ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 28, 2011 19:18 - չքննարկված
ՀՀ նախագահը գիտե՞ր, որ ռուաստանի բոյակից նախագահը առաջադրելու է Պուտինին, հետևաբար, օրենքի խախտումով «բոլոր տոները մեկ օրում»-ը հարկադի՞ր քայլ էր, թե՞…
Կորչի՞ Երեւանի տոնը
Աննախադեպ հռչակված զորահանդեսին սեպտեմբերի 21-ին հաջորդեց աննախադեպ համերգը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին, որն իրոք աննախադեպ էր, քանի որ վերջապես, տարիներ անց հրապարակում բացակայում էին շոու-բիզնեսի “աստղիկները”:
Սակայն աննախադեպ էր ոչ միայն աստղիկների բացակայությունը, 3D էֆեկտը, ցայտաղբյուրներն ու այլ մանրամասները, այլեւ աննախադեպ էր ՀՀԿ-ականությունը, ակնհայտ քարոզչությունը, անկախության աննախադեպ ինքնավերագրումը: Անկախությունն` ինչպես հովանոց, ով ոնց կարողանում է, տակը պատսպարվում է:
Հայաստանում, տոներն էլ են սեփականաշնորհված. անկախությունը վաղուց ՀՀՇ-ն էր յուրացրել` միաժամանակ նաեւ պատերազմի հաղթանակը վերագրելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին, հիմա, սակայն, վիճակն այլեւս փոխված է. այն փորձում են յուրացնել բոլոր իրար հաջորդող իշխող վարչակարգերը, եւ այս անգամ տոնը Սերժ Սարգսյանինն էր:
Սա ավելի ցայտուն ընդգծվեց հենց տոնական համերգին, երբ Էրեբունի-Երեւանին նվիրված երաժշտության ներքո, 3D էֆեկտով Սերժ Սարգսյանին ցուցադրող կադրերն էին հրապարակի գլխավոր շենքին հայտնվել:
Այսպիսով այդ օրը նաեւ քարոզարշավը մեկնարկեց, Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը: Իրականում, այո, ինչ վատ բան կա. անկախության տոնի հաշվին ՀՀ նախագահը քարոզչություն է իրականացնում: Ինչ վատ է որ, նաեւ բյուջեի ծախսերն են խնայվում: Սակայն միայն քարոզչությունն ու Անկախության տոնը չէ, որ մեկտեղված էր սեպտեմբերի 21-ին:
Այս երկու առիթներին գումարվել էր եւս մեկը, Էրեբունի Երեւանի տոնը:
Այ սա արդեն իրոք գովելի է, քանի որ ինչ կարիք կա բյուջեից դարձյալ գումար հատկացնել Երեւանի տոնին, ինչու ավելորդ գումար տրամադրել դրան, եթե հիմա միանգամից կարելի է նաեւ դա անել:
Նախորդ տարի Երեւանի տոնը նշեցին բավականին մեծ շուքով, տոնական տրամադրությամբ, փողոցները փակելով, հայրենասիրական երգերով, իսկ այս տարի հանկարծ որոշվեց, որ անկախության տոնն ու Երեւանի տոնը միասին են նշվում, ընդ որում դա տեղի ունեցավ բավականին անբնական, քանի որ մեկը մյուսին բնավ չէր շաղկապվում:
Անշուշտ, եթե չփորձենք խորանալ մանրամասների մեջ, գուցե այս իմաստով ոչ մի առանձին բան չնկատենք, ինչ անենք, այս տարի էլ թող այդպես լինի: Բայց այստեղ կա մի փոքրիկ նյուանս, որին արժեր անդրադառնալ. նախանցյալ ու անցյալ տարի հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների ստորագրման հետ կապված` տրամադրությունները բավականին ագրեսիվ էին, եւ այնքան մեծ հնչեղություն տալով Երեւանի տոնին` բնականաբար, հնարավոր եղավ խուսափել նաեւ անցանկալի հավաքներից, որ պատրաստում էին իրականացնել այդ օրերին հայ-թուրքական հարաբերությունների դեմ անձիք /Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 11-ին, տոնը նշել ենք հոկտեմբերի 10-ին/: Այն ժամանակ հնարավոր եղավ հանրության ուշադրությունը շեղել ցյուրիխյան արձանագրություններից:
Մենք արդեն այնքան ենք տարօրինակ երեւույթներ հանդիպել մեր երկրում, որ երբ Անկախության տոնը յուրացվում է որեւէ մեկի կողմից, չենք զարմանում, երբ այդ օրը դարձյալ կոնրետ անձի են մեծարում` անկախության պատմությունը վերագրելով դարձյալ մեկին, էլի չենք զարմանում, բայց այ որ Երեւանի տոնն ուղղակի վերցրել ու անբնականորեն կցել են Անկախության տոնի հետ, այն էլ այն պատճառով, որ այս տարի պարզապես այն ոչ մի բանի չի կարող ծառայել, սա արդեն նորություն է:
Նորություն այն առումով, որ պետության առաջին դեմքի մակարդակով հանգիստ կարող են օրենքները շրջանցել: Ընդ որում, հարցն այստեղ զուտ օրենքը խախտելն է, օրենքը խախտելու վատ նախադեպ, ուրեմն ինչ, կորչե՞ն օրենքները:
Հիշեցնենք միայն, որ “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 822-Ն որոշման համաձայն` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր:
Մարիամ Մուղդուսյան