ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 17, 2011 13:34 - 1 քննարկում

Շարլը համ մեխին, համ նալին խփելիս, երբեմն իր մատին է խփում…

Շարլ Ազնավուրը, Հայաստանի մաֆիան եւ «Հայկական աշխարհը»
2011-10-11 18:26:48

«Այստեղ ոչ մի բան չի արվում, որպեսզի մարդկանց օգնեն: Ճիշտ հակառակը, ես գիտեմ սարսափելի պատմություններ մաֆիայի անդամների մասին: Նրանք ամեն ինչ անում են, որ հասարակ մարդը թողնի հեռանա իր երկրից: Ուզու՞մ եք ձեւավորել մաֆիա, գնացեք այլ երկիր եւ ձեւավորեք, սակայն մի գործեք սեփական ժողովրդի դեմ»,- սրանք հանրահայտ Շարլ Ազնավուրի խոսքերն են, որոնք նա ասել է վերջերս «Nouvelles d’ Armenie» ամսագրին` հարցազրույցի ընթացքում:

Շարունակելով իր միտքը, Ազնավուրը նշել էր, որ չի հավատում, որ այսօր Հայաստանում 3 մլն-ից ավելի մարդ է ապրում: Ըստ նրա, այդ թիվն ուռճացված է, այսօր Հայաստանում 2 մլն –ից ավել մարդ է ապրում, եւ եթե այսպես շարունակվի, Հայաստանում կմնա ընդամենը 1 մլն մարդ:

Անշուշտ, Ազնավուրի այս խոսքերը մի քիչ միամիտ են, լուծման տարբերակներն էլ` ռոմանտիկ: Մասնավորապես, նա առաջարկում է «Հայաստանի մաֆիոզներին գնդակահարել»:

Ինչ խոսք, մաֆիոզներ կան նաեւ այլ երկրներում, սակայն, ղեկավարներ, որոնք գիրք են գրում պետության վախճանի անխուսափելիության մասին, գոնե ինձ հայտնի չեն:

Հիշում եք, որ Տիգրան Սարգսյանը կես- կատակ, կես-լուրջ հայտարարեց, որ լավ է մարդիկ հեռանան Հայաստանից, քան թե հեղափոխություն իրականացնեն: Սակայն այն հարցին, թե ինչու՞ են մարդիկ ուզում հեղափոխություն իրականացնել, Տիգրան Սարգսյանն այդպես էլ չասաց:

Փոխարենը նա անընդմեջ գովերգում էր իր կողմից առաջ քաշած «Հայկական աշխարհի» գաղափարը: Իրոք որ, ինչ անենք, որ Հայաստանում կմնա 1 մլն մարդ, չէ՞ որ նրանք, լրացնելով այդ չարաբաստիկ «Հայկական աշխարհի» գաղափարը, էլ ավելի կամրապնդեն Հայությանը…  Սա վերացական մաֆիայի գաղափարը չէ, պարոն Ազնավուր, սա կոնկրետ Տիգրան Սարգսյանի գաղափարն է:

Շատերին թվում է, թե մենք կլինիկական դեպքերի հետ գործ ունենք: Սակայն իրականում կլինիկական դեպքերը մենք ենք, որ մինչ այսօր հանդուրժում ենք այդպիսի «գործիչների»:

Մեր վարչապետը ոչնչացրել է երկրի տնտեսությունը, ծաղրում է մեր քաղաքացիներին` տարատեսակ կենտրոններ ստեղծելով, կարծես նշելով, որ «Այո, ես հայկական Օստապ Բենդերն եմ, ինչ որ անում եմ, լավ եմ անում, իմ դեմ խաղ չկա: Կուզեմ ձեր բիզնեսը կփակեմ, կուզեմ երկրի տնտեսությունը կքանդեմ եւ միաժամանակ ՀՀԿ-ի նոր տոմսեր կբաժանեմ եւ ժպիտը դեմքիս կխոսեմ Հայկական աշխարհի ստեղծման անհրաժեշտության մասին: Բա հո չենք թողնելու, որ դուք հեղափոխություն անեք եւ տապալեք մեզ»:

Իսկ երբ մարդը տեսնում է. որ իր երկիրը ղեկավարում են օստապ բենդերները եւ չեն էլ թաքցնում դա, ապա նա, հասարակ մարդը, կանգնում է երկընտրանքի առջեւ . կամ դառնալ քաղաքացի եւ նպաստել իշխանափոխությանը երկրում, կամ էլ` հեռանալ երկրից:

Ահա սա է իրավիճակը, պարոն Ազնավուր, իսկ Դուք ասում եք` մաֆիա, ցեղասպանություն

Դավիթ Մկրտչյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

nara
Oct 17, 2011 16:08