ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, November 7, 2011 18:10 - 5 քննարկում

ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ՀԵՐՈՍ

Tags:

« Թող ձեր վճիռն ավլե՛ , սրբե՛ այս տարաբախտ , բազմաչարչար Սյունյաց իշխանին ճակատեն անիրավ , անարդար և գեհենային ամբաստանությունը , որ դարերով , այո՛ , դարերով , երկու ատելավառ վկաներուն մոլեռանդությունը խարանեց … »:

Հրանդ Արմեն

Հայոց պատմության մեջ քիչ չեն դեպքերը , երբ ազգանվեր շատ հայորդիներ մոռացության են մատնվել , կամ նսեմացվել է նրանց կատարած գործի նշանակությունը : Բայց հազվադեպ է , երբ դարերով ուրանան մի գործչի՝ Ազգին ու Պետականությանը մատուցած հսկայական ծառայությունները և , որ ամենաահավորն է ՝ խարանեն նրան դասալիքի դժոխային պիտակով , իսկ նրա անունը գալիք սերունդների շուրթերին հոմանիշ դարձնեն «դավաճան» բառին: Այդպիսին եղավ Հայոց մարզպան Վասակ Սյունու ճակատագիրը : Վասակ Սյունու գործունեության մասին մենք հիմնականում տեղեկանում ենք Մամիկոնյան տան երկու պատմիչների՝ Եղիշեի և Ղազար Փարպեցու աշխատություններից , որոնք շարադրել են եկեղեցու և Մամիկոնյանների տեսակետը : Երկուսի մոտ էլ Վասակի նկատմամբ ատելությունն ակնհայտ է: Եղիշեի մոտ այն գերազանցում է չափ ու սահման՝ ստիպելով կրոնամոլ պատմիչին անողոք ձևով խեղաթյուրելու իրականությունը: Ն . Ադոնցը հիմնավորապես ապացուցում է , որ Եղիշեն միտումնավոր կերպով Վասակին է վերագրել նրա փեսա Վարազվաղանի անօրինություններն ու ապիկար վարքը ( Ն . Ադոնց . Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ): Եղիշեն հենց սկզբից էլ խոստովանում է , որ իր երկի նպատակը Վասակին հավիտենական նզովքի արժանացնելն է : Փարպեցու մոտ ավելի քիչ է խեղաթյուրված պատմական փաստը : Նրա նկարագրությունները երբեմն լույս են սփռում մի շարք հարցերի վրա , որոնք շատ կարևոր են՝ Վասակի գործունեությունը ճիշտ գնահատելու համար : ՈՒշադիր ընթերցման դեպքում , ակնհայտ է դառնում Վասակի՝ որպես ազգային – պետական գործչի կերպարը : Միաժամանակ , հարկ է նշել , որ Եղիշեն և Փարպեցին ավելորդ կրոնականացրել են նաև սպարապետ Վարդանի կերպարը՝ նրան ներկայացնելով , իբրև կրոնամոլ՝ գրեթե զերծ ազգային զգացումներից : Վասակը Սյունյաց Անդոկ իշխանի թոռն էր : Ծնվել է 381 թվականին : Հայրը՝ Բակուր իշխանը, հարկադրված է լինում մանուկ Վասակին պատանդ ուղարկել Տիզբոն : Պատանի Վասակի համարձակության և ինքնասիրության մասին է վկայում հետևյալը . երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը , նրա սենեկապետը ՝ գալով Տիզբոն , այդ մասին տեղեկացնում է պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին : Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին Վասակը պատասխանում է , թե ինքը ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերն է և արքայի ողորմության կարիքը չունի : Դեպքերին ժամանակակից Կորյունը վկայում է , որ Վասակը մեծ օգնություն է ցույց տվել Մաշտոցին՝ Սյունիքում դպրոցներ բացելու և հայոց գրերը տարածելու գործում : Երիտասարդ իշխանի մեծ համբավը պարսից արքային մղում է ՝ նրան նշանակելու Վրաստանի մարզպան: Այստեղ Վասակը , մտահոգված իր երկրի ճակատագրով , գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կովկասյան լեռնաբնակների հետ՝ ծրագրելով Պարսկաստանի դեմ ապստամբության միջոցով ստեղծել Սյունիքի անկախ թագավորություն : Ծրագիրը թեև տապալվում է , սակայն Վասակը , զերծ մնալով որևէ կասկածանքից՝ նշանակվում է Հայաստանի մարզպան : 440 – ական թվականների վերջերին Հայաստան է ուղարկվում մի պարսիկ պաշտոնյա , որն աշխարհագիր անցկացնելով՝ ծանրացնում է հարկերը : Հարկեր են դրվում նաև եկեղեցու վրա , որը մինչ այդ երբեք հարկ չէր մուծել: Կաթողիկոսի ձեռքից խլվում է Մեծ Դատավորի պաշտոնը: Դրան հետևում է Միհրներսեհի կրոնափոխության հրովարտակը: Հավաքվելով Արտաշատում՝ հայ իշխաններն ու հոգևորականները մերժում են պարսկական արքունիքի պահանջը : Գազազած Հազկերտի կողմից Տիզբոն կանչված հայ իշխանների թվումն էին նաև մարզպան Վասակ Սյունին ու սպարապետ Վարդան Մամիկոնյանը : Այստեղ հայերն ընկնում են ծանր կացության մեջ : Հազկերտը պահանջում էր հանձն առնել կրոնափոխությունը՝ հակառակ դեպքում սպառնալով մահապատժով ու Հայաստանի ավերումով: Մարզպանը ՝ մտահոգված երկրին սպառնացող մեծ վտանգով , նախարարներին համոզում է , որ միակ ելքն առերես զրադաշտականություն ընդունելն է, որի շնորհիվ իրենք կարող են ետ վերադառնալ և անցնել գործի: Համառում է միայն Վարդանը : Նա ոչ մի բացատրություն չի ընդունում՝ հրաժարվելով առերես կրոնափոխության մտքից : Հայոց զորքերի սպարապետին կարողանում են համոզել միայն բիբլիայից քաղված մեջբերումներով ու սրբերի օրինակներով: Հազկերտն իհարկե , կասկածանքով է վերաբերվում հայերի կրոնափոխ լինելուն և պատանդ է պահում մարզպան Վասակի երկու որդիներին (Եղիշեն միտումնավոր կերպով լռում է այս փաստի մասին): Լավ իմանալով Վասակի անձն ու տոհմը՝ նա դրանով ձգտում էր կապել հայրենանվեր իշխանի թևերը : Վերադառնալով Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը հավաքեց իր տոհմն ու ողջ ունեցվածքը և շարժվեց դեպի Հայքի բյուզանդական մաս՝ ուր քրիստոնեությունը հալածանքների չէր ենթարկվում : Վարդանի այս քայլը կարող էր նմանատիպ արարքի մղել նաև շատ այլ իշխանների ու ժողովրդի մի ստվար զանգվածի , ինչը կզրկեր երկիրն ինքնապաշտպանության հնարավորությունից: Իսկ կղերականներն արդեն սկսել էին հաշվեհարդարը պարսիկ մոգերի նկատմամբ : Վասակն, այս պայմաններում Հայաստան եկած մոգպետին վստահեցնելով , թե իրեն ընդամենը մի որոշ ժամանակ է պետք արքայի հրամանն իրագործելու համար , համոզում է նրան՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին լուր չտանել Տիզբոն : Այնուհետև, պատգամավորություն ուղարկելով Վարդանի մոտ ՝ կոչ է անում նրան ետ վերադառնալ ու հոգալ երկրի պաշտպանության մասին : Նա ծրագրել էր բյուզանդացիների դաշնակցությամբ ապստամբել պարսիկների դեմ և վերականգնել Հայաստանի անկախությունը : Անձնազոհ իշխանին չէին սարսափեցնում անգամ այն փորձությունները , որ սպասվում էին իր պատանդ որդիներին : Վասա՛կն էր ապստամբության ոգին ու կազմակերպիչը , նրա՛ն էր ենթարկվում երկիրը , և եթե ամեն ինչ ընթանար նրա ծրագրով ՝ գուցե և այլ ելք ունենար շարժումը : Հայկական գնդերը գրավեցին երկրի բոլոր կարևոր կետերը , վերացվեցին պարսից կայազորները , սպանվեցին Հայաստան ուղարկված զրադաշտական մոգերն ու պարսիկ հարկահավաքները : Այս ամենը կատարվում էր խիստ գաղտնի: Միաժամանակ , Վասակը դեսպաններ է ուղարկում Բյուզանդիա՝ օգնություն խնդրելու : 450 թ . աշնանը մարզպան Վասակը Վարդանի գլխավորությամբ մի զորագունդ է ուղարկում Աղվանք՝ այնտեղ ներխուժած պարսկական զորքին դիմագրավելու և Հայաստանի թիկունքն ապահովելու համար : Միաժամանակ , խնդիր էր դրված գրավելով Ալանաց դուռը՝ բացել հոների ճանապարհը դեպի Պարսկաստան : Սակայն , շուտով լուր է ստացվում , որ բյուզանդացիները , մերժելով մարզպանի խնդիրքը՝ հայերի ապստամբության մասին տեղյակ են պահել Հազկերտին : Դա արդեն ծանր հարված էր , քանի որ հայոց աննշան ուժերն ի զորու չէին միայնակ դիմագրավելու պարսից անհամար բանակներին : Քանի դեռ ուշ չէր , հարկավոր էր կոծկել ապստամբության հետքերը և լեզու գտնելով Պարսկաստանի հետ՝ սպասել ավելի հարմար առիթի : Սակայն , Վասակն այս հարցում չկարողացավ համոզել եկեղեցականներին ու նախարարների մի մասին : Հատկապես կոշտ դիրք բռնեց եկեղեցին , որն էլ դարձավ հետագա դեպքերի գլխավոր շարժիչ ուժը : Արտաշատի ժողովին մասնակցած նախարարական 18 տներից 10 – ն անցան Վասակի կողմը : Ավելի ուշ , Վասակին միացավ նաև Տիրոց Բագրատունին՝ ապահովելով ոչ միայն Բագրատունյաց , այլև՝ նրան ենթակա մի շարք նախարարական տների աջակցությունը : Այսպիսով, երկրի տերերի մեծամասնությունը Վասակի կողմն էր : Միայն այսքանը բավարար է՝ համոզվելու համար , որ Սյունյաց իշխանը դավաճան չէր : Դրվում էր Հայաստանի լինել -չլինելու հարցը : Եվ Վասակը դիմեց կոշտ ու համարձակ միջոցների: Խստորեն պատժվում էին անկարգություններ հրահրող եկեղեցականները : Լավ հասկանալով , որ Վարդանը կենթարկվի եկեղեցու հրահանգներին՝ նրան խոչնդոտելու նպատակով , Վասակը պատանդներ վերցրեց նրա կողմնակիցներից և տարավ Սյունիք : Ինքն էլ ձմռանը գնաց այնտեղ : Կատարելով իրեն առաջադրված խնդիրները՝ Վարդանը վերադարձավ Աղվանքից : Դաստիարակված լինելով Սահակ պարթևի ձեռքի տակ (նա Սահակի թոռն էր և Լուսավորչի տոհմի ժառանգորդը) ՝ նա անառարկելիորեն ենթարկվեց կղերականների ծավալած շարժմանը: Դեմ գնալով Վասակին՝ եկեղեցին որոշեց շարունակել ապստամբությունը : Ձմռանը Վարդանի գնդերը արշավանքներ կազմակերպեցին դեպի Սյունիք : Զարհուրանք է առաջացնում մոլեռանդ Եղիշեի հորթային հրճվանքը , երբ նա պատմում է սպարապետի ՝ Սյունիքի հայությանն հասցրած արհավիրհքների մասին : Ինչևէ , ապստամբության ծավալումից խուսափելու համար , երկարատև ջանքերի գնով , Վասակին վերջապես հաջողվեց պարսից արքունիքին համոզել՝ դադարեցնելու կրոնական հալածանքները : Սակայն , Հազկերտի նոր հրովարտակը չազդեց ապստամբների վրա : ՈՒ թեև Եղիշեն պնդում է , թե նրանք չէին հավատում արքայի հրովարտակի անկեղծությանն ու Վասակի ելույթներին , սակայն խնդիրն այլ էր . եկեղեցու վրայից չէին վերացվել հարկերը , նրան չէր վերադարձվել Մեծ Դատավորության գործակալությունը: Եվ հոգևորականները որոշեցին շարունակել պայքարը: Վասակի բոլոր ջանքերն ի դերև անցան : Պարսիկները փակեցին նաև հոների ճանապարհը: Միայնակ Հայաստանը, եկեղեցու անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության պատճառով, կանգնեց մեծ վտանգի առջև: 451 թ . պարսկական զորաբանակը մտավ Հայաստան : Ապստամբները շտապ շարժվեցին նրան ընդառաջ (հարկ է նշել , որ երկու կողմերի զորքերի՝ պատմիչների կողմից նշված թիվը խիստ չափազանցված է ) : Վարդանի զորքի մեջ մեծ թիվ էին կազմում հոգևորականներն ու երբևէ զենք չտեսած շինականները: Փարպեցու վկայությամբ, վերջիններիս մեծ մասինբռնի ուժով էին կռվի դուրս բերել: Ավարայրի բախումից առաջ Վասակը , որ գտնվում էր պարսից բանակում , հուսալով փրկել դրությունը , կոչ արեց ապստամբներին՝ բավարարվել ներման հրովարտակով : Բայց ապարդյուն …..

