ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, September 11, 2011 8:00 - 2 քննարկում

Հոբելյանական հարցազրույց` կյանքից հեռանալուց առաջ…

ԵՍ ԻՄ ՀԱՑԸ ՄՏ ԱՐԴԱՐ ԵՄ ԿԵՐԵԼ …

17 Apr

Թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը մարտի 10-ին դարձավ 75 տարեկան: Նա դասավանդել է ինձ, եղել լրագրության մեջ իմ առաջին ուսուցիչներից մեկը, բնականաբար` չէի կարող անտարբեր գտնվել և հոբելյանի օրը չզանգահարել ու չզրուցել նրա հետ: Պայմանավորված ժամին հյուրընկալվեցի նրանց օջախում, աշխատասենյակում սպասեցի մինչև Արմեն Հովհաննիսյանը հենաշարժի օգնությամբ մոտեցավ, դանդաղ … վառեց ծխախոտը, կինը մեզ սուրճ հյուրասիրեց ու սկսեցինք զրուցել, իհարկե` գրականությունից, հիշողություններից, նաև` հանրության այսօրվա վիճակից ու պահանջարկից:

– Պարոն Հովհաննիսյան, ՙԺամանակի ՄԻՏՔ՚ անկախ շաբաթաթերթի անունից շնորհավորում ենք Ձեր հոբելյանը` 75-ամյակը: Առողջություն Ձեզ … Երբ հետահայաց քննում եք ժամանակը` ի՞նչ հասցրեցիք անել, ի՞նչը` մնաց …

– Մի ընդհանուր բան կարող եմ ասել. Ես իմ հացը միշտ արդար եմ կերել: Աշխատել եմ սևագործի պես, աշխատել եմ շատ: Վերջերս լույս տեսավ իմ հրապարակախոսությունների երկրորդ հատորը: Կլինի նաև երրորդը: Դրանցում ամփոփված են 50 տարվա իմ հրապարակախոսական հոդվածներից ընտրյալները: Նաև` զբաղվել եմ թարգմանությամբ /ու ցույց է տալիս մի ամբողջ գրադարակ, որտեղ հրաշալի գրականություն է` Բուլգակովի ՙՎարպետն ու Մարգարիտան՚, Վասիլի Բելովի ՙ Էս, է՚-ն և ուրիշներ/: Թարգմանել եմ ռուս դասական և արդիական գրականության բոլոր այն գործերը, որոնք և’ հրապարակի վրա են և կարևոր նշանակություն ունեն: Հեղինակների ընտրությունը միշտ իմն է եղել, գործերինն էլ, սիրով աշխատել եմ:

– Իսկ կա՞ որևէ բան, որ հետահայաց` գուցե այնպես չէիք անի, ինչպես եղել է:

– Չէ: ՙԱրածներիս համար երբեք չեմ ասել` ափսո՜ս, չարածներիս համար` ափսո՜ս, հազար ափսո՜ս …՚:

– Ձեր երևի թե վերջին թարգմանությունը` Տոլստոյի ՙԽոստովանություն՚-ը տպագրվե՞ց, ո՞ր հանգրվանում է:

– Չէ, իսկ դա վերջինը չի: Ահա` Վլադիմիր Նաբոկովը: էս է, գրամեքենայի վրա է, երեք վիպակ և մեկ վեպ: Իսկ տպագրելու համար ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությունն է պետք …

– Ի՞նչ է, չեն տալի՞ս …

– Դե, ասում են եռահատոր ես տպագրում, էդպես ո՞նց կլինի, միայն հո դո՞ւ չես: Ես մեղավո՞ր եմ, որ արդյունավետ եմ աշխատում:

– Գուցե հոբելյանի առիթն օգտագործեն և ընդառաջե՞ն …

-Չէ, ում ինչ գործն է հոբելյանը …

– Ըստ Ձեզ, հայ գրականությունում ո՞ւմ գործերն են հետաքրքիր օտարազգի թարգմանիչներին:

– Հայ գրականությունի±ց … Միայն Հրանտ Մաթևոսյանի: Արդիական հայ գրականությունից ներկայում այդպիսի մակարդակի ու տրամաչափի գրող չունենք: Վատ է, բայց չունենք: Ինչ որ արհեստական բաներ են ստեղծվում, որոնք երկար կյանք չունեն: /Կինը` միջանցքից ձայն է տալիս. Արմեն Շեկոյան, լավ պատմվածքներ ունի, հրաշալի …, Արմեն Հովհաննիսյանը դրա փոխարեն առաջարկում է ջուր բերել …/:

– Դրա պատճառը ո՞րն է, որ հանրության արժեքային համակարգն է անկել ու բարոյական չափանիշներն էլ հե±տը, թե` անհրաժեշտ հասունացումը չկա:

– Այո’, անհրաժեշտ հասունացումը չկա: Գրողը միայն նա չէ, ով նստում ու պատմվածքներ է հորինում: Գրողը նախևառաջ հանրային դեմք է: Մենք ունենք փառավոր օրինակը. Հովհաննես Թումանյան, մեր նախահայրը, ով ցույց տվեց, թե ինչպիսի՞ն պետք է լինի գրողը և ի՞նչ պետք է ասի: Ավաղ, շատ քիչ հետևորդներ ունեցավ:

– Իսկ հասարակության դեգրադացիան մինչև ո՞ւր կարող է շարունակվել և ինչպես: Կամ` ինչո՞ւ ենք իջել օրանգուտանի մակարդակին:

– Չէ, օրանգուտանի մակարդակին չենք իջել: Մենք` ինչ էլ ուզում է լինի, մեր մակարդակը պահպանում ենք, արժանի մակարդակը և, դա միայն գրականությամբ չի բացատրվում: Մենք ունենք, օրինակ, Տիգրան Մանսուրյան: Դա քիչ չէ: Կան լավ մտքեր, լավ հեղինակներ, ի դեպ, արվեստի տարբեր ճյուղերում: Մենք ունենք փայլուն գեղանկարչություն, լավ թատրոն, օպերա, բալետ: Դրանք հենց այնպես չեն լինում: Պարզապես` մենք վարժվել ենք ունենալուն …

– Իսկ այսօրվա մտավորականությունը որքանո±վ է առաջնորդում հանրությանը: Չինգիզ Այթմատովն է ասել. ՙՄտավորականներն այն մարդիկ են, ովքեր պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր անարդարության համար …՚:

– Իսկ ես կասեմ մեկ ուրիշ մեծի ասույթ. Ալ. Սոլժենիցինն ասել է. ՙՄտավորականը նա է, ում մտածողությունը նույնական չէ …՚: Սրանով ամեն ինչ ասված է, վերջ … Իսկ հանրությանն առաջնորդելուց առաջ պետք է ունենալ խարիզմ, կամք: Վառ, ընդգծված դեմք չունենք: Առանձին փայլատակումներ են, որ այդպես էլ մնում են: Հնարավոր է, որ յուրաքանչյուր ժողովրդի կյանքում էլ լինում են նման ժամանակահատվածներ և պետք չէ դրանից` ո’չ ողբերգություն սարքել, ո’չ էլ` ուրիշ – ուրիշ հետևություններ անել: Այդպես է … Ժամանակն ունի իր տրամաբանությունը և իր արդյունքներն է թելադրում: Հանրությունը գնում է իր ցանկացած մտքերի ետևից և երբ ինչ-որ տեղ դուրսպրծուկներ են ի հայտ գալիս, դա հանրության մեղքը չէ, այլ ժամանակի: Այդպես եղավ անցած դարի 90-ական թվականներին, երբ բոլորին թվում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը երկնքից, ամպոտ ոտքերով է իջել և ազգի փրկիչ է: Իսկ նա իսկական դուրսպրծուկ էր, ամենաիսկական …

– Պարոն Հովհաննիսյան, Ձեր թույլտվությամբ անդրադառնանք այսօր հանրությանը հուզող հասարակական մի քանի խնդիրներին: Օրինակ, օտարալեզու դպրոցների սետեղծմանը: Կարծիք կա, որ դրանք կկրկնեն երբեմնի ռուսական դպրոցների վատ ավանդույթները …

– Ժամանակին ռուսական դպրոցները նման վտանգ չէին ներկայացնում: Դրանք բարձր մակարդակի դպրոցներ էին, որոնց աշակերտները միշտ ավելի առաջադեմ էին, միշտ ավելի կրթված: Իսկ օտարալեզուների ներկա արշավը լավ բանի չի կարող հանգեցնել, որովհետև դա արվում է հայկական դպրոցների հաշվին: Հաջողություն չի ունենա …

– Այդ շարքի խնդիրներից է նաև Ռուսաստանի Միգրացիոն կենտրոնի կողմից կարծես ծրագրված Հայաստանի հայաթափումը: Հայ – ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում որքանո՞վ է ազնիվ …

