Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 14, 2011 18:09 - 1 քննարկում

Ելույթս՝ Ազատության հրապարակում…. որը չունեցա…

Автор Arustamyan Gayane, написано 9 Октябрь 2011 г. в 0:19 

Երբեք չէի մոտենա այս խոսափողին…մտքովս չէր էլ անցնի…եթե վրջնականապես սահմանափակված չլիներ իմ՝ լրագրողի ազատ արտահայտվելու, ավելի ճիշտ՝ գրելու իրավունքը: Եթե Հայաստանի լրատվական դաշտը, որ ամենակարեւոր հանրային ոլորտն է, վերջնականապես չընկներ տոտալ հսկողության տակ ու չվերածվեր ռեժիմի ագիտպրոպագանդայի միակ միջոցի: Եթե բառացիորեն գոյության պայքար մղող հատուկենտ լրատվամիջոցների թթվածինը այնպես չփակվեր, որ չնամնվեին արկղում փակված գազանիկի, որի համար ընդամենը մեկ անցք են թողնում՝ որ կարողանա շնչել:

Եվ քանի որ այս օրերը վճռական են լինելու ոչ միայն այստեղ հավաքված քաղաքացիների, այլ Հայաստան կոչվող աշխարհագրական տարածքի գոյության, ապագայում լինելու համար, ես ուզում եմ դիմել իմ տեսակետից շատ կարեւոր հասարակական շերտի՝ լրագրողներին, անդրադառնալ հասարակական ամենակարեւոր ինստիտուտին՝ լրագրությանը:

Երբ փակվեց հանրության լայն շերտերին  օբյեկտիվ տեղեկատվություն մատուցող միակ հեռուստաընկերությունը՝  ՛՛Ա1՛՛-ը, կարծում էի, որ հանրությունը կթափվի փողոցներ (ինչպես լինում է քաղաքակիրթ երկրներում՝ Չեխիայում եղավ նման բան, մեր հարեւան Վրաստանում եւ այլն) ու կպահանջի բացել, կստիպի, կպաշտպանի ազատ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը: Ու թվում էր, որ այդ մարդկանց առաջին շարքերում պիտի լինի համքարությունը՝ լրագրողները:

Բայց նրանք գերադասեցին ջայլամի դիրքն ու այն դարձավ օրինաչափություն, որը ի վերջո լրագրողին վերածեց համր գործիքի, բառի բուն իմաստով՝ խոսափողի, կամ չինական դիկտաֆոնի,  որի կոճակը սեղմելուց հետո է միայն հեռարձակում ուրիշի մտքերը, ձայնը, խոսքը:

Մի կերպ կարելի եղավ հասկանալ, որ՝ լավ, ՛՛Ա1՛՛-ը փակելու պահին լրագողական հանրույթը ինչ-ինչ պատճառներ ունեցավ չհամախմբվելու, քանի որ յուրաքանչյուր լրագրող առանձին վերցրած, հացի խնդիր պիտի լուծեր եւ այդ պատճառով չզարմացրեց անգամ այն հանգամանքը, որ հենց ՛՛Ա1՛՛-ի լրագրողներից էլ մարդիկ եղան, որոնք հայտնվեցին ուղիղ ՛՛Հայլուրում՛՛ կամ Հանրային ռադիոյում:

Սակայն աներեւկայելի ու բանականությանը չենթարկվող երեւույթ եմ համարում Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո դրսեւորված վերաբերմունքը:  ՛՛Ազատության՛՛ նշանաբանի տակ երկար տարիներ հանդես եկած լրագրողը որպես իշխանական օղակի լրատվության գործիք, հանրության աչքին ոչ համարժեք պահվածք ունեցող մարդու էր փորձում ներկայացնել նրան, ընդ որում՝ պաշտոնական տեղեկատվության տակ դրոշմելով իր անուն ազգանունը՝ ռեժիմի հանդեպ իր հավատարմությունը ընդգծելու համար, երեւի:

Հայաստանի լրագրողական հանրույթն իր թվաքանակով թերեւս զիջում է միայն ոստիկանությանը: Ուստի վստահ եմ, որ լրագրողների բանակը կբավարարեր, որպեսզի մի քանի շարքով շրջապատեր այն բանտը, որտեղ վերջնականապես փակեցին իրենց խոսքի ազատության  խորհրդանիշը՝ խմբագրի:

Բայց միայն մի երկու տասնյակ լրագրողներ եղան, որոնք փորձեր արեցին ձայն բարձրացնել ընդդեմ այդ բռնության, ու մարդու իրավունքի պահանջ ներկայացրին՝ հրապարակավ: Ընդ որում՝ այդ լրագրողների գերակա մասը ՛՛Հայկական ժամանակի՛՛ խմբագրակազմն էր, իսկ ահա մնացածները կամ առանձին անհատներ էին, կամ էլ՝ մի քանի լարերի վրա խաղացողների ներկայացուցչություն՝ որպես նմուշ, հետագա հարաբերություն պահպանելու ակնհայտ մտայնությամբ:

Մնացածը եկան ՛՛լուսաբանելու՛՛ այդ… երեւույթը եւ իրենց թվաքանակով գերազանցեցին  խոսքի ազատության պաշտպանության համար հրապարակ դուրս եկածներին: Սա այն ցուցիչն էր, որը պիտի վերջնականապես բացահայտեր, որ Բաղրամյան 26-ում հաջողվել է իրականացնել հասարակությունը թյուրիմացության մեջ գցելու եւ վախի մթնոլորտում պահելու՝ դոկտոր Գեբելսի դասական պլանը:

Միակ զենքը, որի միջոցով դա արվում է՝ խոսքն է, եւ միակ ինստիտուտը, որը լծված է այդ գործին, լրագրությունն է: Պարոնայք գործընկերներ, դուք մոռացած լինելով, կամ միգուցե, առհասարակ տեղյակ չլինելով, որ  ձեր միակ առաքելությունը ճշմարիտ խոսքը տարածելն է, ձեւավորել եք զարմանալի մի դաշտ, որը կոչվում է տեղական նշանակության լրագրություն, այն է՝ տարածել պաշտոնական կոչված տեսակետը, անպայման հաշվի առնելով Միշիկի կողմից սպառնացող վտանգը՝ լրատվամիջոցը ֆինանսից զրկելու վախը, որը դամոկլյան սրի պես կախված է առաջին հերթին խմբագիրների ու տնօրենների գլխին, հետո միայն յուրաքանչյուր առանձին լրագրողի, որին ցանկացած պահի այդ նույն խմբագիրը կամ տնօրենը կարող է օտարել, եթե նկատի, որ իր լրագրողը չի վախենում նույնքան, որքան որ ինքը:

Ես ենթադրություններ չեմ անում, բարեբախտաբար թե դժբախտաբար, աշխատել եմ Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցներում, բացառությամբ պետականների:  Եվ ցավով ու ստիպված պետք է արձանագրեմ, որ տեղեկատվական դաշտը լուսանցք է ձեւավորել ու ազատ խոսքի ջատագովությունն ի դեմս մեկ-երկու տպագիր թերթի եւ կայքի, դուրս մղել այդ լուսանցքը, որտեղ, շնորհիվ իրենց կոչմանն ու կամքի, դեռ կարողանում է գոյատեւել ու պայքարել լրագրողների փոքրաքանակ մի խումբ, որն ի դեպ, բոլոր իշխանությունների օրոք, աշխատել է խղճի մտոք ու դիմադրել պետական ցենզուրային, ի տարբերություն այն մեծաքանակ խմբի, որոնք բոլոր ժամանակներում ծառայել են իշխանություններին եւ որոնց ուզում եմ դիմել:

Հարգելի գործընկերներ, մի՞թե  ձեզ չի նվաստացնում այն կարգավիճակը, որը կոչվում է ծառայություն՝ հղփացած օլիգարխներին: Մի՞թե տոն օրերին նրանց ֆուրշետներին մասնակցելու եւ գինու բաժակով նրանց հետ լուսանկարվելու հեռանկարն է ձեր մասնագիտական վերելքի գագաթնակետը:

Հասկանալի է, որ դուք երբեք դուրս չեք եկել այս նեղ շրջանակներից ու իսկական ասպարեզում չեք մրցել աշխարհի առաջատար լրատվամիջոցների ռահվիրաների հետ, չեք տեսել, թե ինչպես են աշխատում լրագրողները՝ Աշխարհի թեժ կետերում, (Հայաստանի կենտրոնական լրատվամիջոցները նույնիսկ հարեւան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չլուսաբանեցին եւ լրագրողներ չգործուղեցին), բայց հո գիտեք,  թե ի՞նչ դիրքորոշում են ցուցաբերել լրագրողները` ժամանակակից դեմոկրատիաների ձեւավորման գործընթացներում:

Բոլորդ ամենայն պատասխանատվությամբ եւ ոգեւորությամբ հղումներ եք անում այդ նույն լրատվամիջոցներին, մեր նեղլիկ ու բզկտված հայրենիքի անկուններում եվրոռեմոնտ արած ձեր գրասենյակներում Աշխարհում տեղի ունեցող կարեւոր անցքերի մասին մեկնաբանություններ անելիս: Առանց խղճի խայթի, թերեւս, կամ մասնագիտական խանդի, որ այսինչ լուրը այսինչ տեղից հաղորդում է, ասենք՝ CNN-ի կամ Al Jazira-ի լրագրողը:

Հիացական խոսքեր եք գրում արաբական աշխարհի հեղափոխությունների վերաբերյալ ու երբեք չեք հիշատակում լրատվամիջոցների ու լրագրողների դերը՝ այդ հեղափոխությունների կայացման գործում:

Բայց Եգիպտոսի հանրային հեռուստաընկերության լրագրողները բունտ արեցին եւ հրաժարվեցին հեռարձակել պաշտոնական տեղեկատվությունը,  հասարակությանը թյուրիմացության մեջ չգցելու եւ նրան զորակցելու  համար: Ինչը չարեցին մեր հեռուստալրագրողները՝ մարտի 1-ին եւ ամենայն պատրաստակամությամբ սփռեցին ոստիկանության մոգոնած կեղծիքը, որը լուրջ հետք թողեց մարդկանց ենթագիտակցության վրա, հատկապես՝ մարզերում:

Մինչ օրս, երբ առիթ է լինում այցելել շրջաններ, ապշած եմ մնում, որ մարդիկ համոզված հայտարարում են, թե. ՛՛մարտի 1-ին ճիշտ արեցին, որ կոտորեցին, որովհետեւ սաղ խուժան, նարկոման էին՛՛ ու վկայակոչում հեռուստացույցը: Մի՞թե դա ձեր ձեռքի գործը չէ: Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք անում, ինչպե՞ս եք վաստակում ձեր մի կտոր հացը: Չէ՞ որ դուք՝ լրագրողներդ, նույն կարգավիճակում եք, ինչ մնացած բոլոր քաղաքացիները՝ նվաստացած, պապանձված, աշխատատեղը չկորցնելու դարդից հարմարված:

Ձեր ողջ կյանքում լուսաբանել եք դատական պրոցեսներ, խոսել եք սոցիալական անարդարությունների մասին ու միայն մասնավոր զրույցներում դժգոհել, որ ձեր աշխատավարձը ցածր է ու ժամանակին չի վճարվում կամ առհասարակ չի վճարվում՝  քցում են, որ ձեր իրավունքները սահմանափակված են, որ ձեր ազատ արտահայտվելու իրավունքը միայն առասպել է ու շատ այլ հարցեր: Իսկ հրապարակավ՝ ծափահարում եք ՛՛ոսկե  բանալիների՛՛, ՛՛ժանգոտ կողպեքների՛՛ ու կեցաղային այլ առարկաների դափնեկիրներին՝ հարմարված կրկին տեղական նշանակության լրագրողական կազմակերպությունների ներքին կանոնակարգերին:

Ձեր, մեր թվաքանակը քիչ չէ եւ օր օրի գումարվում է՝ համալսարանները, ինստիտուտները, նույնիսկ գաստրոնոմիկ ուղղություններով կրթօջախների վերածված նախկին տեխնիկումները թողարկում են, ու թողարկում լրագողների: Ես ձեզ կոչ ՉԵՄ անում հավաքվել, գալ այստեղ ու դրսեւորել ձեր քաղաքացիական դիրքորոշումը, թեպետ լրագրող լինելուց առաջ, դուք մարդ եք եւ այս երկրի քաղաքացի: Ես ձեզ կոչ եմ անում սթափվել, կանգ առնել, հասկանալ, որ այսպես չի կարելի շարունակել, չի կարելի ծառայել Միշիկին՝ որպես համր գործիք: Մի վախեցեք, սոված չեք մնա, մենք այս քանի՜ տարի է, չենք մեռել, ինչպես տեսնում եք: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բանտ նստեց հանուն իմ ու ձեր ազատ արտահայտվելու իրավունքի, դուք չեք նստի, միայն թե մի ծառայեք այլեւս:

Ես ձեզ կոչ եմ անում հեղափոխություն անել յուրաքանչյուրդ ձեր աշխատատեղում, միահամուռ եղեք ու մի անգամ, միայն մի անգամ, հանուն ձեր երեխաների, հանուն ձեր ապագա գործունեության, հանուն այս երկրի ու ժողովրդի, ինքներդ ձեզ հաճույք պատճառեք ասել ճշմարտությունը: Շուռ տվեք ձեր զենքը՝ ձեր տեսախցիկները, ձեր գրիչները, ձեր խոսափողներն  ընդդեմ ձեր շեֆերի, պահանջեք նրանցից բացել հանրային ոլորտը, տարածեք ճշմարտությունը, Ճեղքեք  ձեր լրատվամիջոցների ձեռամբ  ողջ հանրապետությունում ձեւավորած անիրազեկության մթնոլորտը,  արթանցրեք ձեր ընկերությունների ջանքով  սերիալներից  զոմբիացած հասարակությանը եւ կանչեք այստեղ, որովհետեւ սա այն վերջին հանգրվանն է, որից պիտի սկիզբ առնի մեր երկրի ապագան, որտեղ դրված է մեր հաջորդ սերնդի լինել՝ չլինելու հարցը:  Դա ձեր կոչումն է ի վերջո:

Ուզում եմ դիմել սկսնակ լրագրողներին, որոնք դեռ ուսանող են: Սիրելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, թեպետ վստահ եմ, որ ձեզ դասախոսները չեն խոսել ձեզ հետ ոչ լրագրության տարրական սահմանման, ոչ էլ առավելեւս, Հայաստանից դուրս գոյություն ունեցող լրագրության մասին, բայց հուսով եմ, որ ինքնուրույն կարդացել եւ գիտեք, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում տեղի ունեցող դրական փոփոխությունները սկիզբ են առել ուսանողական շրջանակներում, երիտասարդ համալսարանականների եւ դասախոսների շնորհիվ: Ինչպեսեւ մեր 20-ամյա անկախությունը, որի առաջնորդները 90-ականներին ձեր տարիքին էին, կամ մի քիչ ավելի հասուն: Մի այցելեք խմբագրություններ, ինչպես անում եք հիմա, հոնորարի կամ ապագա աշխատատեղի ետեւից ընկած, որն ինձ ավելի շատ հոգեվարք է հիշեցնում, քան հեռանկար: Եկեք այստեղ, խմբերով, ինչպես առաջին նախագահն է բազմիցս հայտարարել՝ այստեղ է իրական համալսարանը: Ապագա լրագրողներ, խնդրում եմ, նախ դրսեւորեք ձեզ որպես քաղաքացիներ, կանգնեք՝ կառուցեք ձեր երկիրը, ձեր հայրենիքը, ձեւավորեք այն կայուն պլատֆորմը, որի վրա հնարավոր կլինի հենվել ապագայում: Նախեւառաջ նվաճեք խոսքի ազատության ձեր իրավունքը, որպեսզի հետո արդեն, կարողանաք աշխատել որպես լրագրողներ՝ քննադատող լրագրողներ:

Գայանե Առուստամյան

Հ.Գ. Թե ինչո՞ւ այսքան գրագետ գրված ելույթը չի հնչել Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, հեղինակը՝ Գայանե Առուստամյանը բացատրություն չի տալիս: Նա  հավանաբար հույս ունի, որ դա կկատարվի հոկտեմբերի  վերջի հանրահավաքում: Հեղինակը գործնական խնդիր է առաջ քաշել ու շատերին հետաքրքիր կլինի տեսնել հանրահավաքներին ագրեսիվ ելույթ ունեցողների փոխարեն  նոր, հավասարակշռված, մտածող երիտասարդներ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Oct 15, 2011 10:26