Կարճատև բախման հենց սկզբում՝ սպարապետի մահից հետո , ապստամբները փախուստի են դիմում և ամրանում լեռներում : Ավարայրի դաշտում ճակատամարտ , որպես այդպիսին, տեղի չի ունեցել : Այս մասին են խոսում մի շարք հանգամանքներ , այսպես. Մամիկոնյան տաղանդավոր ու փորձառու սպարապետների հետնորդ Վարդանը , որ մինչ այդ բազմիցս ապացուցել էր պատերազմական գործին իր գիտակ լինելն ու հնարամտությունը , զորավարին անհարիր անփութությամբ՝ երես առ երես հայտնվում է իրեն բազմիցս գերազանցող հակառակորդին դեմ – դիմաց, ռազմավարական տեսակետից հայերի համար խիստ աննպաստ բաց տեղանքում: Եվս մեկ հանգամանք . Վասակը կարողացել էր համոզել պարսկական կողմին, որ շարժումն ուղղված է ոչ թե արքայի, այլ իր դեմ, և պարսից պատժիչ զորքն , ինչպես նկատում է Ադոնցը , ի դեմս հայերի տեսնում էր ոչ թե թշնամիների՝ որոնց պետք է կոտորել , այլ խռովարարների՝ որոնց հարկավոր էր ցրել : ՈՒստի , մեր պատմիչների կողմից ուռճացված են նաև երկու կողմերից սպանվածների թվերը :

