Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 7, 2011 15:29 - 1 քննարկում
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՐԻ ՆԱԽԱԳԱՀԵԼ
2008-ի նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը, ի զարմանս բոլորի, հայտարարեց, որ իրեն նախագահի պաշտոնը ընդամենը երեք տարով է պետք` «Ես ընդամենը երեք տարի եմ ուզում, ավելին ինձ պետք չէ»: Այդ ժամանակ էլ մենք գրեցինք, որ Տեր-Պետրոսյանին երեք տարի է պետք Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար:
Մեր այս պնդման դեմ մինչ օրս հանդես եկող ՀԱԿ առաջնորդի զինակիցները ամեն անգամ վայնասուն են բարձրացնում, ասելով, թե ո՞նց կարելի է «առաջին նախագահին մեղադրել Ղարաբաղը ծախելու մեջ, երբ այս վարչախումբն է գնում կործանարար զիջման»:
«Վիկիլիքսի» վերջին բացահայտումներից մեկի համաձայն, ուղղակիորեն հաստատվում է 2008-ին արած մեր պնդումը:
Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը պարտվեց նախագահական ընտրություններում, սակայն Ղարաբաղը հանձնելու նրա սկզբունքային դիրքորոշումը մնաց անփոփոխ, ինչն իրականություն դարձնելու համար, արդեն ՀԱԿ նախագահի պաշտոնում, ըստ «Վիկիլիքսի» հրապարակման, փորձել է անել անհնարինը, միայն, թե հասնի իր ուզածին:
«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթուղթը, որը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից Պետքարտուղարությանն է ուղարկվել 2008-ի նոյեմբերի 7-ին, լավագույնս է բացահայտում Տեր-Պետրոսյանի ողորմելի կերպարը, որն անցած տարիներին հրապարակավ մի բան է հայտարարել, իսկ դեսպանի հետ հանդիպման ժամանակ միանգամայն այլ բան է ասել:
ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է ԲՈԼՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՈՒ ԱՄՆ-ԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ԳԻԾ ՈՐԴԵԳՐԵԼ
Ներկայացնելով զրույցի մանրամասները՝ Մ.Յովանովիչը գրել է. «…ԼՏՊ-ն նշեց, որ կարգավորման համար պայմանները հասունացել են, եւ ԱՄՆ-ի կողմից վճռորոշ ներգրավվածությունը կարող է կողմերին լուծման հանգեցնել: Այս պայմանների շարքում է նաեւ այն փաստը, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան ավելի շատ վստահություն են տածում դեպի ԱՄՆ-ը, քան դեպի Ռուսաստանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնալով ավելի շատ է գերադասում ԱՄՆ միջնորդությունը ԼՂ հարցում այն պատճառով, որ, ինչպես ԼՏՊ-ն պնդեց, Սարգսյանը «լուրջ անձնական անհամաձայնություններ» ունի Ռուսաստանի հետ…
ԼՏՊ-ն պնդեց, որ Մոսկվայի հռչակագիրը նշանավորում է բանակցային գործընթացի վերջնական փուլի սկիզբը, եւ որ այժմ «ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միջամտի»:
ԼՏՊ-ն խորհուրդ տվեց, որպեսզի ԱՄՆ-ը աջակցի վերջնական բանակցություններին` ա) իր համանախագահողներին ավելի բարձր կարգավիճակ տալու միջոցով Մինսկի խմբի լիազորություններն ընդլայնելու ճանապարհով եւ երկու կողմերի հանդեպ էլ ավելի կոշտ գիծ որդեգրելու միջոցով, բ) ուղարկելով Պետքարտուղար Ռայսին տարածաշրջան` վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, եւ գ) նախագահ Բուշի կողմից նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին հյուրընկալելով` կազմակերպել ստորագրման արարողությունը` նախքան իր պաշտոնից հեռանալը…
Դեսպանը համաձայնեց ԼՏՊ-ի հետ, որ այժմ ԼՂ հակամարտության հանգուցալուծման ժամանակն է…Սակայն նա խստորեն չհամաձայնեց ԼՏՊ-ի հոկտեմբերի 17-ի ելույթի հետ, որով նա ամենապրովոկատիվ տերմիններով պնդել էր ճիշտ հակառակը այն ամենի, ինչ նա այժմ ասում էր Դեսպանին մասնավոր զրույցում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներին անվանել էր «կրկնակի անբարոյական»` իբր Սերժ Սարգսյանի քաղաքական թուլությունից անարդարացիորեն օգտվելու եւ նրան այնպիսի գործարքի դրդելու, որը դեմ էր Հայաստանի ազգային շահերին»:
ԸՍՏ ԼՏՊ-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Այնուհետ Մ.Յովանովիչը շարադրել է հետեւյալը. «ԼՏՊ-ն ասաց Դեսպանին, որ ռուս-վրացական պատերազմը ոչ միայն «սառը ցնցուղ էր» Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլեւ դրական կատալիզատոր` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման համար: Նա ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների զարգացման բանալին է լինելու, եւ որ ցեղասպանության հարցը խոչընդոտող հանգամանք չի լինի:
ԼՏՊ-ն ասաց, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են հեշտորեն շրջանցել պատմաբանների հանձնաժողովի հարցը «դրա վերաբերյալ անհամաձայնություն ցուցաբերելով, այն մի կողմ դնելով, եւ առաջին հերթին այլ հարցերով զբաղվելով»: Նա նշեց, որ չնայած այն բանին, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ հարց է Հայկական Սփյուռքի համար, այն առաջնահերթություն չէ Հայաստանում ապրող հայերի համար:
ԼՏՊ-ն ասաց, որ նա մնում է համոզված, որ իր մեկ-փաթեթային մոտեցումը ճիշտ է. Հայաստանը պետք է զուգահեռաբար լուծի ԼՂ հակամարտությունը եւ բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ: Դեսպանը համաձայնեց ԼՏՊ-ի հետ այն հարցում, որ հնարավոր է առաջընթաց արձանագրել ՀՀ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում…»:
ԴԵՍՊԱՆ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Մեր տպավորությունն այն է, որ ԼՏՊ-ն անկեղծ չէ այն հարցում, որ իր անազնիվ հռետորաբանությունը եւ մանեւրումը պայմանավորված են եղել ընդդիմադիր բողոքող զանգվածներին փողոցներից ցրելու հանգամանքով, որպեսզի ՀՀ կառավարության համար ավելի ընդարձակ մանեւրելու հնարավորություն ստեղծվի ԼՂ եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում լավագույն լուծմանը հասնելու նպատակով:
Մեր տեսակետն այն է, որ ԼՏՊ-ն տեսել է, որ զանգվածային հանրահավաքներին աջակցությունն ամեն ամիս կրճատվում է, եւ այսպիսով ճարահատյալ դեմքը փրկելու համար տակտիկա է որոնել: Ամիսներ շարունակ խիստ մերժողական ռազմավարությանը դիմած գործողություններից հետո ձեռնունայն մնալով` ԼՏՊ-ն որոշել է ծածկվել նացիոնալիզմի պատմուճանով եւ տերությունների մեքենայությունների մասին դավադրությունների տեսություններ մոգոնել իր քաղաքական նահանջը քողարկելու համար:
Հանրահավաքի իր ելույթը քաղաքական մանիպուլյացիայի ակտ էր եւ հակասում էր իր իսկ կողմից տարիներ շարունակ կիրառված` ԼՂ եւ Թուրքիայի վերաբերյալ հարցերում պրագմատիզմի քաղաքականությանը: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հարցի վերաբերյալ իր իրական մոտեցումները այն տեսակետներն են, որոնք նա արտահայտել է Դեսպանին մասնավոր զրույցում:
Այժմ նա ապացուցում է, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները` հանուն սեփական քաղաքական շահի, եւ անկասկած նա նույն բանը նորից կաներ, եթե համոզված լիներ, որ դա կարող է նրան օգնել թուլացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը»:
Դե ինչ, մեզ մնում է շնորհակալություն հայտնել Մ.Յովանովիչին` ԼՏՊ-ին տկլորացնելու համար: Ու նաեւ սպասել Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ու հրամանատարների արձագանքին, որոնք շարունակում են ինքնախաբեությամբ զբաղվել ու բոլորին հավատացնել, թե ԼՏՊ-ի դիրքորոշումը պարտվողական չէ:
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
1 քննարկում
Ռոբերտ Գյումրեցի