ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, September 18, 2011 23:49 - չքննարկված
ՄԻ ԿՏՈՐ ՄԱՔՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ:
Լույս է տեսել երկրորդ նախագահի ելույթների ժողովածուն
19-09-2011 10:07
Այսօր երևանյան “Փրինթ-Ինֆո” տպագրատանը լույս է տեսել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթների և հարցազրույցների անդրանիկ ժողովածուն: Ըստ էության, նախագահ Քոչարյանի հեղինակած առաջին գիրքը:
Ստորև ներկայացնում ենք գքրի առաջաբանը:
ՆԱԽԱԲԱՆ
Հարգելի ընթերցողներ
Ինձ պատիվ է վիճակվել ձեր ուշադրությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ (1998-2008թթ.) Ռոբերտ Քոչարյանի ելույթների և հարցազրույցների անդրանիկ ընտրանին: Ոչ պաշտոնավարման շրջանում, ոչ էլ անցած երեք տարվա ընթացքում երկրորդ նախագահի ելույթների ժողովածու չի տպագրվել, չնայած, որ ներկայանալու այդ ձևը լայնորեն տարածված է պետական և քաղաքական գործիչների շրջանում:
Սովորաբար նման ժողովածուները չեն ուղեկցվում նախաբանով: Առավել ևս, եթե խոսքը նախկին նախագահի մասին է, որի պաշտոնավարման արդյունքները (ինչպես և նրա քաղաքական հեռանկարին առնչվող հարցերը) ավելի շուտ արդիական քաղաքական գործոններ են, քան պատմություն: Սակայն խմբագրական աշխատանքների և գրքի համար ընտրված տեքստերի վերընթերցումից հետո` դրանց պատմական և քաղաքական համատեքստի ամբողջության մեջ, ինձ անհրաժեշտ թվաց մի քանի խոսք ասել` նախքան աշխատանքը հանրությանը ներկայացնելը:
Առաջին հերթին` գրքի բովանդակության և նյութերի ընտրության սկզբունքի մասին:
Ժողովածուի մեջ մասնավորապես տեղ են գտել երկրորդ նախագահի երդմնակալության ելույթները (1998, 2003թթ.), ելույթները ՄԱԿ-ում (1998, 2000թթ.), ներածական և ողջույնի ելույթները առավել խոշոր համահայկական միջոցառումների ժամանակ, այդ թվում` “Հայաստան-Սփյուռք” բոլոր երեք համաժողովներում (1999, 2002, 2006թթ.), միջազգային մի քանի գագաթաժողովներում (ԵԱՀԿ գագաթաժողով, Ստամբուլ, 1999թ., ՆԱՏՕ-ի գագաթաժողով, Պրահա, 2002թ., Տեղեկատվական միության Համաշխարհային գագաթաժողով, Ժնև, 2003թ., Եվրոպական գագաթաժողով, Բեռլին, 2004թ., ԵԽ գագաթաժողով, Վարշավա, 2005թ.), Եվրոպայի խորհրդում և ԵԽ ԽՎ-ում (2001, 2004թթ.), Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում (Ստոկհոլմ, 2006թ.), Բերտելսման Հիմնադրամում (Բեռլին, 2006թ.), Արաբական պետությունների լիգայում (Կահիրե, 2007թ.):
Բացի պետական շինարարության և ներքին քաղաքականության հարցերին նվիրված մի շարք ելույթներից, ժողովածուի մեջ ներառվել են բոլոր շնորհավորական ուղերձները Հայաստանի Հանրապետության Անկախու-թյան օրվա կապակցությամբ (1998-2007թթ.), ինչպես նաեւ` մի քանի ամանորյա շնորհավորական ուղերձներ (1999, 2000, 2004-2007թթ.):
Գրքում ներկայացված են նաև, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը “Եվրոնյուզ” հեռուստաընկերությանը (2005թ.), տեղական հեռուստաընկերություններին ավանդաբար տրվող հարցազրույցներից մի քանիսը (1998, 2000, 2003, 2006թթ.), ինչպես նաև ֆրանսիական “Ֆիգարո” (2001թ.) և սլովենական “Դելո” (2005թ.) թերթերին:
