայական /աստվածաշնչային/ տեղեկությունների` նախքան մարդու արարումը Հայկական լեռնաշխարհը եղել է աստվածների բնակության վայր, ուր հիմնվել է դրախտը և որում արարվել են մարդկության առաջնեկները: Ժամանակներ անց նույն այդ տարածքը /համաշխարհային ջրհեղեղից հետո/ դարձել է մարդկության վերածննդի երկիրը, ուր կնքվել է Աստծո և մարդկանց միջև հավիտենական ուխտը: Նշված սկզբնաղբյուրներում Հայոց լեռնաշխարհը հայտնի է «անմահության երկիր», «աստվածային սուրբ օրինաց երկիր», «աստվածների կաճառ», «Եդեմ» և այլ պատվանուններով և մակդիրներով: Հնագույն պատկերացումների համաձայն, մեր երկրում էր պահվում անմահության գաղտնիքը, որը խորհրդանշող  «անմահության ծաղկին»կամ կենաց ծառին»հասնելու համար, ըստ վիպական ավանդության, երկար դեգերել են հին աշխարհի նշանավորագույն դեմքեր Գիլգամեշն ու Ալեքսանդր Մակեդոնացին: Հայկական լեռնաշխարհը հայտնի էր նաև որպես իմաստության երկիր. այնտեղ էին պահվում բանականությունը խորհրդանշող բարու և չարի իմացության ծառը, «իմաստությունն ու արվեստը ցած են բերվել» այնտեղից, իսկ հնդկական մի ասքի համաձայն` «իմաստության քարը» գտնվում է Արարատի գագաթին…
Մյուս կարևոր հիմնադրույթը, որ արձանագրված ենք գտնում Միջագետքի վաղագույն բնակիչների` շումերների թողած գրական ժառանգության մեջ, մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ լինելու մասին պատկերացումն է: Ըստ այդմ, նրանք ընտրյալներ են բնության և զարթոնքի աստծո, որն առանձնացրել էր իր ընտրյալներին հայկական լեռնաշխարհում ու վերջինս անմատչելի դարձրել անարժան մարդկության համար: Սա «ընտրյալ ժողովուրդ» հասկացության կիրառման հնագույն դեպքերից է, ընդ որում, ի տարբերություն մի շարք ժողովուրդների /Ճապոնացիներ, հրեաներ և այլն/, որոնք իրենք իրենց են համարում այդպիսին, մեր նախնիների ասվածընտրյալ լինելը վկայում են օտարները:
«Աստվածային սուրբ օրինաց երկրում» բնակվող մեր նախնիները ունեին իրենց երկիրն ու ընտրյալությանը պատշաճող վեհ առաքելություն` պահպանել աստվածաստեղծ սրբազան կարգերը երկրի վրա: Դա տեսանելի է դառնում նաև Ք. ա. 3-1-ին հազարամյակների մի շարք կարևոր պատմական իրադարձությունների հիշատակումից: Ք.ա. 24-րդ դ. Միջագետքում ստեղծվեց պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը` աքքադական արքայատան գլխավորությամբ, որի ներկայացուցիչ Նարամ-Սուենը /Ք. ա. 23-րդ դար/ կատարեց աննախադեպ սրբապղծություն: Առաջին անգամ պատմության մեջ մահկանացու արքան կործանեց բազմաթիվ տաճարներ և իրեն հռչակեց աստված /հայկական ավանդության Բելի պատմական նախատիպը/. նրա լծի տակ տառապող շումերներին օգնության են հասնում Հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքի զորքերը և տապալում բռնակալի իշխանությունը: Ք. ա. 22-րդ դարավերջին Միջագետքում ստեղծված նոր բռնակալությունը /ՈՒրի 3-րդ դինաստիայի գլխավորությամբ/ կործանվեց Ք. ա. 21-րդ դարի վերջին, և դրանում ևս իրենց մասնակցությունն ունեցան հայաստանյան զորքերը: Հին Առաջավոր Ասիայի հաջորդ նշանավոր բռնապետությունը` Բաբելոնի 1-ին հարստության տերությունը /Ք. ա. 19-16-րդ դդ./ նույնպես կործանվեց հայաստանյան /կասիտական/ ռազմուժի շնորհիվ: Ք. ա. 2-րդ հազարամյակի վերջին Վանի թագավորությունը /ՈՒրարտուն/ զսպեց հզորացած Ասորեստանին, որը հայտնի էր իր բարբարոս ու անմարդկային բարքերով, ուստի պատահական չէ, որ Ք.ա. 6-րդ դարի սկզբին անօրենություններ գործող Բաբելոնի դեմ Երեմիա մարգարեն պատերազմի է կոչում «մեծ ու հին ժողովրդին հյուսիսի»` Արարատի, Միննիի և Ասքանազի թագավորություններին: Փաստորեն համաշխարհային քաղաքակրթության բնօրրանը հանդիսացած Առաջավոր Ասիայում Հայաստանի ժողովուրդը կատարում է աստվածաստեղծ սրբազան օրենքների պահապանի դեր, որտեղ ոտնահարվում էին դրանք, այնտեղ հայտնվում էին հայաստանյան զորքերն ու շտկում իրադրությունը:
Առանձնակի ուշադրության է արժանի հայրենի աստվածների ու պետության կապի մասին պատկերացումը մեր նախնյաց աշխարհընկալումներում: Պետական իշխանությունը ճանաչվել է աստվածաստեղծ, պետության գլուխ կանգնած արքաները` աստվածազուն: Հնագույն պատկերացման համաձայն` դյուցազուն արքաների հոգիները մահվանից հետո փոխադրվում էին աստվածների աշխարհ, որի արտացոլումն է թագավորական նախնիների պաշտամունքը հին Հայաստանում: Հատկանշելի է հին հայոց մեջ տարածված այն հավատամքը, որ թշնամիների դեմ պատերազմելիս նախ հայրենի աստվածներն էին հաղթանակում, հետո միայն արքան առաջնորդում էր բանակը` տիրանալու սրբագործված հաղթանակին: Այդ պատկերացումն արտահայտված է Վանի թագավորության բազմաթիվ արձանագրություններում, որոնց սկզբնամասում նշվում է Խալդի գերագույն աստծո հաղթարշավի, մի շարք երկրներ իր զենքին ենթարկելու մասին, ապա նույնը վերապատմվում է արշավող արքայի մասին, որն այդ մեծագործությունները կատարել է «Խալդյան զորությամբ»: Այս հավատամքի ձևակերպումը, կատարված հայոց վերջին` Արձան քրմապետի որդու կողմից, մեզ են հասել Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության՚» էջերում . «… այս 40 տարի է, ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին և քաջ գիտենք զորությունը նրանց: Գիտենք, որ իրենց սպասավորների, պաշտողների թշնամիների դեմ իրենք են մարտնչում»…
Աստված-ժողովուրդ-անհատ հարաբերության մեջ ժողովուրդը դիտվել է իբրև աստվածազուն հսկայից /Հայկ նահապետից/ սերված ազգակից, արյունակից անհատների ընդհանրություն: Ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր երկրային կյանքի ընթացքում հովանավորվում էր որևէ աստծուց կամ ոգուց /աստվածությունից/, որի նկատմամբ էլ նա ուներ որոշակի պարտավորություններ, մի տեսակ անհատական առաքելություն: Այս հավատքի արտահայտություններից է Վանի թագավորության սեպագիր սալիկներում հանդիպող  «թո’ղ հաճելի լինի կյանքը քո աստծուն» բարեմաղթանքի բանաձևը:
Հայոց նախաքրիստոնեական հավատքի ուսումնասիրությամբ պարզ է դառնում բարու և չարի հոգևոր ընկալման կարևոր մի առանձնահատկությունը մեր նախնյաց մոտ: Հարևան ժողովուրդների դիցարաններում հանդիպում ենք բազմաթիվ չար ու չարագործ աստվածների, իսկ հայերին այնքան մոտ պարսիկների զրադաշտական կրոնում գերագույն բարի աստված Ահուրա Մազդային հավասար դիրք ուներ գերագույն չար աստված Ահրիմանը: Հայոց դիցաբանության մեջ ոչ միայն հավասար չեն ընկալվել բարին ու չարը, այլև ընդհանրապես չկան չար կամ չարագործ աստվածներ: Մեր հին հավատքում կային միայն չար ոգիներ, որոնց հակակշիռ էին բարի ոգիները: Հատկանշական է, որ անգամ անդրաշխարհի աստվածը չի կրում բացասական գծեր: Վաղ միջնադարյան մատենագրության մեջ նա հայտնի է Ս/պ/անդարամետ անունով, որն ակնհայտ պարսկական փոխառություն է /Սպենտա Արմաիտիից/. այն, որ միջագետքյան ստորերկրյա թագավորության տիրակալ ներգալի անունը Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ փոխարինված է Անգեղով /իր համարժեքով/, թույլ է տալիս եզրակացնելու, որ վերջինս եղել է անդրաշխարհի աստվածը հայոց հին հավատքում: Իսկ Տորք Անգեղը /Անգեղյան/, չնայած իր կոպիտ ու տգեղ արտաքինին, վիթխարի ուժի տեր հսկա էր, որը ժայռեր էր նետում Հայոց երկրի դեմ պատերազմի եկած թշնամի նավերի վրա` խորտակելով դրանք /սա ևս աստված-հայրենիք կապի դրսևորման ուշագրավ մի փաստ է/: Հայոց հին աստվածները իրենց ժողովրդին շնորհում էին բարօրություն, լիություն, արիություն, սեր, գեղեցկություն, արդարություն, անմար լույս ու կրակ, հովանավորում ընտանեկան օջախը, դպրությունն ու ամենայն բարիք: /Սա, թերևս, Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նպաստող կարևոր հոգևոր նախադրյալներից էր/: Հայոց դիցարանում չկային չար աստվածներ. չարը չէր կարող աստվածացվել հայի կողմից…
Թերթելով հայ և օտար մատենագրության էջերը` տեսնում ենք, որ մեր նախնիներին հնագույն շրջանում բնորոշ է եղել ազգի ազատության բացարձակ ըմբռնումը, իսկ հանդուրժողականությունը, օտարամոլությունը, «որտեղ հաց, այնտեղ կաց» ու նման ցածրակարգ ընկալումները հետագա դարերի խեղումների արդյունք են: Հայը, որ չէր հանդուրժում անգամ հարևան երկրում աստված-ընդդեմ երևույթները, չէր կարող իր երկրի ու ժողովրդի ազատությունը չդարձնել բացարձակ արժեք: Հայկ նահապետը մերժում է համընդհանուր գերիշխանության հասած Բելի առաջարկը` արտոնյալ պայմաններով ապրելու իր տերության սահմաններում, և բնակվում իր հայրերի երկրում /Հարք/: Արամ նահապետը «լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա» /Խորենացի/: Իսկ հույն պատմիչ Քսենոֆոնի /Ք. ա. 5-4-րդ դդ./ հաղորդման համաձայն` հայոց արքան, որը միայն հարկատու էր Մարաստանին, ապստամբել էր վերջինիս դեմ` պատճառաբանելով. «Ես ազատության էի ձգտում, որովհետև լավ էի համարում, որ թե ինքս ազատ լինեմ և թե որդիներիս ազատություն թողնեմ»: Վկայակոչված երեք փաստերն էլ բավական են հասկանալու, որ մեր նախնիների համար հավասարապես մերժելի են եղել թե’ օտարության մեջ բնակվելը` անգամ ամենաարտոնյալ պայմաններով, թե’ հայրենի երկրում ամենափոքր իսկ հպատակությունն օտարին, իսկ հանուն հայրենիքի ազատության պայքարը մղվել է անվերապահ սկզբունքով` «կամ հաղթություն, կամ հաղթական մահ» /Գարեգին Նժդեհ/…
Ավարտելով այս հակիրճ հաղորդումը` կրկին շեշտենք, որ այսօր հնարավոր է վերականգնել հին Հայաստանում գոյություն ունեցած գաղափարախոսական համակարգի բազմաթիվ հիմնադրույթներ: Դրանցից միայն յոթին համառոտակի անդրադարձանք այստեղ:

Արտակ Մովսիսյան
Պատմական գիտությունների թեկնածու
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ,
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում,
2002 թ., 4 մայիսի, թիվ 80-81 (2973-2974)



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 15, 2011 1:26