«Անշուշտ, դեսպանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, դա լոյալության սկզբունքի կոպիտ խախտում է: Անկախ նրանից, թե դեսպանը ինչ է մտածում՝ որպես մարդ, որպես արվեստագետ, բայց լինելով պետության ներկայացուցիչ՝ նա պետք է միայն ասի այն, ինչ որ ընդունված է արտաքին հարաբերությունների շրջանակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցին՝ արտայատվեց ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, նախկին դեսպան Արման Նավասարդյանը:
Հավելենք, որ Nouvelles d’Arménie ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հայ-թուրքական հարաբերության համատեքստում ասել է. «Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»:
Նավասարդյանը գտավ, որ եթե դեսպանը նման կերպ է մտածում, ապա նա պետք է անմիջապես դրանից հետո կամ դրանից առաջ հրաժարվեր իր պաշտոնից, կամ նրան պետք է շնորհազրկեն: Արձագանքին, թե թվարկած քայլերից որևէ մեկը, բնականաբար, չի կատարվի, Նավասարդյանը շեշտեց, որ դա արդեն հարցի մյուս կողմն է. «Եթե սխալը կատարվել է ի սկզբանե, ապա ինչպես ասում են՝ էշի վրա նստելը մի այիբ է, իջնելը՝ մեկ ուրիշ: Սա արդեն խոսում է այն մասին, որ ՀՀ արտաքին գործերի ոլորտում կադրային քաղաքականությունը դրված է սխալ սկզբունքների վրա»:
Քաղաքագետ-վերլուծաբան Երվանդ Բոզոյանն էլ հայտնեց, որ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առումով «թամաշաների էլեմենտը» շատ մեծ դեր է խաղում. «Թամաշա անելը` միջազգային կենտրոնները սարքելը, Գյումրիում ծով, Դիլիջանում ֆինանսական կենտրոն սարքելը բավական տարածված թեմա է, և հենց այդ թամաշայի շարքի մեջ է հայտնի Շառլին դեսպան նշանակելը»:
Բոզոյանը շեշտեց, որ Շառլ Ազնավուրը կարող էր նման հայտարարություն անել՝ որպես մեծ հայ մարդ, և այդ կարծիքը ինքը ևս կիսում է. «Իսկապես, ծիծաղելի է խոսել հայկական աշխարհի մասին, երբ Հայաստանը դատարկվում է, և այդ գործընթացը չի մտահոգում իշխանական վերանխավին: Ես ուրախ եմ, որ սփյուռքում դա նկատվել է, Արամ Առաջինը այդ միտքն առաջինը հնչեցրեց, և այսօր դա ասում է նաև Շառլը»:
Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.