ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, October 27, 2011 11:27 - 2 քննարկում
“Համահայկական “բարեգործ”” հայ երիտասարդ` քեզ սպասում է այսպիսի ծերություն: Իմացի թե ում ես տալիս բարեգործությանը ուղղված փողը:
«ԳՈՆԵ ՍԵՐՆ ԱՆՓՈ՞Ղ Ա ՀԻՄԱ»
86-ամյա Վիկտորյա տատի հոգնած ու ծերացած գոյությունն ինձ տանջում է: Մեկ տարուց ավելի հեռաձայնում է` խնդրելով այցելել իր տուն: Ամեն անգամ իմ խոստմանը հաջորդում է նրա համբերատար պատասխանը` «Ոչինչ, կսպասեմ, երբ հարմար լինի` արի»: Հարմար լինելու դեպքում ցուցակի մեջ Վիկտորյա տատը չկա, որովհետեւ նրա տուն գնալն ինձ համար ինքնասպանության պես է: Իսկ նա համառ է: «Ախր խոստացել ես, է՞»,- կրկին զանգահարելով` ասում է նա ու, շունչը պահած` սպասում է դրական պատասխանի: «Վաղը կգամ»,- ասում եմ նրան` հասկանալով, որ վաղվա այցելությունից հետո երկար ժամանակ էլ ինձ է պետք լինելու` ուշքի գալու համար:
Քարուքանդ եղած աստիճանավանդակի վերջից երեւում է դռան կողքին նստած ծեր կինը, ում տխրությունը դաջվել է անգամ հարակից տարածքի այգու չորացած ծառերի վրա: Աչքերը լցնում է… Աթոռից կռացած վեր կենալով, դեսից-դենից բռնվելով` իրեն գցում է թախտի վրա: Առաջվա «դուխով» Վիկտորյա տատից էլ բան չի մնացել: Խեղճացել, փոքրացել ու ավելի է «ճմրթվել»: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, բա՞ն ա պատահել, որ էդքան զանգում ես»: Իմ աննրբանկատ հարցից կաշկանդված` շփոթվում, կմկմում է: «Կարոտել էի քեզ, բալես: Մի Հայաստան կա ու մի թերթ: Մենակ մարդ եմ, էլ ո՞վ ունեմ աշխարհում»: Վիկտորյա տատն աղքատ ու հպարտ է: Դարդերը պատմելիս` ոչինչ չի ակնկալում: Միայն ուզում է, որ իրեն լսեն: Էս աշխարհում ամենաշատը մարդու կարիք է զգում: «15 տարի ա` մարդու հոտ չեմ առել»,- ասում է նա, ում շուրջը միայն կոտրատված, անպետք հենակներ ու ձեռնափայտեր են: Վիկտորյա Եղիազարյանը 13 տարի առանց լույսի է ապրում: Տան դաժան սառնությունից մի քանի րոպեում անզգայանում է ամբողջ մարմինդ։ «Քեզ շատ չեմ պահի, բալես, գիտեմ, որ ցուրտ ա: Հո քո թշնամին չե՞մ»,- ասում է տատը: Արդեն 13 տարի Վիկտորյա տատը 18.000 դրամ էլեկտրականության պարտքը չի կարողանում մարել, դրա համար էլ լույսին կարոտ է: Ձմռանը տանը նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում: Վառարան էլ չի վառում, քանի որ տարիներով տանից դուրս չի գալիս եւ վառելիք հայթայթելու հնարավորությունից զրկված է: Ասում է` «Մի քանի տարի առաջ ընկա ոտքս կոտրեցի: Հենակներիս տակի ռեզինը չկա, սղացի ու… Դու պատկերացնո՞ւմ ես, ես չգիտեմ, թե դրսում ինչ ա կատարվում: Հինգ տարուց ավելի դրսի երես չեմ տեսել: Իմ տան դռնից էն կողմ, գոնե հայաթ չեմ կարում գնամ: Մարդկությանը կարոտ եմ, բալես»: 13 տարի անլույս ապրող Վիկտորյա տատը ճիշտ այդքան տարի էլ հեռուստացույց չի նայել: Չգիտի, թե մեր երկրի ներսում ինչ է կատարվում, մարդկությունն ուր է հասել, բայց մի բան գիտի միանշանակ` մարդկությունը վերացել