ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, October 15, 2011 6:06 - 11 քննարկում

Ինչպես ունենալ քրիստոնյա, հավատացյալ, բարեպաշտ եւ իմաստուն կաթողիկոս

03/10/2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզանում արդեն հասունացել է քաղաքական եւ սոցիալական վերափոխումների տրամադրությունը: Սակայն, մեր խորը համոզմամբ, այն պետք է սկսել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից՝ փրկելու համար նախ հայ եկեղեցու հեղինակությունը, որը ոտնահարվել է վերջին 15 տարիների ընթացքում, եւ ապա՝ վերակենդանացնել եկեղեցու դերն  ու նշանակությունն ազգային-մշակութային  եւ հասարակական կյանքում:

Նկատի ունենալով վերջին շրջանի հրապարակումները, կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ «կաթողիկոս-բարոյականություն» բառերի փոխհարաբերությանը, նրա բացասական դերին մեր եկեղեցու եւ ազգային արժեքների փոշիացման ու ոտնահարման եւ կաթողիկոսական աթոռի հեղինակազրկման հարցում: Այս նամակ-բողոքի հեղինակը մի խումբ հոգեւորականներ են, որոնք, ինչ-ինչ պատճառներով, կաթողիկոսի եւ նրա նորածին սեւազգեստների կողմից հալածված, բայց ոչ բարոյազրկված են ու դեռ պայքարում են Մայր Աթոռի սրբությունն ու հեղինակությունը վերականգնելու համար:

Շատ միաբաններ Մայր Աթոռում գոյատեւում են վախի, կասկածամտության, սարսափի եւ անվստահության մթնոլորտում: Միաբանների կացարաններում կատարվում են գաղտնալսումներ: Արգելվում են նրանց հանդիպումները հարազատների հետ՝ բանտային ռեժիմի նման, անգամ սուրճ խմելն է արգելվում: Միաբանների անմիաբանությունը եւ թշնամանքը միմյանց նկատմամբ դարձել են պատճառ եկեղեցու ներսում բանսարկությունների, մատնության, շինծու մեղադրանքների համար: Կաթողիկոսի անհեռանկար պաշտոնավարման արդյունքում հեղինակազրկվեց «հոգեւորական» կոչումը: Այդ է պատճառը, որ անբարո վարքագծով կանայք սկսեցին պաշտոնավարել Մայր Աթոռին պատկանող բոլոր հաստատություններում (հետաքրքրասերների համար կարող ենք նշել նաեւ անունները եւ զբաղեցրած պաշտոնները):

Չենք ցանկանում խոսել հոգեւորականների բարոյականության մասին՝ համոզված ենք, որ ձեր թերթի մի ամբողջ համարը քիչ կլինի: Դա է պատճառը, որ շատ եկեղեցիներում պատարագի ժամանակ այլեւս չեն հիշատակում կաթողիկոսի անունը՝ որպես բողոքի մի յուրահատուկ ձեւ: Դեռ առաջնորդ եղած ժամանակ իրեն «հավատարիմ» մեկ տասնյակից ավելի ստրկահոգի հոգեւորականներ եւ Սեւանի դպրեվանքն ավարտած սաներ Հայաստանի տարբեր շրջաններում գաղտնալսումներ էին անում, ձայնագրում հակագարեգինյան զրույցները, կոմպրոմատ հավաքում որոշ թեմական առաջնորդների դեմ: Մայր Աթոռի հետ համագործակցող շինարարական կազմակերպությունները, որոնք, իր պատվերով՝ եղեղեցաշինությամբ են զբաղվել, եկեղեցասիրությունից դրդված՝ դատական գործեր չեն հարուցում կաթողիկոսի դեմ, բայց մինչ օրս չեն վճարվել կատարած աշխատանքների դիմաց: Բոլոր թեմերի գանձանակներն ու հավատացյալների նվիրատվությունները գտնվում են կաթողիկոսի տնօրինության ներքո: Իր գյուղապետ եղբոր հետ համատեղ իրականացնում է բարեգործական ճաշարաններին սննդամթերք մատակարարելու բիզնես:

Ընդհանրապես եկեղեցու բանկային հաշիվները չեն վերահսկվում պետության կողմից, իսկ հոգեւորականները դիվանագիտական անձնագրեր ունեն եւ անարգել շրջում են աշխարհով մեկ՝ նրանց ուղեբեռը զննման ենթակա չէ: Մեր եկեղեցու առաջնորդն ըստ էության օլիգարխիկ մտածելակերպ  ունի եւ ցանկանում է փայատեր դառնալ բիզնեսի տարբեր բնագավառներում: Մայր Աթոռից անհետացել են հայ մեծանուն նկարիչների մի շարք թանկարժեք կտավներ, թալանվել է նախորդ կաթողիկոսների արխիվային փաստաթղթերի մեծ մասը: Ասում են՝ դրանցում ուշագրավ մանրամասներ կան իր դեռ աբեղա եղած ժամանակների վերաբերյալ: Տարբեր զրպարտանքներ հոգեւոր եղբայրների վրա: Էջմիածնում ուրիշ կորուստներ էլ են արձանագրվել՝ հնաոճ ոսկյա, արծաթյա եկեղեցական ապասքի, անգին գրքերի:

Եկեղեցում սկսվել է մտավորականների ջարդ: Երբեւէ եկեղեցին այսպիսի կրթությամբ եւ գրագիտությամբ անձ չի ղեկավարել: Չի կարելի գահակալել մեր ժամանակներում՝ չիմանալով ոչ մի օտար լեզու եւ չունենալով նորմալ բարձրագույն կրթություն, առավել եւս՝ գիտական կոչում: Հենց այդ պատճառով է, որ հավատացյալների կողմից հարգված ու սիրված, ուսյալ ու գրագետ քահանաները, վարդապետներն ու եպիսկոպոսները հալածանքի են ենթարկվում, եւ նրանց տեղերն զբաղեցնում են տգետ ու անտաշ եպիսկոպոսները, որոնք իրենց թունավոր մտքերով ու անբարո վարքով քայքայում ու կազմալուծում են Սփյուռքի թեմերը: Վառ օրինակ Լիոնի եկեղեցին եւ Շվեյցարիայի դեպքերը: Հիմա էլ իր քրոջ որդուն է պատրաստում Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդի աթոռին նստեցնել:

Հոգեւորականների շրջանում օրինաչափ են դարձել բոլոր մահացու մեղքերը՝ մանկապղծություն, արվամոլություն, հաշիշամոլություն, հարբեցողություն եւ այլն: Բարերարներից շատերը հիասթափված լքում են երկիրն այն ժամանակ, երբ կաթողիկոսն այցելություն է կատարում: Նրանք արդեն հոգնել են Էջմիածնի անկշտությունից, որը փոշիացնում եւ աննպատակ մսխում է իրենց նվիրաբերած գումարները: Նրա վերջին այցելությունը Վրաստան, որը վերջին հարյուրամյակի առաջին այցելությունն էր, տապալվեց խայտառակ ձեւով: Ազգային վերածնունդ ապրող վրաց եկեղեցին եւ նրա գլուխ կանգնած Իլյա Բ-ն կարողացան ստիպել Գարեգինին գալ համաձայնության, ըստ որի՝ վերջինս վաճառեց իր «օբյեկտների» մեծ մասը Վրաստանում՝ ձեռք բերելով ընդամենը մի բարաթ, որն իբր վրաց իշխանությունների բարի կամքի դրսեւորումն է հայ եկեղեցու նկատմամբ: Իսկ ինչ է սպասվում վրաց եկեղեցու կողմից խլված հայկական եկեղեցիներին՝ ոչ ոք ոչինչ չի կարող ասել…

Թբիլիսիում ազգային տոնի նախօրեին ոստիկանության կողմից սանձազերծված ծեծուջարդը բերեցին նրան, որ Իլյա Բ-ն հաջորդ օրը չմասնակցեց իշխանության հետ տոնակատարությանը: Սակայն դա չխանգարեց երկրի նախագահին մի քանի օր անց հանդիպման ժամանակ ծնկաչոք համբուրել նրա աջը: Իլյան հեղինակություն է իր ժողովրդի ու նաեւ իշխանության համար: Իսկ ո՞վ է Գարեգին Բ-ն: Հիշենք թեկուզ մարտի 1-ին նրա պահվածքը: Մարդը չունի տեսակետ կամ չի ուզում հայտնել, քանի որ վստահ է, որ իշխանափոխության պարագայում ինքն էլ է ամեն ինչ կորցնելու:

Մենք չենք ցանկանում խլել Լեո Տաքսիլի մենաշնորհը՝ վարկաբեկելով եւ մերկացնելով հոգեւոր առաջնորդներին: Մենք ընդամենը ցանկություն ունենք Քրիստոսի սուրբ գահին տեսնել քրիստոնյա, հավատացյալ, բարեպաշտ, իմաստուն կաթողիկոսի: Եվ այս առումով կոչ ենք անում Սփյուռքի եւ Հայաստանի թեմերին՝ անհնազանդություն հայտնել այս կաթողիկոսին:

Կոչ ենք անում բոլոր թեմական առաջնորդներին, եպիսկոպոսներին եւ բարձրաստիճան հոգեւորականներին քաջություն ունենալ՝ փրկելու հայ եկեղեցին եւ Մայր Աթոռն այս պատուհասից: Վերջ դնել հոգեւորականների ջարդին, նրանց կարգալուծությանը: Վերջ տալ կաշառքով եպիսկոպոս ձեռնադրելու սովորությանը: Հավաքել ազգային-եկեղեցական ժողով պատրիարքների, թեմական առաջնորդների մասնակցությամբ եւ անցկացնել նոր կաթողիկոսական ընտրություններ: Այլապես մենք շուտով կունենանք աղանդավորների մի հսկա բանակ, հոգեւոր եւ ազգային արժեքների անկում, հայ եկեղեցու իսպառ ոչնչացում եւ հոգեւոր ստրկություն:

Ներսես Ներսոյան



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մերուժան
Oct 15, 2011 6:24