ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 28, 2011 18:27 - 3 քննարկում
ՀՈՄԵՐՈՍ-«Ոդիսևսը վերադառնում է»…
27.09.2011 | 14:58 | Թերթեր և ամսագրեր
ԽՈՒՃԱՊ, ՑԱՅՏՆՈՏ, ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Շաբաթ օրը իշխող “Միասնական Ռուսաստան” կուսակցության համագումարում ընդունված որոշումը, համաձայն որի 2012-ին նախագահական ընտրություններում առաջադրվելու է ՌԴ նախկին նախագահ եւ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, աննախադեպ իրարանցում է առաջացրել Հայաստանում:
“Անսպասելի” լուրից շանթահարված ներքաղաքական դաշտում թեժ քննարկումները շարունակվում են։ Իր հերթին ալեկոծված է լրատվական դաշտը: Հայ իրականության մեջ մի անբացատրելի խուճապ է սկսվել, աննկարագրելի ցայտնոտի մեջ են հայտնվել բոլորը:
Շաբաթ օրվանից սկսած չի փակվում ոչ մեկի բերանը. անդադար խոսում են քաղաքական գործիչները, վերլուծաբանները, քաղաքագետները, փորձագետները, անգամ հոգեբանները, որոնց առավելապես հետաքրքրում է ոչ թե նախագահի աթոռին Պուտինի վերադարձի “առեղծվածը”, այլ ջանում են գտնել գլխավոր հարցի պատասխանը` ռուսական զարգացումներն ինչ ազդեցություն կունենան հայաստանյան քաղաքական գործընթացների վրա:
Ընդ որում, շատերն համոզված են, որ հայ իրականության մեջ ռուսական քաղաքական իրադարձությունների պրոյեկտումը “անխուսափելի” է:
Երեկ հատկապես տենդահար էին ՀԱԿ-ին սպասարկող կայքերը, որոնք հեղեղված էին այս “գեոքաղաքական” թեմային նվիրված “խորիմաստ” վերլուծություններով:
Առավոտվանից սկսեցին տարածել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրեր, գրելով, թե “Պուտինը նրան հետ է բերում”, այնուհետ հիշեցրին “Քոչարյանի գործոնի” մասին ու եզրակացրին, որ “այն սկսելու է ակտիվ աշխատել”: Չմոռացան գրել Քոչարյան-Պուտին ջերմ հարաբերությունների մասին` նկատելով, որ հենց դրանով է պայմանավորված լինելու “Քոչարյանի վերադարձը”:
Կայքերից մեկը վազեց փողոց ու սկսեց քաղաքացիների շրջանում հարցում անցկացնել` պարզելու, թե արդյոք Պուտինի աջակցությամբ նորից նախագահի պաշտոնում չի՞ հայտնվի Ռոբերտ Քոչարյանը: Մեկ այլ կայք էլ խորհուրդ տվեց գործող նախագահին եւ Տեր-Պետրոսյանին միանալ եւ պայքարել Քոչարյանի վերադարձի դեմ, հետո այս “տանդեմը” քիչ հավանական համարելով, հիասթափված արձանագրեցին, որ Պուտինի դեմ խաղ չկա, եւ եթե նա որոշեց, ուրեմն անպայման “հետ կբերի Քոչարյանին”:
Քաղաքական գործիչներից ոմանք էլ հայտարարեցին, թե զարմանալի ոչինչ չկա` եթե Տեր-Պետրոսյանը վերադարձավ, ինչո՞ւ չպետք է վերադառնա Քոչարյանը: Մյուսներն էլ սկսեցին հաշվել այն ուժերի ու անհատների թիվը, որոնք, հնարավոր է, սատարեն երկրորդ նախագահին, քանզի նրա իշխանության տարիներին այդ ուժերն ու անհատները “ծաղկել” են:
Իրավիճակը դարձավ “պայթյունավտանգ”, երբ լսեցին, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա: Անտեսելով իրողությունը, որ նա մեկնել է մասնակցելու “Սիստեմա” ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին, անմիջապես եզրակացրին` “ըհը` արդեն գնացել է Պուտինի հետ հանդիպելու եւ քննարկելու իր վերադարձի հարցը”:
Սակայն զավեշտականն այն է, որ այս ամենի մասին գրում են այն քաղաքական ուժին սպասարկող լրատվամիջոցները, որը շարունակ հեգնանքով է խոսում Հայաստանը Ռուսաստանի “ֆորպոստը” լինելու մասին, նաեւ մեղադրում է իշխանություններին մեր երկիրը Ռուսաստանի “վասալը” դարձնելու համար: Իսկ հիմա ՀԱԿ-ը իր քարոզչամիջոցներով փաստորեն տարածում է այն մտայնությունը, որ առանց Ռուսաստանի որոշման՝ այստեղ որեւէ մեկը չի կարող նախագահ դառնալ, կամ ՌԴ իշխանության նախընտրելի թեկնածուն միայն կարող է Հայաստանը ղեկավարել:
Սա ուրիշ ինչպե՞ս բնորոշես, եթե ոչ ստրկամտության բացահայտ դրսեւորում:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը, երբ տարիներ առաջ հայտարարեց, որ Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ, նույն այս շրջանակը հեգնանքով արձագանքեց այդ հայտարարությանը: Վերջին հարցազրույցում երկրորդ նախագահի արտահայտած միտքը պակաս ուշագրավ չէ. “Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում”:
Այս իրարանցումը ցույց է տալիս, որ մեզանում իսկապես կան ուժեր ու գործիչներ, որոնք մասնավորապես ՌԴ իշխանություններին ընկալում են որպես իրենց պետերը:
Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում հստակ հայտարարել էր, որ եթե որոշի մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներում, անձամբ այդ մասին կհայտարարի:
Այնպես որ նա ակտիվ քաղաքականություն վերադառնալու որոշումը երբեք չի պայմանավորել քաղաքական կշիռ ունեցող այս կամ այն երկրի ղեկավարության դիրքորոշմամբ եւ ոչ էլ, ինչպես ոմանք, սպասում է դրսի աջակցության: Միանգամայն հակառակը` ինքնուրույն է որոշում՝ երբ եւ ինչպես գործել:
Եվ ամենակարեւորը` գործել ոչ թե “ընդդեմի”, այլ “հանունի” տրամաբանությամբ:
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am
3 քննարկումներ
Martik