Պարսից զորքն սկսում է իր ավերիչ , պատժիչ գործողությունները : Թեպետ Եղիշեն շեշտում է Վասակի՝ նրանց հետ լինելու հանգամանքը, սակայն իրականում, Վասակը ծածուկ խանգարում էր պարսիկներին: Այս է պատճառը, որ պարսից զորավարն իր անհաջողությունների պատասխանատվությունը բարդեց Վասակի վրա: Վասակի ողջ գործն ու կյանքը կարծես ի մի է բերվում այն դատում, որը նկարագրված է Եղիշեի ու Փարպեցու մոտ: Հազկերտի մեղադրական խոսքից հետո , ձայն խնդրելով՝ առաջ է գալիս Արշավիր Կամսարականը և արքային ցույց տալով ժամանակին Վասակի կողմից գրված նամակները՝ ամեն ինչում մեղադրում է մարզպանին: Վասակը մեղադրվում է արքունի հարկերը չվճարելու, Պարսկաստանի դեմ բազմիցս դավելու, ապստամբություն կազմակերպելու, մոգերի սպանության, պարսից զորքին ծանր վիճակի մեջ գցելու համար: Վասակի վրա Հազկերտը ծանր հարկեր դրեց՝ գցելով նրան ծայր աղքատության մեջ: Տարաբախտ իշխանը մահացավ մոտ 455 թվականին, հայրենիքից հեռու՝ գերության մեջ …

Եկեղեցին սրբացրեց Տղմուտի ափին ընկած Վարդանին ու իր զինակիցներին, իսկ Վասակին դատապարտեց հավիտենական անեծքի: Նա գամվեց անարգանքի սյունին՝ սերունդների համար մնալով , որպես ազգի ու հայրենիքի դավաճան , որովհետև խաչը ջերմեռանդորեն համբուրելու և հանուն եկեղեցու՝ երկիրը կորստյան տանելու փոխարեն , ամեն գնով ձգտեց հասնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը, որն իր նվիրական երազանքն էր : Եղիշեի ճոխ ու գեղեցիկ լեզվով հիանալով հանդերձ՝ հիշենք նաև հպարտ Անդոկի ու վսեմ Բակուրի հայրենանվեր հետնորդին ժամանակակից Կորյունի խոսքերը .

« Աստված տվեց , որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ … » :

Գևորգ Հովհաննիսյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մերուժան
Nov 7, 2011 22:43