– Ռուսաստանին էլ կարելի է հասկանալ: Ռազմավարական գործընկերությունը չի նշանակում.”ՙՆստեմ դոշիդ, մորուքդ փիտեմ”: Ո’չ: Երբ Ռուսաստանը գնացել է այդ քայլին, դա արել է ոչ անարգանքի համար: Եվ եթե հայ մարդիկ կան, ովքեր արևաշող Հայաստանը թողնում և գնում են Սիբիրում ապրելու, թող գնան: Նրանց օգուտը Հայաստանին շատ քիչ է: Գլխաքանակ են …

– Իսկ հետևո՞ւմ եք հանրության զարկերակին …

– Չէ, ժամանակին հետևել և արձագանքել եմ: Հիմա` գտնում եմ, որ իմ արձագանքը ցանկալի չէ: Ինչո՞ւ, չգիտեմ …

– Մի տեսակ ափսոսանքի զգացում ունե՞ք, որ թարգմանված հրաշալի գրականությունն այսօր պահանջարկված չէ հասարակության կողմից:

– Չէ: Գիտեմ, որ կգա այն սերունդն, ով հաղորդակից կլինի դրանց: Իմ կարծիքով, պայծառ ապագա է մեզ սպասվում …

Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ, որտե՞ղ է այդքան լավատեսության հիմքը:

– Դա ոչինչ չի տա ընթերցողին, ով խավարի սիրահար է: Չէ, ինձ հույս է տալիս մեր ժողովրդի ամրությունը, դիմակայելու ընդունակությունը: Շատ հաճախ է պատահում, երբ թվում է, թե ուր որ է կկոտրվի, սակայն դարերի ընթացքը հակառակն է ապացուցում:

– Լավ է գրականությունից խոսենք` ասացիք, Ձեր բոլոր թարգմանություններում հեղինակների ընտրությունը բացառապես Ձերն է եղել, իսկ սկզբո՞ւնքը …

– Գրական որակը, գործի կարևորությունը և իհարկե, հետաքրքրությունը: Օրինակ. Նաբոկովը, որ հիմա ձեռքիս տակ է, մեծ գրող և ոճաբան է: Թարգմանությունը դարձնում է տաժանակիր գործ, իր ոճական շրջվածքներով, մտածողության եղանակով և դա անելն ինձ համար մեծ հաճույք է, երբ հաջողվում է սկզբում դժվար թվացող միտքը հաղթահարել, երբ հաջողվում է խրթին տեղերը լուծել, մտցնել մեր լեզվի մեջ: Դրանից է, որ բավարարված եմ զգում, անպայման …

– Իսկ ինչո՞ւ միայն ռուս գրողներին …

– Որովհետև` ամենամեծ սխալը միջնորդ լեզվից թարգմանությունն է: Բացի դրանից կա նաև մի անանցանելի և կայուն սկզբունք. Թարգմանությունը ծայրեծայր սեր է, միայն և միայն սեր: Եթե սեր չունես` հաջողության մասին մոռացիր: Ես սիրում եմ ռուս գրականությունը` թե’ դասական, թե’ արդիական: Գուցե դա իմ թերությունն է, բայց դա այդպես է: Դա անելը ես համարում եմ խաչ, որը տարիներ ի վեր կրել եմ, կրում եմ և պիտի կրեմ, մինչև հանգչելը …

– Վերադառնանք տոնին: Այսօր ովքե՞ր են լինելու Ձեր հյուրերը …

– Մշակույթի նախարարի շնորհավորանքը ստացա, իսկ Գրողների միությունը պիտի հանդիսություն կազմակերպի փոքր-ինչ ավելի ուշ: Դա կլինի, ամենայն հավանականությամբ, ապրիլ – մայիսին: Իսկ այսօրվա հյուրերս կլինեն ազգականներս, մտերիմներս …

– Թերևս` մեզ հետաքրքրում էր գրական շրջանակներից ո՞վքեր …

– Չէ, չէ … Այնտեղից ոչ ոք: Որովհետև այդ շրջանակներից մտերիմ չունեմ: Չունեմ, էդպես: Չգիտեմ` մեղավորը ես եմ, թե` իրենք, բայց չունեմ: Ցավ է, բայց նաև` չէ: Պարադոքս չէ: Մի քիչ խորը մտածեք և կտեսնեք, որ ես ճիշտ եմ: … Ես արժանի մեկը չեմ գտնում ինձ մտերիմ համարելու համար: Կար միայն մեկը` Հրանտ Մաթևոսյանն, ով և’ մտերիմ էր, և’ գրող էր, և’ ամեն ինչ էր, սակայն որպես մարդ թույլ էր, ենթարկվող էր և …”Տերը”, ի՞նչ գործ է, է՜ …

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ
Վերջին դարձվածքը անհասկանալի է (ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նուբար Ասլանյան
Sep 11, 2011 21:50