Октябрь 4, 2011
Հայաստանի լրատվական-վերլուծական դաշտը հերթական ալեկոծությունների մեջ է: Ռուսաստանում կայացավ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, և մինչ շատերը շունչները պահած հետևում էին այդ իրադարձությանը, իսկ մյուսները փորձում նախօրոք նախագծել Ռուսաստանի քաղաքական զարգացումները, առավել խելացիները հասկանում էին, որ այդ իրադարձությունը Հայաստանին թերևս ավելի շատ է վերաբերվում, քան նույն Ռուսաստանին, քանի որ այնտեղ վաղուց ամեն ինչ հայտնի էր, մնում էր միայն արարողակարգով փաստել դա և վերջ: Պուտինին այլընտրանք չէր լինելու և դա շատերը գիտեին:
Երկիրը իր քաղաքական ուժերով, լրատվական-վերլուծական դաշտով այժմ գտնվում է այդ մտացածին քաղաքական թնջուկի ծիրում: Իսկ իրականում կատարվում է շատ նորմալ և բնականոն գործընթաց: Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հայտարարում է, որ չի բացառվում, որ կարող է նորից զբաղվել քաղաքականությամբ: Սա նույնքան բնական է, եթե այդ մասին հայտարարեր շարքային քաղաքացին, ես, կամ այս հրապարակման որևէ ընթերցողը, քանի որ քաղաքականությամբ զբաղվելու որոշում կարող են կայացնել բոլորը, առանց որևէ սահմանափակման:
Իսկ ինչ կատարվեց Հայաստանում: Կատարվեց այն ինչ վաղուց սպասվում էր: Հայաստանը թևակոխեց քաղաքական զարգացումների նոր փուլ, որը բնորոշվեց մեկ հիմնական հանգամանքով. Եթե ռուսաստանում Պուտին, ապա Հայատանում….
Բայց մեր քաղաքական դաշտում իսկական վայնասուն է բարձրացել այս թեմայով: Վայնասուն, որը նույնիսկ հարիր չէ օրեր առաջ իր անկախության 20-ամյակը նշող երկրի համար, քանի որ նույնիսկ 20 տարի հետո կրկին ցույց ենք տալիս, որ մեր բոլոր գործըթնացները պայմանավորում ենք դրսի և բացառապես դրսի գործոնով, չփորձելով ինքներս մեզ գոնե մեկ անգամ հարցնել. լավ, այսպես մինչև երբ, կամ, օրինակ, ինչու Ռոբերտ Քոչարյանը չպետք փորձի մասնակցել հերթական համապետական ընտրություններին, որին իրավունք ունի մասնակացել 35 տարին լրացած, վերջին 10 տարում մշտապես ՀՀ-ում բնակվող ՑԱՆԿԱՑԱԾ ՀՀ քաղաքացի:
Եվ ի վերջո, զարմանալի է այն ողբը, որ դրվել է մի շարք քաղաքական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կոմից, երբ, մի կողմից, ամեն օր նշում են, որ ռուսաստանյան գործըթնացները չեն կարող ազդել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից ամեն օր այդ մասին խոսելով անուղղակիորեն մատնում են, որ իրենք ճիշտ հակառակն են մտածում:
Ինչևէ: Իսկ այժմ փոքր-ինչ ողջ այս աժիոտաժը առաջացրած գործչի մասին: Եթե Ռոբերտ Քոչարյանին համեմատենք ՀՀ մյուս 2 նախագահների հետ, ապա կտեսնենք մի շարք փաստեր, որոնք նրան էականորեն առանձնացնում են.
Նախ Ռոբերտ Քոչարյանը այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում հասցրել է լինել երկու հանրապետությունների նախագահ, մի փաստ, որը հնարավոր չէ գտնել ողջ ԱՊՀ տարածքի մյուս բոլոր նախկին և գործող նախագահների դեպքում, ինչը բնականաբար խոսում է նրա հարուստ քաղաքական փորձի մասին:
Երկրորդ, Քոչարյանի նախագահության օրոք հայաստանցիները ի վերջո ամբողջությամբ հաղթահարեցին “մթի ու ցրտի տարիների” բարդույթը: Չնայած այդ ժամանկ արդեն գործարկվել էր ՀԱԷԿ-ը և կար շուրջօրյա էլեկտրոմատակարարում, բայց այնումանեյնիվ “մթի և ցրտի տարիների” բարդույթը, դրանց անվերջանալիության միֆը նստած էր հասարակական գիտակցության մեջ և վերացավ միայն քաղաքական էլիտայի փոփոխոթյան հետ: Շնորհիվ հենց այդ 10 տարիների այսօր այն ամբողջությամբ հաղթահարված և մոռացված է: Ավելին, նրա նախագահութան օրոք ՀՀ քաղաքացու մոտ սկսեց ծիլեր տալ հույսն ու հավատը իր ապագայի հանդեպ, ինչն այսօր, ցավոք, կրկին մարել է:
Եվ ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի օրոք հիմք դրվեց և գնալով ամրապնդվեց Հայաստան Սփյուռք կապը և բազմաթիվ սփյուռքահայ գործիչներ մեծածավալ ներդրումներ արեցին Հայաստանում: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստան-Սփյուռք կապի մասին խոսելն իսկ քաղաքական աբսւորդի ժանրից էր:
Եթե խոսքը գնում է այս ամենը կյանքի կոչած և իրակացրած գործչի մասին, ապա բազմաթիվ այլ, ոչինչ չարած, բայց ամեն օր գեղեցիկ ճառեր արտասանող և հայրենիքին փրկություն խոստացող քաղաքական գործիչների «աստղաբույլի» ֆոնին նման գործչի վերադարձը կարելի է միայն դրական փոփոխությունների ակնկալիքով ընդունել:
Եվ վերջում. այսօր, երբ բոլոր լրատվամիջոցները ամեն օր քննարկում, կանխատեսում, դիտարկում, վերլուծում են Ռոբերքտ Քոչարյանի գործոնը և հնարավոր վերադարձը, ակամայից հարց է ծագում. Ռոբերտ Քոչարյանը իրոք ուզում է վերադառնալ, թե՞ հենց իրենք են իրենց ամենօրյա կանխատեսումներով ու վերլուծություններով նրան վերադարձնում: