Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, November 6, 2011 21:10 - 4 քննարկում
ՀՀԿ-ն որոշել է հաղթել հայ ժողովրդին…
Նախապես պետական հեղաշրջում իրականացնելու ճանապարհով Հրաժարականների շքերթի միջոցով Հանրապետականի նախընտրական շտաբը երկրում ռեալ իշխանություն ունեցող ոչ սահմանադրական մարմնի վերածելու գործընթացը գնալով ավելի ու ավելի է սպառնալից տեսք ստանում:
Խորհրդարանի նախագահը, նախագահի աշխատակազմի «գորշ կարդինալը», իսկ շուտով հնարավոր է նաև կառավարության «գորշ կարդինալի» համարում ունեցող փոխվարչապետը իրար հետևից լքում են իրենց պաշտոնները և կենտրոնանում ՀՀԿ նախընտրական շտաբում, որը փաստորեն վերածվում է ստվերային, բայց միանգամայն իրական իշխանության: Իսկ դրան ուղեկցող՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ավելի քան զավեշտական «տաշտակային փիլիսոփայությունը» գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի ամբողջ իշխանական համակարգը ծայրահեղորեն վախեցած է 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, ուստի որոշել է ողջ ուժերը մոբիլիզացնել՝ դրանք «կազմակերպելու» համար: Հարց է առաջանում՝ ի՞նչն է անհանգստացրել 140 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցությանը, որը տիրապետում է նաև իշխանության բոլոր լծակներին՝ կառավարություն, Ազգային ժողովի կայուն մեծամասնություն, մարզպետարաններ, թաղապետարաններ, ուժային կառույցներ եւ այլն: Քանզի նման վարչական ռեսուրսի կենտրոնացումը ՀՀԿ-ի նախընտրական ցանկի շուրջը արդեն իսկ կարող է համապատասխան «ընտրություն» պարտադրել ընտրողների առնվազն մեկ երրորդին: Պատասխանն ընդամենը մեկն է. Հանրապետական կուսակցությունը կատարելապես ձախողել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, փաստ, որը գիտակցվում է նաև նրա ղեկավարության կողմից: Այլ պատասխան այստեղ ուղղակի չի էլ կարող լինել՝ ձախողվածները վախեցած են և ծայրահեղորեն շփոթված, ուստի որոշել են հաղթել ոչ թե իրենց հակառակորդներին, որոնք, գոնե առայժմ լուրջ քաղաքական հայտ չեն էլ ներկայացրել, այլ հայ ժողովրդին, որն, իսկապես, զզվանքով ու ատելությամբ է լցված հանրապետականների հանդեպ: Քանզի եթե կա այս տարօրինակ ու զավեշտական «մոբիլիզանցիան» հիմնավորող այլ բացատրություն, ապա ինչո՞ւ են լռում իշխող կուսակցության ներկայացուցիչները: Ընտրություններին մնացած մոտ կես տարվա ընթացքում նրանք ինչո՞ւ են դիմում բացահայտ դասալքության և հրաժարվում Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված պարտականությունների կատարումից՝ տնտեսական ծանր դրության մեջ գտնվող երկրի առջև կանգնած բարդագույն խնդիրների լուծումից: Փաստորեն, նման քայլով հանրապետականներն իրենց պահում են սովորական ժամիշխանների նման, որոնք ուղղակի թքած ունեն երկրի ու ժողովրդի առջև կանգնած խնդիրների վրա. կարևորը ևս 5 տարի Հայաստան երկրի վրա իշխելու իրավունքի բռնազավթումն է՝ պետական ապարատի ու պետական միջոցների մոբիլիզացման ճանապարհով: Քաղաքագիտությունից վաղուց է հայտնի, որ եթե պետական ապարատը և պետական միջոցները մոբիլիզացվում են ոչ թե համապետական ու համազգային խնդիրների լուծման, այլ մեկ առանձին կուսակցության նախընտրական նպատակների սպասարկման համար, ապա անկախ նրանից՝ նախապես լեգիտի՞մ է, արդյոք, նման մոբիլիզացիայի սանկցիան տվող անձը կամ մարմինը, միևնույն է, տեղի ունեցողը կոչվում է պետական հեղաշրջում: Պատճառն ավելի քան պարզ է ու հստակ. 2012 թվականի ընտրություններում որոշում կայացնելու իրավունքը պատկանում է միայն ու միայն հայ ժողովրդին: Նախապես հայ ժողովրդից խլելով ընտրություն կատարելու հնարավորությունը` Հանրապետական կուսակցությունը այսօր իր մոբիլիզացվող պաշտոնյաների բերանով ի լուր աշխարհի հայտարարում է նման միջոցառման ժամանակ «հաղթելու» իր վճռականության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին հաղթելու քաղաքական հայտ… Ուստի՝ ներկա հրաժարականների շքերթին ուղեկցող՝ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի և այլոց հաղթական «ռելյացիաները» ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքի դեմ կատարվող բացահայտ ոտնձգություններ են, որոնք, դրսևորվելով ռեալ իշխանությունը Սահմանադրությամբ նախատեսված մարմիններից ՀՀԿ նախընտրական շտաբ տեղափոխելու գործնական քայլերի տեսքով, դառնում են ներկայումս Հայաստանում անթաքույց իրականացվող պետական հեղաշրջման վկայությունները: P:D |
4 քննարկումներ
Suren