է: Իրեն թվում է` Հայաստանում այլեւս մարդ չի մնացել, իսկ մնացածներն էլ էնքան «անորակ» են, որ մի ծեր թոշակառուի դուռը երբեք չեն թակում: «Հլը մի քիչ պատմի, էլի, ի՞նչ ա կատարվում, մարդիկ ինչո՞վ են զբաղված: Ես որ էսքան տարի տնից դուրս չեմ եկել, ինձ թվում ա` դրսում կյանքը մեռած ա: Մարդիկ ուրա՞խ են, ջահելներ շա՞տ կան: Դրսի կյանքից մենակ մի բան գիտեմ` օրենք չկա: Առաջ մարդիկ օրենքը հարգում էին, իսկ հիմա… Առաջ եթե մեկին ասում էիր` կբողոքեմ, վախենում էին: Հիմա էլեկտրիկին ասում եմ` կբողոքեմ, ասում ա` ում ուզում ես բողոքի: Ես քեզ խնդրում եմ, դու մի հատ դրան խայտառակի, էլի, որ դա չիմանա` ես անտեր եմ, բողոքիս շան տեղ դնող չկա: Դու մի հատ խայտառակի` թող զարմանա, որ իմ թիկունքին էլ մարդ կա: Բա 18.000 դրամի համար կարելի՞ ա հիվանդ, մենակ թոշկառուին էս օրը գցել: Էնքան նեղվեցի, որ էդ էլեկտրացանցի ժողովրդին լացելով ասեցի` դուք մարդ չեք, թուրքից բեթար եք: Որ իմանաս ինչքա՜ն նամակներ եմ գրել, ինչքա՜ն եմ խնդրել, որ միացնեն»,- վիրավորվածությունից Վիկտորյա տատը սկսում է այնպես լացել, որ ձայնն արձագանքում է ողջ թաղամասով մեկ: Ոտքը, կողոսկրը ջարդված են, իսկ տան ցուրտն ու խոնավությունն ընդհանրապես նրան տանում են դեպի մահ: Ասում է` ամեն օր խանութից հաց կամ այլ սննդամթերք գնում են հարեւանների երեխաները: Եթե հաց բերող չլինի` մի օր ես նրան կգտնեմ անօգնական ու սովամահ եղած վիճակում: Այգեստան 9, տուն 49 հասցեում բնակվող այս կինն, ի դեպ, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը դեռեւս Խորհրդային տարիներին նվիրատվություն է կատարել պետությանը. «Էն ժամանակ գիտե՞ս ինչ կնիկ էի… Դու ինձ սենց մի նայի, է, ես դատավորի աղջիկ եմ եղել: Ոնց որ ասում են` առաջ թագավոր էի, իսկ հիմա` բոշա: Տունս տվի պետությանը, ինչ ունեի` նվիրեցի մարդկությանը, որ էսօր մարդկությունը չնկատի իմ գոյությունը»: Հետո Վիկտորյա տատը սկսում է քաղաքական վերլուծություններ կատարել: Ասում է, որ Սերժ Սարգսյանի փոխարեն` Հայաստանին Ստալինի նման նախագահ է պետք, որովհետեւ Ստալինը թոշակառուներին անլույս չէր թողնում: Ցրտից կապտած շուրթերով Վիկտորյա տատն ինձ խնդրում է նկարագրել մեր նախագահին, քանի որ ինքը չի տեսել նրա մարդ տեսակը: «Ես մենակ մի բան եմ հասկանում, որ Սարգսյան Սերժից ոչ մեկը չի վախենում: Եթե մարդուն ասում ես` կբողոքեմ, ու նա չի վախենում կամ չի հարգում, ուրեմն` Սերժի պետությունը պետություն չի, ուրեմն` օրենք չկա, ու մարդիկ վայրենիների պես են ապրում: Դու հանկարծ չկարծես, թե ես օգնություն եմ ուզում, երբե՛ք… Ես թասիբով կնիկ եմ, սոված մեռնեմ էլ` ուրիշի տվածը չեմ վերցնի: Երբ հարեւաններս մի բան բերում են` տալիս եմ ձեռքներն ու ճանապարհում եմ: Ասում եմ` ես էդ մարդը չեմ: Ես Սերժից մի բան եմ ուզում, թող բանկում պահած իմ փողերը հետ տա` ես ապրեմ: Դու ասա, որ ես իմ փողերն եմ ուզում, իսկ ուրիշի կոպեկը կյանքում չեմ կերել»,- ասում է Վիկտորյա տատն ու, երբ նայում է շուրջը` հուզմունքից նորից «փլվում» է թախտին: Էս կյանքում երկու բան կա, որից ինքը վախենում է. ձմռանը` ժամը 6-ից, իսկ ամռանը` ժամը 9-ից: Երբ ժամացույցի սլաքը կանգ է առնում մութը մեկնարկելու ժամին` Վիկտորյա տատի տանը տագնապն է տիրում: Ամեն օր մոմ վառելու գումար չունի, դրա համար էլ հիմա ժամը 6-ից անկողին է մտնում: «Անկողինս թաց ջուր ա: Եթե 13 տարուց ավելի ձմեռները տուն չտաքացնես` ի՞նչ կլինի էդ տան վիճակը: Մտնում եմ տեղաշոր, որ տաքանամ, բայց փայտանում, անզգայանում եմ: Բալես, ասածս ի՞նչ ա… Ինձ լույս ա պետք, էլ չեմ ձգում, կարող ա մի տարի եմ ապրում, բայց գոնե էդ մի տարին լույսով ապրեմ: Եթե կարողանայի քայլել` կգնայի սաղին խայտառակ կանեի, բայց…»: Բայց տոտիկ-տոտիկ, տան հնամաշ իրերից բռնվելով` հազիվ թախտից տեղափոխվում է դեպի մահճակալ ու մահճակալից` թախտ: Կես ժամ մնալով Վիկտորյա տատի տանը` ուզում ես գլուխդ առնել ու փախնել, որովհետեւ թվում է` կյանքը կանգ է առել, ու աշխարհը փլվում է գլխիդ: Ասում է` «Ախր ես մարդ չեմ սպանել, հանցանք չեմ գործել, բայց ինձ ենթարկել են տնային կալանքի: 13 տարի բանտում, խավարի մեջ եմ ապրում: Պետությունն ինձ մեկուսացրել է: Պետությունն ինձ մի թոշակ ա տվել ու ասում ա` լույսի, գազի, ջրի փող չես կարա տաս, բայց մի կտոր հաց առնելով` կարաս չմեռնես: Էնքան եմ ուզում հասկանամ, թե մեր պետությունն ի՞նչ մարդկանցով ա պետություն: Էդ ի՞նչ ձեւի մարդիկ են, որ 86 տարեկան ծեր մարդուն էս օրի են գցել»: Վիկտորյա տատն ուզում է հասկանալ, թե մեր պետությունն ինչո՞ւ է այսքան անշնորհակալ, որ մարդկանց հաճույքով քամում է, բայց փոխարենը մարդուն ոչինչ չի տալիս. «Ես Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի եմ եղել, գիտե՞ս պետության համար ինչեր եմ արել, անձս չեմ խնայել, բայց պետությունն իսկական ուտող-ուրացող ա»: Վիկտորյա տատն այլեւս լռում է ու չի ցանկանում նույնիսկ պետությանը հայհոյել: Մի տեսակ համակերպվում է այն մտքի հետ, որ մենք ունենք մի պետություն, որը 86-ամյա մի անօգնական, հաշմանդամ թոշակառուի 13 տարվա անլույս ապրելակերպի վրա թքած ունի: Պետությունը կարող է 18.000 դրամ էլեկտրականության պարտքի համար դանդաղ սպանել մի մարդու, ով իր ունեցած-չունեցածը նվիրել է պետությանը:
Վիկտորյա Եղիազարյանը աթոռից բռնվելով` մոտենում է ջարդուխուրդ եղած պահարանին: Դարակից հանում է Սովետի թվի դրամապանակն ու բռի մեջ առնելով մի քանի հազար դրամ` ուզում է մտցնել գրպանս: Շշմած նայում ենք իրար: Ես ու Վիկտորյա տատն իրարից վիրավորվում ենք: Ինքը` որ իրեն թույլ է տալիս սկզբունքներին դեմ գնալով` աղքատ թոշակից կաշառքի բաժին հանել, իսկ ես… «Բա ասում ես` ինձ սիրում ես»,- ասում եմ նրան: Պատասխանում է` «Վա՛յ, բալես, էս ի՞նչ ես ասում: Ախր ասում են` հիմա մարդիկ առանց շահի ոչինչ չեն անում: Ես էլ թասիբով կնիկ եմ, մտածում եմ` դիլխոր չգցեմ: Գոնե սերն անփո՞ղ ա հիմա: Դու ինձ անփող կսիրե՞ս»:
2 քննարկումներ
ARORDUHY