Տեքստերը ներկայացված են ժամանակագրական սկզբունքով և խմբավորված են ըստ տարիների, անկախ ժանրից և թեմատիկայից: Որոշ ելույթներ և հարցազրույցներ ներկայացված են կրճատումներով£ Գոյություն ունեցող քանակից և, ինչպես դժվար չէ պատկերացնել, վիթխարի ծավալից, որը մեծագույն ցանկության դեպքում իսկ չէր կարող տեղավորվել մեկ հատորում, ընտրության հիմնական սկզբունքը դարձավ երկրորդ նախագահի կառավարման ինչպես յուրաքանչյուր տարվա, այնպես էլ նախագահության ամբողջ տասնամյակի քաղաքական համատեքստի ընդհանուր պատկերի վերականգնումը: Գրքում փաստորեն ներառված են տարբեր տարիների բոլոր ծրագրային ելույթները և այն հարցազրույցները (մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ), որոնցում նախագահը մանրազնին անդրադարձել է այս կամ այն արդիական թեմային: Ընդգրկվելու պարագայում այս ժողովածուից դուրս մնացած տեքստերն ընդամենը կլրացնեին պատմաքաղաքական համատեքստի պատկերը այլ դրվագներով: Կարելի է վստահորեն ասել, որ ընտրված նյութերը թույլ կտան ընթերցողին մեծ ճշգրտությամբ պարզել իր համար ինչպես արտաքին և ներքին քաղաքականության բոլոր սկզբունքները, որոնք իրագործվել են հայոց պետության կողմից 1998-2007 թվականներին, այնպես էլ նախագահ Քոչարյանի անհատական ու քաղաքական դիմանկարի հիմնական գծերը: Առավել ևս, որ այդ տարիներին գործող Սահմանադրությունը բացառիկ իրավունք էր տալիս հենց նախագահին որոշելու քաղաքական ուղեգիծը պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, իսկ ժողովածուի մեջ զետեղված տեքստերի միակ հեղինակը ինքը` Ռոբերտ Քոչարյանն է: Մարդիկ, որոնք երբևէ աշխատել են իշխանական համակարգում, սեփական փորձից գիտեն, որ շատ նախագահներ գերադասում են օգտվել սփիչռայթերների ծառայություններից: Հակառակ դրան, այս գիրքը պատկանում է բացառապես երկրորդ նախագահի գրչին. չկան հանրությանը հայտնի կամ անհայտ համահեղինակներ:
Երկու խոսք գրքի քաղաքական համատեքստի մասին:
Առկա խնդիրների ակունքները` անցյալի պատմական փաստերը “հարմարեցնելու” միջոցով գտնելու ձգտումը բավականին տարածված երևույթ է քաղաքականության մեջ, այդ թվում` նաեւ հայրենական: Այս գիրքը կօգնի բոլոր հետաքրքրվողներին ճիշտ պատասխաններ գտնելու շատ հարցերի, որոնք վերաբերում են նախագահ Քոչարյանի վարած ներքին, տնտեսական և արտաքին քաղաքականությանը:
Եվ թերևս ամենագլխավորը: Այս գիրքը ոչ միայն պարզապես Հայաստանի նորագույն պատմությանն առնչվող ամբողջական և արժեքավոր նյութ է: Սա պետական գործչի քաղաքական ծրագրերի հավաքածուն է, ճնշող մեծամասնությամբ կենսագործված: Շատ բան` այն ամենից, ինչի մասին խոսել է նախագահ Քոչարյանը տասը տարվա ընթացքում` տնտեսական նախագծերից մինչև արտաքին քաղաքական ծրագրեր, իրականացված է, և իրականացված է հաջողությամբ: Իրողություն, որ ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ արժեք է ձեռք բերում:
ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2005-2008թթ. մամուլի քարտուղար
Աղբյուրը` Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք