ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, October 25, 2011 0:01 - չքննարկված

Տեր Պետրոսյանի “տռտիկները”

Տեր–Պետրոսյանի քաղաքական գոյությունը և նրա տիտղոսային ընդդիմության լիդեր լինելը

Կարդացած մարդիկ հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ մի մասը կարողանում է ստացած տեղեկությունները փայլուն ձևով փոխանցել այլոց և դրա հետ մեկտեղ ներկայացնել սեփական ճշգրիտ եզրակացությունները, իսկ մյուս մասը հստակ կշարադրի կարդացածը, բայց դրանից հետո կգա անհեթեթ եզրակացության։ Այս երկրորդ խմբի ներկայացուցիչները հիշեցնում են «զուբրյոշկա» անող ուսանողների, ովքեր անգիր գիտեն, թե գրքի որ էջում ինչ է գրված, ու «ավտոմատի» պես վրա են տալիս քննության ժամանակ, բայց հենց կանգեցնում ու հարց ես տալիս և պահանջում սեփական կարծիքն ասել, անմիջապես քարկապ են ընկնում ու դիմացդ հայտնվում է լրիվ ուրիշ որակի «ուսյալ–կրթյալ» սուբյեկտ։ Այս երկրորդ խմբին պատկանող մարդկանց շարքին կարելի է դասել Լևոն Տեր–Պետրոսյանին, չնայած կա տարածված միֆ, թե ՀՀ առաջին նախագահը «բենամուկի» է ու ամեն ինչ գիտի (կամ, ինչպես «վկաներն» են ասում, «մի բան գիտի»)։

Հիմնավորելու համար նշածս գնահատականը՝ անդրադառնամ «հիմնադիրի» հայտնի թեզերին։ Թեզեր, որոնք նա վերջերս կրկին հնչեցրեց։

Դժբախտության մեխանիկան
Ելույթ ունենալով Ազատության հրապարակում և ներկաների համար արտագաղթի թեմայով պատմական էքսկուրս կատարելով՝ ՀԱԿ առաջնորդը որպես ներկայիս Հայաստանի առջև ծառացած խնդիրների (այդ թվում՝ արտագաղթի) լուծում առաջարկեց իր այն տարբերակը, ըստ որի՝ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Ու քանի որ հանրահավաքի մասնակիցները դրականորեն արձագանքեցին նրա այդ ասածներին՝ ստացվում է, որ Ազատության հրապարակում հավաքվածները, մոտակա զուգարանների բացումը Սերժ Սարգսյանից խնդրելուց զատ, պայքարում են նաև արտահերթ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու, Թուրքիայի նախապայմանները բավարարելու օգնությամբ հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական սահմանները բացելու և «Սերգո ջանին» լավ ապրեցնելու համար։

Համաձայնվե՛ք, որ սա ազգային ողբերգության դրսևորում է, երբ ժողովրդավարության ու ազատության համար պայքարի ելածները (համենայնդեպս, այդպես են իրենք իրենց ներկայացնում ՀԱԿ–ականները), կամա թե ակամա, պետության ինքնաոչնչացման քարոզ են տանում։

Ինքնաոչնչացման բանաձևը և դրա հակաթեզը
Այժմ եկեք վերհիշենք բաց սահմանների հասնելու տերպետրոսյանական ալգորիթմը և գնահատենք այն։

Երկրորդ կարծիք լինել չի կարող այն հարցի վերաբերյալ, որ բաց սահմանները Հայաստանին անհրաժեշտ են։ Վիճելի չէ նաև այն կետը, ըստ որի՝ ցանկացած երկրի սպառնացող ներքին մարտահրավերներից հիմնականըժողովրդագրական վիճակն է։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են, ու այդ մասով Տեր–Պետրոսյանըճիշտ է, սակայն եթե դու հրամայաբար պնդում ես, թե մենք ներքին ռեսուրսներ չունենք զարգանալու և արտագաղթի դեմն առնելու համար, և խնդրի լուծման միակ ճանապարհ ես տեսնում շուտափույթ կերպով ու ամեն գնով բաց սահմանների հասնելը, ապա դրանով իսկ մեր երկրի զարգացման բանալիները հանձնում եսԲաքվին ու Անկարային, և, հետևաբար, Հայաստանի գոյությունն անգամ դնում ես վտանգի տակ, իսկ այդ դեպքում ոչ միայն արտագաղթի դեմը չես առնի, այլ երկիրը տանուլ կտաս։

Ուշագրավ մեկ հանգամանք ևս՝ Լ. Տեր–Պետրոսյանը շատ է սիրում կրկնել, որ պետք է ապավինել սեփական ուժերին ու հույս չդնել այլոց վրա։ Սա էլ է դասագրքային ճշմարտություն, և այս առումով Տեր–Պետրոսյանի ասածները քննության առարկա չեն կարող լինել, բայց ճիշտ հակառակ բանն ենք տեսնում նրա առաջարկներում, քանի որ սահմանները բացելու տերպետրոսյանական ճանապարհային քարտեզով դուրս է գալիս, որ Հայաստանը պետք է ապավինի ոչ թե ինքն իրեն, այլ մեր երկու հարևանների բարի կամքին։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանը դասագրքային ճշմարտությունները ներկայացնում է այնպես, ինչպես սովորեցրել են, կամ ինչպես գրված է գրքերում, բայց երբ գալիս է սեփական միտքը հայտնելու և լուծում առաջարկելու պահը, արձանագրվում են խոր հակասություն և պատճառահետևանքային կապի գլխիվայր պատկեր։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն Ղարաբաղն է ագրեսիվորեն պահանջում, այլ նաև Սյունիքը, իսկ Սևանում էլ պատրաստվում է լվանալ իր ոտքերը, առնվազն անհեթեթություն է շարունակ պնդելը, թե Ղարաբաղի հարցը լուծելը ՀՀ իշխանությունների կամքից է կախված, և բավական է մի խելոք ու առաջադեմ մեկը դառնա նախագահ (բնականաբար, ՀԱԿ–ի պապին ինքն իրեն է տեսնում այդ մեկի դերում), և վերջ, երջանկությունը երաշխավորված է։

Հարկ է նկատել, սակայն, որ Ղարաբաղի հետ կապված այժմյան «ստատուս քվոն» այլընտրանք չունի, և միայն երկու պետությունների ուժերի հարաբերակցությունն է որոշելու այդ «ստատուս քվոյի» փոխակերպման սցենարը։ Եթե մենք ուժեղ լինենք, ապա այսօրվա դե ֆակտո վիճակը ժամանակի ընթացքում կդարձնենք դե յուրե, իսկ եթե մեր պետությունը շարունակի ներկայիս տեմպերով թուլանալ, ապա պարզ է, որ Ղարաբաղն էլ կկորցնենք, Սյունիքն էլ կկորցնենք ու, ի վերջո, Հայաստանն էլ կկորցնենք։

Տեր–Պետրոսյանի ասածն այն է, թե միևնույն է, Ղարաբաղը կորցնելու ենք, ուրեմն ավելի լավ է՝ այսօր կորցնենք, որպեսզի վաղը գոնե Հայաստանը կարողանանք պահել։ ՀԱԿ–ի առաջնորդը տվյալ պարագայում առաջարկում է շարժվել «տանք մասը, որպեսզի պահենք ամբողջը» հայտնի բանաձևով, բայց չի հասկանում, որ սա այդ դեպքը չէ, և մասը տալով՝ ամբողջը կկորցնես միանշանակ, իսկ մասը պահելու համար ամբողջը հզորացնելը միակ տարբերակն է, որով կարող ես աշխարհում քո տեղը զբաղեցնել։

Հայաստանը դատապարտված է հզորանալու, քանի որ սա լինել–չլինելու խնդիր է, իսկ եթե դու չես հավատում ազգային առաջադիմության գաղափարին, տառապում ես ազգային թերարժեքության բարդույթով, ու կարծում ես, թե միայն թուրքի ու ադրբեջանցու ցանկությունը բավարարելով ու սահմանը բացելով ես շանս ստանում ապրելու, ապա դրանով իսկ վերածվում ես ուզվորի, որին ոչ ոք, և առաջին հերթին՝ դրկիցը, երբեք չի հարգի ու չի հանդուրժի իր կողքին։

Այսպիսով, «ստատուս քվոն» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջանկյալ փուլ է, որը մենք պետք է օգտագործենք «սառը» պատերզմում Ադրբեջանին հաղթելու համար, այնպես, ինչպես Արևմուտքն առանց պատերազմի հաղթեց նավթով ու գազով հարուստ Սովետական Միությանը։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ–ի ու ՍՍՀՄ–ի միջև էլ, պատկերավոր ասած, փակ սահման կար, բայց երբ Գորբաչովն ինքնամոռաց ձևով նետվեց դրանք բացելու ուղղությամբ՝ փլուզվեց այն պետությունը, որի համար բացվում էին այդ սահմանները։

Ինչ մնում է մեզ, ապա պետք է ոչ թե առաջնորդվել «եթե սահմանները չբացվեն՝ չենք զարգանա ու հզորանա» գաղափարով, այլ՝ «միայն հզոր Հայաստանը կկարողանա բացել սահմանները և նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ» համոզվածությամբ։

Ի դեպ, հարկ է նշել, որ բաց սահմանները Հայաստանի զարգացման լրացուցիչ, բայց ոչ որոշիչ գործոն են։ Բացի այդ՝ եթե հիմա թուրքերը չեն բացում սահմանը՝ հո չե՞նք կարող խարակիրի անել ու գլուխներս բռնած ման գալ։

Այս պարզ ճշմարտությունները հասու են, թերևս, չափահաս տարիք ունեցող ցանկացած մեկին, բայց, արի ու տես, որ երկու դիսերտացիա պաշտպանածն ու նրա գաղափարակից ընկերներն արդեն քսան տարի է՝ չեն կարողանում կամ չեն ուզում ըմբռնել սա. զգացնել է տալիս մեր ժողովրդի պետականազրկության երկարատև շրջանի ազդեցությունը։

Քաղաքական բայղուշություն
Տեր–Պետրոսյանն այնպես է խոսում (մասնավորապես Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին) ու այն ձևով է քննադատում իր ընդդիմախոսներին համապատասխան քայլեր չձեռնարկելու համար, կարծես Հայաստանն է փակել իր դռները, ու վիճակը շտկելու համար ընդամենը պետք է ինքն իշխանության գա և բացի դրանք։ Իրականությունն այն է, որ Թուրքիան որոշակի նախապայմաններ է դնում և այն էլ այնպիսի նախապայմաններ, որոնց կատարումը հավասարազոր է մեր կապիտուլյացիային, ու այդ դեպքում «բաց սահման» կոչվածը դառնում է մահվան դուռ։

Տեսե՛ք՝ պաշտոնական Անկարան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Ղարաբաղի հարցում էլ փորձում է ճնշումների միջոցով մեզ դրդել միակողմանի զիջումների։ Եթե այսքանից հետո Հայաստանի որևէ քաղաքական գործիչ հայտարարում է, թե անկախ ամեն ինչից՝ պետք է ամեն գնով հասնել բաց սահմանների գոյությանը, ապա դրանով իսկ ցույց է տալիս, որ պատրաստ է փաստացի մոռացության տալ Ցեղասպանության հարցն ու Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Համոզված եմ, որ ռացիոնալ ու բիոֆիլ հայեցակարգովշարժվող բոլոր մարդկանց համար նշյալ մեթոդով բաց սահմանների հասնելն անընդունելի է, քանի որ հասկանալի է, որ դա կհանգեցնի պատերազմի ու պարտության։ Բայց արի ու տես, որ իր ակադեմիական կրթությամբ հպարտացող Տեր–Պետրոսյանը հենց դա էլ առաջարկում է։ Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նրա, պետք է հանվի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, իսկ Ղարաբաղի խնդրի լուծմանն էլ պետք է հասնել փուլայինմոտեցմամբ, ինչը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում Սովետական Ադրբեջանի քարտեզի սահմաններում։ Այս մասին ՀՀ առաջին նախագահը բազմիցս է արտահայտվել, ու կարելի է ասել, որ նա այդ առումով երդվյալ քիրվայական է կամ հայ կղերապահպանողական մտքի ու հակաանկախական մտածողության խտացված մարմնավորում։

