Եհովայի վկային կպաշտպանի կանադացի իրավաբանը
Եհովայի վկա Անդրանիկ Մակվենցյանին (պատասխանող) պաշտպանելու համար Կանադայից ժամանել է իրավապաշտպան։ Կանադացի իրավաբանի՝ հայերենի չիմացության խնդիրը կլուծվի թարգմանչի օգնությամբ, թեպետ նա նոր ասելիք դեռ չի ներկայացրել՝ կրկնել է այն, որն ամեն անգամ տարբեր պատճառներով պահանջում է հայ իրավաբանը՝ հետաձգել լսումները, մինչև Վճռաբեկ դատարանը քննի գործը։ Այսօրվա դատական գործընթացն է ներկայացրել ԱՐ ՀԸ-ի «Ազդարար հաղորդումը։
Տեր Եսային (հայցվոր) համաձայն չէ հերթական անգամ հետաձգելու որոշման հետ. «Ինչքան էլ խուսափեն միևնույնն է, պիտի անպայման պատասխան տան դատարանի առաջ, և միևնույնն է դատից իրենք չեն կարողանալու խուսափեն»,- «Ազդարար»-ին ասել է նա։
«Դատարանի կողմից խախտվեց անընդհատության սկզբունքը և ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու սկզբունքը։ Դեռևս ոչ մի քայլ առաջ մենք չենք գրանցել, և այս անգամ էլ, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ չկա հաստատված, դատարանի կողմից հարգվեց նրանց միջնորդությունը և էլի ժամանակ տրվեց։ Արդեն ես ինքս կասկածներ ունեմ դատարանի նկատմամբ, և միգուցե հանդես կգամ ինքնաբացարկի միջնորդությամբ»,- նշել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Պարգև Բադոյանը (վկա), որ ամեն անգամ գալիս է դատական նիստերին, սակայն չի կարողանում վկայություն տալ, ասել է. «Ես ներկա եմ եղել հենց սկզբից, տեսել եմ նրանց արած անկարգությունները՝ լկտի ձևով հարձակվեցին տեր հայրի վրա, հարվածեցին նրան, հեռախոսը խլեցին, տեր հայրը ավելի խելացի գտնվեց, քանց՝ ես, հանգստացրեց»։
Tert.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը հիշեցրել է, որ դատական գործընթացը հնարավորինս երկարաձգելը աղանդների քաղաքականության մասն է. այսպես նրանք խոչընդոտում են մյուս կողմի աշխատանքը, փորձում նյարդայնացնել։ «Ռուս ամենահայտի աղանդաբան Ալեքսանդր Դվորկինի դեմ անընդհատ անհեթեթ դատական հայցեր էին ներկայացնում. մի շրջան մարդը անընդհատ դատարաններում էր անցկացնում։ Հետո այս իրավիճակից ելքը գտավ։ Վարձեց իրավաբան, ասաց՝ որքան կարող ես՝ վաստակիր այս գործընթացներով՝ մենակ թե ես դատարան չգամ։ Հայցերն անհեթեթ էին, վճիռները՝ հօգուտ իրեն, իրավաբանը գոհ էր, Դվորկինը հանգիստ իր գործերով էր զբաղվում։ Մի որոշ շրջան՝ այդպես, հետո այլևս Դվորկինին դատի չտվեցին։ Անիմաստ էր արդեն»,- պատմել է տեր Եսային։
Հիշեցնենք, որ տեսնելով Անդրանիկ Մակվենցյանին ընկերոջ հետ սուրբ Երրորդություն եկեղեցու բակում քարոզչաթերթիկներ տարածելիս և մարդկանց զրույցի մեջ ներքաշել փորձելիս՝ տեր Եսային մոտեցել և հորդորել էր նրանց՝ հեռանալ եկեղեցու բակից, ինչին վերջիններս արձագանքել էին կոպիտ խոսքերով, հրաժարվելով հեռանալ։ Քահանան իր բջջային հեռախոսով սկսել էր տեսանկարահանել նրանց վարքը եկեղեցու բակում. վերջիններս հարվածել էին քահանային, խլել հեռախոսը և սպառնացել. «Կոկորդդ կկրծեմ»։