ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 13, 2011 13:08 - չքննարկված
-Ներսես ախպար, էս Հրանուշից ազատվելու համար մո՜մ պետք ա վառվի, մո՜մ…
Գլխատված բարերարների ճեմուղին
Իմ երկրում ինձ չեն հետաքրքրում բազում բաներ։ Այդ թվում եւ սփյուռքի նախարարության ու նրա ղեկավարի գործունեությունն առհասարակ: Չի հետաքրքրում նաեւ (բայց ժպիտ է առաջացնում) այդ գերատեսչության կայք-էջում զետեղված հետեւյալ խոսքը. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որի ոգեւորությունը, աշխատելու եռանդը վարակիչ է, հրաշալի նախարար է. այս համաժողովը (խոսքը սփյուռքահայոց 3-րդ համաժողովի մասին է՝ Խ. Դ.) ոչ միայն Սփյուռքի, այլեւ առաջին հերթին նրա հաղթանակն է»:
Սակայն չեմ կարող անհաղորդ մնալ ու լռել, երբ աջից կամ ահյակից փորձեր են արվում պղծելու մեր ժողովրդի գերագույն արժեքները։ Իսկ այդպիսիներից մեկը 17-րդ դարի պատմություն ունեցող բարերարությունն է։
Մեկուկես թե երկու տարի առաջ ավետվեց, թե սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Օղակաձեւ զբոսայգում բացվելու է Հայ բարերարների ճեմուղի։ Գնացի տեսա (գրեթե պատրաստ է) եւ ապրեցի այնպիսի զայրույթ, որը կաշխատեմ զսպել ու մնալ բարեկրթության շրջանակներում։
Այն, որ ներկայիս կոմպրադորական կապիտալիզմի, արծաթսիրական, թալանչիական եւ ընչաքաղցային հասարակարգի պայմաններում բազմադարյա բարեգործության ավանդույթները քարոզելը սպեղանիներից մեկն է՝ կասկածից վեր է։ Սակայն՝ ո՛չ ճեմուղու տեսքով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարուստ-աղքատ անջրպետի խորացման ու «բարերարություն» հասկացությունն առհասարակ չըմբռնելու խորհրդանիշ։
Նախ, վայրն է սխալ ընտրված։ Մեր ժողովրդի երջանկահիշատակ զավակները չպիտի ծառաթփերի մեջ «թաքնվեին» Մ. Նալբանդյանի վիթխարահասակ հուշարձանի թիկունքում։ Մի մարդու, որը քիչ է թե Նոր Նախիջեւանի գաղթօջախում բուրժուադեմոկրատական գաղափարներ սերմանեց, այլեւ գնաց Մադրաս, ստացավ Մասեհ Բաբաջանի կտակի շահութատոկոսները եւ գումարի մի մասը պարզապես գրպանեց՝ գժտություն ու պառակտում «պարգեւելով» համայնքին։
Երկրորդ, նախարարության կայք-էջում ասված է. «Կազմակերպվել է ճարտարապետական եւ քանդակագործական նախագծերի մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված քանդակագործի կողմից արդեն պատրաստվել է հուշակոթողների գերակշիռ մասը»: Հաղթող է ճանաչվել Ֆերդինանդ Առաքելյանը, որն այս տարվա մայիսին հեռուստատեսությամբ հասկացրեց, որ 30 տարի ճանաչում է Հակոբյանին, նախարարն էլ իրեն պատվիրել է վեց հոգու արձան կերտել։ Եթե իրոք մրցույթ է հայտարարվել, ապա նախարարը պարտավոր էր ստացված նախագծերը ներկայացնել հանրային քննարկման (ի դեպ, այնժամ ես էլ կարծիք հայտնելու հնարավորություն կունենայի եւ հիմա ստիպված չէի լինի հոդված գրել)։ Բայց որոշումը կայացվել է միահեծանորեն, ինքնակամորեն, եւ տեսնենք ինչ է ստացվել։ Ընտրվել են վեցը՝ Լազարյաններ, Պողոս Նուբար, Ա. Մանթաշյանց, Մ. Արամյանց, Գ. Գյուլբենկյան, Ա. Մանուկյան։ Ուղղահայաց, մարդահասակ դիրքով դրված են նախշազարդում-խծբծանքներով տապանաքարեր, որոնց աջ անկյունում զետեղված են մարմիններից անդամահատված գլուխներ… Դա ի՞նչ գեղագիտություն է, ի՞նչ քանդակարվեստ, այդ պայծառագույն մարդիկ դրա՞ն էին արժանի։ Ես, որ տարիներ շարունակ զբաղվում եմ տնտեսական մշակույթի, դրա ածանցյալ բարերարության պատմության ուսումնասիրմամբ ու բոլոր վեցի մասին քանիցս գրել եմ, իսկ վերջերս էլ լույս ընծայել Մանթաշյանցի վերաբերյալ հիմնարար աշխատասիրություն, հազիվ ճանաչեցի ով ով է (հավանաբար տապանաքարերի վրա փորագրություններ կանեն)։ Իսկ Լազարյանների գերդաստանից մեկի գլուխն է դրված, ում՝ չգիտեմ։ Եթե այս ապրանքաքանակն արժե 21 մլն դրամ, ապա արվեստագետներից ամենից լավ ապրում են քանդակագործները։
Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվել վեց հոգի։ Ո՛չ մի. ում մասիմ իմացել են, նրանց էլ «կոթողել» են (ավելի ճիշտ՝ «կոթել»)։ Հարց ուղղեմ. առաջին հայ բարերարը եղել է Ներսես Մեծ կաթողիկոսը (329-373թթ.), ինչո՞ւ նրա արձանը չկա, ո՞վ է թույլ տվել ոտնահարել մեր պատմական հիշողությունը։ Ինչո՞ւ չկան քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված մեր բարերարության այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք են պոլսեցի Հ. Պեզճյանը, ղարաբաղցիներ Ղուկասյաններն ու Ժամհարյանները, վիեննացի Ա. Ջունդը, նորնախիջեւանցի Մ. Գոգոյանը, մոսկվացի Մ. Գասպարյանը, վանեցի Մ. Սանասարյանը, եթովպացի Մ. Մուրադյանը, փարիզցի Ա. Էգնայանը, հարյուրավոր նորջուղայեցիներ… Ավելի լավ է չթվարկեմ, նրանք հազարավոր են, չկա՛ բարերար չունեցող որեւէ սփյուռքահայ համայնք։
«Հրապարակը» գրում է. «Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանի խոսքով՝ ճեմուղում բարերարների արձաններն այդ 6-ով չեն սահմանափակվի եւ դեռ էլի կավելանան. «Հերթով շարվելու են: Մենք ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բարերարներ» (http://www.hraparak.am/2011/09/20/hamarel-barerar)։ Մինչեւ ո՞ւր եք շարելու, Օղակաձեւ զբոսայգին հանձնելու եք Առաքելյանի տնօրինությանը, որ նա գլխատվածների գերեզմանո՞ց հիմնի։ Էս քաղաքը տեր չունի՞։
Շիրվանզադեն բարեգործությունն անվանում էր «սրբազան տաճար, որ երկրային տաճարների թագուհին է»։ Վենետիկյան Հանրապետությունում մարդիկ վեց ամիս դիմակներ էին կրում, որպեսզի հավասարություն առաջանար հարուստի եւ աղքատի, գեղեցկադեմի ու տգեղի միջեւ։ Մեզ՝ հայոց համար դիմակի դերակատարություն է ունեցել բարերարությունը։ Այն չի չափվում գումարի քանակությամբ, մեծահարուստի տրամադրած միլիոնը եւ վարժարանի աշակերտի մանրադրամը գտնվում են նույն հարթության վրա, քանզի երկուսն էլ առաջնորդվում են ազգային նպատակին ծառայելու մղումով, ազգային խնդրի լուծմանը մասնակցություն ունենալու ձգտումով։ Հետեւաբար առանձնացնել վեցին՝ ոչ միայն սխալ, այլեւ ազգավնաս գործ է։
Իսկ ի՞նչ անել, ճեմուղու վրա միլիոններ են ծախսվել։ Կազմաքանդեք. Մանթաշյանցը, Մանուկյանն ու Գյուլբենկյանն ունեն իրենց անունները կրող երեւանյան փողոցներ, տարեք այդտեղ դրեք։ Պողոս Նուբարին «նվիրեք» Նուբարաշենին, Լազարյաններին «հանձնեք» Մոսկվայի մեր դեսպանատանը, իսկ Արամյանցի անունով պատրաստվում են կոչել Ախթալայի դպրոցներից մեկը. նրան նվիրեք կրթօջախին։
Դրանց փոխարեն Արարատ լերանց նմանողությամբ կանգնեցրեք երկու բուրգ (բարերարությունը, նախեւառաջ, Աստծո եւ մարդու երկխոսություն է, բուրգը դա կխորհրդանշեր) եւ փորագրեք բոլոր՝ ողջ թե մեռած, բարերարների անունները։ Դա կլիներ թե բարոյապես արդար, թե նյութապես էժան։
Անշուշտ, ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե այս հոդվածն ինչ-որ հետեւանք կունենա։ Ավելին, վստահ եմ, որ ճեմուղին կբացվի հանդիսավորապես, կհրավիրվեն նախագահը կամ վարչապետը, նախարարներ, պատգամավորներ, մտավորականներ, սփյուռքահայեր, ժապավեն կկտրեն, ծափ ու ծաղիկ, զըմփ-զըմփ, ու նախարար Հակոբյանն էլ բոցաշունչ ելույթ կունենա, որը կզետեղվի նրա կայք-էջում։
Հետո՞… Հետո՝ ոչինչ։ Մնացյալը՝ լռություն։
Խաչատուր Դադայան