Գաղտնիք չէ, որ հայ–թուրքական ներկա սահմանը փակել է Թուրքիան՝ դա պատճառաբանելով հայերիս կողմից Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջար) գրավմամբ։ Հետևաբար, սահմանը բացել–չբացելը Թուրքիայի որոշելիք հարցն է և կախված չէ Հայաստանի իշխանության կամքից, եթե, իհարկե, մտադիր չես վճարել այն գինը, որը պահանջում է հարևանդ։ Ընդ որում, պետք է հասկանալ, որ որքան շատ ես խնդրում Թուրքիային՝ բացելու սահմանը, և որքան շատ ես Հայաստանի զարգացումը և արտագաղթի կասեցումը պայմանավորում Թուրքիայի հետ բաց սահմանի առկայությամբ, այնքան ավելի բարձր գին է պահանջում Թուրքիան քեզանից։ Սա կարելի է ասել, որ աքսեոմատիկ ճշմարտություն է։

Արձանագրենք, որ ՀՀ անվտանգության ապահովմանն առնչվող տերպետրոսյանական մոտեցումները ոչ այլ ինչ են, եթե ոչ յուրօրինակ քաղաքական բայղուշության դրսևորում, երբ պարբերաբար շեշտվում է, թե վատ է լինելու ամեն ինչ, և թե մենք զարգացման տարբերակ չունենք, քան միակողմանի զիջումները։ Պատահական չէր, որ նա իր հանրահավաքային ելույթներից մեկում հիշեց մոնղոլներին, ովքեր, ըստ առաջին նախագահի «ավետիսի», իրենց չդիմադրողներին ներում էին ու թողնում բարգավաճել (եթե ՀՀ առաջին նախագահը մինչև վերջ անկեղծ լիներ ու չխուսափեր բարձրաձայն ներկայացնել իր ամենախորքային պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ, ապա հրապարակավ կհայտարարեր, որ Հայաստանը պետք է խուսափի թուրքական ահեղ պետությանը նյարդայնացնելուց ու կատարի նրանց պահանջները, այլապես կոչնչանանք ինչպես ժամանակին կոտորվել են մոնղոլների հնազանդվելու կոչին դրականորեն չարձագանքած ժողովուրդները, բայց քանի որ նմանատիպ ուղիղ խոսքը տարաբնույթ ռեակցիաներ կառաջացներ հանրահավաքի մասնակիցների մոտ, ուստի՝ Տեր–Պետրոսյանն իր ելույթում այդ ամենն ասաց անուղղակի ձևով՝ ձեռքի հետ էլ կոչ անելով ազատվել Սերժ Սարգսյանի գլխավորած ստոր, ավազակ, տականք ու մոնղոլներից վատը իշխանություններից)։

. . .
Ամփոփենք. «Սերգոջանային» մտածելակերպը, այլ կերպ ասած, մահվան հայեցակարգ է, երբ մարդն սկսում է առաջնորդվել հետևյալ բանաձևով՝ «Միևնույն է, վերջում մահանալու եմ, էլ ինչո՞ւ պայքարեմ կյանքի համար, ինչո՞ւ արարեմ ու ինչո՞ւ ավելորդ էներգիա ծախսեմ»։ Սա՛ է Տեր–Պետրոսյանի գիտակցված կամ չգիտակցված ուղերձը հասարակությանը։

Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ Տեր–Պետրոսյանի հայեցակարգը հիմնված է խոր հոռետեսության վրա, իսկ նման լիդերներ կարող են գոյություն ունենալ միայն որոշակի հիվանդություններ ունեցող հասարակություններում։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանն այժմ կատարում է մեր հասարակական օրգանիզմի վիճակը բնութագրող չափիչ սարքի դերը. որքան շատ են նրա հետևորդները, այնքան մեծ է նեկրոֆիլիան հասարակական տարբեր շերտերում, և հակառակը։

Բաց սահմանները մեզ անհրաժեշտ են, բայց դրանց հասնելը չի կարելի դարձնել սևեռուն գաղափար ու ոչինչ չանել։ Ճիշտ հակառակը՝ աշխատելով ու արդյունավետ համակարգ ստեղծելով է հնարավոր բացել սահմաններն ու է՛լ ավելի զարգանալ։ Հակառակ տեսակետ ունեցողները կա՛մ անկեղծ մոլորյալներ են, կա՛մ թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող 5–րդ շարասյան գործառույթ իրականացնողներ։

Տեր–Պետրոսյանի քաղաքական գոյությունը և նրա տիտղոսային ընդդիմության լիդեր լինելը ցույց է տալիս նաև, թե ինչքան շատ բան մենք ունենք անելու ՀՀ տնտեսաքաղաքական համակարգն արմատապես փոխելու ուղղությամբ։ Ու քանի որ մենք պետք է առաջնորդվենք պետության հարատևման ու զարգացմանգաղափարով, ուստի նեկրոֆիլ մարգինալներից ազատվելն ու Նոր Հայաստան ստեղծելը դառնում է բոլոր հայաստանակենտրոն ուժերի քաղաքական օրակարգի թիվ 1 կետը։

Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Տեր–Պետրոսյանի գաղափարներով մեր հասարակությունը կերակրվել ու քաղաքական մթնոլորտը թունավորվել է մինչև 2008 թվականը։ Երբ նա 2007–ի սեպտեմբերի 21–ին ազդարարեց իր վերադարձի մասին՝ կրկնեց այն միտքը, թե միայն Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակն է ներկա խնդիրները հաղթահարելու ձևը։ Կային մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում էին, թե բավական է անել նրա ասածները Թուրքիայի ու Ադրբեջանի մասով, և Հայաստանը կծաղկի։ Սակայն Սերժ Սարգսյանի տխրահռչակ«ֆուտբոլային» դիվանագիտությունը ցույց տվեց, որ եթե նույնիսկ մասամբ ես հայտնվում Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարական տիրույթում, ապա, միևնույն է, հարվածում ես Հայաստանի անվտանգությունը, չես լուծում բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, մնում ես ձեռնունայն ու ստիպված ես լինում իրականացնել ցայտնոտային արտաքին քաղաքականություն՝ նետվելով այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի գիրկը՝ անկայուն գործընկեր դառնալով բոլոր համար։ Ու այսքանից հետո եթե ՀՀ առաջին նախագահը, տեսնելով, թե ինչ եղավ «նախաձեռնողականության» արդյունքում, չի ընդունում, որ իր առաջարկած «մարգարեությունը» սխալ է, և շարունակում է պնդել այն տեսակետը, ապա դա ոչ թե սկզբունքայնության և կարդացածության, այլ մեկ ուրիշ բանի վկայությունն է, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Տեր–Պետրոսյանը շահագրգռվածություն է ցուցաբերել ԱՄՆ–ի կողմից Սերժ Սարգսյանին ճնշելու և պաշտոնական Երևանից Ղարաբաղի հետ կապված արագորեն ստորագրություն կորզելու հարցում, քանի դեռ Բուշը չի ավարտել իր նախագահությունը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